Գրքեր

Հոգեգալստյան տոնի քարոզ

Սիրելինե՛ր,

Ըստ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցի՝ այսօր Հոգեգալուստի հրաշափառ տոնն է: Մի տոն, որի հիմքը դրվեց մոտ երկու հազարամյակ առաջ, Երուսաղեմում գտնվող Վերնատանը, որտեղ իրականություն դարձավ Տիրոջ այն խոստումը, թե. «Ես պիտի աղաչեմ իմ Հորը, որ մի ուրիշ Մխիթարիչ տա ձեզ, որպեսզի հավիտյան ձեզ հետ լինի: Դա Սուրբ Հոգին է, որ ճշմարտությունն է հայտնում», նաև «Բայց Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որին իմ Հայրը կուղարկի ձեզ մոտ իմ անունով, նա ձեզ ամեն ինչ կսովորեցնի և ձեզ կհիշեցնի այն ամենը, ինչ ես ասացի ձեզ» (Հովհ. 14: 16-17, 26): Եվ մենք էլ, այսօր այստեղ համախմբված, հիշատակում ենք այս սքանչելի իրադարձությունը, որը նույնպիսի ցնծությամբ ու հոգևոր ուրախությամբ է լցնում մեր հոգիները, որպիսին այն օրը Քրիստոսի աշակերտներն ու ներկա եղող հավատացյալները զգացին:

Սիրելի՛ եղբայրներ և քույրեր՝ ի Քրիստոս, անշուշտ կհամաձայնեք ինձ հետ, որ անսահման հոգատարությամբ լի այս խոսքերը կարող էին ելնել միայն Իր զավակներին ջերմորեն սիրող Հոր սրտից: Այս սփոփիչ խոսքերը կարող էին արտասանել միայն այն Վարդապետի շուրթերը, որոնք աղոթքներ էին մրմնջացել սիրելի աշակերտների համար: Սրանք Նրա խոսքերն էին, Ով գիտեր, որ շատ չանցած պիտի մարմանապես հեռանար Իր սիրելիներից, սակայն երբեք միայնակ չէր թողնելու նրանց: Այո՛, սիրելի՛ հավատացյալներ, Տիրոջ երկինք համբարձվելուց հետո անցել էր տաս օր և Նրա թողած ավանդի համաձայն՝ առաքյալները չէին լքել Երուսաղեմը և Սրբուհի Աստվածամոր հետ Վերնատանն էին մնում, որտեղ մյուս հավատացյալների հետ միասին հարատեև աղոթքով էին անցկացնում օրերը և սպասում Տիրոջ խոստման իրականացմանը: Եվ ահա, ինչպես Ավետարանում է նկարագրվում. «Երբ Պենտեկոստեի օրը հասավ, բոլոր հավատացյալները միասնաբար մեկտեղված էին: Հանկարծ սաստիկ հողմի սուլոցի նման մի ձայն հնչեց երկնքից և լցրեց ամբողջ տունը, որտեղ նստած էին նրանք: Հետո նրանք տեսան հրեղեն լեզուներ, որոնք տարածվելով նստեցին յուրաքանչյուրի վրա: Բոլոր ներկաները լցվեցին Սուրբ Հոգով և սկսեցին խոսել տարբեր լեզուներով, ինչպես որ Հոգին խոսել էր տալիս նրանց» (Գործք 2:1-4): Մխիթարիչը այլևս ոչ միայն Քրիստոսի առաքյալների հետ էր, այլև՝ բոլոր ճշմարիտ հավատացյալների՝ մինչև ժամանակների վախճանը: Այդ զարմանահրաշ իրողությունից սկսյալ՝ առաքյալներն այլևս այն անուս ու վախվորած աշակերտները չէին, որ հրեաների ու անհավատների մեջ մնացել էին առանց Վարդապետի առաջնորդության, Որին հասցրել էին անչափ սիրել, հավատալ Նրան, սովորել Նրանից, և չգիտեին, թե ինչպես շարունակել իրենց ընթացքն առանց Նրա: Նրանք մեծ հավատով և բաց սրտերով սպասում էին Սուրբ Հոգու գալստյանը, և առատորեն ստացան Նրա պարգևած շնորհները, լցվեցին աստվածային իմաստությամբ, խորունկ գիտելիքներով ու զորությամբ, արիացան ոգով և Սուրբ Հոգուց առաջնորդվելով՝ պատրաստ էին Հիսուս Քրիստոսի Ավետարանը քարոզել ամբողջ աշխարհում: Սուրբ Հոգու գալուստը աշակերտների վրա եղավ հրե լեզուների տեսքով, որպեսզի նրանք համայն մարդկությանը պատմեն կենդանի ու կենդանություն պարգևող Աստծո մասին՝ փառավորելով Նրան բոլոր ազգերի մեջ:

Այո՛, սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ, Սուրբ Հոգու գալուստը նոր էջ բացեց յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքում: Նրա գալուստը կենդանարար շունչ հաղորդեց նոր ձևավորվող քրիստոնեական Եկեղեցուն, այդ պահից սկսվեց Եկեղեցու սրբազան առաքելությունը համայն աշխարհում և Սուրբ Հոգու գործուն առաջնորդությամբ այդ Եկեղեցին շարունակում է հարատևել ու կանգուն մնալ: Մկրտության սուրբ ավազանից հին մարդը վերածնվում է նորի՝ Սուրբ Հոգու շնորհներով սրբվելով ադամական մեղքից և կյանք առնում արդեն որպես նոր մարդ՝ հավիտենական կյանքը ժառանգելու համար: Պենտեկոստեի այն հեռավոր օրվանից սկսյալ ոչ մի վայրկյան չի դադարել Սուրբ Հոգու գործունեությունը Եկեղեցուց ներս և առ այսօր Նրա շնորհները շարունակում են առատորեն բաշխվել եկեղեցիների խորաններից: Աստծո Հոգին շարունակում է հավատացյալների սրտերի վրա իջնել՝ կենդանի հավատի ճրագը վառելով դրանցում և առաջնորդելով նրանց փրկության ճանապարհով: Նա մխիթարում է զղջացող մեղավորի վշտաբեկ հոգին և զորացնում նրան՝ մեղքերի դեմ պայքարում: Սա սքանչելի լուր և անգին գանձ է մեզ համար, սիրելի՛ հավատացյալներ, քանզի առաքյալների պես մարմնավոր աչքերով չենք տեսել մեր Փրկչին, սակայն փա՜ռք Ամենակալին, ունենք Նրա Սուրբ Հոգին, որ ամեն րոպե պատրաստ է օգնել, սփոփել ու առաջնորդել մեզ՝ բավական է միայն ողջ հոգով ձգվենք դեպի Աստված և ցանկանանք ուղղվել ու մաքրվել մեր մեղքերի կապանքներից: Հատկապես Սուրբ Պատարագի ժամանակ Սուրբ Հոգին, որ մշտապես ներկա է եկեղեցում, Իր շնորհներն առատապես բաշխում է բոլորին և միայն մեզանից է կախված, մեր հավատքից, մեր հոգիների պատրաստակամությունից, մեր ազատ կամքից ու մեղքերից ձերբազատված լինելուց, թե որքանով ենք պատրաստ ընդունել դրանք և ինչպես կգործածենք: Եվ երբ այսօր Սուրբ Հաղորդության և Սուրբ Հոգու շնորհներով զորացած դուրս գանք եկեղեցուց, հարց տանք ինքներս մեզ, թե ինչպես ենք օգտագործում այդ շնորհները: Քանի որ շնորհը տրվում է ի փառս Աստծո գործածելու համար, ուրեմն մենք էլ համարձակությամբ ու սիրով պետք է մեր նմանի հետ կիսվենք այն բարի լուրով, որ ստանում ենք այստեղ: Մենք էլ պետք է պատրաստակամ լինենք սատարելու մեր օգնության կարիքն ունեցողին: Թող մեր անկեղծ ժպիտը, ոգևորիչ խոսքը, բարի արարքը, համբերատար ու ներողամիտ վերաբերմունքը խոսեն այն մասին, որ մենք էլ ենք ստացել աստվածային շնորհները: Թող դրանք ամրապնդեն մեր հավատքը, որպեսզի մենք էլ համարձակորեն խոսենք Աստծո սուրբ կամքի ու մայր եկեղեցու վարդապետության մասին: Երբեք չերկնչենք դժվարություններից ու չտրտնջանք նեղությունների պահին, այլ Սուրբ Հոգու զորությունը խնդրենք, որովհետև հենց այս նպատակով է Հայրն Իր Հոգուն աշխարհ ուղարկել, որպեսզի խնամի և հոգ տանի Իր զավակների մասին:

Արդ, մաղթում եմ, որպեսզի Քրիստոսի առաքյալների հիմնադրած առաջին եկեղեցու օրինակին հետևելով՝ մենք էլ հարատևենք աղոթքի և առաքինության մեջ, համարձակ քարոզողները լինենք Աստծո խոսքի, չծուլանանք և չհուսահատվենք մեր կրքերի դեմ պայքարում, այլ անկեղծ զղջմամբ, ապաշխարությամբ ու բարի ընթացքով նորոգվենք հավատքի մեջ և մենք էլ արժանանանք Սուրբ Հոգու շնորհներին:

Մեծագույն երախտագիտությամբ ու երկյուղածությամբ պահպանենք և փայփայենք Աստծո անգին Պարգևը մեր սրտերում, որպեսզի դրանք լցվեն Սուրբ Հոգու անուշաբույր պտուղներով, որոնք են. «…սեր, խնդություն, խաղաղություն, համբերություն, քաղցրություն, բարություն, հավատարմություն, հեզություն, ժուժկալություն» (Գաղ. 5:22-23): Եվ միանանք սուրբ Հովհան Ոսկեբերանի աղոթքին, որ ասում է. «Ծնկի գալով Քո առջև, աղաչում ենք, մարդասեր Սուրբ Հոգի, որպեսզի նաև մեր հոգիների ընթացքը մարմնական կենցաղի մեջ պահես, որպեսզի աներկյուղ անցնենք և փրկվենք օդային ու պիղծ դևերից, և առաջնորդես դեպի ճշմարիտ երկիր` դեպի երանավետ կյանք ու արդարների օթևան, որտեղ սրբերի հոգիներն ուրախությամբ օրհնում են Քեզ, և հաջորդ նորոգման` Քո էակից Փրկչի գալստյան ժամանակ, արթնացնես բոլորին` հրեշտակապետի փողի ձայնով ու Աստծո խոսքով:
Իսկ Դու, մեր Տեր և Աստված, Սուրբ Հոգի, երբ հարությամբ ստանաս բոլոր մարդկանց և յուրաքանչյուրին հոգով նորոգես, փրկիր գեհենի սպառնալիքից ու աններելի տանջանքներից և Քո սրբերի բանակին խառնիր Քո անունը սիրողների հետ` որպեսզի երկնքի արքայության ժառանգորդներ լինենք:
Եվ մենք` Քո բանավոր հոտը և Քեզ հավատացողները, օրհնելու և փառավորելու ենք ամենասուրբ Երրորդությունդ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն»:

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

04.06.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․