Գրքեր

«Ես եմ երկնքից իջած Հացը»

«Այս է կամքը իմ Հոր, որ ինձ ուղարկեց. բոլոր նրանք, ում Հայրն ինձ տվել է, նրանցից ոչ մեկին չկորցնեմ, այլ վերջին օրը հարություն առնել տամ նրանց։ Այս է իմ Հոր կամքը. ամեն ոք, ով տեսնի Որդուն և հավատա նրան, ունենա հավիտենական կյանք. և ես նրան վերջին օրը հարություն առնել տամ»։ Հրեաները տրտնջում էին նրանից, որովհետև ասել էր՝ ե՛ս եմ երկնքից իջած հացը։ Եվ ասում էին. «Սա Հիսուսը չէ՞՝ Հովսեփի որդին, որի հորն ու մորը մենք ճանաչում ենք։ Իսկ արդ, ինչպե՞ս է ասում՝ ես երկնքից իջա»։ Հիսուս պատասխանեց և ասաց նրանց. «Մի՛ քրթմնջեք իրար մեջ. ոչ ոք չի կարող գալ դեպի ինձ, եթե նրան չձգի Հայրը, որ ինձ ուղարկեց, և ես նրան վերջին օրը հարություն առնել կտամ։ Մարգարեների գրքերում գրված է. «Եվ ամենքը Աստծուց ուսած կլինեն»։ Ամեն ոք, որ լսում է Հորից և ուսանում է, գալիս է դեպի ինձ։ Սակայն ոչ ոք Հորը չի տեսել, այլ միայն նա, որ Աստծուց է, նա՛ է տեսել Հորը։ Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ, ով հավատում է, ունենում է հավիտենական կյանքը» (Հովհ. 6:39-47)։

Սիրելի՛ հավատացյալ եղբայրներ և քույրեր,

Ահա՛ ավետարանական այս տողերն են, որ հնչում են այսօր Հայ Առաքելական բոլոր եկեղեցիների խորաններից: Հիսուս Քրիստոսի խորհրդավոր, խորիմաստ, և շատերի համար անըմբռնելի խոսքը, որ այսօր միասին պիտի փորձենք հասկանալ՝ հիմնվելով այս խոսքերին նախորդող իրադարձությունների քննության և եկեղեցու սուրբ հայրերի փարձառության և մեկնությունների վրա:

Այսպիսով, եթե դառնում ենք Հովհաննեսի Ավետարանի 6-րդ գլխի սկզբին, ապա տեսնում ենք, որ իրադարձությունները ծավալվում էին Գալիլեայի լճափին, որտեղ մեծ բազմություն էր հավաքվել Հիսուսի շուրջը և ոչ միայն Վարդապետի ուսուցումն էր լսում, այլև ականատես էր լինում բազմաթիվ հրաշքների: Հենց այս ժամանակ է, որ Հիսուս բազում հիվանդների բժշկելուց բացի, Աստծուն գոհություն տալով բազմացրել էր հինգ հացն ու երկու ձուկը և կերակրել հինգ հազար հոգու: Դրանից հետո բոլորից առանձին անցել էր լճի մյուս կողմը, մարդիկ սկսել էին փնտրել Նրան և ահա, թե ինչ էր պատասխանել նրանց Քրիստոս. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, դուք ինձ փնտրում եք ոչ թե նրա համար, որ նշաններ տեսաք, այլ որովհետև կերաք այն հացից և կշտացաք։ Գնացեք աշխատեցե՛ք ոչ թե կորստյան ենթակա կերակրի համար, այլ այն կերակրի, որը մնում է հավիտենական կյանքի համար, և որը մարդու Որդին կտա ձեզ» (Ղուկ. 6:26, 27): Այնուհետև մի քանի անգամ ևս շեշտում է այդ խոսքն՝ ասելով. «Ես եմ կյանքի հացը… ով ուտի այս հացից, հավիտյան կապրի… ով հավատա Որդուն, հավիտենական կյանք կունենա» (Հովհ. 6:35, 40-41, 48, 51, 54, 58):

