Գրքեր

«Երեխաները մաքուր են, անբասիր, այդ պատճառով Աստված լսում է նրանց աղոթքը»

  Հունիսի 25-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» կիրակնօրյա դպրոցը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և մանկավարժ Տաթևիկ Պետրոսյանի առաջնորդությամբ, ուխտագնացության մեկնեց Կոտայքի թեմի սրբավայրեր:

Առաջին սրբավայրը, ուր փոքրիկ ուխտավորները Հայոց ազգի համար միասնաբար աղոթեցին և «Տերունական աղոթք»-ը երգեցին, Հատիս լեռան ստորոտին գտնվող Ակունքի Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցիներն էին (5-7-րդ դ.): Միասնական աղոթքից հետո երեխաները համախմբվեցին սիրո ճաշի շուրջ, այնուհետև մանկավարժը երեխաներին ծանոթացրեց սբ. Պողոս և սբ. Պետրոս առաքյալների վարքերը: Հոգեշահ զրույցն ընթացավ հարց ու պատասխանով: Զրույցին մասնակից դարձան նաև կիրակնօրյա դպրոցի սաների ծնողները:

Հաջորդ սրբավայրը, որ հյուրընկալեց «Զորավոր» կիրակնօրյա դպրոցի սաներին, Նոր Գյուղի Ս. Աստվածածին եկեղեցին էր, ուր երեխաները կրկին անգամ համախմբվեցին միասնական աղոթքի շուրջ: Եկեղեցու հայրերը նշում են, որ երեխաների աղոթքները կարող են հրաշքներ իրագործել: Աստված տալիս է նրանց այն, ինչ նրանք խնդրում են Նրանից: Չէ որ երեխաները մաքուր են, անբասիր, և այդ պատճառով Աստված լսում է նրանց մաքուր աղոթքը:

Իսկ երեխաների հոգևոր-բարոյական դաստիարակության մեջ իրենց մեծ նպաստն են բերում Հայաստանյաց եկեղեցուն կից գործող կիրակնօրյա դպրոցները: Կիրակնօրյա դպրոցի հիմնական խնդիրը երեխաների մեջ սեր սերմանել դեպի Արարիչը և մարդիկ, դեպի եկեղեցին և հայրենիքը: Այն բարոյական արժեքները, որ փոխանցում է դպրոցը երեխաներին, պահպանվում է նրանց ողջ կյանքի ընթացքում: Երեխաները՝ որպես քրիստոնյաներ և երկրի օրինակելի քաղաքացիներ, հոգևոր և բարոյական հենարան են դառնում շատ մարդկանց համար՝ այդ կերպ լիարժեք երջանկություն ձեռք բերելով կյանքի երկրային ճանապարհին: Հոգևոր բարոյական դաստիարակությունն օգնում է երեխային բացահայտել մարդու առաքելությունը երկրի վրա, այն յուրահատուկ մի դպրոց է, որ նախապատրաստում է մարդուն անմահ կյանքին Աստվածային սիրո Արքայությունում: Մարդն ապրում է հավերժ ապրելու համար, իսկ առանց անմահության կյանքը կորցնում է իր իմաստը:

 

Կարինե Սուգիկյան

25.06.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․