22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Սկզբից Աստված մարդուն ստեղծեց արու և էգ. «Եվ Աստված ըստ իր պատկերի ստեղծեց մարդուն։ Ըստ Աստծու պատկերի ստեղծեց նրան։ Արու և էգ ստեղծեց նրանց» (Ծննդ. 1:27), օրհնեց և տվեց երկրի վրա շատանալու պատվիրանը. «Եվ օրհնեց նրանց Աստված՝ ասելով. «Աճե՛ք, բազմացե՛ք, լցրե՛ք երկիրը...» (Ծննդ. 1:28):
Մարդկության բազմանալը տեղի է ունենում միայն տղամարդու և կնոջ զուգակցությամբ: Ուստի միասեռական ամուսնությունը՝ մարդկային իրավունքների կամ ազատության անվան տակ, ոչ միայն հակատրամաբանական, հակաառողջապահական, հակադաստիարակչական, հակաբարոյական է, այլ նաև հակաաստվածաշնչական մտածողություն, զգացմունք և արարք է:
Մայիսի 7, 2022 թ․-ին, Herlifeonline.com կայքում նշված է, որ աշխարհում ամեն օր տեղի է ունենում մոտ 115.000 ամուսնություն, այսինքն՝ ամեն տարի շուրջ 42 միլիոն ամուսնություն: Ամուսնության այս մեծ թվի կողքին կա նաև ամուսնալուծության սոսկալի մեծ թիվը, որը կարող է հարց առաջացնել որոշ ընթերցողների մոտ, թե՝ որո՞նք են հաջող կողակցի չափանիշները: Որպեսզի հարցման պատասխանը լավագույն ձևով իմանանք, պետք է հաջող կողակցի չափանիշների թեման քննարկենք մտային, մարմնական և հոգևոր մոտեցումներով, ինչպես նաև Աստվածաշունչ մատյանի մեջ հիշված որոշ կողակիցների կյանքից դասեր քաղենք:
Այս հոդվածի նպատակն է, որ դեպի Սուրբ պսակ գնացող անձինք ճիշտ կողակցի ընտրություն կատարեն, և միաժամանակ յուրաքանչյուր անհաստատուն հայ ընտանիք ամրապնդվի փոխադարձ հասկացողությամբ, սիրով և ծառայությամբ:
Հաջող կողակցի չափանիշը մտային մոտեցումով
Ուղեղը մարմնի այն անդամն է, որի միջոցով կատարում ենք զանազան մտային գործողություններ՝ սովորել, մտածել, վերլուծել, բաղդատել, եզրակացնել և այլն: Ուստի, հաջող կողակիցը պետք է գիտակցի, որ.
Պսակը սուրբ խորհուրդ է: Պսակը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու յոթ սուրբ խորհուրդներից մեկն է, որի արարողության աստվածաշնչական ընթերցանությունները, հայրերի աղոթքները, հոգեպարար շարականները, Աստծու առջև խոստումը և Աստծու օրհնությունը քահանայի միջոցով առաջնահերթ են ծաղիկների զարդարումներից, նկարահանումից և պսակին հաջորդող ժողովրդական ավանդույթներից: Հաջող է կողակիցը, եթե նրա համար Սուրբ պսակի խորհրդի արարողությունը առաջնահերթ է:
Ամուսնական կյանքը հեշտ չէ: Ամուսնական կյանքը կարող է հանդիպել բազմատեսակ դժվարությունների՝ հիվանդություն, ձախորդություն, աղքատություն, փորձություն և այլն: Աբիգեան հաջող կողակից էր, որովհետև իմաստությամբ կասեցրեց իր ամուսնու՝ Նաբաղի սխալ արարքի ահավոր հետևանքը (Ա Թագ. 25): Դալիլան ձախող կողակից էր, որովհետև արծաթասիրությամբ իր ամուսնու՝ Սամփսոնի ֆիզիկական ուժի գաղտնիքը հայտնեց այլազգիների նախարարներին (Դատ. 16): Հաջող է կողակիցը, եթե դժվարությունների ալիքների դիմաց հաստատուն ժայռի նման կանգնած է կամ մոմի պես հալվելով՝ լուսավորում է իր անմիջական շրջապատը:
