21 Դեկտեմբեր, Շբ
Մարդուն առանձնահատուկ է իրականությունը տեսնել իր ցանկությունների, նպատակների պատկերացումների սահմաններից ներս: Բայց անհրաժեշտ է ճանաչել ճշմարտությունը: Կյանքը կազմված է խնդիրներից, որոնք որևէ տեղ չեն անհետանում: Եթե կարծում ես, որ քո խնդիրը վերանում է, ճիշտ ես, այն իսկապես կանհետանա, բայց դրա փոխարեն հայտնվում է մեկ այլ խնդիր: Խնդիրները չեն ավարտվում: Այդպիսին է կյանքը: Այն լեցուն է ցավով, աշխատանքով, տագնապներով, տառապանքներով: Մենք չպետք է վախենանք դրանցից: Հիմնական խոչընդոտը, որը կանգնած է սրտի դաստիարակության ճանապարհին, մեր վախն է տառապանքի, դժվարության, ունեցածը կորցնելու հանդեպ, որովհետև հարմարավետության ու հաճույքի ձգտումը մարդուն պահում է ներքին վախի ու տագնապի մեջ, որպեսզի դրանք չկորցնի կամ հասնի բաղձալի պատերացումների հարմարավետ կյանքին: Եվ հոգու խորքում նեղություններից վախենալով` սեղմում ենք մեր սիրտն ու ինքնապաշտպանական կամ ագրեսիվ դիրք ընդունում: Երկյուղում ենք նայել և տեսնել իրականությունը, տեսնել մարդուն իր տառապանքների մեջ և լսել նրա հոգու օգնության կանչը: Այդ պատճառով, փակվում ենք ինչպես խխունջը և դառնում այդ փակվածության ծառան: Բայց պետք է սովորենք մեր խնդիրների հետ միասին ապրել` չկորցնելով հոգու խաղաղությունը: Եթե հաղթահարում ես այսօրվա խնդիրը, ապա մեկ ամիս անց, երեք ամիս անց, կամ էլ` մեկ տարի անց նոր դժվարություն ի հայտ կգա: Եվ հոգևոր կյանքը կրկին մատնացույց կանի համբերության, խոնարհության, հոգևոր հասունութան, իմաստության ուղեցույցները: Իմաստությունը կբազմապատկվի, որովհետև հոգևոր լույսի ներքո դառնում ենք ավելի իմաստուն հենց այդ դժվարությունները հաղթահարելու գնով: Հաճախ յուրաքանչյուրը կարծում է, թե իր խնդիրն ամենամեծն է: Բայց Աստված գալիս է քո կյանք ոչ թե նրա համար, որպեսզի քեզ ազատի դժվարություններից, այլ նրա համար, որպեսզի քո վերաբերմունքը փոխի դրանց հանդեպ: Մեր պատկերացումները մեզ խանգարում են տեսնել Աստծո կամքը: Մեր պատկերացումները պետք է համապատասխանեն Ավետարանի ուսուցմանը, Աստծո հայտնությանը, հոգևոր կյանքին, որպեսզի ճիշտ ընկալենք այս իրականությունը և ճիշտ ճանաչենք այս աշխարհը: Իսկության մեջ յուրաքանչյուր անձի համար հոգևոր մեծ պայքար է ընթանում, սակայն լրջությամբ չենք վերաբերվում դրան, այլ տարված ենք այս աշխարհի վազքով ու նպատակներով, թեև խոսքով կարևորում ենք Երկնքի Արքայության քաղաքացի լինելը, բայց կենցաղավարությամբ ավելի շատ ձգտում ենք լինել այս աշխարհի քաղաքացի` շարունակաբար հետաձգելով կարևոր արժեքը` լիապես հաղորդակցությունը Երկնքի Արքայության հետ: Մշտապես ինչ-որ տեղ ենք շտապում, չենք կարողանում ապրել կյանքը, որն Աստված է պարգևել: Մշտապես գտնվում ենք հետապնդողի կամ հետապնդման մեջ, մշտապես ինչ-որ նոր բան ենք սպասում, որը կտարբերվի նրանից, թե ինչ ունենք այսօր: Եվ հարց է առաջանում, թե ե՞րբ կուրախանանք այսօր, քանի որ այսօրը քո ձեռքերում է, որն անցնում է: Ներկան միշտ բաց ենք թողնում և ապրում այլ ժամանակի մեջ` անցյալով կամ ապագայով և չենք նկատում ներկան: Ապրում ենք, ոչ թե այս ժամով, այլ վաղվա, կամ էլ` վաղը չէ մյուս օրվա և այդպես շարունակ...: Մտածում ենք, թե ինչ կլինի մեկ ամիս անց, ինչպիսին կլինենք: Եվ ապագային նայում ենք ոչ թե ստեղծագործող մոտեցմամբ, այլ տագնապի զգացողությամբ: Այդ ամենի վերաբերյալ մշտապես սպասումը և մտածումները մեզ դարձնում են հոգով հիվանդ, և կորցնում ենք ուրախանալու ունակությունը: Թեև տարօրինակ կարող է թվալ, բայց իրողությունն այն է, որ այս աշխարհ չենք եկել վայելքներով ապրելու համար, այլ որպեսզի հավիտենական փրկություն ունենանք, որովհետև մեր ամբողջ կյանքը հոգևոր պատերազմի դաշտ է: Մարդիկ պատերազմ չեն գնում վայելելու պատերազմը, այլ որպեսզի փրկվեն, կյանք ունենան և հաղթեն ճակատամարտում: Մարդիկ պատերազմ են գնում շատ ավելի մեծ որևէ բանի համար, քան պատերազմի համար: Մենք այս աշխարհ ենք գալիս շատ ավելի մեծ նպատակի համար, քան այս կյանքն է: Անցնում ենք այս աշխարհով հանուն հավիտենական կյանքի համար: Սա պիտի լինի մեր հիմնական նպատակադրումը` լինել Աստծո հետ: Արդ, քրիստոնյայի համար այս կյանքը զինվորի կյանքի պես է: Այլ խոսքով` այն հոգևոր զինվորական ծառայություն է: Իսկ մարտադաշտում դժվարությունները, հարվածներն անխուսափելի են: Չպետք է փախչենք այդ դժվարություններից, այլ պետք է ներքին խաղաղություն ունենալ այդ իրավիճակներում: Անհանգստությունը տանջալի հոգեվիճակ է, որ ինքներս ենք մեզ համար հորինել: Դրա պատճառով մենք ժամանակից առաջ ենք ընկնում, ծվեն-ծվեն ենք անում ինքերս մեզ և ուրիշներին: Որոշ մարդիկ մեծ ցավով են ամեն ինչ տանում: Եվ կատարվող իրադարձությունների պատասխանատվության չափազանց ծանր ընկալում ունենում իրենց շրջապատում և նրանց համար շատ դժվար է պահպանել հոգու խաղաղությունը: Ինչ էլ պատահի, նրանց կլանում է խուճապը: Մարդը պետք է իմանա իր անձի այս առանձնահատկությունը: Այդ ժամանակ նա կսովորի տիրապետել, վերահսկել իր անհանգստությունը, որպեսզի չտանջի ինքն իրեն և մյուսներին: Այդ տանջալի վիճակը մարդու հոգին հիվանդացնում է, որն այնուհետև կարող է արտահայտվել որևէ ֆիզիկական հիվանդությամբ: Նա, ով իրեն անվերջ սթրեսի է ենթարկում, այս աշխարհի օրենքներով է ապրում, իսկ հոգևոր մարդն ունի ներքին խաղաղություն, հանդարտություն, զորություն, ապրում է առանց խուճապի, որովհետև անհատի ներսում դրոշմված հոգևոր խոնարհությունը չի շտապում, չի տագնապում, տանջանքի չի ենթարկում մարդու հոգին, քանի որ անձին հաղորդում է ներքին ազատություն և հոգևոր շնչառություն: Հետևաբար, պետք է սովորել Տիրոջ ներկայության մեջ ապրել, և այդ հաղորդակցության մեջ տագնապ այլևս չի լինի: Եթե կարողանանք զգալ աստվածային սերը, կնկատենք, որ մնացյալ խնդիրները հաղթահարում ենք: Մենք կխաղաղվենք, մեր հոգին կազատագրվի անընդմեջ սթրեսի ենթարկվելուց, կանհետանա լարվածությունը, դժվարությունները, որոնք իրականում շատ անգամ գոյություն չունեն: Բայց ճնշված ենք մեր տրամաբանությամբ և աշխարհայացքով: Ապավինում ենք մեր ուժերին, մտքին, ունակություններին, դրամին, ընկերներին, ծանոթներին և շատ քիչ ենք վստահում Աստծուն: Քանի դեռ ուշ չէ, պետք է մեր ներսում փոխել այդ գիտակցությունը և ամբողջությամբ վստահել Աստծուն, քանի որ այդպիսի վստահությունն արդեն բավարար է և միևնույն ժամանակ կենսական նշանակություն է, որ ուժ է հաղորդում շարունակաբար աղոթելու համար: Հոգևոր խաղաղությունը ոչ թե բացակայություն է պայքարի և պատերազմի, այլ Աստծո ներկայությունն է մեր կյանքում: Արդ, ինչպես ապրում ենք, այդպես աղոթում ենք, ինչպես աղոթում ենք, այդպես էլ ապրում ենք:
Պատրաստեց Հովհաննես սրկ. Մանուկյանը