Ոչ միայն այս դրվագը, այլև Քրիստոսի ողջ երկրային կյանքը բացահայտեց մարդկային ցեղի ցավալի քարսրտությունն ու անհավատությունը, երբ մարդիկ ունեին գիտելիքներ, ականատես էին լինում բազում հրաշքների, սակայն չէին կամենում ազատվել իրենց հոգու կարծրացած վիճակից և համառորեն հակառակվում էին ակնընհայտին: Ցավոք սա ոչ միայն Քրիստոսի ժամանակակիցներին է վերաբերում, այլև այժմյան աշխարհի և նաև քրիստոնյա աշխարհի մարդկանց: Նայենք ինքներս մեզ և մեր շուրջը, սիրելինե՛ր: Որքան շատ են մարդիկ, ովքեր կրում են «քրիստոնյա» անունը, նույնիսկ եկեղեցի են հաճախում, ծեսերի մասնակցում, գիտեն կարգեր ու շարականներ, ասում են, որ հավատում են… Կան նաև այնպիսիք, որ ասում են. «Եկեղեցի գնալու կարիք չունեմ, ես իմ սրտում հավատում եմ իմ Աստծուն և դա բավարար է»: Իսկ ի՞նչ է ասում Հակոբոս Տյառնեղբայրն այս մասին, հիշո՞ւմ եք: «Եղբայրնե՛ր իմ, օգուտն ի՞նչ է, եթե մեկն ասի, թե հավատ ունի, սակայն հավատն արտահայտող գործեր չունենա։ Միթե հավատը նրան կկարողանա՞ փրկել։ …Դու հավատում ես, որ մեկ է Աստված. լավ ես անում։ Դևերն էլ են հավատում և դողում։ Ո՛վ փուչ մարդ, ուզո՞ւմ ես իմանալ. Հավատն անօգուտ է առանց գործերի: …Ինչպես որ մեռած է մարմինը առանց հոգու, այնպէս էլ մեռած է հավատը առանց գործերի» (Հակ. 2:14, 19-20, 26)։ 

Իսկ ի՞նչ է անհրաժեշտ գործելու համար, սիրելի՛ հավատացյալներ: Նպատակ, ձգտում, ուժ, կարողություն… Բոլոր քրիստոնյաների կյանքի նպատակը մեկն է՝ Քրիստոս, ձգտումը՝ Աստծո Արքայությունը: Իսկ ուժն ու կարողությունը որտեղի՞ց ստանանք, ի՞նչ եք կարծում: Մեր ֆիզիկական մարմինները սնողը, ուժ և էներգիա հաղորդողը նյութական հացն է՝ սնունդը: Որակյալ և բավարար սնունդը ուժ է տալիս մարդուն, ապահովում է մարմնի գործունեությունը: Դրա բացակայությունը հյուծում է մարդուն, զրկում կենսական ուժերից և ի վերջո մահվան տանում: Արդ, եթե ընդունում ենք, որ երկու մարմին ունենք՝ ֆիզիկական մարմինը և հոգին, և առավել ևս ընդունում ենք, որ հոգին շատ ավելի կարևոր է, քանի որ հավիտենական կյանք ունի, ի տարբերություն ժամանակավոր ֆիզիկականի, ապա ուղղակի անտրամաբանական է, որ դողում ենք մեր ժամանակավոր մարմինների վրա, սնում, խնամում, փայփայում ենք դրանք՝ հագուրդ տալով դրանց հաճույքներին, և անտեսում հավիտենական հոգին: Սարսափելի է նույնիսկ պատկերացնել այն խեղճ հոգիների հյուծվածության աստիճանը, որոնք ամենևին անտեսվել և մոռացության են մատնվել իրենց խնամակալների կողմից: Բայց դառնանք մեր սեփական հոգիներին և տեսնենք, թե ինչպես պետք է սնել և հոգ տանել դրանց մասին: Դրա համար հեռու գնալ պետք չէ, սիրելինե՛ր, քանզի Տերն ասաց. «Ես եմ կյանքի հացը: Ով ուտի այս հացից, հավիտյան կապրի»: Ուրեմն հոգին սնուցող, կյանք պարգևող փրկչական այդ ուժը հենց Իր՝ Քրիստոսի մեջ է և հավատք է պետք դա ընդունելու համար: Եվ մենք՝ քրիստոնյաներս գիտենք, որ սա միայն փոխաբերական իմաստ չի կրում, այլ կենդանի իրականություն է, որ ամփոփվում է Սրբության Սրբոցի՝ փրկչական Մարմնի և Արյան մեջ, որին ամեն կիրակի Սուրբ Պատարագի ժամանակ յուրաքանչյուր հավատացյալ հնարավորություն ունի հաղորդակցվելու: Այս է վկայում Տիրոջ այն խոսքը, թե. «Այն հացը, որ ես կտամ, իմ մարմինն է, որը ես կտամ, որպեսզի աշխարհը կյանք ունենա»։ «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չուտեք մարդու Որդու մարմինը և չըմպեք նրա արյունը, ձեր մեջ կյանք չեք ունենա» (Հովհ. 6:52, 54):

