22 Նոյեմբեր, Ուր, Հինանց պահքի Ե օր

Հայոց քրիստոնեությունը

Եվ մեր առաջին Լուսավորիչների՝ Թադեոս ու Բարդուղիմեոս սրբազան առաքյալների և մեր երկրորդ Լուսավորիչ սուրբ Գրիգոր Հայրապետի բարեխոսությամբ․․․ (Մաղթանք, «Քրիստոս Աստված մեր»)։

Քրիստոնեության առաջին դարում աշխարհը տակնուվրա եղավ նախկինում նմանը չունեցող այն գաղափարների հոսքով, որոնք առաջին հայացքից շա՜տ տկար արարածների՝ ձկնորսների շնորհիվ իրենց հետքը թողեցին անգամ ամենահեռավոր անկյուններում։

Երբ այդ հոսքը հայերին հասավ, բուռն դիմադրության բախվեց, քանի որ իշխանական դասն իր տիրապետության «շրջափակման» ու կործանման վտանգն ընդնշմարեց բոլոր մահկանացուներին հավասարապատիվ համարող ավետարանական ոգու մեջ, քրմությունը տեսավ կռատների փակվելու հետևանքով իրենց քաղցած մնալու և ժողովրդի նկատմամբ ունեցած ազդեցությունից զրկվելու հարցը։

Քրիստոնեությանն ընդդիմացավ խուժադուժ ամբոխի տգիտությունը, որը երբևէ չէր ճաշակել ու ոչ էլ ի զորու էր հասկանալու իմաստասիրական տեսությունների ու մի Երկնավոր Աստծու մարդեղության և խաչելության փառքը։

Մոլությո՛ւնն ընդդիմացավ քրիստոնեությանը, քանի որ այն ապերասան ժողովրդի մարմնական ցանկությունների զսպումն էր տեսնում Ավետարանի խստակրոն պահանջմունքների մեջ, համաձայն որոնց՝ մի փոքրիկի գայթակղեցնելը, որևէ մեկին «ապուշ» և «հիմար» կոչելն ու ցանկասիրությամբ մեկին նայելն արդեն իսկ մեղք էին հռչակվում։ 

Իսկ ազգապիղծ մծղնյա (զազիր) մարմնապաշտությունն էլ քրիստոնեությանն ընդիմանում էր այն պատճառով, որ այդ նորընծա կրոնը մինչև իսկ ամուսնական կյանքից ավելի նախապատվելի էր համարում կուսական կենցաղը, էլ ուր մնաց թե՝ մերժում էր սանձարձակորեն խառնակվելու չարաբաստիկ զգացումը, որին մծղնեականները տրվում էին՝ առանց ուշադրություն դարձնելու արյունակցական կապերի նվիրականությանը։

Եվ, այո՛, իշխանական դասը, քրմությունը, տգիտությունը, մոլությունն ու մծղնեական մարմնապաշտությունը, ձեռք ձեռքի տված, սար ու ձորի նման կանգնած էին Հրեաստանից ժամանող խիզախ գործիչների առջև, որոնք քրիստոնեության քարոզչությամբ հավասարություն էին բերում, բարոյականության ու իմաստասիրության վերջին նվաճումներն ու նորույթն էին բերում և մանավանդ իրենց հետ բերում էին «Երկնային» կոչված թագավորության գերիշխանությունն այս երկրի մեծավորների հանդեպ։

Որքա՜ն բարի ու խիզախ պիտի լիներ մարդ, որպեսզի ստանձներ մի բարբարոս ժողովրդի քաղաքակիրթ դարձնելու և հոգեպես ու բարոյապես փրկելու դժվարին և ապերախտ առաքելությունը։ Այդպիսի մեկը քանի՜ կտոր պետք է լիներ իր առջև դրված բազմապիսի նպատակներին հասնելու համար։

Հավատքի այդպիսի գործիչների մասին թող վկայեն, նրանց սխրանքը թող մեկնաբանեն ու պատկերավոր ձևով թող նկարագրեն մատենագրությունն ու դպրությունը։ Հետաքրքրությունը բավարարելու համար զանազան աղբյուրներ կան, որոնք, սակայն, մենք մեր ձեռքի տակ չունենք՝ ճշգրտելու համար, թե ո՛ր ճանապարհով Հայաստան եկավ ու գործել սկսեց տասներկու առաքյալներից մեկը՝ Թադեոսը, որը կոչվում է նաև «Հուդա-Ղեբեոս»։

Ինչպես վերջին հետազոտություններն են լուսաբանում, մեր Թադեոս առաքյալը նույնական չէ յոթանասուներկու աշակերտներից մեկը եղող Թադեոսի հետ, որը Թովմասի եղբայրն ու հետագայում նաև՝ Եդեսիայի առաքյալն էր, որտեղ էլ որ վախճանվեց խաղաղ մահով։

