Գրքեր

Իրական երջանկության ձգտման ճանապարհին

Աստծո որդեգիր դարձած անձինք կոչված են Նրա սիրո, գթության և քաղցրության արտացոլումը լինել իրենց միջավայրում: Աստծո հանդեպ իրական սերն արտահայտվում է զոհողությամբ:

Աստված մարդուն արարել է երջանիկ լինելու համար: «Երջանկության ամենաստույգ ուղին երջանիկ լինելու ցանկության մեջ չէ, այլ նրա, թե ինչպես երջանկացնել ուրիշներին: Ինչի համար անհրաժեշտ է նկատել մարդկանց կարիքները, հոգ տանել, օգնել և սիրել նրանց խոսքով և գործով և որքան հաճախակի արտահայտվի այդ սերը, այնքան առավել իրական կդառնա երջանկությունը»,- ասել է գերմանացի բժիշկ, գիտնական Ֆ. Պ. Գաազը, ում մեծամասնությունը համարել է «Սուրբ բժիշկ» և «Աստծո մարդ»: Իսկ բարեպաշտ և հայտնի բժիշկ Ի. Ի. Պիրոգովը վստահեցնում է. «Երջանիկ լինել ուրիշների երջանկությամբ, դա է իրական երջանկությունը և երկրային կյանքի իդեալը»:

Իրական երջանկության ձգտման ճանապարհին՝ Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը՝ հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ և ամերիկաբնակ Կարեն Վարդանյանի աջակցությամբ, մարտի 2-ին այցելեց սիրիահայ Պողարյան ընտանիքին: Կոմիտաս 28, բնակարան 30 հասցեում վարձակալությամբ բնակվող ընտանիքը բաղկացած է հինգ հոգուց: Ընտանիքի հայրը՝ 65-ամյա Սարգիս Պողարյանը, սիրտ-անոթային հիվանդություն ունի, չի աշխատում և խնամում է իր 23-ամյա մտային թերզարգացած որդուն: Նրա կինը՝ 58-ամյա Պայծառ Քերաջյանը, նոր է անցել աշխատանքի: Սարգիս Պողարյանի մյուս որդին, ընտանիքին օգնելու նպատակով, ստիպված է եղել մեկնել արտագնա աշխատանքի:

Տեր Գրիգորը բժշկության աղոթք կարդաց և ընտանիքին հանձնեց հիգիենայի և անկողնային պարագաներ, սննդի փաթեթներ: Սիրիահայ ընտանիքն իր շնորհակալությունը հայտնեց Տեր Գրիգորին, Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքին և իրենց աջակից անձանց:

Իրական երջանկության ուղին այլ ուղի չէ, եթե ոչ ողորմության, որի ընթացքում ինչպես առակագիրն է ասում, անձն ողորմությամբ և հավատքով մաքրվում է իր մեղքերից (Առակներ 15:27):

 

Կարինե Սուգիկյան

02.03.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․