«Հեռու չէ հունձքի ժամը, մաքրենք որոմից մեր հոգու արտը»

«Ամբողջ աշխարհը չարի մեջ է» (Ա Հովհ. 5:19),- ասում է Սուրբ Գիրքը։ Ժամանակակից մարդն այսօր միայնության, վախի ու շփոթմունքի մեջ է, և այս հոգեվիճակը նկատելի է նաև հաջողակ, հարուստ ու կայացած մարդկանց մոտ: Պատճառն այն է, որ մարդ այսօր մտածում է միայն իր արտաքինի՝ մարմնի մասին՝ մոռացության մատնելով ներքինը՝ հոգին։ Մարդու ողջ ուշադրությունն ուղղված է ֆիզիկական մարմնին, կարծես հոգին գոյություն էլ չունի: Արդյունքում՝ մարդ կամա թե ակամա զրկում է իրեն հոգու հարստությունից՝ գլխավորի փոխարեն ընտրելով երկրորդականը, հավիտենականի փոխարեն ժամանակավորը: Եթե մեկ-երկու ամիս մարդ իր մարմինը չխնամի, ապա պարզ է, թե ինչ վիճակում կհայտնվի: Ճիշտ նույնն է կատարվում նաև մարդու հոգու հետ, այդ պատճառով կարևոր է, որ յուրաքանչյուրն իրեն հետևյալ հարցն ուղղի՝ ուշադի՞ր եմ հոգուս հանդեպ, խնամում և սնո՞ւմ եմ այն, ինչպես մարմինը:  Պետրոս առաքյալն ասել է. «Ձեր զարդարանքը թող արտաքին չլինի. ո՛չ մազերի հարդարանքը, ո՛չ ոսկեղենը, և ո՛չ էլ պճնագեղ հագուստները, այլ սրտի ներսում ծածկված, հեզ և խաղաղ մի հոգու անկորնչելի գեղեցկությունը, և ա՛յդ է թանկագինը Աստծու համար» (Ա Պետր. 3:3-5):

Մարդկային հոգին յուրահատուկ է, այն հսկայական ներուժ է պարունակում և պահանջում է մշտական ուշադրություն ու հոգատարություն: Միայն հոգու միջոցով մարդ կարող միավորվել Աստծու հետ: Եկեղեցու սուրբ հայրերն ուսուցանում են խնամքով հոգ տանել հոգին, որպեսզի այն չվնասվի, այլ մաքրվի, բուժվի և առավել ամրանա: Հոգին ծնվում է մեկ անգամ, բայց ապրում է հավերժ: Ի տարբերություն մարմնի՝ այն չի ծերանում և թուլանում, այլ մնում է նույնքան երիտասարդ, ինչպիսին եղել է ծննդյան պահին։ Ֆիզիկական մահը պայմանական հասկացություն է, մարդը վախենում է մահից, քանի որ ավելի շատ ապրում է մարմնի, քան հոգու համար։ Իսկ քրիստոնյան հաղթահարում է մահվան հանդեպ վախը, քանի որ մահը երկրային կյանքից անցում է մի նոր կյանքի: Վախի գոյությունը փաստում է, որ մարդն իր «ներքին» մարդուն պատնեշել է Աստծուց։

Երբեմն կարելի է հանդիպել այնպիսի ​​փաստի, երբ չափահաս և ինտելեկտուալ զարգացած մարդը, որ պրոֆեսիոնալ է իր ոլորտում, կարող է ունենալ ոչ զարգացած հոգի։ Ի՞նչ է նշանակում ունենալ ոչ զարգացած հոգի. երբ երեխան մեծանում է, կարևոր է, որ ծնողները ոչ միայն նպաստեն նրա ինտելեկտուալ զարգացմանը, այլև հոգու առողջ աճին ու զարգացմանը, այսինքն՝ նախ կյանքով ուսուցանեն նրան աստվածահաճո և առաքինի կյանքով ապրել, առանց որի անհնար է լիարժեք կյանք ունենալ: Դեռևս մանկությունից երեխան բարոյական ընտրության առջև է կանգնում, որն էլ աստիճանաբար ձևավորում է նրա հոգին:   