Եվ ահա մեր առաջին առաքյալին՝ Հուդա-Թադեոսին տեսնում ենք մեզ քրիստոնեությունը քարոզելու գործին լծված։ Նախ Ոսկյանք (Խրյուսոսը և նրա ընկերները)՝ Արևմուտքում, Հռոմեական կայսրության մեջ ծնված, իմաստասիրական վարժարանների միջով անցած, վսեմագույն գաղափարներով սնված ու մինչև իսկ պատգամաբերության պաշտոնին հասած սրբերն են բարձր գնահատում քրիստոնեական հավատքի վեհությունը, բարոյական դերակատարությունն ու մարդկային հոգուն պարգևած նորոգությունը՝ քրիստոնեացումն անհրաժեշտություն համարելով։

Ապա Սանդուխտ կույսն է, Թադեոսի գիտակից քարոզությունից, Ոսկյանց սրբերի վսեմ օրինակից ու անմեղ զգացումներից ազդված, հարում քրիստոնեությանը։ Սակայն, քանի որ առաքելական գաղտնի քարոզությունը ջրի երես է դուրս գալիս, Սանատրուկը խիստ զայրանում է և, տեսնելով, որ իր տան մեջ, նույնիսկ իշխանավորների (որոնցից շատերը քրիստոնեական հավատքի հետևորդ էին դարձել, ինչն էլ, անշուշտ, իր անդրադարձն ու արձագանքն էր գտել նաև ժողովրդի, իր պաշտոնավորների օրինակին հավատարիմ, քրիստոնեական հավատքն ընդունելուն) սրտերում հրեական կրոնն է սպրդել, որոշում է պապակեցնել այս նոր հոսանքի ակունքը։

Սանատրուկը ձեռնարկում է ասպարեզից հեռացնել Թադեոսին՝ օտար ու արտաքուստ եկած հավատքի ռահվիրային, ինչպես նաև իր սիրասուն զավակին՝ Սանդուխտ կույսին, որն այդ «հրեայի» ձեռքին գործիք դարձած՝ մոռացել էր հայրենի ավանդույթներն ու հարել Խաչյալի հանդեպ հավատքին։

Թադեոս առաքյալի կեղմից մեզ բերած ու կտակած՝ Քրիստոսի սուրբ Գեղարդն այսօր անխոս վկան է այս անցյալ իրադարձությունների, որոնք այդ ժամանակ տեղի ունեցան «հանուն» քրիստոնեության ընդունման։ Եվ ինչպես իր հրաշունչ շուրթերով բացականչում է Տերտուղիանոսը՝ «մարտիրոսների արյունը քրիստոնեության սերմը դարձավ»։

Քրիստոնեության տարածման պատմական իրողությունը, իմիջիայլոց, մեզ է հաղորդում նաև ճշմարտությանը վկա երկու մարտիրոսների՝ իշխանավոր Սամուելի ու իշխանուհի Զարմանդուխտի նահատակության պատմությունը՝ որպես սերմեր հայարմատ քրիստոնեության համար։

Ապա Աստծու անհասանելի կամքն Իր սահմանած նվիրական առաքելության գործը նախախնամելով՝ իսկույն տնօրինում է, որ մյուս առաքյալը՝ Բարդուղիմեոսը, փութա՝ հայերիս քարոզության արդեն իսկ սկսված ձեռնարկը բեղմնավորելու և գցված սերմերի ծլարձակումն ապահովելու։ Թող որ օրհնյա՜լ լինի Աստվածային այդ մեծ կամքը․․․

Նաթանայել-Բարդուղիմեոսն այն երկանուն առաքյալներից մեկն է, որի դարձի գալու դրվագն ամփոփված է Հովհաննես Ավետարանչի պատմության մեջ, համաձայն որի՝ առաքյալը որպես «աննենգ մի իսրայելացի» է վկայվում հենց իսկ մեր Տիրոջ ուշագրավ հայտարարության՝ ի պատասխան Նաթանայելի սույն դավանության․ «Րա՛բբի, Դո՛ւ ես Աստծու Որդին, Դո՛ւ ես Իսրայելի Թագավորը» (Հովհ․ 1։49)։

Բարդուղիմեոսն այս խոսքերն արտաբերեց բոլոր առաքյալների խոստովանությունից էլ ավելի վաղ, նույնիսկ շա՜տ ավելի առաջ, քան Սիմոն Պետրոսի՝ Քրիստոսի կողմից երանության արժանանալու առիթ դարձած դավանական խոստովանությունը։

Ուրեմն փա՜ռք մեր Եկեղեցուն, որ ունենք Պետրոսի դավանական խոստովանությունից էլ ավելի առաջ Քրիստոսին Աստված դավանած մի առաքյալ՝ սուրբ Բարդուղիմեոսը․․․

