Ինչպես ավազակը սուրբ դարձավ

4-րդ դարում ապրել է ավազակների մի խմբապետ՝ Մովսեսը, որ եթովպացի էր: Սևամորթ եթովպացիներին կոչում էին նաև մուրին: Նա բարձրահասակ էր և ամրակազմ: Ասում էին, որ նրա հասակը մոտ երկու մետրի էր հասնում: Մովսեսն իր ավազակախմբով անխնա թալանում էր իր ճանապարհին հանդիպած մարդկանց և շատերին նույնիսկ սպանում: Պատմում են, որ նա եղել է մի պաշտոնյայի ստրուկ, որը վտարել է նրան իր տնից՝ գողության, սպանության և անփույթ պահվածքի համար: Այդպիսով, Մովսեսը գնում և միանում է ավազակների մի խմբի, որտեղ դառնում է նրանց առաջնորդը և նրանց հետ միասին կատարում բազմաթիվ հանցագործություններ՝ հայտնի դառնալով իր դաժանությամբ և անօրենությամբ: Նա չարությամբ էր լցված մի հովվի նկատմամբ, որը մի դեպքի առթիվ ոչխարներին հսկող իր շների միջոցով թույլ չէր տվել Մովսեսին չարագործություն կատարել: Եվ Մովսեսը վրեժխնդրությամբ էր լցված նրա հանդեպ: Մի անգամ տեսնում է այդ հովվին իր ոչխարների հետ և մտածում սպանել նրան: Նա լողալով անցնում է Նեղոս գետի մյուս ափը՝ իր հետ ունենալով իր սուրը: Իսկ հովիվը հեռվից նկատում է նրան և փախչում: Երբ Մովսեսը հասնում է Նեղոսի այդ ափը, հովվին չի գտնում և չորս գառ է մորթում, այնուհետև պարանով դրանք կապում և իր հետ վերցնելով՝ նորից հետ է լողում Նեղոս գետով: Այնուհետև խրախճանք է կազմակերպում, իսկ գառների մորթին վաճառում, գինի գնում և խմում: Երկար ժամանակ նման անօրեն կյանքով է ապրում, սակայն մի օր արթնանում է նրա խիղճը և իր կատարած հանցագործությունների պատճառով սկսում է տանջել նրան: Այդպիսի հոգեվիճակը շարունակվում է այնքան, մինչև մի անգամ գիշերվա կեսին, երբ նայում է աստղազարդ երկնքին, խոր շունչ է քաշում, մտածում Աստծո մասին և հանկարծ զգում է Նրա ներկայությունը: Մեկ ուրիշ պատմության մեջ ասվում է, որ շատ անգամ նա իր աչքերը բարձրացնում էր դեպի արևը և ասում` ո՛վ արեգակ, եթե դու ես Աստվածը, թույլ տուր ինձ իմանալ: Հետո ասում էր` ո՛վ Աստված, Ում ես չեմ ճանաչում, թույլ տուր քեզ ճանաչել: Մի օր ինչ-որ մեկի ձայնն է լսում, որն ասում է, թե գնա վանականների մոտ, որոնք ճանաչում են իրական Աստծուն: Գնա նրանց մոտ, և նրանք կպատմեն քեզ... Եվ որոշում է ավազակախումբը լքել ու մոտենում է այդ կողմերում գտնվող վանքի պարիսպներին և ծնկի գալիս վանքի մուտքի մոտ: Դռնապանը, նրան տեսնելով դարպասների մոտ, կարծում է, որ իրենց մահը մոտեցել է: Այդքան շատ վախենում էին նրանից այդ վայրերում: Եվ վանականները վանահոր գլխավորությամբ փակվում են վանքում ու ժամերով աղոթում: Իսկ Մովսեսը, արևի ճառագայթների տակ այդպես մնալով, ուշագնաց ընկնում է: Այդ ժամանակ նրան բերում են վանք: Երբ ուշքի է գալիս,  վանահորն ասում է, որ ուզում է մեղքերի խոստովանություն անել: Ահա այդպես վերափոխվում է այս հանրահայտ ավազակապետի կյանքը՝ նա դառնում է վանական և խստակյաց ճգնավոր: Մի անգամ, երբ իր խցում էր գտնվում, չորս ավազակ հարձակվում են նրա վրա: Մովսեսը, որ հուժկու ֆիզիկական ուժ ուներ, պարանով կապում է նրանց և ինչպես հարդը պարկերում, բերում է եկեղեցի ու ասում` ինձ թույլատրված չէ որևէ մեկի հանդեպ չարիք գործել: Ի՞նչ կհրամայեք անել այս մարդկանց հետ: Վանականները հրամայում են ազատ արձակել ավազակներին՝ ասելով, որ իրենք չպետք է որևէ մեկին սպանեն: Երբ այդ չորս ավազակներն իմանում են, որ դա նախկին ճանաչված ավազակապետ Մովսեսն է, և այդպիսի չարագործը դարձի է եկել և Աստծուն է ծառայում, մտածում են, որ փրկությունն իրենցից էլ հեռու չէ և որոշում են վանականներ դառնալ: Եվ ոչ միայն այդ չորսը, այլև այլ ավազակներ լսում են իրենց նախկին առաջնորդ Մովսեսի մասին, գալիս են, ապաշխարում, դառնում ճգնավորներ:

