20 Նոյեմբեր, Դշ, Հիսնակաց պահքի Գ օր

Գրքեր

Գյուտ Խաչի տոնը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու ուխտի օրերից մեկը փրկչական Խաչին նվիրված չորս տոներից Գյուտ Խաչի տոնն է, որ այս տարի Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին նշեց հոկտեմբերի 27-ին: Արդեն երկրորդ տարին է, որ Գյուտ Խաչի տոնը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, հայտարարվել է որպես Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու ուխտի օր՝ ի պատիվ այնտեղ պահվող մասնատուփ-պահարանի, որի կենտրոնական հատվածում զետեղված է Տիրոջ Խաչափայտի մասունքը, իսկ խաչի թևերում չորս սրբերի՝ Ս. Բարսեղ Մեծի, Ս. Մակարիոսի և անհայտ երկու սրբերի մասունքներ:

Բազմաթիվ ուխտավորներ էին այցելել Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի՝ մասնակցելու ուխտի Ս. Պատարագին, Ս. Բարսեղ Մեծի, Ս. Մակարիոսի ու անհայտ երկու սրբերի բարեխոսությամբ Տիրոջը ողորմությունը հայցելու և հաղորդակից լինելու Տերունական հաղթության նշանի զորությանը:

Պատարագիչը՝ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, շնորհավորեց ներկաներին խաչի գտնվելու հրաշափառ տոնի կապակցությամբ և մաղթեց, որ Հիսուս Քրիստոսի սրբազան խաչը կենդանի պահի իրենց հավատքը, օրեցօր ավելացնի ու զորացնի այն, որպեսզի իրենց խանդավառ սրտում մշտապես հնչի խաչի փառաբանության աղոթքը. «Քո ամենահաղթ և պատվական խաչի առջև ծնրադրում ենք՝ երկրպագելով և մեր հանցանքների համար ներում հայցում, քանզի սրանով վերացավ մարդկության դատապարտությունը: Եվ այժմ հանուն քո աստվածային նշանի՝ երկնային խաղաղությո՛ւն շնորհիր ողջ աշխարհին»: Տեր Հայրը քարոզին, տոնի պատմությունը մեջբերելով, անդրադարձավ սեփական խաչը կրելու և Տիրոջը հետևելու ավետարանական կարևորագույն պատգամին և այդ փրկաբեր պատգամի կյանքի կոչմանը:

Ս. Պատարագի ավարտից մինչ երեկո Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում բազմաթիվ ուխտավորներ հաղորդակից եղան զորավոր մասնատուփ-պահարանի օրհնությանը: Խաչի զորությունը Քրիստոսն է, ուր Խաչն է, այնտեղ՝ Խաչյալը: Քրիստոնյան երկրպագում է ոչ թե նյութին կամ ձևին, այլ Աստծո զորությանը: Հովհաննես Իմաստասերն ասել է. «Խաչը ո՛չ թե նյութով ունի նշանակություն, այլ իր սրբագործող հոգևոր զորությամբ՝ ըստ նախատիպի: Պաշտոն և երկրպագություն ենք մատուցում ոչ թե խաչի նյութին, այլ Աստծո զորությանը, որ անբաժանելիորեն միաձուլված է նրա հետ»:

Իսկ սրբերի բարեխոսությունը խնդրել, նշանակում է խնդրել, որ նրանք մեզ համար բարեխոսական աղոթք ուղղեն առ Աստված: Հայրաբանական գրականության համաձայն՝ մենք խնդրում ենք սրբերի բարեխոսությունը, որովհետև նրանք արժանացել են Աստծո բարեհաճությանը: Ըստ Ս. Հովհան Ոսկեբերանի և Ս. Բարսեղ Մեծի՝ սրբերի հանդեպ ճշմարիտ հարգանքն սկսվում է նրանց նմանվելու ջանքերից: Սրբերի մասունքների զորության մասին Ս. Եփրեմ Ասորին ասել է. «Մահացածները գործում են ինչպես կենդանի մարդիկ, բուժում են հիվանդներին, վանում են դևերին և Քրիստոսի ուժով հեռվացնում են ամեն անպիտաբան ուժ, քանի որ սրբերի մասունքներում է գտնվում Սուրբ Հոգու զորությունը, որ հրաշագործում է նրանց միջոցով»:

 

Կարինե Սուգիկյան

27.10.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․