Ամուսնությունը դժվար ժամանակի մեջ է: Այո, որովհետև որքան ընտանիքներ քանդվեցին հեռախոսների չափազանց գործածության, համացանցային կայքերի, սոցցանցի անծանոթ ընկերների և այլ սոցիալական լրատվամիջոցների պատճառով: Հաջող է կողակիցը, եթե այս բոլորին սահման է դնում՝ չափավոր ձևով դրանք օգտագործելով իր ընտանիքի հարատևման համար:
Հաջող կողակցի չափանիշը մարմնական մոտեցումով
Հաջող կողակցի չափանիշը ըստ մարմնի պիտի քննարկենք ներքին երեք բաժինների մեջ՝ տարիք, աշխատանք և գեղեցկություն:
Տարիք: Աստվածաշունչը չի ասում, թե ինչ տարիքի պետք է լինի տղամարդը և կինը ամուսնության ժամանակ կամ ինչ տարիքային տարբերություն պետք է լինի նրանց միջև, որպեսզի համարվեն հաջող կողակիցներ: Աստված մարդուն շնորհել է ազատ կամք, և դրանով մարդն ամենայն ազատությամբ հավանում, սիրում և ընտրում է իր ապագա կողակցին: Ղպտի Ուղղափառ Սուրբ Եկեղեցու երջանկահիշատակ Շենուդա Գ Պատրիարքը տղամարդու և կնոջ միջև տարիքային տարբերության մասին խոսելով՝ ասում է. «Լավ կլինի, որ փեսայի և հարսի միջև տարիքային տարբերությունը 6 - 7 տարի լինի, բայց ենթադրենք դրանից պակաս կամ ավել է, խնդիր չկա: Մենք կարող ենք խրատել, եթե տարիքային տարբերությունը շատ լինի, բայց ոչ արգելել: Մենք ունենք մեր սահմանները, որոնք չենք անցնում»: Հայր Աբրահամի և Սառայի միջև կար տասը տարի տարբերություն, սակայն հաջող կողակիցներ էին: Հակառակ որ Սառան հասավ խոր ծերության, Աբրահամը ողբաց և սգաց նրա մահը. «Սառան ապրեց հարյուր քսանյոթ տարի։ Նա մահացավ Արբոկ քաղաքում, որ ձորում է. դա Քեբրոնն է, որ գտնվում է քանանացիների երկրում։ Աբրահամը եկավ, որ ողբա ու սգա Սառայի մահը» (Ծննդ. 23:1-2):
Աշխատանք: Հաջող կողակիցը աշխատասեր անձ է, աշխատանքը նրա համար կյանք է բառի ամբողջական իմաստով: Նա ֆիզիկական հանգիստի ժամանակ նույնիսկ աշխատում է մտքով, թե ինչ աշխատանքներ մնացին կամ ինչ նոր գործեր և ծրագրեր կարելի է անել: Նա չի սիրում օրը անցկացնել նստելով, հեռուստացույց դիտելով կամ սոցիալական ցանցերում պտտվելով: Ծույլ անձը՝ լինի տղամարդ կամ կին, չի կարող համարվել հաջող կողակից, նույնիսկ եթե ունի ֆիզիկական բացառիկ գեղեցկություն, դրամատան ժառանգած հաշիվ և մարմնային առողջություն: Կողակիցներից մեկի ծուլության պատճառով ի՜նչ հայ ընտանիքներ քանդվեցին իրենց զավակների գլուխների վրա:
Գեղեցկություն: Մարմնի գեղեցկությունը հաջող կողակցի չափանիշներից մեկը չի կարող լինել, որովհետև.
