Գրքեր

Ինչո՞ւ կա աղքատություն

2022 թ. հոկտեմբեր ամսին Միացյալ ազգերի կազմակերպությունը իր պաշտոնական էջում նշել էր. «Ներկայիս իրականությունը ցույց է տալիս, որ 1,3 միլիարդ մարդ դեռ ապրում է աղքատության մեջ և նրանց գրեթե կեսը երեխաներ ու երիտասարդներ են»: Կան մարդիկ, որ տեսնելով աշխարհի աղքատ մարդկանց ամենօրյա դառը կյանքը, շտապելով՝ մեղադրում են Աստծուն, որովհետև համոզված են, թե Բարձյալն է մարդկանց բաժանել հարուստ, միջին և աղքատ դասակարգերի. «Տերն է աղքատացնում ու հարստացնում, ստորացնում ու բարձրացնում» (Ա Թագ. 2:7):

Աղքատությունն ունի արտաքին և ներքին պատճառներ: Այլ խոսքով՝ արտաքին են այն պատճառները, որոնց մեջ խնդրո անձը՝ աղքատը, դերակատարություն կամ հանցանք չունի, մինչդեռ ներքին են այն պատճառները, որոնց մեջ խնդրո անձը՝ աղքատը, հանցավոր է, որովհետև անցյալում կատարել է այնպիսի սխալ արարք կամ արարքներ, որոնք պատճառ են հանդիսացել, որ նա արագորեն կամ ժամանակի ընթացքում աղքատանա:

Այս հոդվածի նպատակն է երկրից մտովի բարձրանալ և վերևից տեսնել երկրագնդի տարբեր երկրների մեջ գտնվող աղքատությունը, իմանալ դրա գլխավոր պատճառները և ավարտին հասնել անմիջական լուծումների:

Արտաքին պատճառներ

Աղքատության արտաքին պատճառները շատ են, սակայն այստեղ պիտի քննարկենք դրանցից մի քանիսը՝ պետություն, պատերազմ և աղետներ:

  1. Պետություն: Յուրաքանչյուր պետություն մեծ դեր ունի իր ժողովրդի տնտեսական  մակարդակի բարձրացման կամ անկման մեջ: Ուստի պետությունը մի կողմից պետք է աշխատի, որպեսզի իր երկրի արտադրանքի տեսակներն ու քանակները օրըստօրե ավելանան՝ վաճառելու համար տասնյակ երկրներում, և մյուս կողմից, իր ժողովրդի զավակների ուսերի վրա դնի արդարացի տուրքեր: Ամեն  պետություն իր մշակած օրենքներով կարող է իր ժողովրդին հարստացնել կամ աղքատացնել:
  2. Պատերազմ: Պատերազմը կամ հայրենի հողի բռնագրավումը աղքատության պատճառներից մեկն է: Հայերի դեմ Օսմանյան կայսրության կողմից ծրագրված և գործադրված ցեղասպանության պատճառով սպանվեց ավելի քան 1,5 միլիոն անձ, իսկ ցեղասպանությունից ազատագրվածները աղքատ, սոված ու անտուն հասան այլ երկրներ:
  3. Աղետներ: Լրատվամիջոցներով ամեն տարի տեղեկանում ենք աշխարհում պատահած աղետների մասին՝ հրաբուխներ, երկրաշարժներ, փոթորիկներ և ցունամիներ, որոնք կործանարար ազդեցություն են ունենում այդ երկրների տնտեսության վրա, մինչև իսկ կարող են որևէ գեղեցիկ քաղաքի բարեկեցիկ  ժողովրդին փոխադրել աղքատության դաշտ: Միացյալ ազգերի կազմակերպության՝ Աղետների ռիսկի նվազեցման գրասենյակը տարիներ առաջ նշեց, որ վերջին քսան տարիների ընթացքում աղետների պատճառով կան հարյուր հազարավոր զոհեր և հարյուրավոր միլիարդների վնասներ:

Ներքին պատճառներ

  1. Բազմազավակություն: Աստված մարդուն տվեց երկրի վրա աճելու պատվիրանը. «Աճե՛ք, բազմացե՛ք, լցրե՛ք երկիրը, տիրե՛ք դրան, իշխե՛ք ծովի ձկների, երկնքի թռչունների, բոլոր կենդանիների և ողջ երկրի, ինչպես նաև երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա» (Ծննդ. 1:28), սակայն սա չի վերացնում ծնողների զանազան պարտականությունները իրենց զավակների նկատմամբ՝ նրանց կերակրելու, ուսուցանելու, առողջ պահելու և դաստիարակելու. «Խրատիր քո որդուն և գործի՛ դիր նրան, որպեսզի խայտառակության մեջ չընկնես» (Սիրաք 30:13): Ժողովրդի մեծ թիվը զորություն է ամեն երկրի համար, եթե դրա կողքին կան այլ զորություններ՝ գիտական, բժշկական, տնտեսական, զինվորական և այլն: Ի՞նչ արժեք ունի այն երկիրը, որի բազմազավակության պատճառով ժողովուրդը ապրում է շատ աղքատ՝ ունի կյանքի դժվար պայմաններ՝ սննդի, ջրի, դեղորայքի, ուսման և բնակեցման լուրջ խնդիրներ:
  2. Ծուլություն: Կան մարդիկ, որ ծուլության պատճառով են ճաշակում աղքատությունը: Նրանք չեն սիրում աշխատել և եթե համաձայնվում են աշխատանքի գնալ, ապա պահանջում են հանգիստ աշխատանք, քիչ աշխատանքային ժամեր և բարձր աշխատավարձ: Եվ կան մարդիկ, որ նախընտրում են ողորմություն խնդրել իրենց հարևաններից, ազգականներից, բարեկամներից և կամ ծանոթներից, քան թե գործադրել Տիրոջ պատվիրանը. «Քո հացը քո երեսի քրտինքով ուտես, մինչև որ վերադառնաս դեպի հողը, որից առաջացար. քանի որ հող էիր, հող էլ դառնաս» (Ծննդ. 3:19): Սողոմոն իմաստունը հորդորում է յուրաքանչյուր ծույլ մարդու՝ ասելով. «Ո՛վ ծույլ, մինչև ե՞րբ պիտի պառկած մնաս կամ ե՞րբ պիտի արթնանաս։ Մի քիչ ննջես, մի քիչ նստես, մի քիչ նիրհես, մի քիչ ձեռքերդ կրծքիդ ծալես, այնուհետև չար ուղևորի պես աղքատությունը կհասնի քո վրա, և կարիքը՝ ժիր սուրհանդակի պես» (Առակ. 6:9-11):
  3. Սխալ ընթացք: Պատմությունը վկայում է, որ բազմաթիվ աշխարհահռչակ մարդիկ  կյանքի սխալ ընթացքի պատճառով կորցրին իրենց հարստությունը: Հայտնի անգլիացի ֆուտբոլիստ Ջորջ Բեսթը ամփոփել է իր կյանքը՝ ասելով. «Ես մեծ գումարներ եմ ծախսել խմիչքի, կանանց և արագ մեքենաների վրա, իսկ մնացածը վատնելով վատնեցի»: Մահից առաջ նա լրագրողներին խնդրել է, որ իր լեզվով  երիտասարդներին ասեն. «Մի՛ ապրեք և մի՛ մահացեք Ջորջ Բեսթի ճանապարհով, այլ ապրեք ավելի լավ կյանքով»։  
  4. Չսերտված գործի ծրագիր: Նախքան որևէ անձնական նոր գործ սկսելը, պետք է դրա ծրագիրը քննվի ընդարձակ ձևով՝ գործի տեսակն ու վայրը, դրամագլուխը, գովազդի տեսքն ու բառերը, ժողովրդի նախասիրությունները, ծրագրի հաջողվելու կամ ձախողվելու դեպքում քայլերը, գործի փորձաշրջանը և այլն: Շատ երիտասարդներ են հապշտապ անցել որևէ չսերտված գործի ծրագրի իրականացման, սակայն գործը հաջողությամբ չի պսակվել զանազան պատճառներով, նրանք հիասթափվել են և ընկճվել, կորցրել գումարներ, որի պատճառով էլ խախտվել է նրանց տնտեսական սյունը: 
  5. Անհամերաշխություն: Անհամերաշխության պատճառով հայրական մեծ տան մեջ եղբայրներով ապրելու գաղափարի մերժումը աղքատության պատճառներից մեկն է, որովհետև պապենական այդ տան վաճառքի գումարը պիտի բաժանվի զավակների միջև, որոնցից յուրաքանչյուրը պիտի փորձի թեկուզ մի փոքր տուն գնել և այն կահույքով լցնել: Սա ուրիշ բան չէ, եթե ոչ դրամի վատնում: Միությունը զորություն և հարստություն է, իսկ բաժանումը՝ տկարություն և աղքատություն:
  6. Ցուցամոլություն: Կան մարդիկ, որ անչափ սիրում են գործածել միայն ու միայն համաշխարհային ճանաչված ապրանքանիշեր: Նրանք չեն գիտակցում, որ այդ մտածելակերպը կարող է իրենց մի օր աղքատության հասցնել: Տարիներ առաջ մի անձ ասաց. «Ապրանքանիշերը ամենամեծ մարքեթինգային սուտն են, որ խելացի մարդիկ արել են հարուստներից գողանալու համար, սակայն  աղքատները հավատացին դրան»:
  7. Մսխում:  Շռայլորեն դրամ ծախսելը դեպի աղքատություն տանող ճանապարհներից մեկն է: Ղուկասի ավետարանում կարդում ենք, որ անառակ որդին, ստանալով իր բաժինը հորից, գնաց հեռու աշխարհ, այնտեղ վատնեց իր ունեցվածքը, չքավոր դարձավ այն աստիճան, որ նույնիսկ ցանկացավ իր որովայնը լցնել եղջերենու պտղով, որ խոզերն էին ուտում (Ղուկ. 15:11-16):

Տակավին աղքատությունն ունի այլ պատճառներ՝ որկրամոլություն, խաղամոլություն, թմրամոլություն, հիվանդություն, կրթության պակաս, անտրամաբանական ցածր աշխատավարձ, կլիմայի փոփոխություն և այլն:

«Երջանիկ է այն քաղաքը, որի բնակիչները ժրաջան են ու վայելում են իրենց աշխատանքի վարձը, ձեռք են բերել միայն ապրելուն անհրաժեշտ բաները և փախչում են ավելորդից ու զվարճություններից. կայքն ու կարասին, հագուստն ու տունը, կերակուրներն ու ընպելիքները համեստ են ու չափավոր: Այնտեղ կարելի է տեսնել քաղաքացիների միջև խաղաղություն ու ընտանիքի միաբանություն, օրենքին հպատակություն ու մեծերի հանդեպ հնազանդություն, մարդահաճոների հանդեպ ատելություն, բարեսիրտների հանդեպ սեր և ուրախ ու ազատ կյանք» (Պողոս Պատրիարք Ադրիանուպոլսեցի – Խրատի թանգարան): 

 

 

Գևորգ սրկ. Նալբանդյան

Աստվածաբանական գիտությունների դոկտոր

 

26.11.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․