Գրքեր

Հիսունվեց օղը

Արծաթագործը յուրահատուկ իննսունինը օղ է ձեռքբերում՝ նպատակ ունենալով հարյուր օղ ունենալ և դրանցից մի գեղեցիկ առանձնահատուկ զարդ պատրաստել թագավորի համար: Երկար փնտրտուքից հետո նմանատիպ մեկ օղ չի կարողանում գտնել և այդ անհաջողությունից փակվում է իր աշխատասենյակում: Մի անծանոթ գալիս է ու հարցնում, թե այդպիսի օղեր ունե՞ս: Վհատված արծաթագործը առանց որևէ բան ասելու հինգ օղ է հանում և տալիս: Քիչ հետո նույն մարդը նորից է գալիս ու հարցնում, թե այդպիսի օղեր շա՞տ ունես: Հուսահատված արծաթագործը այս անգամ էլ հիսուն օղ է տալիս: Այնուհետև ի վերջո իր մեջ հույսի ուժ է գտնում, աղոթում Աստծուն և նկատում է, որ թագավորի սուրհանդակն է եկել և ասում է իրեն.

- Արքան տեղեկացել է, որ իննսունինը օղ ունես և մեկը պակասում է, որպեսզի զարդ պատրաստես, ահա ուղարկել է յուրահատուկ այդ օղը, որպեսզի գործդ վերջացնես:

Արծաթագործը շվարում է և աղաղակում.

- Բարձրյա՛լ Աստված, այն անծանոթ մարդուն ետ դարձրու, որ մնացյալ օղերն ինձ վերադարձնի:

Սուրհանդակն ասում է.

- Աստված նախօրոք իմանալով, որ պիտի Իրենից օգնություն հայցես, արդեն իսկ երրորդ անգամ ինձ այստեղ ուղարկեց: Երկու անգամ մոտեցա, սակայն մեկ անգամ վհատությունը քեզ թույլ չտվեց ինձ ճանաչել և հինգ օղ տարա, երկրորդ անգամ հուսահատությունը նպատակիցդ հրաժարվել տվեց և հիսուն օղ տարա: Իսկ աղոթքն ու հույսիդ նշույլը թույլ տվեց ինձ ճանաչել և ստանալ մեկ սպասված օղը: Վհատությունն ու հուսահատությունը ոչնչացնում են մարդու նպատակը, իսկ հույսն ու համբերությունն՝ իրագործում այն:

Այնուհետև իր մոտից հանում է մնացյալ հիսունհինգ օղը և փոխանցում արծաթագործին:

 

Հովհաննես սրկ. Մանուկյան

01.07.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․