Մարմնի գեղեցկությունը զուտ անձնական համոզմունք է: Առածը ասում է. «Գեղեցիկ է այն, ինչ որ հաճելի է աչքին», և այս իմաստով յուրաքանչյուր գիտակից տղամարդու համար իր կինն աշխարհի ամենագեղեցկուհին է, և նույնպես յուրաքանչյուր գիտակից կնոջ համար իր ամուսինը աշխարհի ամենագեղեցիկն է:
Մարմնի գեղեցկությունը ապահովագրված չէ: Եթե կողակցի ընտրությունը հիմնված է մեծամասամբ արտաքին գեղեցկության վրա, ապա մի լուրջ հիվանդություն կամ պատահար կարող է զույգի ամուսնական կյանքը քայքայել, որովհետև կողակիցը կորցրել է իր նախկին ֆիզիկական գեղեցկությունը:
Գեղեցկատես զույգեր ևս հասան ամուսնալուծման: Պատմության ամուսնալուծման էջը փաստում է, թե ֆիզիկապես գեղեցիկ որքա՜ն զույգեր կարճ ժամանակ հետո շուտափույթ ամուսնալուծվել են:
Աստծու համար ներքին գեղեցկությունն է էականը և ոչ արտաքինը: Տերը հրամայեց Սամվել մարգարեին, որ թագավոր օծի Դավիթին, հակառակ որ նա փոքր էր մարմնով. «Նրա տեսքին մի՛ նայիր և ոչ էլ հասակի բարձրությանը․... Աստված այնպես չի նկատում, ինչպես նկատում են մարդիկ. մարդիկ երեսին են նայում, իսկ Աստված՝ սրտին» (Ա Թագ. 16:7): Հակոբը սիրեց իր երկրորդ կնոջը՝ Ռաքելին, որովհետև գեղեցիկ տեսք ուներ (Ծննդ. 29:17-18), մինչ նրա առաջին կինը՝ Լիան, անտեսված էր (Ծննդ. 29:31) աչքերի հիվանդության պատճառով (Ծննդ. 29:17), սակայն Աստված տեսավ Լիայի տառապանքը, և նա ծննդաբերեց վեց տղա և մեկ աղջիկ, մինչ Ռաքելը ծննդաբերեց միայն երկու տղա՝ Հովսեփին և Բենիամինին, և սրանից ավելի կարևորն այն է, որ Քրիստոս եկավ աչքերի հիվանդություն ունեցող Լիայի սերնդից և ոչ գեղեցիկ Ռաքելից:
Հաջող կողակցի չափանիշներից մեկը մարդու ներքին գեղեցկությունն է և ոչ արտաքինը, այլ խոսքով՝ մտքի, սրտի և հոգու գեղեցկությունը:
Հաջող կողակցի չափանիշը ըստ հոգու
Քրիստոս ասաց. «Ի՞նչ օգուտ կունենա մարդ, եթե ամբողջ աշխարհը շահի, բայց իր կյանքը վնասի» (Մատթ. 16:26): Ուստի հաջող կողակիցն աստվածասեր անձ է, Աստծու պատվիրանները սիրող և դրանք գործադրող անձ, հոգու փրկության համար աշխատող անձ:
Ձախող է կողակիցը, որ Աստծուց հեռու կյանք է ապրում, չի մտածում մահից հետո հավիտենական կյանքի մասին, իր ընտանիքի անդամների հոգու փրկության մասին: Մահից հետո Աստծուց հեռու ապրող մարդիկ փրկվելու հույս չունեն, որովհետև ինչպես դուռը փակվեց և հինգ հիմար կույսերը մնացին դրսում, այնպես էլ նրանք զրկվելու են Աստծու Արքայությունից (Մատթ. 25:10-13):
Գևորգ սրկ. Նալբանդյան
Աստվածաբանական գիտությունների դոկտոր