Գրքեր

Հոգեգալուստ. ամեն առաքինություն և զորություն Սուրբ Հոգուց է

Հիսուս Քրիստոս Իր հրաշափառ Հարությունից հիսուն օր անց, հրեական Պենտեկոստեի տոնակատարության օրը, առաքյալների վրա առաքեց խոստացած Պարգևը` Սուրբ Հոգին: Պենտեկոստեն Հին Ուխտի երեք ամենամեծ տոներից մեկն էր: Այդ օրը հիշատակվում էր այն մասին, թե ինչպես Սինա լեռան վրա Մովսես մարգարեի միջոցով հրեա ժողովուրդը ստացավ Աստվածային տասը պատվիրանները: Տոնը նշելու համար հրեաները ուխտի էին գնում Երուսաղեմի տաճար, որտեղ ընծաներ էին մատուցում Աստծուն:

Սուրբ Հոգու հրաշափառ էջքը աշակերտների վրա տեղի ունեցավ Երուսաղեմում՝ վերնատանը, ուր Տիրոջ պատվերի համաձայն նրանք հավաքված էին: Երբ բոլորը միասիրտ աղոթում էին, երկնքից հանկարծակի մի ձայն լսվեց, որն ուժեղ քամու սուլոց էր հիշեցնում և լցրեց ամբողջ վերնատունը:  Սուրբ Հոգին չեկավ ծածուկ և աներևույթ, այլ իբրև սաստիկ հողմ և լցրեց ամենքին: Աշակերտներին երևացին կրակե լեզուներ, որոնք իջան ու նստեցին նրանցից յուրաքանչյուրի վրա: Եվ բոլորը լցվեցին Սուրբ Հոգով ու սկսեցին խոսել ուրիշ լեզուներով, ինչպես որ Հոգին խոսել էր տալիս նրանց (Գործք Առաքելոց 2:1-4):

Այդ օրը Երուսաղեմ քաղաքը լեցուն էր բարեպաշտ հրեաներով, որոնք եկել էին աշխարհի բոլոր երկրներից Պենտեկոստեի տոնին մասնակցելու համար: Երկնային այդ ձայնը լսելի եղավ ոչ միայն առաքյալներին, այլ Երուսաղեմի գրեթե ողջ բնակչությանը և առաքելական տուն բերեց մի մեծ բազմություն: Քրիստոսի աշակերտները, հավաքված ժողովրդին տեսնելով, երկնային պարգևի համար Արարչին ուղղված գոհության և փառաբանության աղոթքներով՝ դուրս եկան նրանց ընդառաջ:

Բոլորը ապշահար էին. ծագումով գալիլիացի առաքյալները, որ անկիրթ և անուսում մարդիկ էին, սկսեցին խոսել մի ուրիշ, բոլորովին այլ երկրի լեզվով: Բազմության մեջ կային և՛ հույներ, և՛ հայեր, և՛ պարթևներ, և՛ արաբներ, և՛ մարեր ու ասորիներ ու նրանցից յուրաքանչյուրը, տարակուսած այդ նոր ու անակնկալ երևույթից, լսում էր իրեն հարազատ լեզվով Աստծո գործերի մասին պատմություններ ու փառաբանություններ: Բոլորը զարմացած հարցնում էին միմյանց. «Ի՞նչ է այս նշանակում»: Իսկ ուրիշները ծաղրելով ասում էին. «Նոր գինուց հարբած են» (Գործք Առաքելոց 2:12-13):

Հոգեգալստյան օրը Սուրբ Հոգու զորությամբ գոտեպնդված Պետրոս առաքյալը քարոզեց հավաքված բազմության առջև ու շուրջ 3000 հոգի մկրտվելով միացան նորակազմ եկեղեցուն:

Նա Սուրբ Հոգով լեցուն սկսեց առաջին քրիստոնեական քարոզը. «Ո՛վ հրեաստանցիներ և դուք բոլորդ, որ հիմա Երուսաղեմում եք գտնվում. իրականությունն իմանալու համար լսեցե՛ք, ինչ որ պիտի ասեմ… Աստված Ինքը ցույց տվեց ձեզ, որ Իր ընտրյալը Նազովրեցի Հիսուսն էր, որի ձեռքով Աստված ձեր մեջ կատարեց Իր սքանչելի գործերը, հրաշքներն ու նշանները…Նա Աստծո սահմանած ծրագրի և կանխագիտության համաձայն, ձեր ձեռքը հանձնվեց, և դուք, անօրենների ձեռքով խաչափայտի վրա գամելով նրան, սպանեցիք: Բայց Աստված Նրան հարություն տվեց՝ քանդելով մահվան կապանքները: Եվ Աստծու աջ ձեռքով բարձրանալով, Սուրբ Հոգու խոստումը ընդունելով Հորից՝ սփռեց այս, որ դուք այժմ տեսնում եք ու լսում, ուստի ապաշխարեցե՛ք և մկրտվե՛ք Տեր Հիսուս Քրիստոսի անունով՝ մեղքերի թողության համար, և դուք նույնպես պիտի ընդունեք Սուրբ Հոգու պարգևը» (Գործք Առաքելոց 2:14-39):

Ի հիշատակ այս հիասքանչ իրադարձության, տոնը կոչվեց Հոգեգալուստ:

Սուրբ Հոգու գալստյան տոնը, ըստ երանելի Օգոստինոսի, առաքելադիր է, հաստատվել է դեռևս առաքյալների օրոք, և ամենավաղ ժամանակներից ի վեր հանդիսավորապես նշվել բոլոր եկեղեցիների կողմից:

Հոգեգալուստի օրը Սուրբ Հոգին հրեղեն լեզուներով լուսավորեց միասիրտ սիրով միավորված աշակերտներին, ովքեր, տարբեր լեզուներով խոսելով, դարձան Աստծո խոսքի թարգմանները ազգերի մեջ և միավորեցին բաժանված ժողովուրդներին Քրիստոսի խաչով:  Նրանք արիացան ու զորացան, սկսեցին խոսել այն երկրների ու ժողովուրդների լեզուներով, որտեղ որ պետք է քարոզեին քրիստոնեությունը: Ըստ Ներսես Լամբրոնացու՝ Պետրոսը խոսեց լատիներեն, Փիլիպոսը՝ արաբերեն, Թոմվասը՝ եթովպերեն, Թադեոսը՝ հայերեն և այլն: Առաքյալները Սուրբ Հոգու նորոգող ու կենդանարար հուրը տարան ողջ տիեզերքով մեկ: Սուրբ Հոգին Իր էջքով նոր սքանչելիք գործեց` կյանքի հոտ ու անմահության բույր հեղելով Երուսաղեմի վրա և լիացնելով քաղաքը: Առաքյալների միջոցով Սուրբ Հոգու անուշահոտությունը լցվեց ամբողջ տիեզերքը, ինչպես Պողոսն է ասում. «Քանի որ Քրիստոսի բուրմունքն ենք Աստծու առաջ` և՛ փրկվածների մեջ, և՛ կորստյան մատնվածների մեջ» (Բ Կորնթացիներ 2:15):

Սուրբ Հոգին Սուրբ Երրորդության երրորդ անձն է

Սուրբ Հոգին անեղ, անժամանակ ու կատարյալ է: Ծնունդ չէ, այլ բխում է Հայր Աստծուց, Էակից է Հորն ու փառակից Որդուն:

Ավետարանում Սուրբ Հոգին ներկայացվում է որպես մի զորություն, որ գործում է մարդկանց մեջ զանազան կերպերով: Սուրբ Հոգին մի դեպքում ներկայացվում է որպես շունչ, քամի, մի ուրիշ դեպքում՝ աղավնի, հրեղեն լեզու, ամպ և այլն: Այս ամենը բնորոշում է ոչ թե նրա էությունը, այլ՝ գործունեությունը: Իբրև կատարյալ Աստված Նա հավասար է Հորը և Որդուն:

