21 Դեկտեմբեր, Շբ
Յուրաքանչյուր անձ ունի իր կյանքը յուրովի կերտելու առանձնահատուկ արժեքի անկրկնելիությունը՝ ազատության և ինքնիշխանության արժանապատվությամբ, որը բացահայտում է Աստծո պատկերով ու նմանությամբ ստեղծված լինելու իսկությունը: Բայց այդ յուրահատկությունը կորցնում է իր արժեքը, երբ անձն իր ազատ կամքի արտահայտությամբ հայտնվում է որևէ արարածի ստեղծած իրողության մեջ՝ դառնալով ոչ թե իրողություն ստեղծող ու համագործակից Աստծո կամքին, այլ՝ որպես մեկ ուրիշի ծրագրավորած իրողության մասնիկ, հանդիսատես և հետևորդ՝ կորցնելով իր աստվածանմանության ձգտման յուրահատկությունը: Մարդիկ, որոնք հետևում են հորոսկոպների կանխատեսումներին և խորհուրդներին, կամա, թե ակամա հայտնվում են այդ ստեղծված իրողության սահմաններում և ուղղորդվում ապրել այնպես, ինչպես դա է իրենց թելադրում, որը նրանց զրկում է ազատ կամքի ընտրության հնարավորությունից: Ընդհանուր առմամբ հորոսկոպները այլոց կողմից մարդու կյանքը կառավարելու միջոցներ են:
Շատերը կարծում են, թե հորոսկոպները հետաքրքրաշարժ և ժամանցային նյութեր են, որոնք կարող են լուսաբանել հետագա քայլերի ու ապագային առնչվող հարցեր: Այս առումով հատկապես մի շարք լրատվամիջոցներ, հեռուստաալիքներ, տեղեկատվական կայքեր փորձում են ներառել տարբեր հորոսկոպներ, որոնց միջոցով փորձում են հնարավորինս շատ մարդկանց ուշադրությունն ուղղել դեպի իրենց կողմը, սակայն արդյո՞ք աստվածահաճո է նման քայլը: Միանշանակ կարող ենք ասել՝ ո՛չ, քանի որ ամեն գնով փող աշխատելու ձգտումը, մոլուցքը մարդուն հեռացնում է Աստծուց և տանում դեպի հավիտենական կործանման: Հորոսկոպներն ամենևին էլ անվտանգ նյութեր չեն մարդու համար: Աստվածաշունչը հստակ զգուշացնում է հեռու մնալ նման երևույթներից. դրանք չեն արտահայտում Աստծո կամքը (Բ Օր. 18.9-12), (Եսայի 47.13-14)։ Հորոսկոպները կապված են աստղագուշակության հետ, որոնք իսկության մեջ ներգործում են չար ոգիների ազդեցությամբ: Առաջին հայացքից թվում է, թե պարզ ու հասարակ, ժամանցային, հետաքրքրաշարժ, օգտակար նյութեր են, բայց իրականում մարդը հայտնվում է վտանգավոր սահմաններում, քանի որ չար ոգիներն իրենց վերապահում են միջամտել տվյալ մարդու կյանքին, ով իր կամքի հավանությունն է տվել հորոսկոպներին: Մեզ համար պետք է հստակ լինի, որ միայն Աստված գիտի ապագան ու հետագա ընթացքը, և մնացյալ բոլոր ուղիներից բխող կանխատեսումները հիմնված են հավանականության տեսության վրա և կեղծ են ու ոչ ճշմարիտ: Դրանք կարող են երբեմն համընկնել իրականությանը, երբեմն՝ ոչ: Ուստի, այդպիսի հավանակության տեսության վրա են հիմնված հորոսկոպները, որոնց հիմքերը բխում են հեթանոսական աշխարհի կռապաշտական արարողություններից ու սիմվոլներից: Քանի որ հորոսկոպներն անմիջականորեն կապված են աստղագուշակության, աստղերի միջոցով գուշակություններ անելուն, դրանց վերաբերյալ սուրբ հայրերը նշում են, որ աստղերը չեն կարող ազդել մարդու վրա, որովհետև մարդն ավելի բարձր է, քան աստղերը: Սբ. Գրիգոր Տաթևացին մատնանշում է, թե խիստ անպատվություն է, երբ մեծը փոքրին է ծառայություն մատուցում, մինչդեռ մարդն աստղերից մեծ է, որովհետև դրանք մարդու համար ստեղծվեցին (Ծննդ. 1.17): Սուրբ Գիրքը զգուշացնում է. «Դեպի երկինք նայելով. արեգակը, լուսինը, աստղերն ու երկնքի բոլոր զարդերը տեսնելով չմոլորվեք, դրանց չերկրպագեք ու դրանք չպաշտեք» (Բ Օր. 4.19): Սբ. Գրիգոր Տաթևացին ընդգծում է, թե ովքեր ասում են, որ մարդկանց չար և բարի սովորույթները լուսատուներից