Գրքեր

«Հարաժամ աղոթքի փութալը տերունական պատվեր է»

Մարդն իր մեջ կրում է Աստծու պատկերն ու նմանությունը և կոչված է նմանվելու իր Նախատիպին: Աստծու Որդին՝ Հիսուս Քրիստոս, դարձավ նոր Ադամ, որպեսզի մարդու մեջ վերականգնի մեղքի պատճառով խաթարված՝ Աստծու պատկերն ու նմանությունը: «Մոռացե՛ք ձեր հին կյանքն ու նախկին գործերը և եղեք նոր մարդ՝ նորոգվելով ըստ ձեր Արարչի պատկերի, որպեսզի կարողանաք ճանաչել Նրան» (Կող. 3:9-11): Ս. Մակար Եգիպտացին, ներկայացնելով չարի գործունեությունը, նշել է, որ նա, ամեն հնարավոր տարբերակներով գայթակղեցնելով մարդուն, ներքաշում է մեղքերի մեջ՝ դարձնելով նրան աստվածային պատվիրաններին անհնազանդ ու աստվածամարտ: Այսինքն՝ հին մարդը, հրաժարվելով կատարյալ մարդուց, հագնում է խավարի թագավորության, անհավատության, ունայնության, հպարտության, արծաթասիրության և այլ մոլությունների անմաքուր հագուստները:

Բազումողորմ Աստված բազում ուղիներ է շնորհել մարդուն, որպեսզի վերջինս հրաժարվի հին մարդուց և իր մեջ նորոգի Աստծու պատկերն ու նմանությունը: Այդ փրկարար ուղիներից են խոկումն ու աղոթքը:  

Օգոստոսի 5-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը աղոթքի ու խոկման հերթական ուղին անցավ՝ ուխտի մեկնելով Կոտայքի թեմի սրբավայրեր: Առաջին սրբավայրը, որ հյուրընկալեց ուխտավորներին, Պտղնավանքն էր (7-րդ դ.): Խոնարհված սրբավայրում համայնքի անդամները համախմբվեցին ընդհանրական աղոթքի շուրջը և օրվա հիշատակելի սրբերի՝ Եփեսոսի Սուրբ ժողովի երկու հարյուր հայրապետների բարեխոսությանը դիմելով՝ Տիրոջ ողորմածությունը հայցեցին Հայաստան և Արցախ աշխարհի համար: Համայնքի միասնական աղոթքները հնչեցին նաև Արամուսի Ս. Հակոբ (19-րդ դ.), Ակունքի Ս. Պողոս, Ս. Պետրոս (12-13-րդ դդ.) և Ս. Կարապետ (19-րդ դ.) եկեղեցիներում: Ուխտավորների հերթական հոգենորոգ ուղին ուղեկցվում էր նաև հոգեշահ զրույցներով, որ անցկացնում էին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու դպիրները:

«Հարաժամ աղոթքի փութալը տերունական պատվեր է, միշտ և անդադար պետք է աղոթել Նրան: Քանզի, թեպետ այլ առաքինությունների համար չափ ու սահման ունենք, այսինքն՝ պահոց պնդությունն ու մարմնի ճնշումն ըստ կարողության են, իսկ ողորմությունը՝ ըստ ունեցվածքի և ժամանակի պատշաճության, սակայն աղոթքի պտուղն Աստված պահանջում է ամեն ժամ և ամեն տարիքում ու դիպվածում»,- ասել է Խոսրով Անձևացին:

 

Կարինե Սուգիկյան

 

05.08.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․