Այս անկեղծավոր անձը, որը Թադեոսի՝ Արտազում քարոզության գործին լծված լինելու ժամանակահատվածում երջանկաբար ավետարանել է Արաբիայի սահմանակից գավառներում (ոմանք նաև ասում են՝ Հնդկաստանում ու Պարսկաստանում) և առաքելական քարոզության այդ առաջին շրջանում անկարող է եղել ներկա լինել Երուսաղեմում այն ժամանակ, երբ Աստվածամայրը ննջում ու Երկինք էր վերափոխվում, որպես այդ առթիվ իր նեղսրտությունը փարատելու և իր կարոտն առնելու հնար նվեր է ստանում սուրբ Հովհաննես Ավետարանչի ձեռքով նկարված Տիրամոր պատկերը։

Այնուհետև մեր այս բարեսիրտ առաքյալը շտապում է ձեռնամուխ լինել իր երկրորդ առաքելությանը՝ հայերիս մեջ քարոզչությանը, մի իրողություն, որին միաձայն համաձայնում են նույնիսկ մյուս Եկեղեցիները։

Բարդուղիմեոսը մկրտում է Սանատրուկի Ոգուհի քրոջը, Տիգրիսի ափամերձ հատվածում հիմնադրում է Հոգվոց վանքը՝ կուռքերի տաճարի կարգավիճակից Աստծու տաճարի պատվին արժանացնելով այն, և այնտեղ է զետեղում Տիրամոր պատկերը։

Ապա առաքյալն ընդարձակում է իր քարոզության սահմանները, իսկ Բարդուղիմեոսի նահատակությունը տեղի է ունենում Աղբակում՝ այնտեղ, որտեղ մինչև այժմ էլ Սուրբ Բարդուղիմեոս առաքյալի անունով վանքը բազմաթիվ ուխտավորների է դեպի իրեն ձգում և «փառավորում է Տիրոջ երկյուղն ունեցողներին»։

Մեր այս առաջին Լուսավորիչներն իրենց գործը շարունակողներ ունեցան, որոնց թվում էին ինչպես Քրիստոսի աշակերտներից Եղիշեն ու Եվստաթեոսը, որոնք գործեցին ու մարտիրոսացան հայերիս համար, այդպես էլ նրանց ձեռնասուն հաջորդները՝ Զաքարիան, Զեմենդոսը, Կումսին և ուրիշներ՝ մինչև Մեհրուժան հայրապետը, որը վախճանվեց Գրիգոր Լուսավորչի պաշտոնավարության սկզբնավորությունից գրեթե երեսուն տարի առաջ ընդամենը։

Սակայն քանի որ գրագիտությունից զուրկ մի ժողովրդի քարոզելու համար էր այդքան ջանք ու հոգնություն թափվել, ուստի հայոց հողում Քրիստոսի հավատքի տարածման հարցին առնչվող, բնական է, բազմաթիվ չպարզված ակոսներ կային, որոնք հարթեցվում են միայն օտար եկեղեցական պատմիչների՝ տեղի ունեցած իրադարձությունների մասին մեզ ավանդած ճշգրիտ տեղեկություններով, որ գալիս էին լրացնելու թերիմացությունը։

Այն, որ հալածանքի երեք դարերի ընթացքում քրիստոնեությունը կենդանի, կանգուն ու գործուն էր հայերիս կյանքում, վկայվում է, նախ և առաջ, «Գործք առաքելոց»-ի կողմից (Գործք․ 2։9-10), ըստ որի՝ գաղթական հայերը (ինչպես Տերտուղիանոսն է նշում՝ «Հրեաստան» բառի փոխարեն բնագրում կիրառվում է «Հայաստան» տեղանունը) Հոգեգալստյան օրը գտնվում էին Վերնատան մոտակայքում։

Երկրորդ հիշատակությունը կաթոլիկյան վկայաբանությունից է, որը պատմում է երկրորդ դարի սկզբներին բյուրավոր հայերի նահատակության մասին։

Երրորդը՝ Ալեքսանդրիայի Դիոնիսիոս հայրապետի հիշատակությունն է, նրա՛, ով երրորդ դարում եկեղեցական կարևոր խնդիրների վերաբերյալ նամակագրական կապի մեջ է եղել հայոց Մեհրուժան հայրապետի հետ։

Չորրորդ վկայությունը Եկեղեցու թշնամիների կողմից քրիստոնյաների դեմ հարուցած համընդհանուր հալածանքով է պայմանավորված, երբ սաստիկ նեղության պայմաններում արդեն երրորդ դարի վերջում նահատակության պսակին արժանացան նախ՝ Թեոդորոս Սալահունին՝ 296 թվականին, և ապա՝ Հռիփսիմյան կույսերը՝ 301 թվականին։

Եվ վերջապես մյուս վկայությունը Լուսավորչի ձեռնադրությունից հետո նրա գրանցած արագահաս հաջողությամբ է դրսևորվում, ինչը որ Հայոց աշխարհում գաղտնաբար ցանված ավետարանական սերմերի արգասավորումին է վերագրելի և արդեն իսկ մեծ թիվ կազմող քրիստոնյաների դեմ հարուցված հալածանքների դադարելու արդյունքն էր։

Ճշմարտությունը, սակայն, մշտապես էլ թշնամիներ է ունենում․ «Արեգակը պիտի խավարի, և լուսինն իր լույսը չպիտի տա» (Մարկ. 13։24-27)։ Քրիստոսի Եկեղեցին, որքան էլ մեծ հայտնության կրող լինի, մթագնում է տվյալ ժամանակի մռայլ ամպերից, չնայած որ դրանք փարատվում են արևի շարունակական լույսից։

Եթե մինչ այդ պահը Եկեղեցու կրած հալածանքը հեթանոս ու կռապաշտ մեծամեծների կողմից էր հարուցվում, նրանց քրիստոնյա դառնալով նույնիսկ քրիստոնեության ներկայացուցիչները սկսեցին Եկեղեցու ներսում հակառակվել իրար ու փառասիրական ձգտումներով խեղդել Ավետարանի վճիտ գաղափարները։ Մյուս Եկեղեցիներն էլ հավակնություն ունեցան ընդդիմություն հարուցել Հայ Եկեղեցու առաքելականության դեմ։

Ոմանք ասում են, որ Կեսարիայի Եկեղեցին հունադավան է, և Լուսավորիչն ու նրա մի քանի հաջորդներն այնտեղ ձեռնադրված լինելու պատճառով ընդունել են հույների գերիշխանությունը։ Սակայն Կեսարիայի աթոռի՝ Կ․ Պոլսի պատրիարքական իրավասությանը ենթարկվելու թվականից շա՜տ առաջ էր տեղի ունեցել հայոց Լուսավորչի ու նրա հաջորդներից մեկ-երկուսի ձեռնադրությունը, և շատ առաջ էլ ձեռնադրությամբ առաջացած կապը խզվել էր զգուշավոր ու իրավացի պատճառներով։

Արդյոք ճիշտ չե՞նք լինի, եթե հիշատակենք, որ սկզբնական շրջանում Կ․ Պոլսի աթոռը Կեսարիայի աթոռից ավելի մեծ չէր, և եթե ժամանակի ընթացքում Կ․ Պոլսի աթոռը կարողացավ բարձրանալ ինքնուրույն լինելու աստիճանի և, պատրիարքություն կազմելով, իր տիրապետությունը տարածեց այլ աթոռների վրա, ուրեմն ինչո՞ւ չկարողացավ առանց այդ «կողմնակի» պատճառը մեջբերելու իշխել նաև Հայ Եկեղեցուն, և դա ա՛յն դեպքում, որ առաքյալների ու նրանց հաջորդների կողմից հաստատված հայոց Եկեղեցին ճանաչված էր նրանց կողմից։

Ավելացնենք, որ սկզբնական Եկեղեցին ազգության խտրություն չէր դնում ու չի դրել որևէ անձի՝ Սուրբ Խորհուրդ մատակարարելու հարցում, այնպես որ որևէ հույն կարող էր Էջմիածնում հայ քահանայի ձեռամբ հաղորդվել ու պսակվել, ճիշտ այնպես, ինչպես որ մի հույն եպիսկոպոսի կողմից էլ Կեսարիայում մի հայ կարող էր դյուրությամբ քահանա ձեռնադրվել, քանի որ այդ ժամանակաշրջանում Ընդհանրական Եկեղեցին ներշնչված էր քրիստոնեական ոգով և «չկար խտրություն ո՛չ հրեայի ու ո՛չ հեթանոսի միջև»։

Բացի այդ, ըստ պատմագիրների, Կեսարիան հայոց առաջին աթոռն էր, և հետևաբար հայկական մի թեմ էր, որի եպիսկոպոսի ձեռամբ մեկ այլ հայկական թեմի եպիսկոպոսի ձեռնադրությունը համապատասխանում էր ընդունված կարգին ու ոգուն։

Երբ հիշենք մանավանդ այն իրողությունը, որ Կեսարիայի արքեպիսկոպոսն այն աթոռի աթոռակալն էր, որը հիմնել է հայոց առաքյալ Հուդա-Թադեոսը, այդժամ արդեն Լուսավորչի ձեռնադրությունն ասես մի եղբայրական պարտք էր՝ հատուցված հոգևոր հոր հետնորդ-զավակների կողմից։

