Գրքեր

Խիստ ճգնավորությունից մարդը նմանվում է անմարմին հրեշտակներին

- Հա՛յր, մի անգամ ասացիք մեզ. «Հոգևոր կյանքում պետք է մեկուսացնել (հակառակորդին): Դուք ի՞նչ նկատի ունեիք:

- Պատերազմի ժամանակ աշխատում են շրջափակել թշնամուն: Նրան շրջափակում են, քշում քաղաքի պատերից ներս, թողնում են սոված: Այնուհետև նրան ջրից են զրկում: Քանի որ, եթե թշնամին ջրի, պարենամթերքի ու զինամթերքի պաշար չունի, ապա ստիպված է հանձնվել: Ուզում եմ ասել, որ եթե սատանայի դեմ նույն կերպ ենք պայքարում՝ պահքով և արթնությամբ, ապա նա մի կողմ է նետում իր զենքն ու նահանջում է: «Պահքով, հսկմամբ, աղոթքով ընդունում ենք երկնային օրհնությունները…» - ասում է շարականագիրը:

Խիստ ճգնավորության, սխրանքի շնորհիվ մարդը նմանվում է անմարմին ուժերին: Իհարկե պետք է ժուժկալել միայն բարձրագույն հոգևոր նպատակն ի նկատի ունենալով: Եթե մարդ իրեն զսպում է, որպեսզի առողջության համար վնասակար ճարպերից ազատվի, ապա նա միայն իր մարմնի մասին է հոգ տանում: Այդ պարագայում նրա ճգնակեցությունը նման է նրանց ճգնակեցությանը, ովքեր յոգայով են զբաղվում: Ցավոք սրտի, խիստ ճգնակեցության հարցը նույնիսկ Եկեղեցապատկան մարդիկ են հետին պլան մղել: «Իսկ ի՞նչ է, որ,- ասում են այդպիսի մարդիկ,- չէ՞ որ պետք է ուտել, վայելել մեկը, մյուսը… Քանի որ Աստված ամեն ինչ մեզ համար ստեղծեց»: Գիտե՞ք, թե մի ծայրագույն վարդապետ ինձ ինչ ասաց մեր պատվին կազմակերպված ճաշի ժամանակ: Նկատելով, որ չեմ կարողանում ստիպել ինձ սովորականից ավելին ուտել, վարդապետն ասաց. «Եթե մեկն Աստծու տաճարն ապականի, Աստված էլ նրան պիտի ապականի» (Ա Կորնթ. 3:16): «Իսկ դու պատահմամբ ոչինչ չե՞ս շփոթում,- հարցրեցի նրան: Սուրբ Գրքի այդ հատվածն ինչի՞ն է վերաբերվում: Ճգնավորությա՞նը, թե՞ մեղսավոր, սանձարձակ կյանքին: Սուրբ Գիրքն ի նկատի ունի նրանց, ովքեր կործանում են (իրենց մարմինը) Աստծո տաճարը անառակությամբ, չարաշահմամբ: Աստվածաշունչն ի նկատի չունի նրանց, ովքեր Քրիստոսի սիրուց մղված ճգնակեցության են գնում»: Իսկ նա հանգստացնում էր ինքն իրեն ու ասում էր. «Մենք պետք է ինչպես հարկն է ուտենք, որպեսզի «չապականենք» (մեր պահեցողությամբ) Աստծո տաճարը (մեր մարմինը)»: Իսկ մի մարդ էլ, վանք այցելելով, իր տպավորություններով կիսվեց ինձ հետ. «Ես մի վանք էի գնացել, որտեղ վանականներն այնպիսի պահք էին պահել, որ հիվանդացել էին: Յուղի կաթսաներն ամբողջական էին մնացել: Ահա, թե ուր է հասցնում պահքն ու հսկումը»: Ի՞նչ ասես այս պարագայում: Այդպիսի մարդիկ չեն ուզում ոչնչից զրկվել: Նրանք իրենց ճաշը, մրգերն ու քաղցրաբլիթներն ուտում են, իսկ հետո, կամենալով արդարացնել իրենց՝ սկսում են ուրիշներին մեղադրել, նրանց, ովքեր խիստ ճգնակեցության սխրանքն են գործում: Այդպիսի մարդիկ երբեք այն հոգևոր ուրախությունը չեն ապրել, որը ճգնակեցությունն ու պահեցողությունն են տալիս: «Ես պետք է այսքան բաժակ կաթ խմեմ,- ասում է այդպիսի մարդը,- Չէ՜, պահք կպահեմ իհարկե: Սակայն հետագայում կլրացնեմ կաթի այն բաժակները, որոնցից օրգանիզմս զրկված է եղել պահքի ժամանակ: Չէ՞ որ անհրաժեշտ է այսքան սպիտակուց ստանալ»: Եվ բանը նրանում չէ, որ նրա օրգանիզմն իսկապես սպիտակուցի կարիք ունի: Ո՛չ, նա ասում է, որ իրավունք ունի (խմել այդ կաթը) և հանգստացնում է իրեն նրանով, որ իր մոտ ամեն բան կարգին է, որ դա մեղք չէ: Բայց նույնիսկ միայն այդ կերպ մտածելն արդեն մեղք է: Ո՜ւր է հասնում մարդկային տրամաբանությունը: Մարդը (հաջողեցնում է) Եկեղեցու կողմից սահմանված պահքերը պահել, սակայն միևնույն ժամանակ չզրկվել նրանից, ինչ կորցրել է այդ պահքերի ժամանակ: Դե էլ ինչպե՞ս Սուրբ Հոգին կմնա (այդպիսի մարդու մեջ) դրանից հետո:

Իսկ տես, թե ինչ բարեպաշտությամբ են առանձնանում որոշ ընտանիքատեր մարդիկ: Մի անգամ, մի շատ հասարակ մարդ, որ ինը երեխա ուներ, խոստովանության եկավ և հոգևոր հայրն իր օրհնությունը տվեց Սուրբ Հաղորդություն ստանալու համար: «Է՜հ, հայր,- պատասխանեց նա,- ինչպե՞ս հաղորդվեմ: Ախր մենք յուղով ենք ուտում ճաշը: Քանի որ ես աշխատում եմ: Երեխաներս՝ նույնպես»: «Իսկ քանի՞ երեխա ունես»,- հարցրեց նրան հոգևորականը: «Ինը»: «Իսկ շա՞տ յուղ եք ավելացնում ճաշերին»: «Երկու գդալ բուսական յուղ»: «Եվ որքա՞ն յուղ է բաժին հասնում քեզ դրանից, ա՜յ իմ թշվառական,- բացականչեց հոգևոր հայրը,- գնա և Սուրբ Հաղորդություն ստացիր»: Տասնմեկ հոգու համար միայն երկու գդալ բուսական յուղ: Դեռ խիղճն էլ տանջում էր նրան:

Ես աշխարհիկ մարդկանց էի ճանաչում, որ օրհնվել էին այն ճգնակեցությունից, որ գործում էին: Ոչ շատ վաղ անցյալում, Սուրբ Լեռան վրա մի աշխարհիկ մարդ էր աշխատում իր որդու հետ: Նրանք բավական երկար ժամանակ աշխատեցին Աթոսում: Այնուհետև իրենց հայրենի վայրերում լավ աշխատանք ճարվեց և հայրը որոշեց մեկնել Սուրբ Լեռից՝ իր հետ տանելով նաև երեխային, որպեսզի ողջ ընտանիքը միասին ապրի: Սակայն որդին հիացած էր վանականների ճգնավորական կյանքով և հիշելով աշխարհիկ կյանքի պատճառած հոգեկան խռովությունները՝ չցանկացավ վերադառնալ: «Հա՛յր, դու ուրիշ երեխաներ էլ ունես,- ասում էր նա,-մեկին թող Ամենասուրբ Աստվածամոր Այգում»: Նա տեղի չտվեց հոր հորդորներին և հայրը ստիպված եղավ որդուն Սուրբ Լեռան վրա թողնել: Այդ տղան գրագետ չէր, սակայն շատ ուշադիր էր, նա մեծ բարեպաշտություն և պարզություն ուներ: Նա իրեն անարժան էր համարում կուսակրոն ձեռնադրվելու համար, քանի որ կարծում էր, որ կուսակրոնի կանոններն իր ուժերից վեր կլինեին: Եվ ահա նա մի փոքր խուց գտավ, որը նախկինում որպես մսուր էին օգտագործում բեռնակիր կենդանիների համար, դուռն ու լուսամուտը քարերով ու ճյուղերով փակեց և միայն մի փոքր ճեղք թողեց, որպեսզի դրանով դուրս ու ներս սողա: Ներսից իր «որջը» ինչ-որ տեղից գտած մի հնամաշ վերարկուով էր պատում: Նա նույնիսկ կրակ չէր վառում: Թռչունների բներն ավելի լավ բնակատեղի էին, քան՝ նրանը, կենդանիների որջերն ավելի լավ տներ էին, քան՝ այն, որտեղ ապրում էր նա: Սակայն այն ուրախությունը, որ այդ հոգին ուներ, չունեն նույնիսկ նրանք, ովքեր շքեղ դղյակներում են ապրում: Քանի որ այդ մարդը հանուն Քրիստոսի էր ճգնում, և Քրիստոս նրա կողքին էր, ոչ միայն նրա խցում, այլև՝ նրա հոգևոր տանը՝ նրա մարմնում ու սրտում: Այդ պատճառով էլ նա Դրախտում էր ապրում: Հազվադեպ դուրս էր գալիս իր որջից և ինչ-որ խուց էր գնում, որտեղ եղբայրները զբաղվում էին բանջարանոցի գործերով: Նա օգնում էր եղբայրներին և դրա դիմաց մի քիչ պաքսիմատ ու ձիթապտղի հատիկներ էր ստանում: Եթե նրան աշխատանք չէին տալիս, ապա այդ պաքսիմատն ու հատիկները չէր վերցնում: Նա համարում էր, որ իր աշխատանքով կրկնակի պիտի վճարի այն օրհնությունների համար, որ ստանում էր: Նրա հոգևոր կյանքի մասին, իհարկե, միայն Աստված գիտեր, որովհետև նա անհայտության մեջ էր ապրում, պարզ ու անաղմուկ: Սակայն շատ բան կարելի է հասկանալ մի դեպքից հետո, որ հետագայում հայտնի դարձավ: Մի անգամ նա մի վանք մտավ և հարցրեց, թե երբ է սկսվում Մեծ Պահքը, չնայած, որ գրեթե ողջ տարին Մեծ Պահք էր այդ մարդու համար: Այնուհետև նա գնաց իր «որջն» ու փակվեց: Համարյա երեք ամիս անցավ, իսկ նա նույնիսկ չնկատեց դա: Հետո դուրս եկավ իր խցից և գնաց վանքերից մեկը, որպեսզի հարցնի, թե երբ է Սուրբ Հարության տոնը: Նա մասնակցեց ծառայությանը, Սուրբ Հաղորդություն ստացավ Պատարագի ժամանակ և այնուհետև հայրերի հետ ճաշի գնաց: Ճաշին նա կարմիր հավկիթներ տեսավ: Դա Զատկին հաջորդող երեսունիններորդ օրն էր, երբ վերջին անգամ է եկեղեցում երգվում «Քրիստոս հարյավ»-ը և Սուրբ Հարության այլ շարականները: Նա տեսավ և հարցրեց եղբայրներից մեկին. «Լսիր, մի՞թե արդեն Սուրբ Զատիկն է»: «Ի՞նչ Սուրբ Զատիկ,- պատասխանեց նա,- վաղն արդեն Համբարձման տոնն է»: Այսինքն, այդ մարդը ոչ միայն Մեծ Պահքն էր պահել, այլև հաջորդ քառասուն օրերն էլ էր պահքի մեջ եղել: Ահա այսպես նա ճգնեց մինչև իր մահկանացուն կնքելը: Մի որսորդ գտավ նրան մահվանից երկու ամիս անց և ոստիկանությանն ու բժշկին հայտնեց այդ մասին: «Նրա մարմնից ոչ միայն դիակահոտ չէր գալիս,- պատմեց ինձ բժիշկը,- այլև՝ անուշահոտություն էր բուրում»:

 

* Սուրբ Հայրերին ուղղված ընդհանուր շարականին. «Անապատական և հրեշտակակերպ»:

 

Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան կյանք» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

 

17.06.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․