«Երանի՜ նրանց, որ հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը» (Մտթ. 5:10):
Արդարության մասին խոսելիս Քրիստոս նկատի չունի աշխարհիկ արդարությունը: Օրինակ՝ ահաբեկիչները գնացին ու սկսեցին Ամերիկան ռմբակոծել, ըստ աշխարհիկ արդարության՝ Ամերիկան էլ պետք է ահաբեկիչներին ռմբակոծի ի պատասխան: Եվ ասում են, որ դա է արդարությունը՝ դու ինձ խփեցիր, ես էլ քեզ կխփեմ: Քանի որ դու ինձ հետ անարդարացիորեն ես վարվել, ես էլ իրավունք ունեմ քեզ հետ անարդարացի լինելու:
Կամ, օրինակ, մենք դաշտ ունենք. աշխարհիկ տրամաբանությանը հետևելով՝ այն պետք է երկու հավասար մասերի բաժանել: Պետք է չափել այն ու բաժանել, ինչը ևս վատ չէ, սակայն այն արդարությունը չէ, ինչի մասին խոսում էր Քրիստոս: Աստծու արդարությունն այլ է, այդ պատճառով էլ աբբա Իսահակն ասում է. «Եթե ասես, որ Աստված արդար է, նույնն է թե՝ հայհոյես Աստծուն, որովհետև Նա արդար չէ: Քանի որ ինչպե՞ս է արդար, եթե Իր բարիքները տալիս է բոլորին անխտիր: Նա իր արեգակը ծագեցնում է չարերի և բարիների վրա և անձրև է թափում արդարների և մեղավորների վրա (Մտթ. 5:45)»: Աստված բոլոր մարդկանց սիրում է և ոչ մի տարբերություն չի դնում նրանց միջև: Նա աշխարհիկ տրամաբանություն չունի:
Ըստ էության, անիրավությունն այն է, երբ որևէ մեկն անարդարացիորեն է վարվում ինքն իր հետ: Իսկ մենք ե՞րբ ենք անարդարություն կրում: Երբ Աստծու հետ ոչ ճիշտ հարաբերություններ ենք ունենում: Դա էլ հենց անիրավությունն է (անարդարությունը), որովհետև այդժամ մեր «ես»-ը հիվանդ է, տկար ու թույլ: Իսկ արդարությունն այն է, երբ ճիշտ հարաբերություններ ունես Աստծու հետ, և որպես հետևանք նաև բոլոր մարդկանց հետ: Արդարությունն այն է, երբ Աստծու ոգու համեմատ ես գործում:
Քրիստոս ի՞նչ է ասում: «Իսկ ես ձեզ ասում եմ. չարին հակառակ չկանգնե՛լ. այլ եթե մեկը քո աջ ծնոտին ապտակ տա, նրան մյո՛ւսն էլ դարձրու» (Մտթ. 5:39): Աշխարհիկ դատողությամբ՝ խելագարություն է, այնպես չէ՞: Շատերը, հատկապես երիտասարդությունը, այսօր ասում են.
- Ի՞նչ է, մենք զո՞հ ենք, հիմա՞ր ենք, ապո՞ւշ: Որպեսզի մեկը գա ու ինձ խփի, իսկ ես չարձագանքե՞մ: Այսինքն՝ ողջ կյանքը խելագար լինե՞մ:
Այսպիսին է աշխարհիկ տրամաբանությունը, այսպես է մարդը դատում: Իսկ Քրիստոս գալիս ու ասում է մեզ. Երանի՜ նրանց, որ հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը:
Երբ մարդ հալածվում է արդարության համար, չի նշանակում, որ անպատճառ պետք է գտնել նրան հալածողին, միգուցե նրան ոչ ոք չի հալածում, միգուցե այժմ հալածանքներ չկան, սակայն մարդն ինքը պետք է հալածի իր կրքերը: Օրինակ՝ մարդիկ այսօր դատում են նրանով, ինչն իրենց դուր է գալիս.
