«Հավատացե՛ք լույսին, քանի դեռ լույսն ունեք»

Այն, որ կյանքը Աստծո պարգևն է մարդուն, կարդում ենք ինչպես Ս. Գրքում, այնպես էլ հայրաբանական գրականության մեջ: Ինչպես աստվածային բոլոր պարգևները, այնպես էլ այս մեծագույն պարգևն իր մեջ ուրախություն է կրում, ինչը որոշ մարդիկ, ցավալիորեն չնկատելով, այն համարում են միապաղաղ և ձանձրալի: Ինչի՞ց է առաջ գալիս նման ճնշող զգացումը, ինչո՞ւ է նման զգացում ունեցողը հաճախակի տխրում, բարկանում ամենաչնչին իսկ բաներից: Ըստ հայրաբանության՝ մարդկանց խնդիրների և դժվարությունների պատճառը նաև նրանում է, որ մարդը, տրվելով արտաքին հանգամանքների ազդեցությանը, ապրում է մեխանիկորեն՝ դառնալով նյութի ստրուկը, որ այսօր կա և վաղը կարող է չլինել: Այլ խոսքով, մարդն իր պատկերացրած կյանքը՝ շատ անգամ բարկությամբ, նախանձով և ատելությամբ լեցուն, ընդունում է որպես աստվածապարգև կյանք:

Մշտական անհանգստությունները, որոնց մեջ ապրում է մարդը, նրա համար դառնում են ներքին խաղաղության կորստի պատճառ, ինչի պատճառով մարդը հայտնվում է խավարի մեջ և խավարի մեջ երերալով՝ սկսում է իր շուրջը անհանգստություն տարածել՝ առաջ բերելով պառակտում, օտարացում և տառապանք: Անկասկած, յուրաքանչյուր մարդ ձգտում է երջանկության, քանի որ Աստված պարգևել է կյանքը, որպեսզի մարդը երջանիկ լինի: Դեպի երջանկություն տանող ուղու մեծագույն խոչընդոտներից մեկն այն է, որ մարդը շատ հաճախ, մարդկային փոխհարաբերություններում միայն արտաքին կողմին առնչվելով, չի փորձում թափանցել դիմացինի բուն էության մեջ, ինչն իրականում մեծ հարստության բացթողում է:  

Յուրաքանչյուր անձ այս կյանքում որևէ առաքելություն ունի և յուրաքանչյուր անձ չպետք է մոռանա, որ ամեն մարդու մեջ բարին ավելին է, քան չարը: Եկեղեցու հայրերը նշում են, որ եթե աշխարհում կա ծով չարիք, ապա կա նաև օվկիանոսի չափ բարիք և ի տարբերություն չարիքի՝ բարին բացահայտ չէ, այլ՝ ծածուկ: Բարին չարի նման հանդուգն չէ, եթե չարիքը խավար է, ապա բարիքը՝ լույս, ուրախություն և միասնություն: Աստված մարդկանց միավորում է ընտանիքում, հասարակության մեջ, Ում հակադարձելով՝ չարը փորձում է տարբեր կերպերով բաժանել մարդկանց: Բարիքի շուրջ համախմբվածների խնդիրն է հաղթահարել այդ պառակտող ուժը և ապրել իրական աստվածապարգև կյանքը: Մարդկային հաղորդակցության մեջ հոգին ծաղկում է և այդ հաղորդակցության մեջ կարևոր է խոսքը, որն, ըստ հայրաբանության, պետք է դիտել որպես Խոսքի արտացոլում: Աստված ասաց. «Թող լույս լինի» և լույս եղավ: Աներևույթը գոյություն ստացավ Խոսքի միջոցով, «Տիրոջ խոսքով ստեղծվեց երկինքը, և Իր բերանի շնչով նրա բոլոր զորությունները» (Սաղմ. 32:6): Խոսքով է մարդն արտահայտում ծածուկը՝ այն դարձնելով հայտնի: Այդ պատճառով խոսքը պետք է զգուշորեն արտահայտել: Մարդու բերանից դուրս եկած ամեն խոսք պետք է բարություն կրի, պետք է լուսավորի կյանքը, միավորի և ոչ թե բաժանի: Հոգու ծածուկ գաղտնարաններից դուրս եկած խոսքը, որը չի թուլացել մեղքերից, իր հետ բերում է լույս և բարություն, քանի որ այն միացած է լույսի և խոսքի Աղբյուրին: Գուցե մարդու մտքով իսկ չի անցնում, որ իրենից հնչած ամեն խոսք դեպի երկինք է բարձրանում և կարող է պառակտել կամ միավորել ընտանիքներ, հասարակություն և ազգ: «Ասում եմ ձեզ, դատաստանի օրը մարդ իր բոլոր դատարկ խոսքերի համար հաշիվ պիտի տա, որովհետև խոսքերով պիտի դատեն քեզ՝ կա՛մ քեզ արդարացնելու, կա՛մ դատապարտելու համար»,- ասում է Քրիստոս (Մատթ. 12:36-37):

