Գրքեր

Կանայի հարսանիքը

Սիրելի՛ հավատավոր եղբայրներ և քույրեր,

Երեկ կրկին սրբալույս խնդությունն էր թևածում Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում, քանի որ մենք՝ Աստծո որդեգիր զավակներս, նշում էինք Աստծո Միածնի՝ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի անվանակոչության լուսապսակ տոնը: Հուսով եմ ամենքդ էլ զգացիք այդ սքանչելի տոնի պարգևած բերկրությունը երեկ և շարունակում եք կրել դրանից ստացած քաղցրությունն այսօր ձեր հոգիներում: Թող Աստծո սուրբ անունը պահպանի ձեզ չարի բոլոր դրսևորումներից և ուղեկից լինի ձեր աստվածահաճո ընթացքի մեջ, սիրելինե՛ր: Արդ, երեկ ուրախացանք ութնօրյա մանուկ Հիսուսին տաճար ուղեկցելով, իսկ այսօր տեղափոխվենք Գալիլիայի Կանա քաղաքը և միասին ականատես լինենք այն առաջին հրաշքին, որ գործեց մեր Տեր Հիսուս Քրիստոս:

Հովհաննեսի Ավետարանում կարդում ենք, որ այս դեպքը տեղի ունեցավ մեր Տիրոջ մկրտությունից շատ չանցած, այսինքն՝ Երկրի վրա Իր առաքելության իրականացման հենց սկզբում, երբ Նա Իր առաջին աշակերտների հետ Հորդանանի կողմերից Գալիլիա գնաց: Ավետարանիչը պատմում է, որ Գալիլիայի Կանա քաղաքում հարսանիք կար, որին Մարիամ Աստվածածինն էլ էր հրավիրված և հրավիրվեցին նաև Հիսուս և Իր աշակերտները: Եվ պատահեց այնպես, որ հարսանեկան խնջույքի թեժ պահին գինին պակասեց և մայրն այդ մասին ասաց Հիսուսին: Հիսուս նախ պատասխանեց, որ Իր ժամանակը դեռ չի հասել, բայց հետո սպասավորներին կարգադրեց այնտեղ եղած ջրի վեց կարասները բերնեբերան ջրով լցնել և տանել սեղանապետին՝ համտեսելու: Եվ երբ սեղանապետը համտեսեց՝ սքանչացավ այն բարձրակարգ գինով, որին Տիրոջ ամենակարող զորությամբ փոխակերպվել էր ջուրը, և զարմանք հայտնեց, թե փեսան ինչու էր պահել այդ հրաշալի գինին և հարսանիքի սկզբում չէր հրամցրել իր հյուրերին (Հովհ. 2:1-11): Ահա այս պատմությունն է, սիրելի՛ հավատացյալներ, որ օրվա ավետարանական ընթերցվածքն է և որի մասին պիտի խոսեմ այսօր:

Սիրելինե՛ր, կարդալով Ավետարանը և հետևելով Եկեղեցու մեկնություններին, բոլորդ էլ գիտեք, որ Սուրբ Գրքի էջերում տեղ գտած պատմությունները, Տիրոջ առակներն ու խրատները, Նրա սուրբ շուրթերից հնչած յուրաքանչյուր խոսք իրենց տակ թաքցնում են շատ ավելի խորը իմաստ, քան ընթերցողին է թվում առաջին հայացքից: Եվ Կանայի հարսանիքում տեղի ունեցածն էլ շատ արտասովոր չի թվում այն իրադարձությունների համեմատությամբ, որ տեղի են ունենալու հետո՝ Աստվածորդու բացահայտ գործունեության ընթացքում: Այդ հետո է, որ մարդացյալ Աստված մտնելու է մարդկային ցավի ու տառապանքի մռայլ հորձանուտը՝ բժշկելու կույրերին ու բորոտներին, ազատելու դևերի կապանքներից, ննջեցյալներին վերադարձնելու մեռյալների աշխարհից, բայց այդ ամենը հետո, իսկ այժմ Նրա անսահման պարզության և մարդամոտության ժամանակն է. Նա սիրով ընդունել է Իր ծանոթների հրավերը, եկել կիսելու նրանց ուրախությունը և ընթացքում էլ կատարում է մի հրաշք, որը կարծես ոչ մի առնչություն չունի Իր փրկագործ առաքելության հետ: Սակայն, դա առաջին՝ մակերեսային հայացքից միայն:

Քրիստոսի երկրային կյանքի հետագա ընթացքում էլ տեսնում ենք, որ Աստծո Բանը քանիցս մասնակցեց ուրախության սեղանների՝ Իրեն հեռու չպահելով մարդկային պարզ ուրախություններից և չխորշելով մեղավոր մարդկանց ընկերակցությունից, քանի որ ինչպես Ինքն ասաց. «Առողջներին բժիշկ պետք չէ, այլ՝ հիվանդներին. և ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ՝ մեղավորներին» (Մրկ. 2:14-17): Ինչպես նաև սա խոսում է այն մասին, որ նախ՝ ամեն ինչ իր ժամանակն ունի, ինչպես ասել է Սողոմոն Իմաստուն թագավորն իր Ժողովող գրքում (3:1-8), և հետո՝ ամեն ինչ կախված է նրանից, թե նախ՝ ինչ նպատակ ունի և ինչին է ծառայում տվյալ գործը կամ իրադարձությունը, և ինչ մտքով ու սրտով ես դո՛ւ մասնակցում դրան: Քրիստոսի պարագայում ամեն ինչ պարզ է՝ նախ՝ ուր էլ Նա գնար, ամեն ինչ սրբում էր Իր աստվածային ներկայությամբ, իսկ կոնկրետ այս հարսանիքի պարագայում Տեր Հիսուս տեսավ, որ այն ոչ մի կերպ չի հակասում Իր փրկագործ առաքելությանը: Իսկ մեր դեպքում պայմանն այս է՝ եթե մենք էլ Քրիստոսի սրբությունը կրում ենք մեր ներսում, եթե ամեն պարագայում Նրա ապավինությանն ենք դիմում և իմաստություն հայցում Նրանից, ապա մենք էլ վստահորեն կպահպանենք մեր մաքրությունը, զերծ կմնանք գայթակղություններից ու մեղավոր կրքերից՝ ինչ միջավայրում էլ, որ հայտնվենք: Սա առաջին կետն էր, որի վրա կցանկայի ձեր ուշադրությունը հրավիրել, սիրելի՛ հավատացյալներ, իսկ երկրորդ կարևոր կետը Սուրբ Աստվածամոր անփոխարինելի դերն է այս պատմության մեջ:

Մարդասեր Մայրը տեսավ, որ հարսանիքի տերերը կանգնել են այդ պահի համար լուրջ նեղության, կարիքի առջև, քանի որ հարսանեկան խնջույքի անբաժան մասը հանդիսացող գինին սպառվել էր, իսկ դա ամոթ էր տանտերերի համար և սպառնում էր խայտառակության վերածվել: Եվ Գթասիրտ Մայրը, ինչպես այսօր է կարեկից դառնում կարիքի մեջ հայտնվածներին, և բարեխոսում իր Միածնի առջև, այնպես էլ այն օրն անտարբեր չմնաց, և մայրական սիրով լի սիրտը շտապեց օգնության ձեռք մեկնել նեղության մեջ հայտնվածներին: Իր Որդու հրաշափառ ծնունդն ու իրեն շնորհված ավետիսն անկասկած շատ բաներ էին բացահայտել մոր խորաթափանց սրտի համար իր Որդու մեծության ու զորության մասին, ուստի մայրական վստահությամբ և հավատով Սուրբ Մարիամը դիմում է Որդու օգնությանը: Նա հրաշալի է ճանաչում իր Միակին ու Նրա գթասրտությունը, և գիտե, որ կարիք չկա ասելու, թե ինչ է պետք անել, այլ ուղղակի խոնարհությամբ ներկայացնում է խնդիրը. «Գինի չունեն»: Եվ այստեղ բացահայտ կերպով երևան է գալիս Տեր Հիսուս Քրիստոսի սերն Իր սուրբ մոր նկատմամբ: Նա մորը չի ստիպում կրկնել ասածը, ոչ էլ սպասում է, որ մայրը թախանձի Իրեն, և չնայած, որ դեռ շուտ էր Իր աստվածային արարչագործ էությունն ամբողջապես բացահայտելու համար, չի մերժում մոր բարեխոսությունն ու շտապում է կատարել այն: Սա կարևորագույն խրատ է մեզ համար, սիրելի՛ եղբայրներ և քույրեր, որպեսզի երբեք չմոռանանք Աստվածածնի բարեխոսության զորության մասին և մեծ հավատով հայցենք նրանից այդ ողորմածությունը: Սակայն չմոռանանք նաև այն լուրջ նախապայմանի մասին, որ Սրբուհի Մայրն ասաց սպասվորներին. «Ինչ որ ձեզ ասի, արե՛ք» (Հովհ. 2:5): Եկեղեցու սուրբ հայրերն ասում են, որ այս մի նախադասությամբ Մարիամ Աստվածածինը քարոզեց ողջ Ավետարանը և մեզ տվեց երջանկության բանալին, քանի որ ամեն բան՝ թե՛ մեր խնդրած հրաշքները, թե՛ բժշկությունները, թե՛ դեպի հավիտենական կյանք տանող ճանապարհը կախված են նրանից, թե որքանով ենք անում այն, ինչ ասում է Տեր Հիսուս Քրիստոս: Այս մի տողով Աստվածածինը մեր հայացքները դեպի Երկինք է ուղղում, քանզի այն գինին, որ Երկնքից ենք աղերսում, անիմաստ է փնտրել երկրի ջրի մեջ:

Երրորդ ուշագրավ պահը, որի մասին կխոսեմ, շատ խորհրդանշական է, և այն դրվագներից մեկն է, որի խորքում իսկապես մեծ իմաստ է թաքնված: Խոսքս այն մասին է, թե Տիրոջ առաջին հրաշքի համար ինչու անպայման ջուրն օգտագործվեց գինու փոխակերպվելու համար: Սա բացատրելու համար կրկին դառնում ենք Ավետարանին և տեսնում, որ պատահական չէ, որ Հովհաննես Ավետարանիչը նշում է. «Այնտեղ կային քարե վեց թակույկներ՝ հրեաների սովորության համաձայն մաքրվելու համար. նրանցից յուրաքանչյուրը շուրջ հարյուր լիտր տարողություն ուներ: Հիսուս նրանց ասաց. «Լցրե՛ք այդ թակույկները ջրով»» (2:6, 7): Այսինքն, Տեր Հիսուս օգտագործեց այն ջուրը, որով հրեաներն, իրենց սովորության համաձայն, մաքրվում էին նախքան ծիսական որևէ պաշտամունքի անցնելը: Եվ հենց այդ ջուրը գինու վերածելով՝ Մարդացյալ Աստված ցույց տվեց, որ այն այլևս ի զորու չէր մաքրագործել հրեաներին, որ անցել էր ջրի ժամանակը և եկել Նոր Ուխտի գինու՝ Քրիստոսի սուրբ արյան ժամանակը, որով էլ միայն հնարավոր էր այդուհետ սրբվել մեղքերից և ստանալ այն փրկությունը, որ Աստված խոստացել էր Իր հավատարիմներին (Մտթ. 26:27, 28):

Սիրելինե՛ր, տեսանք, որ Կանայի հարսանիքը սպասավորող պարզ սպասավորները անխոս ենթարկվեցին Քրիստոսի խոսքին և հրաշքի ականատես եղան: Նույնին կարող ենք և մենք արժանանալ, ընտրությունը մերն է, սակայն մեզ մղող դրդապատճառը ոչ թե լոկ հրաշք տեսնելու գայթակղությունը պետք է լինի, քանի որ մեզ պարգևված յուրաքանչյուր արևածագն արդեն իսկ հրաշք է, այլ կատարյալ հնազանդությունն Աստծո սուրբ կամքին և խոսքին: Արդ, միասին աղաչենք Երկնային Թագուհու, Բարեխնամ Մոր և Կույսի բարեխոսությունն իր Միածնի առջև, որպեսզի Քրիստոսի պարգևած սրբությունը ծլարձակի և աճի մեր հոգիներում, որպեսզի մեր սրտերը կենդանի անոթներ դառնան Նրա անմահական գինու համար, որպեսզի մեր կյանքի ուրախության և տխրության պահերին միշտ Տիրոջ ներկայությունը խնդրենք մեր կողքին, և որպեսզի Տերն արժանացնի մեզ Իր Անմեղ Գառան սուրբ արյամբ տրված փրկությանը, քանզի չկա ավելի երանելի բան մարդու համար, քան Տիրոջ պատրաստած երկնային հարսանիքին մասնակից լինելը:

Աստծո սերը, շնորհն ու խաղաղությունն ամենքիդ: Ամեն:

 

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

 

14.01.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․