Գրքեր

Հայոց առաջին հայրապետի տոնը համայնքը նշանավորեց ուխտագնացությամբ

Աստծու օրհնությամբ յուրաքանչյուր երկիր ու ազգ ունի իր Լուսավորիչը: Հայոց աշխարհին Տերը շնորհել է բազում Լուսավորիչներ, երկրորդ Լուսավորիչը, որ հայտնի է նաև հոգիների Լուսավորիչ անունով, Հայ եկեղեցու առաջին հայրապետ սբ. Գրիգորն է, որին նվիրված երեք տոներից երկրորդը՝  ելն ի Վիրապեն, այս տարի Հայ եկեղեցին նշեց հունիսի 10-ին: Տոնի առթիվ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի առաջնորդությամբ, ուխտի մեկնեց Գոշավանք:

Միջնադարյան վանքի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում (1191-96 թթ.) ուխտավորները մասնակից եղան տոնական Սուրբ Պատարագին, որը մատուցեց Տեր Գրիգորը: Քարոզին Տեր Հայրը, անդրադառնալով Հայոց առաջին հայրապետի առաքելությանը, մասնավորաբար ասաց. «Լուսավորիչ բառի հիմքը լույս արմատն է, որն, ըստ էության, աստվածային է ու բխում է Կենսատու Արեգակից, և տեսնում ենք, որ սբ. Գրիգոր Լուսավորչի ողջ գործունեությունը, այսինքն՝ լուսավորչությունը, ուղղված էր մարդկանց հոգիները մաքրելու, վեր բարձրացնելու ու սրբագործմամբ հասցնելու մեր գոյության գլխավոր նպատակին՝ Աստծուն միավորելուն: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայրապետի անդադար աղոթքները շարժեցին հայ ժողովրդի և եկեղեցու հանդեպ Բարեգութ Երկնակալի ողորմածությունը, Աստծու կենարար լույսը սփռվեց հայոց հողի վրա, և փրկության հույսն ավետվեց ամենքիս: Այսօր էլ տոնի կապակցությամբ հայցենք սբ. Գրիգոր Լուսավորչի բարեխոսությունը նախ՝ Հայաստան և Արցախ աշխարհի խաղաղության, այնուհետև՝ ամենքիս հոգևոր աճի համար, որպեսզի արժանի լինենք Աստծու լույսն ու սրբությունը կրելու մեր հոգիներում, այնպես էլ մարմիններում և այն տարածելու՝ ի փառս Ամենասուրբ Երրորդության»:

Սուրբ Սեղանի շուրջը համախմբվելուց հետո ուխտավորները համախմբվեցին սիրո ճաշի շուրջը՝ ճաշակելու Տիրոջ պարգևած բարիքները և մասնակից լինելու տարբեր թեմաների շուրջ ծավալված հոգեշահ զրույցին:

Տերունի օրերին, տերունական և սրբոց տոներին մատուցվող Սուրբ Պատարագի արարողությանը Քրիստոսի հետ միասին անտեսանելի կերպով ներկա են նաև Աստվածամայրը, հրեշտակներ և սրբեր, որոնք ներկաների հետ միասին հավասարապես մասնակցում են արարողությանը: Դրախտային ընտանիքը եկեղեցին է, որը կազմված է Հաղթական և Զինվորյալ եկեղեցիներից, որ միավորում է բոլոր քրիստոնյաներին Քրիստոսի շուրջը և համարվում է Քրիստոսի մեկ, միասնական և անբաժանելի Մարմինը: Ս. Գրիգոր Լուսավորիչը և ի Տեր ննջած մյուս բոլոր սրբերը Հաղթական եկեղեցի են կազմել, քանի որ չարի դեմ պատերազմելով` հաղթանակ են տարել:

Իսկ Զինվորյալ եկեղեցին այս աշխարհում ապրող քրիստոնյաների հավաքականությունն է, և զինվորյալ է կոչվում, որովհետև այդ եկեղեցու անդամները դեռ աշխարհի փորձությունների, չարիքների դեմ պատերազմի մեջ են և պետք է հոգևոր մարտ մղեն՝ հայցելով Հաղթական եկեղեցու բարեխոսությունն ու Աստծու զորակցությունը:

 

Կարինե Սուգիկյան

 

11.06.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․