են, դա մոլորություն և սուտ է, որովհետև անշունչ այդ մոլորակները չունեն ո՛չ կամք, ո՛չ բանականություն և ո՛չ էլ դրանից բխող ներգործություն: Մարդկանց միտքը և կամքը շատ ավելի բարձր են, քան երկնային մարմինները: Ուրեմն, երկնային մարմիններն ինքնուրույնաբար չեն կարող ինչ-որ բան հեղել կամ ներարկել մարդկանց մտքի և անձնիշխանական կամքի մեջ: Սբ. Հովհան Դամասկացին ասում է, որ աստղերի միջոցով մարդիկ կարող են հասկանալ եղանակի ընթացքը, բայց դրանք չեն որոշում մարդու կյանքի ուղին, որովհետև մարդն ունի ազատ կամք և բանականություն, և ինքն է որոշում ու ընտրում իր ճանապարհը, այլ ոչ թե անշունչ աստղերը: Այնուամենայնիվ, բազմաթիվ մարդիկ դիմում են հորոսկոպների օգնությանը: Ինչո՞ւ է մարդը դիմում հորոսկոպներին, որովհետև չի վստահում Աստծուն, հավատքի մեջ թերահավատ է և լրջությամբ չի մոտենում քրիստոնեական կյանքին: Սակայն Աստվածաշունչն ասում է. «Այսպես է ասում Տերը. «Մի՛ սովորեք գնալ հեթանոսների ճանապարհներով և մի՛ զարհուրեք երկնքի նշաններից, որոնցից նրանք են վախենում» (Երեմ. 10.2): Սուրբ Հովհան Ոսկեբերանը մարդկանց կոչ է անում չվստահել գուշակություններին և թե այս կամ այն օրը երջանիկ կամ դժբախտ կարող է լինել: Ներկայիս հորոսկոպները լեցուն են այդպիսի կանխագուշակություններով: Սբ. Հովհան Ոսկեբերանը նշում է՝ եթե որևէ մեկը հավատում է, որ օրը լինում է երջանիկ կամ դժբախտ, նա չի ձգտի դժբախտ օրը բարի գործեր անել՝ մտածելով, որ ոչ բարենպաստ օրն անտեղի է գործել, քանի որ միևնույն է ոչինչ չի հասցնի: Այսպիսով, ընդհակառակը, երջանիկ օրը նույնպես ոչինչ չի ձեռնարկի՝ հուսալով, որ իր անփութության համար իր լավ օրը չի տուժի: Արդ, մենք պետք է խուսափենք այսպիսի մոլություններից, որոնք իսկության մեջ չար ոգիների կողմից ներշնչված մտքեր ու ծուղակներ են հորոսկոպների միջոցով, որոնք այդ կերպ փորձում են կառավարել մարդու օրը և ընդհանրապես կյանքի ընթացքը: Սբ. Գրիգոր Աստվածաբանը նույնպես կարծում է, որ ապագան հորոսկոպի միջոցով իմանալն անհնարին է, որովհետև մարդու հետագան կախված է նրա անհատական ընտրությունից և տվյալ իրողության պատճառներից ու հանգամանքներից, այլ ոչ թե աստղերից: Սակայն, որոշ դեպքերում, ասում են, թե աստղային կանխատեսումները համընկնում են իրականությանը: Հարցն այն է, որ դրանք զուգադիպություններ, պատահական համընկնումներ, ներշնչման հետևանք են, երբ անձն ինքն իրեն ներշնչում է, թե տվյալ հաջողության կամ դժբախտության պատճառը աստղագուշակի գուշակության արդյունքն է: Օգոստիոս Երանելին նմանապես խոսում է աստղագուշակության մասին, որ դա չար ուժերի տիրապետության ներքո է: Նա նշում է, որ չար ոգիները մարդու առջև բացահայտում են նրա անցյալից որոշ դրվագներ և կատարում կանխատեսումներ, որոնք երբեմն կարող են համընկնել հանգամանքներին, սակայն դրանք մարդկանց տանում են մոլորության և կործանման: 1960-ական թվականներին նախկին աստղագետ Մ. Գոկվելինը կատարում է մի հետազոտություն և համեմատում ավելի քան հինգ հազար հորոսկոպ, ուր բացահայտում է, որ դրանց կանխատեսումները ճշգրիտ չեն, հաճախ հակասում են միմյանց և վստահելի տեղեկություններ չեն: Արդ, ով վստահում է հորոսկոպներին, հայտնվում է այդ մոլորության սարդոստայնում: Իսկ ով հավատում, վստահում է Հիսուս Քրիստոսին, ամենևին կարիք չունի հորոսկոպների, որովհետև Երկնային Նախախնամության հոգածության ներքո է և տեսնում է իր հետագա կյանքի ընթացքը և ապագայի լուսավոր հորիզոնը:
Պատրաստեց Հովհաննես սրկ. Մանուկյանը