Մենք նաև գիտենք, որ Լուսավորիչն ընտրվեց ու ձեռնադրվեց՝ «ընտրվելով սուրբ առաքյալներ Թադեոսի և Բարդուղիմեոսի փոխարեն»՝ համաձայն ձեռնադրող Ղևոնդիոս արքեպիսկոպոսի հայտարարության։ Իսկ Թադեոսի ու Բարդուղիմեոսի հաջորդները ապրեցին մինչև երրորդ դարի վերջերը, մինչև Լուսավորչին մոտ ժամանակները։

«Գիտությունը,- սակայն,- հպարտացնում է (եթե անգամ այդ գիտությունն աստվածաբանական կամ պատմական ասպեկտն է ներկայացնում), մինչդեռ սերը՝ կառուցում»։

Ուստի երբ քրիստոնեական սիրո և անձնուրացության ոգին չէ, որ եկեղեցիների միություն է «պահանջում», այլ իրավունքի ոգին, եթե իհարկե այդպիսի իրավունք գոյություն ունի, իրերը մշտապես նույն տեղում են մնում, մինչդեռ իրավասությունն ուժ է ստանում միայն այնտեղ, ուր կա ունկնդրություն, անկեղծություն ու միաժամանակ նաև քրիստոնեական ոգի, և ոչ երբեք՝ անձնական շահ։

Այդ կանխակալ տեսակետների հիմքով ծավալված վեճերն այլևս պատմության գիրկն են անցել, և իրերի արդի վիճակը կայուն ու տևական է շնորհիվ երկրում հաստատված կայսերական տերության, որն ինքն իսկ պատճառ եղավ կրոնական վեճերի դադարեցման համար։

Այն, որ հիշեցինք ու թվեցինք վերոնշյալ մեծ շարքը, դա միայն ա՛յն իրողությունը հաստատելու համար է, որ առաքյալների անմիջական հաջորդները հասնում են մինչև Մեհրուժան հայրապետ և ձեռնադրում են երկրորդ Լուսավորչին, որի հիշատակության անվիճելի արժեքը խիստ կարևոր է մեր Եկեղեցու համար։

Սակայն եթե սոսկ եկեղեցական պատմության այդ մի էջը ձեր հետաքրքրությանը հանձնած լինելով՝ ավարտած համարեինք մեր առաքելությունը, այդպիսով անտեսած կլինեինք նյութի հետաքրքրաշարժ ու գործնական կողմը, որն իր կրոնական երանգներով շատերի միտքը տանջող և նույնիսկ մեր Հայ ժողովրդի մի մասի կողմից անզգուշաբար ընդունված ու շփոթություն առաջացրած պատմական մի իրողություն է։

Ասում են, որ Պետրոսը «հավատքի վեմ» է կոչվել, Եկեղեցու գլուխն է եղել, և Հռոմի եպիսկոպոսն էլ ժառանգել է նրա իրավունքները։ Եկեք չպնդենք այն տեսակետը, որ, համաձայն Սուրբ Գրքի (Ա Պետրոս 5։13)՝ Պետրոսի քարոզության ու նահատակության վայրը Բաբելոնն է եղել, և, հիմնվելով նրա բանտարկության շղթաների, Հռոմում գտնվող խաչելության բլրի ու գերեզմանի վրա, մի պահ ընդունենք, որ առաքյալը Հռոմում է մարտիրոսության պսակին արժանացել, սակայն ո՞րն է, իրականում, նրա կոչումը։

Ավետարանի հունարեն բնագիրն ու հռոմեացիներին ուղղված նամակի լատիներեն թարգմանությունը «Պետրոս» ձևն են կիրառում, և ոչ թե՝ «Պետրա», այսինքն՝ առաքյալի անունը գործածվում է որպես հատուկ անուն՝ առանց իմաստային նշանակության, և ոչ թե իբրև հասարակ անուն, որը իրի նշանակություն ունի։

Ուստի նաև մեր թարգմանության մեջ առաքյալի անունը, որ հայերենում նշանակում է «վեմ», պետք է ընկալվի որպես հատուկ անուն, ինչպես որ ընկալվում է ասորերեն «Կեփաս»-ը։

Եվ եթե անգամ այդ անունը հարկ լիներ առարկայի իմաստով էլ ըմբռնել, ուրեմն այդ դեպքում էլ կաթոլիկյան մոտեցումն արդարացնելու համար «Դու ես Վեմը» խոսքից հետո պետք է ասվեր՝ «Եվ քեզ վրա պիտի կառուցեմ Իմ Եկեղեցին», մինչդեռ, ընդհակառակը, Քրիստոս ասում է․ «Եվ ԱՅԴ ՎԵՄԻ վրա», և այլն։

Մյուս կողմից էլ՝ «վեմ»-ի լավագույն բացատրությունը տալիս է «Այն Վեմը Ինքը՝ Քրիստոսն էր» խոսքը (Ա Կորնթ․ 10։4)։ Եվ եթե անվանումն անպայմանորեն մի բան նշանակում է, ուրեմն ինչո՞ւ նշանակություն չեն տալիս միևնույն Պետրոսի՝ «սատանա» անվանվելուն (տե՛ս Մատթ․ 16։23)։

Միևնույն ժամանակ նաև, եթե «սատանա» կոչումն այն նույն կշիռը չունի, ինչ «վեմ» տիտղոսը, ուրեմն ինչո՞ւ է Հուդան «կնքվում» այդ նույն «սատանա» անվամբ (Հովհ․ 6։71)։

Հետևաբար այդ փաստերը շատ տկար են Պետրոսին որպես մի առանձնահատուկ առաքյալ ներկայացնելու և նրանով պանծացող Աթոռի կարևորությունն էլ բարձրացնելու համար։

Այդ տեսակետի կողմնակիցները նաև ասում են, որ, ահա՛, Քրիստոս երեք անգամ հարցրեց Պետրոսին, թե նա սիրո՞ւմ է Իրեն, և առաքյալի հաստատական պատասխաններից հետո նրան հրամայեց արածացնել Իր ոչխարներին։ «Ահավասիկ,- ասում են նրանք,- բոլոր քրիստոնյաների՝ Պետրոսին ու նրա հաջորդներին «հանձնված» լինելու հաստատումը»։

Սակայն եթե այդ երեք հարցումներն ու երեք հրամաններն իրենց նշանակությամբ այդքան նպաստավոր լինեին Պետրոսի գերազանցությունը հաստատելու հարցում, առաքյալը պետք է հրճվեր նման բացառիկ պատվի տիրացած լինելու համար, մի պատիվ, հանուն որի, ինչպես գիտենք, այդքա՜ն սիրտ թափեցին Զեբեդեոսի որդիները և այդքա՜ն աղաչեց Սողոմեն՝ նրանց մայրը, իր զավակներին այդ պատվին արժանացնելու համար։

Մինչդեռ ընդհակառակը, «Պետրոսը տրտմեց»,- ասում է Զեբեդեոսի որդին՝ Հովհաննես Ավետարանիչը (Հովհ․ 21։17), որը ներկա էր Պետրոսի ուրացությանն ու շատ լավ հասկանում էր, թե ինչ արժեք ունեն Պետրոս առաքյալի և Քրիստոսի միջև փոխանակված խորհրդավոր խոսքերը։

Կաթոլիկյան տեսակետի կողմնակիցները նաև Ավետարանից դուրս են կռվաններ ու փաստեր փնտրում իրենց երևակայած ավետարանական իրողությունները արդարացնելու համար։ Նրանք մեր Եկեղեցին «Լուսավորչական» են կոչում՝ ոչ թե, սակայն, Լուսավորչին պատիվ ընծայելու համար, այլ քանի որ այդպիսով մերժում են մեր Եկեղեցու առաքելականությունը և հայաստանյան Աթոռի հիմնադիր են կարծում Գրիգոր Լուսավորչին։

Իսկ մյուս կողմից էլ այդ տեսության կողմնակիցները Լուսավորչին Հռոմ են «տանում», որպեսզի իրենց վերագրեն Հայ Եկեղեցուն իրավասություն շնորհելը։ Այսպիսի զրույցների համար իբրև թե հիմք է ծառայում «Դաշանց թուղթ» կոչված այն գրությունը, որի ոճական առանձնահատկությունն ու բառերն ինքնին «մատնում» են, թե այն որ դարի հորինվածք է։

Իհարկե դժվար չէ ճշտել, թե Հռոմի եպիսկոպոսները չորրորդ դարում արդյո՞ք այդքան հավակնոտ էին, որպեսզի իրենք իրենց Քրիստոսի փոխանորդ ու այս աշխարհում Քրիստոսի միակ հաջորդ համարեին։

Եվ ոչ էլ հնարավոր է մոռացության մատնել Կեսարիայի Ղևոնդիոս եպիսկոպոսի՝ Գրիգոր Լուսավորչին ուղղված եղբայրական խոսքը․ «Դու ընտրվեցիր սուրբ առաքյալներ Թադեոսի և Բարդուղիմեոսի փոխարեն»։

Սակայն մշտապես խնդիր է հարուցում այն հարցը, թե արդյո՞ք Գրիգոր Լուսավորիչը Հռոմ գնացել է, եթե այո, ապա ո՞ր Հռոմ։ Եվ ինչո՞ւ է «Դաշանց թուղթ»-ը ցանկանում, որ Լուսավորիչը Հռոմ գնացած լինի. Հռոմի գերագահությունը ճանաչելո՞ւ, թե՞ Կոստանդիանոս կայսեր կողմից քրիստոնեական կրոնն ընդունելու և որպես պետական կրոն հռչակելու առթիվ։