Արարիչ Սուրբ Հոգին, Ով արարչության օրերին շրջում էր ջրերի վրա, Նրանով բացվեցին ու փակվեցին երկնքի սահմանները, և բաժանվեցին լեզուներն աշտարակաշինության ժամանակ:

Նա հանեց Իսրայելին Եգիպտոսից և առաջնորդեց Ավետյաց երկիր, լցրեց Մովսեսին և տարածվեց յոթանասուներկու ծերերի վրա (Թվեր 11:25-29): Նա հովիվներին մարգարեներ դարձրեց, տգետներին` ավետարանիչներ, ձկնորսներին` քարոզիչներ, իսկ հեթանոսներին` վարդապետներ ու նրանց առաքեց աշխարհով մեկ: Նա բաժանված լեզուները կրկին միավորեց ու վերստին նորոգեց: Նա է խուլերին լսել տալիս և համրերին` խոսել, անմիտներին իմաստուն է դարձնում և մանուկներին հավատի մեջ հաստատում: Նա է վերստին հոգևոր ծնունդ Տվողը` Իր գութը սփռելով ծնվածների վրա, օրըստօրե մարդասիրաբար մաքրելով նրանց հնության տկարությունից: Նրանով է լինելու նաև համընդհանուր հարությունը, և Նա է արդարների ու մեղավորների համար արժանի տեղեր պատրաստում: Եվ ինչպես Աստված փակեց Դրախտը բոցեղեն սրով և պահեց Կենաց ծառի ճանապարհը, այդպես էլ այսօր առաքեց Սուրբ Հոգին կրակի նմանությամբ՝ պահելու և պարսպապատելու համար սուրբ Եկեղեցին, որպեսզի սատանան այնտեղ չմտնի և ավերածություն չգործի, քանզի սատանան Սուրբ Հոգու կրակից հույժ սարսափում է:

Սուրբ Հոգին Տիրոջ հարությունից յոթ շաբաթ հետո իջավ առաքյալների վրա, ինչը ակնարկում է Սուրբ Հոգու յոթնարփյա շնորհները, որոնք տրվեցին առաքյալներին: Դրանք են` իմաստությունը, գիտությունը, զորությունը, հանճարը, խորհուրդը, աստվածպաշտությունը և երկյուղը:

Հոգեգալստյան տոնը

Հոգեգալստյան տոնը լրումն է տերունական տոների: Այս տոնն ազատարար է և պարգևիչ, քանի որ մեզ ազատեց ապականության ծառայությունից և վերադարձրեց մեր հայրենի ժառանգությունը`Դրախտը: Այն կոչվում է նաև Պենտեկոստե, որը հունարեն բառ է և նշանակում է հիսուներորդ: Տոնը այս կերպ է անվանվում, քանի որ Հոգեգալուստը տեղի ունեցավ Հիսուս Քրիսոտսի Հարությունից հետո 50-րդ օրը: Սկզբնական շրջանում տոնակատարման ընթացքը 3 օր էր ու կոչվում էր նաև Տոն Երրորդության: Սակայն Ներսես Շնորհալի հայրապետի (12-րդ դար) կարգադրությամբ Հոգեգալուստը յոթօրյա տոն եղավ՝ յոթնյակն էլ պահք հռչակելով: Այս շաբաթապահքը կոչվում է նաև Եղիական պահք, քանի որ Հոգեգալուստին հաջորդող առաջին կիրակի օրը կարդացվում է Եղիա մարգարեի պատմությունը (Դ Թագավորներ 1-5): Ներսես Շնորհալին տոնի ծիսակարգը հարստացրեց շարականներով և ընթերցվածներով:

Հայ եկեղեցում Հոգեգալստյան տոնը ունի 35 օրվա շարժականություն, ուստի կատարվում է մայիսի 10-ից հունիսի 13-ը ձգվող ժամանակամիջոցի համապատասխան կիրակի օրը:

Սուրբ Հոգու գալստյամբ Քրիստոսի եկեղեցին ավելի ընդարձակվեց և ընդունվեց աշխարհի և ազգերի կողմից: Այս տոնով Հայ եկեղեցում ավարտվում է Հինանց շրջանը:

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

15.05.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․