Եթե մարդիկ իրենց փոխհարաբերությունների մեջ փորձեն գտնել այն ընդհանուրը, որ բխում է Աստծուց, այդ դեպքում նրանք կապրեն իրական ուրախությունը և ձեռք կբերեն իրական արժեքներ: Մարդը ստեղծվել է Աստծո պատկերով և նմանությամբ, և այդ պատկերն է, որ միավորում է մարդկանց: Այս կերպ մարդիկ հասնում են համախոհության և միության, որի մասին Քրիստոս ասում է. «Աղոթում եմ, որ նրանք բոլորն էլ մի լինեն, ինչպես որ դու, ո՛վ Հայր, Իմ մեջ ես, և Ես՝ Քո մեջ, այնպես էլ նրանք լինեն Մեր մեջ, որպեսզի աշխարհը հավատա, որ Դո՛ւ ուղարկեցիր Ինձ» (Հովհ. 17:21): Այդ միության հետևանքը կյանքն է, բաժանումը՝ մահը: Եթե մարդը ցանկանա, կարող է իր մեջ վառել բարության կրակը, եթե գիտակցի, որ առօրյա կյանքը միջոց է ճշմարիտ կյանքին հասնելու համար, ապա այդ միջոցը կհամարի կյանքի նպատակ: Իհարկե, շատ անգամ մարդիկ գիտեն, որ իրենց հոգին արարվել է հավիտենության համար, բայց հոգ չեն տանում, այլ հակառակը՝ ամեն կերպ ձգտում են նյութական ու անցողիկ հարստությանը՝ անտեսելով հավիտենականը:

Չմոռանանք, որ Աստված բոլորին տարբեր շնորհներ է պարգևել, որոնք մարդը պարտավոր է ի հայտ բերել, գործածել և տարածել: Շնորհների բացահայտումը մարդու ձեռքում է. մարդկային փոխհարաբերություններում պետք է հաղթահարել այն, ինչը բաժանում է մարդուն իր նմանից, որով և մարդը բացահայտում է իր շնորհները՝ հարստացնելով թե՛ իրեն և թե՛ իր դիմացինին: Մարդկային փոխհարաբերություններում մեղքը այն խոչընդոտն է, որն արգելում է մարդուն դիմացինի մեջ տեսնել գեղեցիկը: Մեղքից ազատագրվելով մարդը ձեռք է բերում ազատություն, մինչ մեղքի մեջ գտնվողը մեղքի գերին է: Մեղքն ու կրքերը զրկում են մարդուն կյանքի իրական ուրախությունից և խոչընդոտում՝ տեսնելու աստվածային լույսի գեղեցկությունը: Մեղքի դեմ պայքարը սկզբնաղբյուրն է նոր կյանքի, լիարժեք ուրախության, գուցե և շատերի համար անհայտ: Իր մեղքերը հաղթահարողն այն գիտակցությունն է ունենում, որ մեղսալից կյանքը ճշմարիտ կյանքը չէ, այլ աղճատված և դժբախտություն բերող մի կյանք: Ամեն մի մեղքի հաղթահարումը դառնում է մարդկության առավելությունը, քանի որ չարի ոչնչացումով, բազմանում է բարին: Այս կերպ մարդը հասնում է նրան, որ մարդու մեջ մահանում է արտաքին մարդը և ծնվում՝ նորը:

«Հավատացե՛ք լույսին, քանի դեռ լույսն ունեք, որպեսզի լույսի որդիներ լինեք» (Հովհ. 12:36),- ասում է Քրիստոս: Աստվածային լույսը լուսավորում է մարդուն և հեռու վանում մեղքի խավարը: Այդ լույսի միջոցով մարդու գորշ կյանքը կարող է վերածվել ուրախ և պայծառ կյանքի: Մեղքի մեջ մնալ՝ նշանակում է մնալ խավարի մեջ: Քրիստոնեությունը պասիվ կրոն չէ, այլ ակտիվ պայքար է մեղքի խավարի դեմ: Քրիստոնեական կրոնը տխրության, ցավի և չարչարանքի կրոն չէ, այլ հակառակը՝ ուրախության կրոն, Պողոս առաքյալն ասել է՝ միշտ ուրա՛խ եղեք (Ա Թես. 5:16): Իսկ մարդը կարող է իրական ուրախությունն ապրել, երբ հաղթահարի իր մեղքերը, ինչը կհամարվի երանության սկիզբը, ինչի մասին Սուրբ Գրքում կարդում ենք. «Աստված իրեն սիրողների համար պատրաստեց այնպիսի մի փառք, որ ոչ մի աչք չի տեսել, ոչ մի ականջ չի լսել, և ոչ մեկի մտքով իսկ չի անցել» (Ա Կորնթ. 2:9):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

03.09.19
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․