Այդ դեպքում, սակայն, Լուսավորիչը Հռոմ չպիտի գնար, այլ Կոստանդնուպոլիս, որը «Նոր Հռոմ» էր կոչվում, որտեղ էլ բնակվում էր Կոստանդիանոսը, մինչ նրա հակառակորդները Հռոմում էին։ Իսկ ահա վեհապետական այցելության մասին լուրերը, եթե մեր կողմից չեն պահպանվել դպրության չգոյության պատճառով, ապա գոնե հույները պիտի հիշատակումներ ունենային, սակայն նրանց անթիվ մատենագիրները ևս այդ մասին ոչինչ չեն արձանագրել՝ չնայած դրա խիստ անհրաժեշտությանը։

Բացի այդ, Կոստանդիանոսի 313 թվականի հրովարտակից առաջ արդեն Գրիգորը ծերացած էր, և հովվապետական բոլոր գործերն Արիստակեսին հանձնած լինելով՝ առանձնացել էր «Մանյա այր»ում, որտեղ էլ որ վախճանվեց։

Ուրեմն Լուսավորչին վերագրված ուղևորությունն ու Հռոմի պապերի կողմից տվչություն ստանալու վերաբերյալ խոսքերն անգամ պարզամիտներին չեն կարող համոզել, ուստի թող որ այդ տեսակետի կողմնակիցները նույնպես չպնդեն իրենց այդ հայացքները։

Շատերը գայթակղության քար էին համարում դարեր առաջ Կիլիկիայում հայոց հայրապետներից ոմանց որդեգրած լատինասեր ընթացքը։ Մատնացույց են արվում հայոց հայրապետների ու պապերի միջև փոխանակված թղթակցությունները, որոնց վավերականությունը, սակայն, կեղծված է, և այդ կեղծ արձանագրությունների համաձայն է, որ իբր հայերն ընդունել են պապական գերագահությունը։

Թեպետ դրա վերաբերյալ անհերքելի փաստերի ու ապացույցների բացակայությանը՝ մի պահ ընդունենք, որ հայ կաթողիկոսներից ոմանք, այն ժամանակվա քաղաքական ներգործությունից ազդված կամ հարկադրված, տրամադիր են եղել ընդունելու Հռոմի պապերի մեծապատվությունը, սակայն անգամ եթե ամեն բան այդպես է եղել, մենք չենք կարող մոռացության մատնել այն հանգամանքը, որ ոչ մի կաթողիկոս միայնակ չի կարող փոխել Եկեղեցու դավանանքն ու առանց եպիսկոպոսական և վարդապետական ողջ դասի բացարձակ միաձայնության չի  կարող լուծում տալ նմանատիպ կենսական ու հավատքի և Եկեղեցու համար հիմնաքարային խնդիրներին։

Մեր Եկեղեցին, որ շարունակ հալածված է եղել «սուտ եղբայրների» կողմից (Բ Կորնթ․ 11։26), մշտապես ունի այնպիսի հակառակորդներ, որոնք իրենց նպատակին հասնելու համար համառորեն տքնում են՝ հրաժարվելով, սակայն, հիմնվել պատմական փաստերի, օրինավոր միջոցների ու կրոնական ոգու վրա՝ դրանք անբավարար համարելով իրենց փափագների գործադրության հարցում։

Այդպիսիք լուսավորության տարածման քողի տակ ճգնում են դարձյալ պառակտել Հայ Եկեղեցին և իրենց գաղափարակիցների թիվը ստվարացնելու համար փորձում են գործադրել փոքրիկ համայնքների՝ մեծերին կուլ գնալու «օրենքը»։

Սակայն գոյություն ունի մի աստվածային օրենք, որը հռչակում է, որ «Տիրոջն է երկիրն իր ամբողջությամբ, աշխարհն իր բոլոր բնակիչներով» (Սաղմ․ 23։1)։ Առավել ևս հիշենք այն, որ Քրիստոս փոքր թիվ կազմողներին հանձնարարեց չերկնչել ու Իր սակավաթիվ հետևորդներին գոտեպնդեց՝ ասելով․ «Մի՛ վախեցիր, փոքրի՛կ հոտ, որովհետև ձեր Հայրը հաճեց տալ ձեզ Արքայությունը» (Ղուկ․ 12։32)։

Եվ որպես ավետարանական այդ պատգամի իրականացում մենք կարող ենք մատնացույց անել մեր մշտաչարչար Եկեղեցին, որն իր կրած հալածանքների ընթացքում էլ կանգուն է մնացել։ Հայոց Եկեղեցին բերկրանքով է պանծացնում այն փառքը, որով շարունակ ոգեշնչվել են մեր հայրերն ի պատասխան օտարների նենգավոր հրավերների ու հրապուրանքների․ Թադեոսի ու Բարդուղիմեոսի և նրանց անմիջական հաջորդների միջոցով է Փրկիչ-Միածինը հաստատել հայոց Եկեղեցին, որի հիմքերն ամրացնելու տքնաջան առաքելությունն էլ վիճակված էր Գրիգորին ու նրա զավակներին, և ահավասիկ Հայ Եկեղեցին կանգուն է մինչև այսօր ու կանգուն պիտի լինի մինչև աշխարհի վախճանը։