- Իսկ ինձ դա դուր է գալիս,- ասում է քեզ ու հարցնում.- Իսկ մի՞թե վատ է: Ինձ դա դուր է գալիս, և ես մարդկանց ու նրանց արարքները դատում եմ ըստ նրա, ինչ ինձ է դուր գալիս:
Եվ մենք պետք է համոզենք մյուսներին՝ երիտասարդին, երեխային, պատանուն, որ եթե մի բան քեզ դուր է գալիս, ապա ամենևին չի նշանակում, որ պետք է դա անել, ինչպես նաև չի նշանակում, որ դա լավ է: Այն կարող է քեզ դուր գալ, բայց վնասակար ու կործանարար լինել քեզ համար: Պետք է սովորել հեռու վանել հին «ես»-դ, որին ինչ ասես դուր է գալիս, և ընդդիմանալ նրան:
Մեկը գալիս, չարախոսում ու վիրավորում է քեզ, և դու էլ ես ուզում նրան ինչ-որ վատ բան ասել, ուզում ես ազատություն տալ քեզ ու հարվածել նրան, սակայն զսպում ես քեզ, հավաքվում, որպեսզի նման կերպ չարձագանքես: Դա հենց այն դիմադրությունն է, որ մարդը ցուցաբերում է իր կրքերին:
Այսօր, օրինակ, պահոց օր է, և դու ասում ես. «Պա՛հք կպահեմ», և այստեղ ինչեր ասես, որ չեն սկսվում. «Գլուխս պտտվում է, խորովածի հոտ է գալիս, ես շնչեցի այդ բույրը, և դա նույնն է, թե խորոված կերա: Ուրեմն բռնեմ ու իսկապես ուտեմ: Հո չե՞մ կարող միայն հոտ քաշել դրանից: Եթե արդեն բույրը շնչել եմ, ախորժակս գրգռվել է և ցանկացել եմ այն, նույնն է թե՝ կերել եմ»: Բայց դու, սակայն, քեզ ասում ես. «Չէ՛, նման բան չեմ անի», և ընդդիմանում ես: Որովհետև պիտի հասկանաս, որ հոգևոր կյանքը պայքար է և եթե չվճռես պայքարել, ո՛չ ընդհանրապես կյանքում կկարողանաս առաջ գնալ, ո՛չ էլ հոգևոր կյանքում մասնավորապես:
Մկրտության ժամանակ քահանան Սուրբ Խաչի նշանով կնքում է մեր ողջ մարմինը, եթե հիշում եք, որովհետև, ցավոք, Մկրտությունն այսօր ներկայացում է, աշխարհիկ ծես, երբ նայում ես, թե ինչպես է կատարվում: Ոչ ոք չի լսում, թե քահանան ինչ է ասում, ինքն իրեն է խոսում, սակայն Աստված նրան լսում է: Այսպիսով, քահանան սուրբ մյուռոնով կնքում է մարդու բոլոր զգայարանները, որպեսզի կարողանա հոգևոր սպառազինություն ստանալ և հակառակվել մեղքին, կրքերին և այն ուժեղ հոսանքին, որն ուզում է խորտակել նրան:
Դա հեշտ չէ, հեշտ չէ ընդդիմանալ ինքդ քեզ: Շատ դժվար է, և պետք է փոքրից սկսել: Օրինակ, ինձ դուր է գալիս մի բան, որն ինձ չի պատկանում: Իսկ քանի որ այն քոնը չէ, ապա չի կարելի վերցնել: «Այո, բայց ուրիշը դրանից տասը հատ ունի»: Թեկուզև հինգ հարյուր հատ ունենա: Դու չես կարող վերցնել՝ այն քեզ չի պատկանում: Թող այն իր տեղում մնա: Այն փաստը, որ դա քեզ դուր է գալիս, չի նշանակում, որ վերցնելու իրավունք ունես:
Դու մոտոցիկլետ ես ուզում, այն քեզ դուր է գալիս: Իսկ մտածե՞լ ես, որ կան մարդիկ, որոնցից կախում ունես և որոնք անհանգստանալու են քեզ համար: Ինչպե՞ս կարելի է երջանիկ լինել, ուրախանալ և քո ուզածով ապրել՝ ուրիշներին դժբախտացնելով: Եվ ահա նրանք նստել են բազմոցին ու սպասում են, թե երբ ես վերադառնալու տուն, որպեսզի տեսնեն՝ դեռ ո՞ղջ ես, չե՞ս մեռել: Որպեսզի ամեն գիշեր Գողգոթա բարձրանան, իսկ դա քեզ չհետաքրքրի, որովհետև ինձ այդպե՞ս է դուր գալիս: Ո՛չ, մարդը պետք է սովորի ինքն իրեն ընդդիմանալ: Եթե մենք դա չսովորենք և կյանքի այդպիսի ընկալում չունենանք, ապա անհատներ չենք դառնա և ինքներս մեզ կկործանենք:
Հիշում եմ, 1976թ.-ին, երբ առաջին անգամ Սուրբ լեռ՝ Աթոս գնացի, Հայր Պաիսիոսը ճգնավորական մեծ սխրանք էր գործում և ջրից ու մի քանի հում բանջարեղենից բացի ոչինչ չէր ուտում: Նա նիհար էր, կես թոքով և համարյա մահամերձ: Սալոնիկի համալսարանից մի բժիշկ, բարեպաշտ մի մարդ, նրան ասաց.
- Հա՛յր, գոնե մի կտոր հաց կեր: Դա բավարար կլինի, որպեսզի կազդուրվես:
Նա հիվանդ պառկել էր, սակայն ոչ մի դեպքում չէր համաձայնում.