Այո՛, սիրելինե՛ր, առանց Աստծո անգին զոհագործության, մարդկությունը հավերժ մահվան դատապարտված կմնար: Տիրոջ խաչյալ մարմինը և հեղված սուրբ արյունը մեր կյանքերի փրկագինը և հավիտենությունը ժառանգելու առհավատչյան եղան: Եվ այս զոհագործությանը հաղորդվելն է, որ Աստծո ներկայությունն է հաստատում մեր հոգիներում: Ահա, այս հստակ գիտակցմամբ, հաստատուն հավատով և մեծագույն երկյուղածությամբ է, որ պիտի մոտենանք Սուրբ Հաղորդությանը, սիրելի՛ հավատացյալներ: Այս պատճառով է, որ Պողոս Առաքյալը (Ա Կորնթ. 11:29) և Եկեղեցու սուրբ հայրերը զգուշացնում են Սուրբ Հաղորդությանն անարժան և անպատրաստ կերպով մոտենալուց:

Ըստ էության, ողջ մարդկությունը մահացու հիվանդ է մեղքի կորստաբեր ախտով, հյուծվել և ուժասպառ է եղել դրա պատճառով, և միակ բալասանը, որ Աստծո մեծ ողորմությամբ պարգևվել է մեզ և որն ի զորու է հաղթել մեր մահացու հիվանդությանը՝ ոչ թե ժամանակավոր, այլ հավիտենական կյանք պարգևելով՝ այն Հացն է, որ երկնքից իջավ մեզ ապրեցնելու համար: Այս Հացն է, որ ամրացնում է մեզ մեր հավատքի մեջ և կենսական ուժեր է հաղորդում դրանում գործելու համար: Սիրող Հոր հարատև հոգատարությունն է գործում մեր հոգում, երբ արժանի կերպով ենք միավորվում Քրիստոսին՝ Սուրբ Հաղորդության միջոցով: Այս «ճշմարիտ կերակուրն» է, որ մաքրում, բժշկում և սնում է մեր հոգիները, հրաշագործ զորությամբ վերակենդանացնում է անդառնալիորեն կորսված թվացող սրտերը, Երկնքի Արքայության ժառանգորդ դառնալու հույսն է պարգևում, քանզի ոչ մի քրիստոնյա հավիտենական կյանքի հույս չի կարող ունենալ, եթե չի ճաշակում Տիրոջ Մարմինն ու Արյունը: Հովհան Մանդակունի հայրապետն ասել է. «Հացին և Գինուն մոտենալով՝ մենք Քրիստոսի՛ն ենք մոտենում, Նրա՛ն ենք տեսնում, շոշափում, համբուրում, մեր ներսն ընդունում և դառնում Քրիստոսի մարմին և անդամ, և Աստծո զավակներ»:

Արդ, այս սքանչելի հուսապարգև տողերով էլ ավարտեմ խոսքս, սիրելի՛ հավատացյալներ, հույս ունենալով, որ այսուհետ ավելի մեծ պատասխանատվությամբ և երկյուղով կմոտենաք Աստծո շնորհած Կենարար Հացին, որ ինքնակամ Իրեն մեզ նվիրեց, որպեսզի Քրիստոսին մեր մեջ կրելով՝ հավիտենական կյանքի ժառանգորդները դառնանք: Թող Տիրոջ սրբասուրբ Մարմինն ու Արյունը մաքրեն մեզ մեր մեղավոր ախտերից, սնեն ու զորացնեն մեր հյուծված հոգիները, ուժ հաղորդեն մեր խաչն անտրտունջ կրելու և դեպի փրկություն տանող փշոտ ճանապարհի վրա անսասան մնալու համար: Թող Աստծո սերը, շնորհն ու խաղաղությունը ձեզ հետ լինեն: Ամեն:

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

29.01.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․