2 Հունիս, Գշ, Գ օր Հոգեգալստյան, Պահք

Գրքեր

Հայրերի վարքից

1. Այսպիսի բան իմացանք Հովհաննեսի մասին, որ գուբի մեջ հանդարտում էր (խաղաղությամբ ճգնում էր), որ մանուկ էր հասակով, առույգ՝ շնորհով, կամավորապես միայնացյալ և անքակտելի՝ Աստծո կցորդությունից: Դևը վիշապի տեսքով փաթաթվել էր նրան, ծամում էր նրա մարմինը և սաստիկ փսխում երեսին, իսկ նա իր ընթացքից (աղոթքից) ամենևին չէր սասանվում (Նեղոս Սինայեցի):

2. Ընթերցե՞լ ես արդյոք տաբենեսացի միայնակյացների վարքը, ինչպես պատմում են՝ մինչդեռ Աբբա Թեոդորոսը խոսում էր եղբայրների հետ և ուսուցանում, երկու իժ եկան, մնացին նրա ոտքերի մոտ, իսկ նա անխռով մնալով, դնելով ոտքը նրանց վրա, անշարժ մնաց մինչև հոգևոր խրատների ու աղոթքի ավարտը, և ապա ցույց տվեց նրանց եղբայրներին և պատմեց այնպիսի բաներ, որ չգիտեին (Նեղոս Սինայեցի):

3. Լսեցինք, որ սուրբերից մեկը, երբ աղոթքի էր կանգնում, չարն այնքան էր հակառակում, որ երբ նա (աղոթքի ժամանակ) տարածում էր ձեռքերը, առյուծի տեսք էր ստանում և, կանգնելով նրա դիմաց, իր ճիրանները երկու կողմից խրում էր ջանացողի ցցված թիակների մեջ և չէր ուզում անջատվել նրանից, մինչև ձեռքերը չիջեցնի: Իսկ սուրբը բնավ չէր զիջում, քանի դեռ սովորական աղոթքն էր կատարում (Նեղոս Սինայեցի):

4. Դարձյալ մեկ այլ հոգևոր եղբոր մասին ընթերցեցինք, թե աղոթելիս մի իժ եկավ, մերձեցավ նրա ոտքերին, իսկ նա չիջեցրեց ձեռքերը՝ մինչև սովորական աղոթքը ավարտելը և բոլորովին չվնասվեց, քանզի Աստծուն իրենից առավել սիրեց (Նեղոս Սինայեցի):

5. Երկու աբեղա գիշերը մտել էին իրենց անկողինները և աղոթքի գիշերային կարգն էին կատարում: Եվ ահա հայտնվեց սատանան, սաստիկ գարշահոտությամբ լցնելով սենյակն ասաց. «Նման աղոթական կարգին, նման խնկարկություն է վայել» (Հայելի Վարուց):

6. Մի սրբասեր և աստվածահաճո քարոզիչ էշով շրջում էր գյուղեգյուղ և Կենաց խոսքը սերմանում: Մի օր մտել էր եկեղեցի և էշը թողել էր դռանը: Մինչ «Հայր մեր» էր ասում, նրա միտքը մի քանի անգամ շեղվեց աղոթքից՝ էշի մասին մտածումներով. «Միգուցե մեկը կգողանա»: Այս և նման խորհուրդները խափանում էին նրա աղոթքը: Տեսնելով այս, նա ելավ եկեղեցուց և էժան գնով վաճառեց էշը: Նա չէր կամենում, որ իր միտքը աղոթքի ժամին զբաղված լինի և իրեն հեռացնի Աստծուց (Հայելի Վարուց):

7. Մի վանահայր ունենալով հոգևոր տեսության շնորհ, եկեղեցի գնալու ճանապարհին անցնում է մի խցի մոտով, որտեղ ապրում էր մի եղբայր: Նա այնտեղ տեսնում է նաև բազմաթիվ դևեր՝ կանացի տեսքով և տարբեր գայթակղիչ տեսակներով: Նրանք խոսում էին անպիտան բաներ, ծիծաղում և ցնծում էին: Ծերը հոգոց հանելով ինքն իրեն ասաց. «Այս եղբայրը տրվել է ծուլությանը և դրա համար էլ չար ոգիները շրջապատել են նրան և դարձրել իրենց ձեռքի խաղալիք»:

Ավարտելով աստվածային պատարագը, հետդարձի ճանապարհին ծերը մտնում է եղբոր խուցը և ասում. «Եղբայր իմ, ես մի վիշտ ունեմ, բայց հավատում եմ իմ Աստծուն, որ նա ինձ կազատի այդ վշտից, եթե դու ինձ համար աղոթք անես»: Այս խոսքերից եղբայրն ընկնում է մտածմունքի մեջ և ասում ծերին. «Հայր, արժան չեմ քեզ համար աղոթելու»:

Սակայն ծերն սկսում է համոզել նրան ասելով. «Չեմ հեռանա քեզանից, եթե դու խոսք չտաս ինձ համար աղոթք անել գիշերները»:

Եվ եղբայրը խոստանում է կատարել ծերի խնդրանքը:

Այդպես արեց ծերը, որպեսզի նրան դնի Աստվածային վարքի ճանապարհին և հաստատի գիշերային աղոթքի մեջ:

Առաջին իսկ գիշերը եղբայրը ելավ քնից, որպեսզի ծերի համար աղոթք անի: Աղոթքի վերջում վանականն ասաց ինքն իրեն. «Անձ իմ եղկելի, ծերի համար աղոթք արեցիր, իսկ քեզ համար ինչո՞ւ չես աղոթում Աստծուն»:

Եվ իսկույն իր համար էլ սկսեց աղոթք անել:

Այսպես նա վարվեց մի շաբաթ. մի աղոթք ծերի համար անելով, մի աղոթք՝ իր համար: Հաջորդ կիրակի եկեղեցի գնալիս, ծերը դարձյալ տեսավ դևերին, արդեն մի տեսակ ձանձրույթի մեջ ընկած:

Ծերը հասկացավ, որ եղբոր աղոթքը դևերին վշտացրել է: Նա մտնելով եղբոր խուցը, խնդրեց, որ ամեն գիշեր երկու աղոթք անի իր համար: Եղբայրը երկու աղոթք սկսեց անել ծերի համար, և նորից ինքն իրեն ասաց. «Օ՜, թշվառ անձ, մի աղոթք էլ ավելացրու քեզ համար»:

Եվ այսպես անցկացրեց ևս մեկ շաբաթ:

Հաջորդ անգամ անցնելիս, ծերը տեսավ դևերին ավելի վհատված և պապանձված: Գոհանալով Աստծուց նա մտավ եղբոր մոտ և ասաց, որ նորից մի աղոթք ավելացնի իր համար: Այսպես մեկ շաբաթվա ընթացքում վեցական աղոթք արեց եղբայրը իր և ծերի համար: Եվ նորից ծերը եկավ եղբոր մոտ: Այնժամ դևերը բարկացան ծերի վրա եղբոր փրկության համար, իսկ նա փառավորեց Աստծուն, մտավ եղբոր մոտ, սովորեցրեց նրան չծուլանալ և անդադար աղոթք անել Աստծուն: Իսկ դևերը տեսնելով, որ եղբայրը հաստատվել է աղոթքի և ճգնության մեջ, հեռացան նրա խցից (Հարանց Վարք):

8. Մի վանական իր խցում կատարում էր իր ամենօրյա աղոթական կարգը, հանկարծ նրա մոտ ահավոր գլխացավ սկսվեց, և միանգամից բարձրացավ ջերմությունը, ու ամբողջ մարմինը բռնվեց ցավով: Վանականը կարծեց, որ սա մահվան հիվանդություն է, սակայն մտածեց, որ եթե պիտի մահանա, գոնե աղոթական կարգը մի կերպ ավարտին հասցնի: Եվ երբ վերջացրեց, նույն պահին ցավերն ու ջերմությունն անցան, և նա հասկացավ, որ սա թշնամական հարձակման արդյունք էր, որպեսզի իրեն շեղի աղոթական կարգից (Հարանց Վարք):

26.01.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․