Գրքեր

Խաչվերացի քարոզ

«Կորստյան մատնվածների համար խաչի քարոզությունը հիմարություն է, իսկ մեզ՝ փրկվածներիս համար՝ Աստծո զորություն» (Ա կորնթացիներ 1:18):

​Սիրելի՛ հավատացյալ հայորդիներ.

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր տոնախմբում է այս տարվա վերջին տաղավար տոնը՝ Խաչվերացը: Այս տոնը քրիստոնեական եկեղեցու կողմից հաստատվել է ի պատիվ քրիստոնեական հավատի խորհրդանիշ՝ խաչի պանծացման: Յոթերորդ դարում պարսից զորքերը հարձակվում են Բյուզանդիայի վրա և, մտնելով Երուսաղեմ, իբրև ավար իրենց հետ տանում են նաև մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի խաչափայտը, որը վերադարձնելու համար բյուզանդական զորքը պատերազմում է պարսիկների դեմ և ետ բերում այն խաչը, որի վրա գամվել էր Աստծո Որդին: Հերակլես կայսրը երեք օր շարունակաբար աղոթում է Աստծուն իր հաղթանակի համար: Եվ պատասխան ստանում, որ նրա զորքը կհաղթի պարսիկներին: Սիրելինե՛ր, պետք է նշել, որ այդ ժամանակ որտեղ էլ որ հանգրվանում է սուրբ խաչը, միայն երկյուղածության և ակնածանքի է արժանանում, քանի որ անգամ պարսիկները երկյուղ էին կրում քրիստոնյաների Աստծուց: Խաչափայտի վերադարձի ճանապարհին տարբեր վայրեր, որտեղ ժամանակավոր կայանում էին զինվորները խաչի հետ միասին, հետագայում ուխտատեղիներ են դառնում:

«Խաչվերաց» նշանակում է խաչի վերացում, բարձրացում: Խաչի վերադարձը կրկնակի ուրախություն էր իր ժամանակի և առհասարակ բոլոր ժամանակների հավատացյալ մարդկանց համար, ինչպես Տիրոջ հարությունը խաչելությունից հետո, որովհետև այն ևս պատմում է Աստծո ողորմածության մասին: Հետագայում խաչափայտը մասնատվել և բաժանվել է քրիստոնեական եկեղեցիների միջև, ուստի բոլորը հնարավորություն ունեն փրկագործ խաչափայտի օրհնությունը ստանալու, դառնալու մասնակիցն ու կրողը Աստծո փրկարար բժշկությունների, օրհնաբեր շնորհների ու Ամենակարող զորության: Այն միայն խինդ ու ցնծություն է պարգևում իր ներկայությամբ, իր ապաքինող և կազդուրող զորությամբ:

Թվում է, թե խաչը պետք է որ տխրության առիթ և պատճառ դառնա քրիստոնյաների համար, սակայն, հակառակը: Մեզ այն չի խեղճացնում՝ հիշեցնելով միայն մեր Փրկչի խաչելության մասին: Խաչը սարսափազդու չէ, և Քրիստոսի հարությամբ այն մեզ համար այլևս մահվան գործիք չէ և մահվան մասին չէ, որ հիշեցնում է, այլ հիշեցնում է, որ այն կյանքի զորեղ հաղթանակն է մահվան նկատմամբ: Ինչպես Սուրբ Պողոս առաքյալն է կրկնում մարգարեության մեջ ասվածը. «Մահը կուլ գնաց հաղթության: Ո՞ւր է, մա՛հ, քո հաղթությունը, ո՞ւր է, գերեզմա՛ն, քո խայթոցը» (Ա Կորնթացիներ  15:54): Այդ են վկայում նաև մեր հայկական խաչքարերը, որ մահն անզոր է, և Քրիստոս հավիտենությունն է խոստացել Իր հետևորդներին:

Խաչը հզորագույն զենք է քրիստոնյաների համար: Այն մեզ միայն չի օգնում ու զորացնում մեր կյանքի ճանապարհին, այլ նաև պսակում է մեր գործերն իր շնորհաշատ ուժով: Խաչը մեզանից հեռու է վանում տխրությունը, վհատությունը, տկարությունն ու թուլությունը, քանի որ նա ինքն է մեր զորությունն ու կորովը, քաջությունն ու վստահությունը: Հիշենք, որ հայկական խաչերի վրա Տերը պատկերված չէ, քանի որ նրանք հիշեցնում են մեր Տիրոջ հարությունը, Ամենակարող Աստծո զորությունը, Խաչյալի հաղթանակը մահվան նկատմամբ և Նրա կողմից հավիտենական կյանքի շնորհումը մեզ: Այն մարդիկ, որոնք Քրիստոսի ժամանակ աղաղակում էին՝ ասելով. «Խաչը հանի՛ր դրան», չէին կարող երևակայել, որ նույն այդ խաչը դառնալու է համայն մարդկության փրկությունը և փրկության խորհրդանիշը: Խաչյալով խաչը սրբագործվեց, որովհետև մեր Տիրոջ սուրբ արյունը հեղվեց խաչափայտի վրա:

Խաչի խորհուրդը կարևոր է եղել մեր ազգի համար, զորացրել է և պահպանել քրիստոնյաներին, և մեր եկեղեցու հայրերը Աստվածընկալ Սուրբ Խաչի հետ կապված ամեն մի իրողություն ու երևույթ տոնի են վերածել: Խաչի խորհուրդը Աստծո անսահման սիրո առհավատչյան է, մարդու նկատմամբ Աստծո ցույց տված հոգատարության և փրկագործության երաշխիքը: Խաչի խորհուրդը հավերժական է և անխախտ:

Մենք՝ քրիստոնյաներս, պետք է գործեր կատարենք՝ ի փառս Սուրբ Երրորդության և ի պանծացումն սուրբ խաչի: Քրիստոնյայի քայլերն ու գործերը միշտ պետք է լինեն որպես խաչի ու Խաչյալի փառավորություն: Սիրելինե՛ր, հարկ է, որ մեր կյանքով ու գործերով խաչի խորհուրդը բարձրացնենք ու վեր հանենք մեզ համար ու այլոց համար: Մենք խաչապաշտ ենք, և խաչը մեր փրկության հույսն է:

Սիրելի՛ հավատացյալներ, ինչպես մյուս տաղավոր տոների հաջորդող օրը, այնպես էլ Խաչվերացին հաջորդող օրը, այսինքն՝ վաղը, ննջեցյալների հիշատակության օր է: Եվ հիմա, այս հնարավորությունը ունենալով, ասում եմ Ձեզ, ինչպես որ մյուս տաղավար տոները, մեզ համար ուրախության, ցնծության և հոգենորոգումի տոներ են, նույնպես և Խաչվերացն է այդպիսի ուրախ և գեղեցիկ տոն: Եվ Խաչվերացի տոնը չի առնչվում միմիայն մեռելների հետ, այլ տոն է ուրախության, խաչի վերացման, բարձրացման ու պանծացման: Եվ հոգևոր այս ուրախությունն ունենալով, վաղը, ըստ ընդունված կարգի, եկեղեցում Սուրբ Պատարագին մասնակցելուց հետո, հոգեհանգստյան աղոթք բարձրացնելով մեր ննջեցյալների հոգիների խաղաղության համար, նոր միայն կարող ենք գնալ գերեզմանոց, մեր հարգանքի տուրքը մատուցելու և եկեղեցուց նրանց համար խունկ և աղոթք տանելու: 

Խաչվերացի այս տոնի խորհրդով զորացած՝ շարունակենք եկեղեցի այցելել, մասնակցել սուրբ պատարագների, լսել հոգևոր հայրերի խրատները, բարիք գործենք, զգոն լինենք մեր հավատքի կյանքում՝ Աստվածաշունչ ընթերցելով:

Հիշենք, որ ամեն անգամ, երբ մենք մեր գործերով փառավորում ենք Տիրոջը, այնժամ էլ վեր ենք բարձրացնում, պանծացնում ենք մեր հզորագույն զենքը՝ սուրբ խաչը: Ամեն անգամ, երբ ջանում ենք կյանքի կոչել Աստվածադիր պատվիրանները, մենք պանծացնում ենք սուրբ խաչը՝ ի փառս Սուրբ Երրորդության: Ամեն անգամ, երբ փորձում ենք ապրել իբրև ճշմարիտ քրիստոնյաներ, մենք մասնակիցն ենք դառնում սուրբ խաչի քարոզչությանը մեր կյանքով, մեր գործերով ու մեր հավատքով:

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. Ամեն:

 

Տեր Վահան քհն. Առաքելյան

16.09.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․