Գրքեր

«Եթե նախատվեք էլ Քրիստոսի անվան համար, երանելի եք»

Աստվածահաճո կյանքով ապրողների համար զարմանալի չեն իրենց հավատի և սրբության դեմ ուղղված հալածանքները: Թե՛ առաքյալները և թե՛ Ինքը՝ Քրիստոս, հալածվեց:  «Եթե Ինձ հալածեցին, ձեզ էլ կհալածեն»,- ասում է Քրիստոս (Հովհ. 15:20): Հանուն հավատի և արդարության հալածվողներին Քրիստոս ոչ թե դժբախտներ կամ թշվառներ անվանեց, այլ՝ երանելիներ, երջանիկներ (Մատթ. 5:10): Արդարության համար հալածվողները երանելի են, քանի որ նրանք թե՛ հալածանքների ընթացքում և թե՛ հետո այնպիսի մխիթարություն են ստանում, որ անգամ դառը տանջանքներն են դառնում քաղցր ու հաճելի: Արդարության համար հալածվողները մխիթարվում են, քանի որ հանուն Քրիստոսի հանիրավի են հալածվում: Հանուն Քրիստոսի հալածվողի համար անգամ բանտի պատերն ու գերեզմանն են դառնում լուսավոր, քանի որ քաջ գիտակցում է, որ դրանք իրեն ուղեկցում են ոչ թե հավիտենական մահ, այլ՝ հավիտենական կյանք: Հալածվողը ոչ թե իրեն է թշվառ համարում, այլ իրեն հալածողին՝ սարսափելով այն մտքից, թե ինչ է սպասում նրան հետագայում:  

Ինչո՞ւ է աշխարհը հալածում ճշմարիտ հավատը, բարեպաշտությունը, արդարությունը, որ այդքան օգտակար են մարդկությանը, և միություն, փոխադարձ սեր, բարի բարքեր, խաղաղություն և կարգուկանոն են շնորհում հասարակությանը: Այս հարցին պատասխանում է Սուրբ Գիրքը՝ աշխարհը չարի մեջ է (Ա Հովհ. 5:19), և մարդիկ բարությունից ավելի չարությունը սիրեցին և արդար խոսքից ավելի՝ անօրինությունը (Սաղմ. 51:5): Միշտ էլ չար ու հեշտասեր մարդիկ ատել և հալածել են արդարներին. Կայենն ատում էր իր արդար եղբորը՝ Աբելին ու հալածում էր նրան բարեպաշտության համար և վերջապես սպանեց նրան: Հակոբ նահապետի որդիներն ատում էին իրենց արդար եղբորը՝ Հովսեփին, և գաղտնի վաճառեցին նրան Եգիպտոս: Հրեաների առաջին արքան՝ անօրեն Սավուղն, ատում էր Դավթին և ցանկանում էր սպանել նրան: Հրեաներն ատում էին մարգարեներին, որ մերկացնում էին իրենց անօրեն կյանքը, մեկին ծեծում էին, մեկին՝ քարկոծում, մյուսին՝ սպանում: Թե՛ Հին և թե՛ Նոր կտակարանում հալածվում էին արդարները: Նրանց ամրացնում էր Տիրոջ այն խոսքը, որ ասում էր. «Մի՛ վախեցեք նրանցից, ովքեր մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող. դուք վախեցե՛ք մանավանդ նրանից, որ կարող է թե՛ հոգին և թե՛ մարմինը կորստյան մատնել դժոխքում» (Մատթ. 10:28): Այդ պատճառով Քրիստոս նախապես մխիթարեց Իր հավատարիմ հետևորդներին՝ երկնային պարգևների ու Արքայության արժանանալու խոստումներով, և նախապես Ինքը համբերեց դաժան չարչարանքների ու մահվան՝ արդարության համար հալածվողներին թողնելով քաջության և համբերության մեծ օրինակ: Նա փորձությունները հաղթահարողներին հետևյալ խոստումը տվեց. «Ով որ հաղթի, նրան իրավունք կտամ նստելու Ինձ հետ Իմ գահի վրա, ինչպես որ Ես հաղթեցի և նստեցի Իմ Հոր հետ՝ Նրա գահի վրա» (Հայտն. 3:21):

Պողոս պատրիարք Ադրիանուպոլսեցին հորդորում է խրատ վերցնել Հովսեփից, որ Եգիպտոս գերի գնալով՝ միառժամանակ նեղություն կրեց, բայց առանց հուսահատվելու, համբերությամբ իր թշնամիներին հաղթելուց բացի, փառավորվեց թե՛ այս աշխարհում և թե՛ Արքայության մեջ: Նա ոչ միայն օտարներից, այլ նաև իր եղբայրներից մահաբեր վտանգ ու վնաս կրելով՝ Աստծուց գոհ էր և համբերում էր։ «Եթե դու ևս թե՛ օտարներից և թե՛ բարեկամներից, ընկերներից վնասի ենթարկվես, առանց գանգատվելու աղոթիր Աստծուն, որ ների նրանց հանցանքները: Քանի որ նրանք քեզ թշնամաբար վնաս հասցնելու ժամանակ քեզ մեծ բարեկամություն և բարերարություն են արած լինում, քանի որ նրանց համար աղոթելով՝ քո վարձը բազմանում է: Մի՛ ասա, թե ինչպե՛ս համբերեմ, երբ առանց պատճառի վնասում են ինձ. այստեղ լա՛վ խորհրդածիր, եթե հանցանքի համար պատժվես, որևէ մեկին մեղադրելու և արդարանալու պատրվակ արդեն իսկ չունենալով՝ ստիպված ես համբերել, սակայն երբ առանց հանցանքի պատժվելով, գոհությամբ և սիրով համբերես, Աստծու կողմից վարձերի և ողորմության կարժանանաս»,- ասում է պատրիարքը:

Քրիստոսի հետ իրենց չարագործությունների համար երկու ավազակներ խաչվեցին։ Նրանք համբերում էին չարչարանքներին՝ կրելով իրենց պատիժը: Եկեղեցու հայրերից՝ Օգոստինոս Երանելին, ասել է. «Աջակողմյան ավազակը խաչի վրա ձեռք բերեց դրախտը: Կենտրոնում գտնվողը՝ Դատավորը, դատեց ամբարտավանին և փրկեց խոնարհին: Նա խոստովանող ավազակին ասաց. «Վստա՛հ եղիր, այսօր Ինձ հետ դրախտում կլինես» (Ղուկ. 23:43): Աջակողմյան ավազակը տանջվում էր և ասաց Տիրոջը՝ Տե՛ր, հիշի՛ր ինձ, երբ գաս Քո թագավորությամբ (Ղուկ. 23:42): Նա կարծես ասում էր՝ գիտեմ իմ չարագործությունները և պատրաստ եմ մինչ գալուստդ ճիգ ու ջանք թափելու: Քրիստոս նույն պահին դատավճիռ կայացրեց և ներում շնորհեց: Գողերին և մարդասպաններին ևս հետապնդում են, բայց նրանք երանելի չեն»:

Ովքեր հանուն արդարության, հանուն Աստծու խոսքի համբերում են մարդկանց կողմից ամեն չարիքի, հալածանքի, անարգանքի, բանտարկության և նույնիսկ մահվան, նրանք են իրական հալածվողները: Նման չարչարանքները հանուն արդարության մեծ վկայություն են Աստծու հանդեպ սիրո, քանի որ չի կարող Աստծուն չսիրել նա, որ պատրաստ է չարչարվել հանուն Նրա: Բարիք գործողները ոչ միայն երկնքում են հավիտենական երանության արժանանալու, այլ այս կյանքում ևս ժամանակավոր բարիքների են արժանանալու: Արդարության համար հալածվողներին Տերը խոստացել է մեծագույն հույսը՝ Երկնային Արքայությունը: Նման մեծ երանության նախ արժանացել են առաքյալները և բոլոր արդարները:

Ո՞ր սերը կարող է համեմատվել այն սիրո հետ, որ ունի քրիստոնյան Քրիստոսի հանդեպ: «Ուրեմն ո՞վ կարող է բաժանել մեզ Քրիստոսի սիրուց՝ նեղությո՞ւնը, անձկությո՞ւնը, հալածա՞նքը, սո՞վը, մերկությո՞ւնը, վտա՞նգը կամ սո՞ւրը,- ասել է Ս. Պողոս առաքյալը, ապա նշել,- ո՛չ մահը. և ո՛չ կյանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ չար ոգիների իշխանությունները, ո՛չ ներկան և ո՛չ գալիքը, ո՛չ էլ որևէ զորություն, ո՛չ վերին և ո՛չ ներքին աշխարհները, ո՛չ էլ ուրիշ ստեղծագործություն, ոչինչ չի կարող մեզ բաժանել Աստծու սիրուց, որ մենք ճանաչեցինք մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի միջոցով» (Հռոմ. 8:35-39): Այդքան բարձր է քրիստոնյայի սերը Քրիստոսի հանդեպ, ինչն էլ մղում է նրան հանուն Քրիստոսի ուրախությամբ հալածվելու: Քրիստոնյային չի վախեցնում այն մարդկանց չարությունն ու ատելությունը, որ հալածում են ճշմարտությունը: Քրիստոնյան չպետք է վախենա ճշմարտությունը բոլորի առջև խոստովանելուց, այլ պետք է վախենա, ինչպես Պետրոս առաքյալն է ասում, որ չարչարվի իբրև մարդասպան կամ գող, իբրև չարագործ կամ խառնակիչ: Ապա առաքյալը նշում է՝ բայց ով որ չարչարվում է քրիստոնյա լինելու պատճառով, թող չամաչի, այլ փառավորի Աստծուն իր այդ անվամբ, եթե նախատվեք էլ Քրիստոսի անվան համար, երանելի եք, որովհետև նշանակում է, թե Աստծու փառավորող Հոգին հանգչում է ձեզ վրա (Ա Պետրոս 4:14-17):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

09.02.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․