21 Դեկտեմբեր, Շբ
Մի գյուղում երաշտ է լինում, մարդիկ նույնիսկ խմելու ջուր չեն ունենում: Ծեր վանականն անցնելիս է լինում այդ կողմերով ու հեռավոր մի վայրում գտնվող ջրհորի մասին պատմում, որտեղից կարող են խմելու ջուր վերցնել: Այնուհետև բոլորին առաջարկում իր առաջնորդությամբ գնալ այդ ջրհորը և ջուր բերել: Երբ ճամփա են ընկնում, տեսնում են, որ գյուղի վաճառականն ուղտի վրա նստած թռվռալով սլանում է դեպի այդ ջրհորը՝ հիացած գոչելով՝ սա իմ ուղին է, սա իմ ուղին է: Ծեր վանականի աշակերտը հարցնում է.
-Հայր Սուրբ, ինչո՞ւ տխրեցիք, երբ վաճառականին տեսաք ուղտով դեպի ջրհորը սլանալիս և մեզանից առաջ անցնելիս:
Ծեր վանականը պատասխանում է.
-Որդյա՛կս, տարբեր ուղիներ կան ջրհոր հասնելու համար: Մենք քայլում ենք մի անշուք ճանապարհով, սակայն դա ամենակարճ ուղին է, իսկ վաճառականն ընտրեց ամենից երկար ճանապարհը, որով ջրհոր մեկ ամիս անց միայն կարող է հասնել… հենց դրա համար էլ տխրեցի…
Աշակերտն ասում է.
-Իսկ նկատեցի՞ք, որ վաճառականն ինչքան մեծ հիացմունքով էր գնում, բայց նրանից ավելի մեծ ոգևորության և հիացմունքի մեջ ուղտն էր…
Ծեր վանականը պատասխանում է.
-Որովհետև այդ տափաստանային ճանապարհին նրանք հանդիպելու են միայն փուշ ու տատասկի, որոնք չափազանց առատ են այնտեղ ու դրախտավայր է այն ուղտի համար…
Հովհաննես Մանուկյան