Չնայած ապաշխարությանը և ճգնավորական սխրանքներին, նախկին մեղավոր կրքերը շարունակում են տանջել Մովսեսին: Դրանք այնքան խորն էին արմատավորվել նրա հոգում, որ նա տասը տարի պայքարում էր հատկապես բղջախոհության դեմ: Իսկ բղջախոհության դևերն անխնա հարձակվում էին նրա վրա: Մի անգամ, երբ արդեն մտածում է թողնել պայքարը, այցելում է սուրբ հայր Իսիդորին: Երբ նրան իր փորձությունների մասին պատմում է, ծերը պատասխանում է, որ չպետք է զարմանալ այդպիսի դաժան պայքարի համար: Այդ ամենը նման է մսագործի շանը, որը սովոր է մսագործի կողմից նետած ոսկորներն ագահորեն կրծել, քանի դեռ նրան չեն դադարում կերակրել՝ փակելով մսագործի խանութը: Եվ սովահար շունն այլևս այդտեղ ուտելիք չգտնելով՝ որոշ ժամանակ անց հեռանում է: Բավարար չէ, որ մեղավորը մեղք չգործի, նրան անհրաժեշտ է վտարել չար սովորույթն առաքինի սովորույթի միջոցով, լիովին հրաժարվել մեղավոր կրքերից: Այդժամ բղջախոհության դևը հայտնվում է հուսահատության մեջ, որ մնացել է առանց մարդու կրքերը բորբոքելու հնարավորության և դադարում է պայքարել, ու սովահար, հուսահատ շան նման հեռանում է այդ վայրից: Մովսեսը լցվում է վճռականությամբ ու շարունակում պայքարը մեղավոր կրքերի դեմ: Նա խիստ ճգնակեցության է դիմում և օրեկան հիսուն անգամ աղոթում: Սակայն չար դևերն ավելի մեծ հարձակում են գործում. նա հատկապես սկսում է տառապել վառ երևակայական, գայթակղիչ երազներից: Եվ մեկ այլ սրբակյաց ճգնավորի խորհրդով սկսում է գիշերներն արթուն մնալ և աղոթել: Այդպես վեց տարի անցկացնում է, սակայն մեղավոր մտքերը նրան չեն թողնում և գիշերները, սիրով ու հոգատարությամբ լեցուն, գնում է ջուր բերում բոլոր այն տարեց ճգնավորների համար, որոնք այլևս չէին կարողանում իրենց խցերից դուրս գալ և անձնապես ջուր բերել: Իսկ ջրհորն այդ անապատում բավականին հեռու էր գտնվում, ինչպես նաև ծեր վանականների խցերն էին միմյանցից բավական հեռու տեղակայված: Սակայն Մովսեսը, խոնարհաբար և սիրով, ամբողջ գիշեր ջրհորից ջուր էր կրում ծերունի ճգնավորների համար: Բայց Աստծո թույլտվությամբ մի դեպք է տեղի ունենում: Դևը կատաղում է, որ այլևս չի կարողանում Մովսեսի վրա իշխանություն ունենալ և զգում է, որ պարտվում է ու հսկա փայտով ուժգին հարվածում է Մովսեսի թիկունքին, երբ ճգնավորը կռացել էր ջրհորից ջուր հանելու: Հաջորդ օրը մեկ այլ ճգնավոր նրան ուշագնաց և կիսամեռ գտնում է ջրհորի մոտ: Եվ այդ մասին հայտնում է սբ. Իսիդորին: Նրան բերում են եկեղեցի: Մեկ տարի է պահանջվում, որպեսզի կարող լինի ոտքի կանգնել: Այնուհետև վերադառնում է իր խուցը և շարունակում հոգևոր պայքարը, երկու ամիս անց հասկանում է, որ Աստծո շնորհով լիովին հաղթահարել է մեղավոր կրքերը և սբ. Իսիդորին հայտնում է, որ այլևս անհանգստություն չի զգում: Սբ. Իսիդորը պատասխում է` իմացիր, այդպիսի ծանր մարմնական փորձությունը թույլ էր տրվել հանուն այն բանի, որ քո մտքում չհպարտանայիր, թե ինքնուրույն, գործերի և սխրանքների միջոցով կարող ես հաղթահարել կրքերը:

Մի անգամ վանականները հավաքվում են, որպեսզի դատեն իրենց հոգևոր եղբայրներից մեկի կատարած արարքը: Այդ ժողովին հրավիրում են նաև Մովսեսին, բայց նա հրաժարվում է մասնակցել: Քանի որ սովորաբար բոլորը պիտի հավաքվեն, այնուհետև սկսեն ժողովը, Մովսեսին նորից են խնդրում գալ և մասնակցել: Եվ Մովսեսը վերցնում է մի զամբյուղ, ավազով լցնում և ներկայանում ժողովին: Վանականները նրան այդպես տեսնելով հարցնում են, թե դա ի՞նչ է նշանակում: Մովսեսը պատասխանում է, որ իմ մեղքերն իմ հետևից թափվում են, իսկ ես դրանք չեմ տեսնում, բայց այսօր եկել եմ դատելու մեկ ուրիշ մեղավոր մարդու:  Վանականները լսելով այդ խոսքերը՝ զղջում են, մեղավոր եղբորը ոչինչ չեն ասում և ներում են նրան:

Մովսեսն արդեն մոտ յոթանասունհինգ տարեկան էր՝ Աստծո շնորհներով լեցուն սրբակյաց մի ճգնավոր, երբ հայտնում է, որ շուտով բարբարոսներն իրենց վրա հարձակվելու են և խորհուրդ է տալիս բոլորին հեռանալ այդ վայրից: Բոլորը, բացի իրենից, պատրաստվում են փախչել: Հարցնում են, թե ինչո՞ւ ես մնում: Մովսեսը պատասխանում է, որ ինքը երկար տարիներ է սպասել այդ օրվան, որպեսզի իրագործվի մեր Տեր Հիսուս Քրիստոսի խոսքը՝ սուր վերցնողը սրով էլ կընկնի (Մատթ. 26.52): Եվ այդ լսելով նրա յոթ աշակերտները նույնպես որոշում են մնալ: Նրանցից վեցը բարբարոսների ձեռքով նահատակվում են: Իսկ մեկը, պատմում են, որ այդ ժամանակ թաքնված է լինում հսկա պարաններով լեցուն մի կույտի մեջ և տեսնում է, թե ինչպես է երկնքից վեց լուսեղեն պսակ իջնում նահատակված վանականների մարմինների վրա: Մովսեսն իր մահվանը հանդիպում է այնպես, ինչպես ինքն էր կամենում՝ քանի որ ժամանակին կատարել էր սպանություններ, կամենում է, որ սրից էլ ընկնի:

Սբ. Պաիսոսի մոտ մի պատմություն է արձանագրված, որտեղ նշում է, որ մի ծերունի ճգնավոր իր խցում հրդեհից այրվում, մահանում է: Վանքի բոլոր եղբայրները չէին կարողանում հասկանալ, թե ինչու է այդպես պատահել: Հետագայում պարզվում է, որ այդ ճգնավորն աղոթում էր, որ այս աշխարհից այդպես հեռանա, քանի որ երիտասարդ տարիքում մի թուրքի այրել էր հնոցի մեջ: Մեր շրջապատում երբեմն լինում են դժբախտ պատահարներ, անժամանակ մահեր, և այդ ամենը մեզ համար անհասկանալի է մնում: Դրանց պատճառներից մեկն էլ այն է, թե տվյալ անձինք իրենց սրտում ինչպիսի կյանք ու մահ են խնդրում Աստծուց, ինչպես սբ. Մովսես Եթովպացին (Մուրին) կնքեց իր կյանքը նահատակությամբ: Նրա հիշատակությունը տոնում են կաթոլիկները, հույն, ռուս, ղպտի ուղղափառ և մյուս եկեղեցիները: Մովսեսի նահատակությունը տեղի է ունենում մոտավորապես 400թ.-ի մոտ, այլ աղբյուրներում` 405թ.-ին:

 

Պատրաստեց Հովհաննես սրկ. Մանուկյանը

 

03.05.18
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․