21 Դեկտեմբեր, Շբ
Յոթ մահացու մեղքերից մեկը` բղջախոհությունը, բոլոր ժամանակների ամենատարածված մեղքերից է: Այն որսում է մարդու միտքը և բոցավառվում, կրակի պես սկսում այրել մարդու հոգին և մարմինը, մղում՝ պոռնկության, շնության և այլ մեղքերի, որոնք մարդուն հավիտենական կործանման են տանում: Դեռևս հին ժամանակներում Եզեկիել մարգարեն Սոդոմ քաղաքի կործանման մասին նշում է երեք պատճառ, որոնց արդյունքում մարդիկ հեռացել էին Աստծուց և մատնվել անարգ կրքերի, որոնց մասին Պողոս առաքյալն է նաև նշում (Հռոմ. 1:26-32): Եզեկիել մարգարեի նշած երեք պատճառներն էին՝ ամբարտավանությունը, հացով լիացածությունը և գինու մեջ հղփացածությունը. «Քո քրոջ՝ Սոդոմի անօրենությունն այս էր՝ ամբարտավանություն, հացով լիացածություն, գինու մեջ հղփացածություն։ Մեղկ կյանք էին վարում ինքն էլ, դուստրերն էլ։ Դրա մէջ էին խրված ինքն էլ, դուստրերն էլ։ Ձեռք չէին մեկնում աղքատին ու տնանկին, մեծամտանում էին ու իմ առաջ անօրենություններ անում։ Ու երբ դա տեսա՝ մեջտեղից վերացրի նրանց» (Եզեկ. 16:49-50): Հետևաբար, տեսնում ենք, թե բղջախոհությունն ինչպիսի անկման է մարդուն հասցնում: Աբբա Եսային բղջախոհության փորձության հինգ պատճառ է նշում` դատարկաբանություն, փառամոլություն, չափից շատ քնելը, գեղեցիկ հագուստների հանդեպ մոլուցքը, հղփացած լինելը: Սուրբ հայրերը ուսուցանում են, որ բղջախոհության և դրանից բխող մեղքերի, ինչպես օրինակ` պոռնկության մեղքի մեջ նա է ընկնում, ով դրանից առաջ արդեն ընկել է այլ գլխավորող կրքի մեջ` որկրամոլության, ցանկասիրության, հպարտության, փառասիրության, փառամոլության, դատապարտության, բարկության, մեծամտության, այսինքն` ինքն իր մասին մեծ կարծիք ունենալու մեջ: Սբ. Նիկոդեմոս Աթոսացին մատնանշում է, որ բղջախոհության պատճառներից և առիթներից խուսափելը ենթադրում է. առաջին` խուսափել և փախչել այն անձանց հետ շփվելուց, որոնք կարող են գայթակղության առիթ դառնալ: Երկրորդ` փախչել անգործությունից և ծուլությունից, խոհեմաբար վարել սեփական գործերը, որոնց անհրաժեշտությունը պայմանավորված է մարդու դիրքով: Երրորդ` հնազանդ լինել և կատարել նույնիսկ այն հանձնարարությունները, որոնք հակառակ են քո կամքին և հակումներին, այսինքն՝ խոնարհ լինել: Չորրորդ` մերձավորին չդատել, հատկապես բղջախոհության համար: Հինգերորդ` ուշադիր և զգաստ լինել սեփական անձի նկատմամբ: Երբեք մի՛ մտածիր, թե ինքդ ինչ-որ արժեք ունես, կարողացել ես հաղթահարել բղջախոհությունը: Միշտ պետք է հիշել, որ ողջախոհությունը Աստծո պարգևն է, և երբեք չհպարտանալ սեփական ողջախոհությամբ: Բղջախոհության պատճառները կարող են լինել արտաքին և ներքին, որոնք պետք է իսկույն չեզոքացնել: Արտաքին պատճառներն են՝ տեսողության ազատությունը, և ընդհանրապես հինգ զգայարանները: Ներքին պատճառներն են՝ նախ մարմնի հանգիստ վիճակը, բավարարվածությունը, երկրորդ՝ պիղծ խորհուրդները, որոնք ծագում են կամ ինքնին՝ նախկինում տեսած, լսած կամ զգացած երևույթները հիշելիս կամ դևերի միջոցով, որոնք հարուցում են նման խորհուրդներ: Մարմնի հանգիստ և բավարար վիճակին պետք է հակադրել խիստ պահքը, գիշերային արթնությունը, մասնավորապես հրաժարվել փափուկ անկողնում քնելուց, ինչպես նաև ծնրադրությունները: Իսկ պիղծ խորհուրդների դեմ պետք է պայքարել Սուրբ Գրքի և հայրերի գրվածքների ընթերցանությամբ, հոգևոր մտորումներով: Ընդ որում, չի կարելի զրույցի բռնվել բղջախոհության պիղծ խորհուրդների հետ և այլն: Բղջախոհության պիղծ խորհուրդներին ընդհանրապես պետք չէ անդրադառնալ, այլ փորձել դրանք մեղմել և չեզոքացնել հոգևոր երևույթների վերաբերյալ մտորումներով: Մարդ երբեք չպետք է վստահի ինքն իրեն և իր մարմնին, որքան էլ ողջախոհ լինի: Այս մոլությունն այնքան կենսունակ է, որ ընդունակ է հանկարծակի բռնկվել և տարիների քրտնաջան աշխատանքը մի ակնթարթում ոչնչի վերածել: Հիսուս ասում է, որ զգո՛ւյշ եղեք ինքներդ ձեզանից. գուցե ձեր սրտերը ծանրանան զեխությամբ և հարբեցողությամբ ու աշխարհիկ հոգսերով (Ղուկ. 21:34): Մարդն առանց Աստծո օգնության չի կարող ազատագրվել բղջախոհությունից: Երբ մեկը կարծում է, թե իր գործերով, ճգնություններով կարող է ազատագրվել բղջախոհությունից, ուրեմն նրա մեջ գլուխ է բարձրացրել հպարտությունը: Իսկ Աստված, թեկուզ սրբության ձգտող մարդու հպարտությունը կոտրելու, նաև խոնարհեցնելու համար, թույլ է տալիս, որ նա չարաչար փորձությունների մեջ ընկնի: Դա նշանակում է, որ բղջախոհության դեմ պայքարի կարևոր նախապայմաններից է խոնարհությունը: Բղջախոհությունն արմատախիլ անելու և ողջախոհություն ձեռք բերելու կարևոր նախապայմաններից են նաև հեզությունն ու համբերությունը: Այս առաքինությունները բղջախոհության հուրը մարող հզոր միջոցներ են: Բղջախոհության դեմ հոգևոր պայքարի համար մտքի սթափություն է անհրաժեշտ: Պետք է հեռու լինել մեղքի պատճառից ու առիթից: Զգացմունքները հեռու պահել դրանցից: Անհրաժեշտ է բարկության միջոցով վտարել անմաքուր մտքերը: Այստեղ է, որ բարկությունը ծառայում է որպես հոգու ուժ` վանելով և վտարելով շարունակաբար դեպի բանականության դաշտ եկող չարախորհուրդ, անմաքուր մտքերը: Զգայական, գայթակղիչ տպավորություններից և մտքերից անհրաժեշտ է անցում կատարել դեպի բարոյական և ուսուցողական մտքերը: Մերձավորներին չդատել, հանդարտ, հեզ և համբերատար լինել: Հաղորդակից լինել եկեղեցու Սուրբ Խորհուրդներին: Մեղքերի խոստովանությունը, պահքը, աղոթքը, խոնարհությունը լավագույն հոգևոր զենքերից են բղջախոհության դեմ: Հիշել, որ մահկանացու ենք և Տիրոջ առջև պատասխան ենք տալու մեր մեղքերի համար: Պատշաճ հագուստ կրել: Ամեն անկումից հետո ապաշխարությամբ անմիջապես ոտքի կանգնել և Աստծո օգնությամբ շարունակել պայքարը: Մշտապես լեցուն լինել հույսով և հավատով: Կյանքին և իրողություններին նայել աստվածային սիրո գիտակցությամբ, ուր այդ լույսի ճառագայթների մեջ անէանում, չքանում են բոլոր անմաքուր, չար մտքերը: Սակայն հարկ է նշել, որ այս պայքարը սովորաբար չի վերջանում մինչև մահ: Այն անձը կարող է բղջախոհության մեղքը հաղթահարել, ում Աստված օգնում է: Ով Աստծո օգնությամբ հարատևում է ողջախոհության առաքինության մեջ:
Սբ. Հովհաննես Կրոնշտադտացին մի հետաքրքիր դիտարկում է անում, որ հոգու հիվանդությունների (կրքերի) բուժումը լիովին տարբերվում է մարմնական հիվանդությունների բժշկումից: Մարմնական հիվանդությունների դեպքում պետք է կանգ առնել հիվանդության վրա, մեղմ միջոցներով խնամել ցավոտ հատածը, տաք ջրով, տաք միջոցներով և այլն, իսկ հոգևոր հիվանդությունների դեպքում այդպես չէ, հիվանդությունը հարձակվել է քեզ վրա, ուշադրությամբ կանգ մի՛ առ դրա վրա, մի՛ խնամիր այն, անձնատուր մի՛ եղիր նրան, մի՛ ջերմացրու, այլ՝ հարվածի՛ր, խաչի՛ր այն: Ամբողջապես նրան հակառակ գործիր, այսինքն` քեզ համակել է ատելությունը մերձավորի նկատմամբ, արագ խաչիր այն և անմիջապես սիրիր մերձավորիդ, համակել է ժլատությունը, արագ կերպով եղիր առատաձեռն, համակել է նախանձը, արագ կերպով եղիր բարին կամեցող, համակել է հպարտությունը, արագ խոնարհվիր մինչև գետին, համակել է արծաթասիրությունը, արագ գովաբանիր անշահասիրությունը և ջանադիր եղիր դրան հասնել: Եթե թշնամանքի ոգով ես տառապում, սիրիր խաղաղությունն ու ձգտիր դեպի աստվածային սիրո լույսը, եթե հաղթում է որկրամոլությունը, արագ ջանադիր եղիր ժուժկալության և պահքի մեջ: Այսպիսով, հոգու հիվանդությունների բժշկության արվեստն ամբողջապես նրանում է, որ պետք է ոչ թե մի փոքր ուշադրություն դարձնել դրանց վրա և փոքր-ինչ անձնատուր լինել, այլ՝ անմիջապես մերժել և հեռու վանել քեզնից:
Պատրաստեց Հովհաննես Մանուկյանը