Գերեզմանօրհնեք|Gerezmanorhneq



Գրքեր

Գերեզմանօրհնեք

Հոգևոր բարեպաշտական արարողություններից գերեզմանօրհնեքը քրիստոնեական հարության գաղափարի արտահայտությունն է: Այս արարողությամբ քրիստոնյա անհատը արտահայտում է մահվան ու հարության հանդեպ իր հիմնական հոգևոր սկզբունքները: Գերեզմանօրհնեքի նպատակն է հիշել ննջեցյալներին և ավետել նրանց հարության հույսը: Ըստ Պողոս առաքյալի՝ Քրիստոսի հարությունը պատճառն է բոլոր մարդկանց հարության, և նրանով հաստատվում է մեր հարությունը։ Եվ ինչպես Սուրբ Գրիգոր Տաթևացին է ասում. «Մեր Տերը գերեզմանից հարություն առավ՝ մեզ բնութենակից լինելով, եղավ անդրանիկը մեռելներից և ննջեցյալների առաջին պտուղը»:

«Հարությունը Քրիստոսի՝ սի՛րտն է քրիստոնեության, բանալին՝ քրիստոնեական հավատքի հասկացողության, գաղտնի և անհաղթահարելի ուժը՝ կյանքի հաղթության: Մարդու կյանքը հիմնովին կնորոգվի, երբ Քրիստոսի հարության լույսով ողողվի այն» (Գարեգին Ա):

Գերեզմանը մահացածի մշտական հանգրվանը չէ, այլ՝ նախնական հանգստարան: Եվ քանի որ գերեզմանի հանգիստը մինչև հարություն ժամանակավոր քուն է, ուստի մահացածը ննջեցյալ է և ոչ մեռյալ: Քրիստոնյան հավատում է, որ Տերը հարություն պիտի տա բոլոր մարդկանց մարմիններին: Այդ պատճառով մահից հետո առավել կարևորվում է հանգուցյալի հոգու վիճակը և նրա փրկության համար ասված աղոթքը:

Մեռելների նկատմամբ բոլոր կրոնների մեջ գոյություն է ունեցել խորը հարգանք ու պաշտամունք: Մեռելները թաղվում էին հարգանքով ու երկյուղածությամբ, այն հույսով, որ մի օր հարություն պիտի առնեն: Քրիստոնեությունը նույնպես լրջագույն հարգանքով է վերաբերվում հանգուցյալի մասունքներին և թաղմանը:

Մեռելների հարության հույսը իրականություն դարձավ Քրիստոսի հարությամբ, և քրիստոնյաները գիտակից հավատքով մոտեցան վերջին դատաստանին և հարությանը:

Մաշտոց ծիսարանի համաձայն՝ գերեզմանօրհնեքի արարողությունը ուղեկցվում է հոգեհանգստյան շարականի երգեցողությամբ, խնկարկությամբ, մոմավառությամբ, աղոթքով, ընթերցվում է Ավետարանից հատվածներ: Քահանան հոգևոր կնիքներով և օրհնությամբ խնդրում է Աստծուն մինչև ննջեցյալի հարությունը նրան հանգիստ պարգևել: Հանգուցյալին հողին հանձնելուց, քահանայի կողմից գերեզմանը խաչակնքելուց և համապատասխան աղոթքից հետո գերեզմանը համարվում է օրհնված և կնքված:

Նախ կնքվում է գերեզմանի արևմտյան (գլխի) կողմը, ապա՝ արևելյան (ոտքերի) կողմը, հետո՝ գերեզմանի սիրտը (ննջեցյալի սրտի մոտ): Գերեզմանն օրհնելով ու կնքելով՝ հոգևորականը աղոթում է, որ այն մինչև Քրիստոսի երկրորդ գալուստը անշարժ մնա, ինչով էլ խորհրդանշում է հարության հավատը, իսկ ննջեցյալի հարազատների բնական սուգը լրացնում է հոգևոր հույսի պայծառությամբ: Քրիստոնեական խորհրդանիշներով կնքված և օրհնված գերեզմանը ոչ թե սոսկ հանգուցյալի կորուստը սգալու, այլ հոգևոր խորհրդածություններ արթնացնող նվիրագործված մի վայր է, որը մարդուն մղում է հավատով ու հույսով աղոթել ննջեցյալի փրկության համար:

Գերեզմանօրհնեք է կատարվում նաև Տաղավար տոներին հաջորդող մեռելոց օրերին: Մեռելոցին ամեն մարդ գերեզմանատուն է գնում և իր ննջեցյալի գերեզմանը օրհնել տալիս:

Գերեզմանօրհնեքը, ինչպես նաև ննջեցյալների համար ասված աղոթքն ու հոգեհանգիստը հոգու անմահության, հանդերձյալ կյանքի և համընդհանուր հարության հանդեպ քրիստոնեական հավատի վկայությունն է: Արարողությունը վերջին դատաստանի և հարության հույսն է ներշնչում բոլորին:

Եվ ինչպես երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսն է ասում. «Մենք գերեզմանաքարերը խաչքարի վերածեցինք խաչի զոհողության գաղափարով՝ հարության ավետիսը պայծառ պահելով մեր հայրենի աշխարհի վրա ու ազգային գոյության հյուսվածքի մեջ»:

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

27.10.14
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․