Մարդը չի կարող իրեն լավ զգալ, եթե նրա հոգին վատ է զգում, ինչի հետևանքով ընկճվում է՝ չգիտակցելով, որ ֆիզիկական առողջության մասին հոգալուց բացի անհրաժեշտ է մտածել նաև հոգու առողջության մասին: Հոգին չի կարող երջանիկ լինել, եթե չի հաղորդակցվում Նրա հետ, Ում պատկերով ու նմանությամբ է արարվել: Ըստ հայրաբանության՝ մարդն աստվածային կատարելության արտացոլումն է այս աշխարհում: Մարդու հոգին կենդանի է, ուրախ և պայծառ, եթե նրա մեջ արտացոլված է աստվածային Ճշմարտության Արեգակը, իսկ երբ հոգին թաքնվում է կենսատու այս Արեգակից, ապա հայտնվում է ցրտի ու խավարի մեջ, տառապում է, անհանգստանում՝ չկռահելով անգամ, թե որտեղից են գալիս այդ տառապանքներն ու ծանր ապրումները:

Մարդն իր ուշադրության կիզակետը արտաքինից պետք է տեղափոխի ներքին, դեպի իր հոգին, որ Երկնքի Արքայություն տանող դուռն է: Նախ պետք է իր Արարչի հետ հաղորդակցվի աղոթքով, պահքով, Սուրբ Գրքի և հայրաբանության ընթերցանությամբ, Ս. Պատարագին մասնակցությամբ և աստվածահաճո կյանքով: Թվարկվածներն աստիճաններ են, որ առաջնորդում են մարդուն դեպի Աստված: Յուրաքանչյուրն իր առօրյա կյանքում պետք է ուշադիր լինի՝ տեսնելու, թե կա՞ որևէ բան, որ կարող է վնասել հոգին և պետք է փորձի նվազագույնի հասցնել այն կամ ամբողջովին ազատվել դրանից:

Բացի այս ամենից հոգին նաև հանգստի կարիք ունի, որի օրինակը ցույց տվեց Քրիստոս, երբ հեռացավ մարդկանցից, բարձրացավ լեռը և մենության մեջ աղոթեց (Մարկ. 1:35; Ղուկ. 5:16): Հոգու հանգստյան երկու կարևոր բաղադրիչ՝ աղոթք, որ վերականգնում ու կենդանացնում է հոգին և մենություն, որ օգնում է մարդուն տեսնել իր հոգին և հարց ուղղել իրեն՝ ո՞վ եմ ես: Օրվա ընթացքում մարդ կարող է թե՛ վերելք ունենալ և թե՛ հակառակը՝ անկում ունենալ, ուստի աղոթական դադարները մենության և խաղաղության մեջ կօգնեն մարդուն՝ տեսնելու և ճանաչելու իր անձը: Մարդ կարող է երկար ժամանակ որևէ սպորտաձևով զբաղվել, առողջ ապրելակերպ ունենալ, բայց եթե մի որոշ ժամանակ նահանջի այդ ապրելակերպից, ապա ոչինչ չի մնա նրանից, ինչ ձեռք էր բերել: Նույնն է պարագան հոգու դեպքում, եթե ​​մարդ դադարի հոգ տանել հոգու մասին, ապա որոշ ժամանակ անց չի ճանաչի իրեն, իսկ «Մարդը նա է, ով ճանաչում է իրեն»,- ասել է  Հայր Պիմենը:

Եկեղեցու հայրերից սբ. Հովհան Ոսկեբերանը հոգու նորոգման և խնամքի մասին հետևյալն է ասել. «Եթե ամեն օր մեղք ես գործում, ամեն օր զղջա: Նման այն խարխուլ տներին, որոնք փտում են, և մենք հեռացնում ենք փտած մասերը և նորերով փոխարինում ու երբեք այդ կարգի հոգսերը չենք անտեսում, ճիշտ այդպես և դու վարվիր. թե խարխլվել ես մեղքերից, նորոգիր քեզ ապաշխարությամբ: Աստծուն այնքան չեն բարկացնում մեր կատարած մեղքերը, որքան մեր չուղղվելու ցանկությունը, վաղվան մի թող այն, վաղը երբեք վերջ չունի»:

Անսանք նաև սբ. Նեղոս Սինայեցու հորդորին, որ ասում է. «Հեռու չէ հունձքի ժամը, մաքրենք որոմից մեր հոգու արտը»:

 

Կարինե Սուգիկյան

 

17.08.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․