Արքայազնը թագավորից պահանջում է իրեն նշանակել զորքի հրամանատար: Թագավորը մերժում է: Արքայազնը պնդում է իր պահանջը` ասելով.
- Հասարակ զինվորներին հրամանատար ես նշանանակել, իսկ ինձ հեռու ես պահում ճակատամարտից, որպեսզի հաղթության դափնիներն ինձ չհասնեն:
Թագավորը պատասխանում է.
- Դեռ պատրաստ չես մարտի մեջ մտնելու համար, կձախողվես:
Արքայազնը նորից է պնդում, որ իրեն հրամանատար նշանակեն: Թագավորն ասում է.
- Միայն մի պայմանով՝ եթե բարձրանաս դժվարամատչելի լեռը, և դրա գագաթի վրա պահվող սուրը վերցնես:
Արքայազնը հասնում է լեռանը և ոգևորված սկսում բարձրանալ, մի քանի մետր վեր բարձրանալով և դժվարությունների հանդիպելով` ընկնում է մտածմունքների մեջ, այնուհետև ոգևորությունն անցնում է: Եվս մի քանի մետր բարձրանալով, նստում է մի քարի վրա և նայում ցած, ապա որոշում է իջնել: Թագավորը նրան առանց սրի տեսնելով՝ ասում է.
- Անհրաժեշտ պահին անհրաժեշտ ջանք ու եռանդ չցուցաբերեցիր լեռը բարձրանալու համար և դժվարությունների հանդիպելով՝ նահանջեցիր, ձեռնունայն վերադարձար՝ գերադասելով հարմարավետությունն ու հեշտ ճանապարհը: Արդ, ինչպե՞ս պիտի առաջնորդես բանակը, երբ մեծ արհավիրքների հանդիպես, ծանր ու դժվարին կացության մեջ հայտնվես:
Հոգևոր կյանքում անհրաժեշտ պահին նույնպես անհրաժեշտ ջանք ու եռանդ պետք է ցուցաբերել, որպեսզի Աստված գնահատի քո ջանքերն ու ձգտումը, և օգնի դժվարությունները հաղթահարել:
Հովհաննես Մանուկյան