20 Նոյեմբեր, Դշ, Հինանց պահքի Գ օր

«Գաղտնի» Աստված

«Արդարև, թեպետ մենք չգիտեինք, սակայն Դո՛ւ ես Աստված՝ Իսրայելի Փրկիչ Աստված» (Եսայի ԽԵ 15):

Հիրավի, Դու Ինքդ Քեզ ծածուկ պահող Աստված ես, «ո՜վ Իսրայելի Փրկիչ Աստված»: Եսայի մարգարեն, ով գրել է իմ ընտրած այս բնաբանը, շատ լավ գիտեր, որ հավատքը Աստծուն մարմնական աչքերով տեսանելի չէր դարձնում և մարմնի երևումով դուրս չէր հանում Նրան ամպերի միջից, այլապես Աստված կդադարեր Աստված լինելուց, քանի որ տեսանելի Աստվածը չէր կարող Աստված լինել: Մարգարեն այս խոսքը դրել էր հեթանոսների շուրթերին, որոնք, դառնալով միակ ու ճշմարիտ Աստծուն, պիտի խոստովանեին իրենց անհավատությունն ու տգիտությունը: Նրանք իրենց դարձի օրն այլևս չպիտի սպասեին, որ իրենց աչքերով տեսնեն Իսրայելի Աստծուն, քանի որ այդ Աստված ծածկյալ Աստված էր: Նրանք տեսել էին տեսանելի աստվածներ՝ Բաաղի կամ Մողոքի պարսավելի կուռքերին, որոնք աչքեր ունեին, սակայն չէին տեսնում, բերան ունեին, սակայն չէին խոսում, ականջ ունեին, սակայն չէին լսում: Իսրայելի Աստված, սակայն, աներևույթ Աստվածն էր, որ փրկություն պիտի լիներ իրենց համար:

Իսկ մի՞թե երբեմն մենք ևս, հեթանոսների նման, չենք կամենում, որ տեսանելի լինի Աստված: Մեր կյանքի զանազան դժբախտությունների ու աղետների կամ անարդար թվացող տառապանքների ժամանակ մի՞թե չենք ուզում, որ Աստված շոշափելի կերպով երևա մեզ և բուռն բաղձանքների իրականացմանը զուր սպասելու ավարտին դեպի երկինք հառելով մեր աչքերը՝ ասում ենք. «Արդարև, Դու Քեզ ծածկող Աստված ես»: Դժվար է ասել, թե ինչ ոգով, սակայն մի զորեղ հավատքի ներշնչանքով Էռնեստ Ռենուն՝ մեծ բանասերն ու գիտուն պատմաբանը, իր մահվանից առաջ աչքերը երկինք սևեռած՝ գոչեց. «Ո՜վ Աստված, Դու, արդարև, թաքնված Աստված ես»:

Թաքնված չէ՞ միթե այն Աստված, որ թույլատրում է ահռելի ու անտանելի դժբախտություններ, որոնք օրեցօր ավելանում են ու բարդվում մարդկության վրա: Մի օր տեղեկանում ենք, որ հանքի փլուզման, պայթյունի հետևանքով հարյուրավոր աշխատավորներ փլատակների, հողի տակ են մնացել: Սարսուռով տեղեկանում ենք մեկ այլ տեղ իրականացվող կոտորածների շարքի մասին, երբ անթիվ-անհամար անմեղ մարդիկ զոհվում են վրեժխնդրության սրերի ու սվինների միջոցով: Մի ուրիշ օր էլ իմանում ենք որևէ հրաբխի ժայթքման մասին, որի հետևանքով անհամար գյուղեր ու քաղաքներ հրեղեն տարափի վտանգին են ենթարկվում: Այս լուրերի առաջացրած հուզումը հազիվ նոր անցած՝ հաղորդվում է լուրը մի այնպիսի՜ ահռելի երկրաշարժի մասին, որի հետևանքով առաջացած մարդկային-ֆիզիկական ու նյութական զոհերի թիվը անհաշվելի քանակության է հասնում. սարսափելի կործանում, որը, կարծես թե, գերազանցում է բոլոր նախկին աղետները: Այնժամ ամենքի շուրթերից լսում ենք. «Ո՞ւր է Աստված, ի՞նչ է անում Նա, մի՞թե այս աղետները չեն հուզում նրան, մի՞թե այսպիսի աղետները մարդու հավատքի խարխլման պատճառ չեն կարող հանդիսանալ»:

Իսկապես, մարդու միտքը շեղվում է՝ խորհելով, որ եթե Աստված բարի է, ապա ինչպե՞ս է թույլատրում, որ տեղի ունենան այս սոսկալի չարիքները՝ հանքի փլուզումը, մարդկային կոտորածները, հրաբխի ժայթքումն ու երկրաշարժերը: Եթե Աստված հզոր է, ապա ինչո՞ւ իր մեծ զորությամբ վերջ չի տալիս ցավերին ու տառապանքներին: Եթե Նա իմաստուն է, ապա ինչո՞ւ է թույլ տալիս, որ կատարվեն այնպիսի բաներ, որոնք մեր մտքում Նրա իմաստության առնչությամբ տարակուսանք են առաջացնում:

Մենք՝ քարոզիչներս, չենք կարող լուռ մնալ այսպիսի աղետների ու դեպքերի առջև, քանի որ մեր լռելը կլիներ նվիրական պարտականությունից խուսափում: Եվ եթե բարոյական այլևայլ նյութերի մասին խոսեինք, ապա մեղադրանքների պիտի ենթարկվեինք վերին աստիճանի արդիականություն ունեցող խնդիրները զանց առնելու պատճառով: Խուսափելը ներելի չէ. պետք է ընդառաջ գնալ, լուսաբանել, մխիթարել և հույս ներշնչել: Աստված «ծածկվա՞ծ» է մեր տեսությունից, այո՞, թե՞ ոչ, Աստծո ճանապարհները հայտնի՞ են, թե՞ ոչ:

Այնպես չէ, որ միայն մեծամեծ աղետների ժամանակ է, որ այս հարցն արդիականություն է ձեռք բերում, այնպես չէ, որ հազարավոր անմեղ զոհերի պատճառով է, որ հարցնում ենք, թե՝ «ո՞ւր է բարի, արդար ու հզոր Աստված», այլ նույնիսկ մեր անհատական դժբախտությունների ժամանակ շատ հաճախ այս նույն հարցումն է գալիս մեր շուրթերին ու մեր սիրտը առավելաբար խռովվում է հուսահատության և հոռետեսության շնչով: Ընտանեկան վշտերն ու հարվածները, սիրելիների կորուստները մեզ մղում են՝ տարակուսելու Աստծո վրա, սակայն Աստծուն կասկածելը կամ տարակուսանքով վերաբերվելը սոսկալի բան է: Սա նման չէ ուրիշ խնդիրներում կասկածամտություն դրսևորելու հանգամանքներին. այս կասկածը մեր մեջ ավելացնում է հուսահատությունն ու առաջնորդում մեզ մահվան: Ուրեմն, ի՞նչ է պետք պատասխանել այս հարցումին, ի՞նչ լուծում է անհրաժեշտ տալ այս խնդրին:

Նախ կցանկանայի մի կարևոր զանազանություն սահմանել մեզ վրա հասած դժբախտությունների միջև. մեզ վրա եկած չարիքներից մի մաս կա, որ մարդկանցից է գալիս, մի մաս էլ կա, որ մարդկանցից չէ: Առանց երկբայության կարող եմ ասել, որ այն դժբախտությունները, որոնք մարդկանցից են գալիս, այդպիսիք որևէ կապ չունեն Աստծո հետ: Օրինակ, հանքի պայթյունի պարագայում հանցավորին հանքավայրի գործարանի հսկողների մեջ է պետք փնտրել, քանի որ նրանք է, որ զգուշություն ու կանխամտածություն պիտի ունենային, սակայն չեն ունեցել և կամ հարկ եղածի չափ զգուշավոր չեն եղել: Անշուշտ, գիտական առաջադիմական տեխնոլոգիաները պիտի ավելի նվազեցնեն նմանատիպ դեպքերի թիվը, գիտական միջոցների շնորհիվ, անշուշտ, առավել հազվադեպ պիտի դառնան վտանգները ու շնորհիվ գիտական այս առաջադիմության մի օր էլ պիտի դադարեն վտանգները: Հետևաբար, երբ ասվում է, թե «Աստված ինչո՞ւ է թույլատրում այս կամ այն դժբախտությունը», արդյոք ի՞նչ է ենթադրվում, որ Աստված նախապես անխոցելի՞ դարձներ հանք իջնող բոլոր աշխատավորներին: Մանկական քայլ կլիներ նման բան պահանջելը. մարդը կամքի ազատություն ունի, նա սխալներ ու թերացումներ է թույլ տալիս կամքի ազատության հետևանքով: Այս դեպքում թերևս ասվի, որ եթե կամքի ազատության հետևանքով է, որ այսպիսի աղետներ են վրա հասնում մեզ, ուստի ավելի լավ կլիներ, որ Աստված մեզ ստեղծած լիներ առանց ազատ կամքի: Ասել սա՝ նշանակում է ասել, թե Աստված մեզ ինչո՞ւ որպես քարե, փայտե ու պղնձե արձաններ չի ստեղծել: Անհեթեթ է վերոհիշյալ աղետի մեջ Աստծուն պատասխանատվություն վերագրելն ու հիմարություն է ասելը, որ «եթե Աստված գոյություն ունենար, այդ աղետը չէր պատահի»:

Միևնույն պատասխանը պիտի տամ նաև հարյուր-հազարավոր սպանվածների ու նահատակների համար. պետք չէ Աստծո ձեռքի մասին այնպես խոսել, թե իբր այն կարող է արգելել կոտորածները, առաջն առնել այն անխղճությունների, որոնցում, ընդհակառակը, հայտնապես երևում են մարդու չարությունները, անհոգությունները, անզգուշությունները, վրեժխնդրություններն ու անխղճությունները: Աստված մի օր ասաց Կայենին. «Ո՞ւր է քո եղբայրը»: Ըստ մեր նորելուկ քննադատների, Աստված Ինքը պիտի արգելեր Աբելին սպանողին և քանի որ այդ արգելքը չի դրել, հետևաբար, հենց Աստծուն պետք է համարել սպանության իրական հեղինակ և հենց Նրան է պետք հարցնել. «Ո՜վ Աստված, ի՞նչ արեցիր, ի՜նչ փորձանք բերեցիր Աբելի գլխին»: Ո՛չ և ո՛չ, սիրելինե՛ր. Աբելի մահվան հեղինակը Կայենն է ու մարդկային այս ներկա կյանքում Կայեններ շա՜տ կան, որոնց է, որ պետք է հարցնել. «Ի՞նչ արեցիք դուք ձեր եղբայրների հետ»: Եթե մարդիկ փոքր-ինչ հեռատեսություն ու խոհեմություն, փոքր-ինչ արդարություն ու գթություն, փոքր-ինչ մարդասիրություն ու բարյացակամություն ունենային, ապա չարիքների աղբյուրը մեծապես ցամաքած կլիներ:

Կան, սակայն, դժբախտություններ էլ, որոնցում մարդը որևէ մաս չունի, որոնցում մարդը պատասխանատվության որևէ հետք չի կրում, որոնց դեպքում չարիքը ոչ թե մարդկանցից, այլ բնության օրենքներից է գալիս: Այդժամ բնությունն է, որ գործում է, կամ, ոչ ճշմարիտ քրիստոնեական համոզմամբ, Աստված է, որ գործում է: Օրինակի համար, հրաբխի ժայթքման կամ որևէ քաղաքի՝ երկրաշարժի հետևանքով կործանման մեջ անծանոթ մի ուժ է գործում. այդպիսի աղետների մեջ մարդը բնավ պատասխանատվություն չունի և չի էլ կարելի վերջինիս պատասխանատվության որևէ նշույլ վերագրել:

Հավատացյալներ կան, որ մեկնում են այս դժբախտությունները, սակայն նրանց տված բոլոր մեկնությունները, ըստ իս, շա՜տ թերի են ու չեն կարող որևէ խորհող մտքի գոհացնել: Ահա թե ինչ են ասում նրանք. այս դժբախտությունները՝ հրաբխի ու երկրաշարժի հետևանքով քաղաքների կործանումներն ու այլ աղետները Աստծո կողմից ուղարկված պատիժներ են, իսկ զոհերն էլ, անշուշտ, պատժի արժանի մեղավորներ են: Ինչպիսի՜ հախուռն դատաստան. սակայն արի ու տես, որ Հիսուս այս համոզումը նախապաշարմունք է համարում՝ խոսելով Սելովամի աշտարակի տակ մնացածների մասին. «Կարծում եք, թե նրանք ավելի մեղապա՞րտ էին, քան Երուսաղեմում բնակվող բոլոր մարդիկ: Ո՛չ, ասում եմ ձեզ…» (Ղուկ. ԺԳ 4): Մի՞թե հրաբխի տակ մնացած բնակիչներն ավելի հանցավոր էին, քան Մանչեսթրի, Լոնդոնի կամ Փարիզի բնակիչները: Տարօրինակ «պատիժ», որի առաջին բնութագիրը պիտի լինի «անարդարությունը»:

Ուրիշ հավատացյալներ էլ ունենք, որոնք ասում են, թե իբր նմանատիպ աղետները այդ ամենը վերապրողների համար ազդարարություններ են: Այո՛, իրապես մե՜ծ, սակայն միանգամայն անօգուտ զգուշացումներ են սրանք, քանի որ «զգուշացվողները» հեռու՜, շա՜տ հեռու լինելով ապաշխարելուց ու զղջալուց, շատ հաճախ, ընդհակառակը, ավելի են սկսում կասկածել Աստծո արդարությանն ու բարությանը և անհավատության մեջ են ընկնում: Այս ազդարարությունները ծառայում են միայն նրանց, ովքեր արդեն իսկ պատշաճ զգուշավորություն ունեն և ճանաչված են՝ որպես բարեպաշտ ու բարեբարո անձինք, ու հենց նրանք է, որ պիտի ասեն. «Արթո՛ւն մնանք և շարունակե՛նք աղոթել», մինչդեռ մնացյալը, որոնք ազդարարության ու արթնություն ուսանելու կոչի «կարիքն» ունեին, ընդհակառակը, հեռանում են Աստծուց և ընդվզում Նրա դեմ:

Իսկ հավատացյալների մեկ այլ խումբ էլ ասում է. «Աստված չի կամենում այս դժբախտությունները, սակայն թույլատրում է դրանք»: Ինչպիսի՜ հակասական խոսք է այս, քանի որ եթե Ամենազոր Էակը թույլատրում է, նշանակում է՝ համամիտ է և կամենում է. անկասկած, եթե Աստված կամենար, հրաբուխը չէր ժայթքի և քաղաքներն էլ երկրաշարժի հետևանքով չէին կործանվի:

Ի՞նչ է մնում ասել. արդյո՞ք Աստծուն հակընդդեմ մի ուժ, չարի մի զորություն կա: Դեռևս հնուց մեծագույն մտածողներն անդրադարձել են այս հարցին, չարին ու բարուն որպես երկու տարբեր աստվածներ են կարծել, սակայն այսպիսի մտածումը շա՜տ հեռու է մեր ներկայիս խորհելակերպից և բազմաստվածությունն էլ անընդունելի է, ուստի այս մասին հին տեսություններն ու կարծիքները չեն կարող մեզ համար ընդունելի լինել:

Ուրեմն, ի՞նչ է պետք ասել, սիրելի՛ հավատացյալներ, և ինչպե՞ս է պետք բացատրել նմանատիպ դժվարությունները: Նախ և առաջ պետք է ասեմ, որ Աստծո գոյությունը կամ չգոյությունը դատողությամբ ու տրամաբանությամբ ապացուցել փորձելը միամտություն է և դատողությամբ ապացուցելու ջանքերը մշտապես ենթակա են հակընդդեմ դատողությանն ու ժխտմանը: Այսպիսի խորախորհուրդ հարցում իմ առաջին ապավենն իմ տգիտությունն է, քանի որ մեր բոլոր ծրագրերը վեր ու վար անող, մեր սիրելիների կորստյան պատճառ դարձող, մեզ շվարեցնող ու սարսափի մատնող բոլոր դժվարությունների ո՛չ նշանակության ու ո՛չ նպատակի մասին մենք որևէ բան չենք կարող իմանալ, այլ միայն կարող ենք ասել՝ «Աստված ծածկում է իր երեսը», սակայն իրավունք չունենք ասելու՝ «Աստված գոյություն չունի, իսկ մարդիկ էլ ճակատագրական և կույր ուժերի խաղալիքներ են միայն»: Պետք չէ այսպես ասել, քանի որ չգիտենք, և, վստահեցնում եմ, որ մեզնից որևէ մեկը չի կարող այս մասին որևէ բան իմանալ, չի կարող Աստծո գոյությունը հերքելուն կամ հաստատելուն միտված ապացույցներ ի հայտ բերել: Եթե գտնի էլ այդպիսիք, ապա բոլորն էլ տկար ապացույցներ են լինելու, և այդ ճանապարհով մարդը միայն ու միայն իր հպարտությունը՝ գոհացրած, և իր հավակնոտությունը՝ հագեցրած պիտի լինի, ուրիշ ոչինչ. մի բան, որից իսպառ պետք է հրաժարվել:

Եվ սա դեռ ամենը չէ: Տգիտության այս խոստովանությամբ պետք չէ բավականանալ, սակայն, անշուշտ, լավ է մեր տգիտությունը խոստովանելն այս մեծագույն խորհրդի առաջ: Եվ եթե ասեմ էլ, թե Աստված չկա, այն Աստված, որին Հիսուս Քրիստոս քարոզեց՝ սիրո և բարության երկնավոր Աստված, այդժամ ի՞նչ շահած կլինեմ ես. ոչինչ: Եթե Աստված չկա, ուրեմն այս կյանքը մի պատահականություն է, ուրեմն «ուտենք և խմենք, որովհետև վաղը մեռնելու ենք» (Ա Կորնթ. ԺԵ 32), ուրեմն մարդը մի ողբալի եղերերգության դյուցազն է, ուրեմն ապագան ոչնչություն է: Մեկ անգամ ևս խորհեք, կուզե՞ք, որ այսպես լինի: Մի՞թե չեք տեսնում, որ աշխարհում ամեն բան մի նպատակի է ձգտում. մեղուն, մրջյունը, կուղբն ու շնիկը, բոլորն էլ մի նպատակ ունեն: Մի՞թե մարդն է, որ առանց նպատակի պիտի լինի այս աշխարհի թատերաբեմում: Եթե մարդու վախճանը ոչնչությունն է, ուրեմն էլ ի՞նչ կարիք կար, որ նա մեծասքանչ բանականության կարողություն ունենար, ի՞նչ կարիք կար, որ նա զգացողություն ու գիտակցություն ունենար, ի՞նչ կարիք կար, որ կատարելության ձգտում ունենար:

Մի՛ ասեք, թե մարդը բնազդի խաղալիքն է և թե նախասահմանված է ոչնչության համար: Այս սարսափելի եզրակացությունը հոռետեսների գաղափարախոսությունն է և բացարձակապես չի համապատասխանում ճշմարտացիությանը, քանի որ կրոնական փորձառություններ կան, որ զանազան վկայություններ են բերում: Աղոթքի, զղջման և ներողամտության արցունքներով դեպի Աստված վերանալու ձգտումը չի կարելի մարդու միջից արմատախիլ անել, քանի որ այն բնածին է, ապրում է մարդու հետ ու ապրեցնում նրան: Ինչպես աղոթքը, նույնպես և հավատքը, թեև որոշ չափով կախում ունեն այս աշխարհի աղետներից, բայց և չի կարելի ասել, թե աղոթքն ու հավատքը աշխարհում տեղի ունեցող բարեպատեհ դեպքերի ծնունդն են հանդիսանում, քանի որ եթե դժբախտություններն են, որ ձեզ հեռացնում են Աստծուց, ապա պետք է որ երջանկությունն էլ ձեզ մոտեցներ Աստծուն: Մինչդեռ տեսնում ենք հակառակը. շատ անգամներ ու շատ քիչ բացառությամբ բարօրություններն ու երջանկություններն են, որ կարծրացնում են մարդու սիրտն ու նրան հեռացնում Աստծուց: Ուրեմն, ո՞վ ասաց, թե դժբախտություններն ու վշտերը մեզ հեռացնում են Ավետարանի Աստծուց. կրոնական փորձառությունները մեզ ցույց են տալիս հակառակը, որ աղետները մեզ առավելաբար մոտեցնում են Աստծուն:

Ուրեմն, Աստծո գոյության կամ չգոյության վերաբերյալ ապացույցներ մի՛ փնտրեք կյանքի տարբեր իրավիճակների մեջ. ապացույցներ փնտրեք այլ տեղերում: Աստծո հարցը մի՛ կապեք աշխարհի աղետների հետ. աշխարհում ինչ էլ լինի, Աստծո հարցը հարկ է կապել կյանքի մեծագույն, սուրբ ու անտեղիտալի իրականությունների հետ, որոնցից առաջինը խիղճն է: Մի՛ հարցրեք, թե «Աստված ինչո՞ւ թույլատրեց այս կամ այն աղետը, ինչո՞ւ չարգելեց այնինչ զարհուրելի ջարդը»: Սա ամբոխային մտածելակերպի տեր մարդկանց հարցում է և այսպես խորհողները մանուկ ու ոչ գիտակից պիտի համարվեն: Այլ, կարծում եմ, որ հարցն այսպես պիտի դրվի. «Այս աղետների մեջ անգամ կամենո՞ւմ եք բարին գործել և բարու համար ապրել ու ապրեցնել: Արդյո՞ք մենք պատասխանատու էակներ չենք: Առանց պատասխանատվության մի՞թե անասուններ չպիտի լինեինք: Արդյո՞ք մեզնից յուրաքանչյուրը խիղճ ունի»: Եթե խիղճ ունեք, ապա անկարելի է, որ այն ձեզ արտոնի չհավատալ Աստծուն ձեզ վրա հասած այս կամ այն դժբախտության պատճառով. այն ձեզ պիտի հրամայի աներկբայորեն հավատալ Աստծուն:

Երբ մեզ դժբախտություններ են պատահում, չըմբոստանանք ածխահանքի այն գործավորների պես, որոնք հանքի փլուզման հետևանքով մտադրվում են գործադուլներ կազմակերպել ու վրեժխնդրություն և ատելություն դրսևորել գործատիրոջ նկատմամբ: Երբ դժբախտություններ են պատահում մեզ, չդիմե՛նք ավելորդապաշտությունների, ինչպես նրանք, ովքեր հեթանոսական մոլեռանդությամբ ապավինում են զանազան դեղատոմսերի և թերապիաների՝ կարծելով, որ այդպիսով կարող են զերծ մնալ վտանգներից: Երբ դժբախտություններ են պատահում մեզ կամ սոսկալի ջարդերի հետևանքով կորցնում ենք մեզ սրտակից անձանց ու մեր ունեցվածքը, այդժամ հարկ է, որ զորանանք ու գոտեպնդվենք բարոյական արիությամբ և նվիրվենք վերաշինության գործին, անտրտունջ ջանանք բարու համար, ու այդ ժամանակ է, որ պիտի տեսնենք նախկինից շատ ավելի ճոխ, շատ ավելի փայլուն, շատ ավելի առույգ և հաստատուն բարգավաճումն ու նոր զարկ ստացած առաջադիմությունը:

Աստծո գոյության ապացույցը տրամաբանական, դատողական բացատրությունների մեջ չէ, այլ բարոյական, խղճի պարտականությունների և շինարար գործի կատարման, այլոց նվիրվելու, ուրիշի համար ապրելու, սեփական անձից առավել դիմացինի մասին խորհելու պարտավորվածության մեջ է այն: Աստված ծածկվում է. ճիշտ է: Նա ծածկված է պահում Ինքն Իրեն. շա՜տ ճիշտ է, սակայն Նա մեզ շա՜տ ու շա՜տ բաներ է ցույց տալիս, որոնք մենք կարծես չենք կամենում տեսնել: Եթե աչքեր ունեք, պիտի տեսնեք, որ Աստված հայտնված կողմեր էլ ունի, և եթե տեսնեք այդ կողմերը, ապա կասեք, որ Աստված հայտնված է մեզ: Եթե կարողանաք այդ «հայտնի» կողմերը տեսնել, ապա ժամանակ չեք ունենա նույնիսկ խորհելու այն մասին, որ Աստված ծածկված կողմեր էլ ունի, քանի որ Նա բավականաչափ հայտնել է Ինքն Իրեն, որպեսզի վստահություն ունենաք Նրա նկատմամբ ու կատարեք ձեր խղճի առջև ծառացած բարոյական պարտավորվածությունները: Մի՛ ասեք, թե աշխարհը տգեղ է. տգեղությունը մարդ իր մեջ պիտի փնտրի, և եթե աշխարհը գեղեցիկ չէ, ջանացե՛ք գեղեցկացնել այն, քանի որ ձեզնից է կախված նրա լավ կամ վատ լինելը: Մի՛ վհատվեք, քանի որ վհատությունը եսասիրության արդյունք է, այլ, ընդհակառակը, քաջասիրտ, գործունյա և բարեգո՛րծ եղեք:

Այժմ հայացքս ուղղում եմ իմ Փրկչին՝ Հիսուսին, և հարցնում Նրան. «Ի՞նչ արեցիր Դու, երբ լսեցիր այն դժբախտությունների մասին, որոնք պատահել էին Սելովամի աշտարակի տակ մնացողների հետ, կամ ի՞նչ ասացիր, երբ Քեզ հաղորդեցին Պիղատոսի հրամանով իրականացված անմեղ գալիլիացիների կոտորածի մասին: Մի՞թե բացատրություններ տվեցիր այդ ամենի վերաբերյալ. ո՛չ, այլ միայն ապաշխարության կոչ ուղղեցիր ապրողներին և հավակնություն չցուցաբերեցիր՝ բացատրելու աղետների շարժառիթը: Եվ ի՞նչ արեցիր այնժամ, երբ Դու Ինքդ էլ, Քո հերթին, հալածանքների ենթարկվեցիր, ի՞նչ արեցիր Քո սեփական ժողովրդի հակառակության, քահանաների ատելության հանդեպ և աշակերտներիդ՝ Քեզ լքելուն ի պատասխան»: Սիրելի՛ հավատացյալներ, բոլոր այդ աղետների ժամանակ Հիսուս միշտ հուսաց ու միշտ սպասեց: Նրա շուրթերին երբեք չեք գտնի անօգուտ բացատրություններ: Նա մշտապես անխախտ պահեց Իր վստահությունը Երկնավոր Հոր հանդեպ, քանի որ Ինքը զգացել էր Նրա ներկայությունն ու սերը Իր մեջ, և պատմության մեծագույն խորհրդի կատարման՝ Խաչի մահվամբ հոգին ավանդելու ժամանակ, ասաց. «Հա՛յր, Քո ձեռքն եմ ավանդում Իմ հոգին»:

Կարո՞ղ եք և կամենո՞ւմ եք Աստծուն դարձյալ ձեր Հայրը, ձեր Աստվածը կոչել, երբ խռովվում եք մի որևէ սոսկալի աղետի հետևանքով, երբ սոսկումով տեսնում եք ձեր սիրելիների կորուստը, երբ սուգի եք մատնված ու երբ շվարած եք պատահած դժբախտությունների պատճառով: Եթե պիտի ասեք, թե Աստված ձեզնից ծածկում է Իր երեսը, ապա ես պիտի պատասխանեմ, որ Աստված Ինքն Իրեն ծածկեց մինչև իսկ Հիսուսից, երբ Նա խաչի վրա Իրեն լքված զգաց՝ գոչելով. «Ինչո՞ւ թողեցիր Ինձ»: Սակայն, Աստված ծածկված լինի, թե՝ ոչ, ահա՛ տեսնում ենք, որ Հիսուս ավանդում է Իր հոգին՝ Իրեն Երկնավոր Հոր բազուկների մեջ զգալով: Ինչպես որ արևն է թաքնվում ամպերի հետևում, սակայն մենք գիտենք, որ այն չի մարում, նույն կերպ և չի մարում Աստծո սերը, միայն թե անհրաժեշտ է զգալ այդ սերը, անհրաժեշտ է ճանաչել այն և ըստ այդմ էլ սեփական անձը հանձնել Աստծո բազուկների զորությանը, այնպես, ինչպես տառապյալ մանուկն է հանձնվում իր մոր բազուկներին:

Աստծո նկատմամբ հավատքը հնարավոր չէ ձեռք բերել այնպես, ինչպես ապացույցների շարքի միջոցով ձեռք է բերվում որևէ գիտական ճշմարտություն: Մաքուր, բարի ու վերերկրային հոգիների առանձնաշնորհումն է հավատքը, որին ամեն մարդ՝ տգետ թե գիտուն, աղքատ թե հարուստ, տառապյալ թե երջանիկ ամեն մարդ կարող է արժանանալ. բավական է միայն մաքուր հոգի ունենալը: «Կիմանաս, եթե կամենաս Աստծո կամքը կատարել», սակայն քա՜վ լիցի, թե պիտի ամեն բան իմանանք, այլ այնքանը գեթ, որքանը որ բավական է մեզ ծնկի գալու և արցունքախառն ասելու համար. «Ների՛ր ինձ, Աստվա՜ծ իմ, ների՛ր Քո դեմ մեղանչելուս ու Քո նկատմամբ կասկած ունենալուս համար»: Ամեն:     

 

Տեր Ղևոնդ վրդ. Դուրյան, «Պարզ քարոզներ», Բ հատոր, Փարիզ, 1924 թ.

Արևելահայերենի վերածեց Գևորգ սրկ. Կարապետյանը

 

09.02.20
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․