- Ո՛չ, ավելի լավ է մեռնեմ, քան հետ կանգնեմ:
Մարդը նման խիզախ ոգի պիտի ունենա, որպեսզի ամեն ինչի, նույնիսկ մահվան, պատրաստ լինի, բայց չնահանջի: Որովհետև գիտի, որ, եթե դա անի, ապա կանգ կառնի դեպի Աստված տանող իր ճանապարհին:
Ընտանիքում մեծ խնդիր է լինում, երբ ծնողներն ինչ-որ բան են ասում, իսկ հաջորդ օրը փոխում են իրենց կարծիքը: Ճշմարիտ ուղուց շեղված մի մարդու եմ հիշում, որն իր կյանքի մասին պատմելիս հենց դա ասաց ինձ: Նա իր կյանքը վերլուծելով՝ հասկացել էր, որ իր ըմբոստության և տնից փախչելու գլխավոր պատճառն այն էր, որ հայրը ստում էր: Օրինակ, նրան ասում էր.
- Այսինչ բանն արա տանը և ես քեզ մեկ լիրա կտամ:
Իսկ հետո չէր տալիս: Դա նրա մեջ ըմբոստություն էր առաջացրել և հոգեկան մեծ խնդրի պատճառ դարձել:
Երբ մարդը հակառակվում է իրեն, նախ իրենից «հեռու է վանում» հին մարդուն, ստիպում է իրեն, թույլ չի տալիս սրտի ուզածն անել: Ճիշտ է սկզբում դժվարությունների է հանդիպում, որովհետև, ինչպես ասացինք, ստիպված է լինում հատել սեփական ցանկությունները, նախասիրութուններն ու կրքերը:
Հայրերը շատ զգույշ էին նման հարցերում: Մի մենակյաց կար, որ մի բորոտի էր խնամում, որի վիճակն ավելի ու ավելի էր ծանրանում, մինչև որ սկսեց սարսափելի գարշահոտ արձակել և թարախ էր հոսում նրանից: Երբ նա մենակյացի մոտ եկավ, վերջինս զզվանք զգաց և ինքն իրեն ասաց. «Չեմ կարող: Թող մեկ ուրիշի մոտ գնա»: Սակայն հետո հարկադրեց իրեն և որոշեց. «Ո՛չ, կգնա՛ս: Եվ եթե համարձակվես համոզել քեզ, որ դուրս չգաս նրա մոտ, ոչ միայն բորոտ մարմնի սարսափելի հոտը կշնչես, այլև կստիպեմ քեզ ուտել այն: Որպեսզի սովորես չհակառակվել այն գործին, որ պարտավոր ես անել»:
Տեսնո՞ւմ եք, թե սրբերն ինչպես էին ընդդիմանում իրենց անձնասիրությանն ու ինքնագոհացմանը: Հակառակվելով, նրանք ուժեղ բնավորություն, անվեհեր ու մարտիրոսական ոգի էին ձեռք բերում և նմանվում էին արդարության համար հալածվողներին:
Հաճախ ընտանիքներում զանազան խնդիրներ են առաջանում, և ահա, օրինակ, գալիս է բարդ ամուսին ունեցող մի կին և ասում է.
- Այլևս չեմ կարող նրան տանել: Նա ինձ խելագարության է հասցնում: Վերջնականորեն տանջել է ինձ:
Հարցնում ես նրան.
- Իսկ եթե այդ մարդը ոչ թե ամուսինդ լիներ, այլ՝ որդիդ, կվռնդեի՞ր նրան տնից:
- Ո՛չ,- պատասխանում է:
Արդյո՞ք մայրը երեխային տնից դուրս կանի, ինչ էլ որ նա արած լինի: Անհնար է: Նա չի կարող այդպես հեշտ անել դա: Իսկ դա նշանակում է, որ եթե ամուսնուդ մեծ սիրով նայես, ապա համբերատարությամբ կվարվես նրա հետ: Այսինքն՝ մարդն իր կյանքի բոլոր փուլերում համբերություն է քաղում պարզ բաներից. օրինակ՝ մտել ես եկեղեցի ու կանգնել ինչ-որ մեկի կողքին, որը նյարդայնացնում է քեզ՝ հազում է, գարշահոտ է արձակում, անդադար շարժվում է, իսկ դու համբերատա՛ր եղիր, սովորի՛ր համբերատար լինել, մի՛ ընկրկիր, սկսի՛ր փոքրից, սովորի՛ր համբերել, սպասել, հատել սեփական կամքը: Եվ մի՛ շտապիր, մի՛ ցանկացիր, որպեսզի միշտ լինի այնպես, ինչպես քեզ է դուր գալիս և քեզ է հարմար:
«Ճգնավորական խոսքեր»-ում աբբա Դորոթեոսը խոսում է կամքը հատելու մասին՝ ուսուցանելով, որ պետք է սկսել փոքր բաներից և համբերություն ունենալ: Եթե համբերություն չունես, ապա, երբ կրքերը ջրի երես դուրս գան, կարող են քեզ տանել ուր ուզում են, և դու արդեն չես կարող ասել «ոչ», որովհետև միայն համբերություն ունենալ սովորելով կարելի է հակառակվել այդ կրքերին:
Լիմասոլի միտրոպոլիտ Աթանասիոս
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյան