25 Նոյեմբեր, Բշ
Աշխարհի առաջին քրիստոնյա թագավոր Սուրբ Աբգարը՝ որդին էր պարթև Արշակունի Արշամի: Նա թագավորել է Օսրոյենե կոչվող երկրամասում, որի մայրաքաղաքը Եդեսիան էր (այժմ՝ Ուրֆա), ուր հավասարաչափ թվով ապրում էին հայեր և ասորիներ: Եփրատ և Տիգրիս գետերի միջև ընկած այս երկրամասը Տիգրան Մեծը կցել է Հայաստանին և իր նոր մայրաքաղաքը՝ Տիգրանակերտը, կառուցել հենց այս վայրում:
Աբգար թագավորը ժամանակակիցն է եղել Հիսուս Քրիստոսի: Նրա թագավորության առաջին տարում ծնվեց թագավորների թագավորը՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսը:
Աբգար թագավորը տառապում էր անբուժելի հիվանդությամբ՝ բորոտությամբ: Լսելով Հիսուսի սքանչելի հրաշագործությունների մասին՝ անմիջապես հավատաց, որ միայն Նա կարող է բուժել իր հիվանդությունը: Ուստի հավատի նամակ գրեց Հիսուսին, որում ասվում էր. «Աբգար Արշամի որդի, աշխարհի իշխան, բարերար և փրկիչ Հիսուսիդ, որ Երուսաղեմում հայտնվեցիր, ողջո՛ւյն: Լսեմ եմ Քո մասին և այն բժշկությունների մասին, որ կատարվում են Քո ձեռքով առանց դեղերի ու արմատների: Որովհետև ինչպես ասում են Դու կույրերին տեսողություն ես տալիս, կաղերին քայլեցնում, բորոտներին մաքրում, չար ոգիներն ու դևերը վանում ես և առհասարակ երկարատև հիվանդություններով չարչարվողներին բժշկում ես, ասում են Դու նաև մեռածներին ես կենդանացնում: Երբ այս ամենը Քո մասին լսեցի, մտքումս դրի, որ Դու Աստված կլինես, որ երկնքից իջել ես, կամ Աստծո Որդին կլինես, որ այդ անում ես: Այդ պատճառով Քեզ գրեցի, աղաչելով, որ նեղություն կրես, գաս ինձ մոտ, բժշկես իմ ունեցած հիվանդությունը: Նաև լսեցի, թե հրեաները քեզանից դժգոհում են և ուզում են Քեզ չարչարել, բայց ես մի փոքր ու գեղեցիկ քաղաք ունեմ, որ երկուսիս էլ բավական է» (Մովսես Խորենացի, Հայոց պատմություն):
Աբգարի սուրհանդակն ու քարտուղարը՝ Անանիան, Երուսաղեմում գտնում է Հիսուսին և հանձնում նամակն ու մեծագին ընծաներ: Աբգարն արժանանում է Փրկչի պատասխանին՝ գրված Թովմաս առաքյալի ձեռքով. «Երանի՜ նրան, ով առանց տեսնելու կհավատա Ինձ, որովհետև գրված է. Ինձ տեսնողները պիտի չհավատան Ինձ, բայց նրանք, որ չեն տեսել Ինձ՝ պիտի հավատան և հավիտյան պիտի ապրեն….»: Ապա նամակի շարունակության մեջ Հիսուս հաստատում է, որ Ինքը չի կարող գալ, սակայն Իր համբարձումից հետո Իր աշակերտներից մեկին պիտի ուղարկի՝ նրան բժշկելու համար:
Անանիան պատասխան նամակի հետ թագավորին է բերում նաև Փրկչի պատկերը, որը պատմության մեջ հայտնի է «անձեռակերտ դաստառակ» անունով:
Քրիստոսի համբարձումից հետո Նրա առաքյալներից մեկը՝ Սբ. Թադեոսը, եկավ Եդեսիա, բժշկեց Աբգարին և քաղաքի բոլոր հիվանդներին ու ախտավորներին՝ ազատորեն քարոզելով Ավետարանը: Ողջ քաղաքը հավատաց Քրիստոսին, դարձի եկավ, հրաժարվեց կռապաշտությունից և մկրտվեց: Կուռքերի տաճարների դռները փակեցին: Առանց դժվարության հավատացյալների թիվը օրըստօրե աճում էր: Սբ. Թադեոս առաքյալը Եդեսիայում իր քարոզությունը ավարտելուց հետո քաղաքի եպիսկոպոս ձեռնադրեց կերպասագործ Ադդեին, ապա ուղևորվեց Հայաստան՝ քարոզելու հայոց Սանատրուկ արքային:
Սուրբ Աբգար թագավորը, տոգորված Քրիստոսի սիրով, նամակներ է հղում Հռոմի Տիբերիոս կայսրին, Ասորեստանի Ներսեհ թագավորին, Պարսից Արտաշիր թագավորին, որպեսզի նրանք ևս ընդունեն Հիսուս Քրիստոսին՝ որպես Աստծո Որդու և Փրկչի: Նա ջանում էր ամեն տեղ քարոզել Քրիստոսի արքայությունը:
Հայ եկեղեցին Սբ. Աբգար թագավորի հիշատակը տոնախմբում է դեկտեմբեր ամսին՝ Հիսնակի երկրորդ և չորրորդ կիրակիից հետո առաջին երեքշաբթի օրը:
Կազմեց Կարինե Սուգիկյանը