Օ՜հ, չենք կարող ուրանալ մեծագույն, վեհ ու հնավանդ հայոց Եկեղեցին, այլ սաղմոսերգուի հետ պիտի ուխտենք․ «Եթե մոռանամ քեզ, Երուսաղե՛մ, թող իմ աջը մոռանա ինձ: Թող լեզուս քիմքիս կպչի, թե քեզ չհիշեմ, եթե իմ ուրախության սկզբում նախ քե՛զ, Երուսաղե՛մ, չգովաբանեմ» (Սաղմ․ 136։5-6)։

Հիշելու, փառաբանելու, քնարերգելու ենք այն մեծահրաշ գործը, որը մեծ ջանքեր պահանջեց մեր առաջին Լուսավորիչներից, որոնք Պողոսի նման մի «Անծանոթ Աստծու» տաճար նույնիսկ չկարողացան գտնել՝ այնտեղ Քրիստոսին բազմեցնելու համար, և ոչ էլ իմաստուն ու Ավետարանի սկզբունքներին այս կամ այն չափով վարժ մտքերի հանդիպեցին, այլ բախվեցին քարանձավ ժայռերի ու անվարժ սրտերի, սակայն այդ խստաբարո ժողովրդի վրա անգամ հաջողեցին ցոլացնել Ավետարանի շողն ու լույսը։

Այդ առաքելության մեծ գործի հիշատակն է, որ մեր Եկեղեցին արտահայտում է՝ իր առաջին Լուսավորիչների՝ Թադեոսի ու Բարդուղիմեոսի անունները հռչակելով, որոնց կողքին մշտապես պետք է հիշատակել, դասակցել ու տոնախմբել նաև այն երջանկահիշատակ հայրապետներին, որոնք հավատքի քարոզիչ այդ երկու առաքյալների անմիջական հաջորդները եղան՝ մինչև սուրբ Մեհրուժան հայրապետը՝ նախորդելով հայոց երկրորդ Լուսավորիչ սուրբ Գրիգորին։

Օ՜հ, որքա՜ն բեղմնավոր եղավ այս երջանկահիշատակ սրբերի հեղած արյունը և որքա՜ն մեծ զորությամբ հայերիս մես հաստատեցին քրիստոնեական ոգին։ Քրիստոսի շունչն ի՜նչ աստիճանի ջերմացրեց հայ քրիստոնյայի սիրտը, որին Աստված բարի աչքով նայեց։

Երբ մարդ աչքի է անցկացնում հայ քրիստոնյաների՝ մինչև Գրիգոր Լուսավորիչ և նրանից հետո ապրած ժամանակները, արտաքին ու ներքին իրապայմանները, թշնամիներին ու սուտ եղբայրներին և նույնիսկ սխալ դաստիարակության ու անուղղելի վայրիվերումների հետևանքները, այդժամ է, որ մարդ գիտակցում է, որ Հայ Եկեղեցին՝ Աստծու այս փոքրիկ հոտը վաղուց ի վեր ջնջված, անհետացած ու վերացած կլիներ և միայն որպես մի պատմական հիշողություն կմնար, եթե Աստված Ինքը պահպանած չլիներ այն, փրկած չլիներ գահավիժումից՝ չնայելով նրա բոլոր թերություններին։

Աստվա՛ծ է պահպանել հայոց Եկեղեցին, որպեսզի բոլոր դարերում Աստվածային զորությունն ու գթությունը փառաբանվի Հայ Եկեղեցում։

Ուրեմն թո՛ղ որ գթառատ և հզոր Աստված «մեր առաջին Լուսավորիչներ Թադեոս և Բարդուղիմեոս սրբազան առաքյալների և մեր երկրորդ Լուսավորիչ սուրբ Գրիգոր հայրապետի բարեխոսությամբ» երկարակեցություն շնորհի մեր աստվածազգյաց հայրապետին, եպիսկոպոսներին, վարդապետներին, քահանաներին և հավատացյալ ամբողջ ժողովրդին, որպեսզի «փոքրիկ հոտը» չերկչնի, այլ պայծառանա իր հավատքի զորությամբ ու Իր երկնավոր Հոր Արքայությունը ժառանգելու հույսով, որին թող որ արժանանանք մենք ամենքս՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհներով, այժմ և միշտ և հավիտյանս․ ամեն։

 

Վահրիճ ծ․ վրդՇահլամյան (Կոստանդնուպոլիս), «Փոքր քարոզգիրք ժողովրդի համար», Կ Պոլիս, 1905 թ.

Արևելահայերենի վերածեց Գևորգ սրկ. Կարապետյանը

 

02.12.23
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․