Գրքեր

«Կինը տղամարդու զգեստ չպետք է հագնի, իսկ տղամարդն էլ կանացի զգեստ չպետք է հագնի»

- Հա՛յր, ինչպես վերաբերվենք այն կանանց, որոնք տաբատներով են վանք գալիս: Նրանք հաճախ ասում են, որ տաբատները ոչ միայն ավելի հարմարավետ են, այլև կարճ կիսաշրջազգեստներից համեստ են:

- Այսօր կանայք կա՛մ կարճ կիսաշրջազգեստ են հագնում, կա՛մ տաբատ: Երկուսից մեկն են ընտրում: Իսկ Հին Կտակարանում միանգամայն պարզ և մանրամասնորեն գրված է այդ մասին. «Կինը տղամարդու զգեստ չպետք է հագնի, իսկ տղամարդն էլ կանացի զգեստ չպետք է հագնի» (Բ Օրին. 22:5): Օրենք է: Բացի այդ, հակառակ սեռի հագուստ հագնելն անվայել է: Կիսաշրջազգեստ հագնող տղամարդիկ շատ ավելի քիչ են, քան տաբատ հագնող կանայք:

- Սակայն դաշտերում աշխատող կանայք ասում են, որ միայն տաբատով կարող են ազատ շարժվել աշխատանքի ժամանակ:

- Դա ուղղակի պատրվակ է:

- Հա՛յր, իսկ մայրերն ասում են, որ աղջիկները տաբատ են հագնում, որպեսզի չմրսեն:

- Մի՞թե չի կարելի այլ բան մտածել: Ինչ է, երկար զուգագուլպաներ չկա՞ն: Թող դրանք հագնեն, որ չմրսեն: Յուրաքանչյուր դժվարությունից էլ կարելի է դուրս գալ, միայն թե ցանկություն լինի:

- Հա՛յր, իսկ ի՞նչ անել, երբ պաշտոնական դեմքեր են գալիս մենաստան և նրանց հետ տաբատով կին կա:

- Դուք նրանց բացատրեք: Հարցրեք, արդյոք ցանկանո՞ւմ են, որ հանուն նրանց զիջման գնաք, խախտեք ընդունված կարգն ու մենաստանում անկարգություն լինի:

- Մի անգամ երեսուն ուսուցչուհի եկան տաբատ հագած, հա՛յր, և մենք նրանց ներս թողեցինք:

- Լավ չէ, պետք չէր անել: Պետք էր նրանց ասել. «Ներեցեք, մեր մենաստանում կարգն այսպիսին է՝ տաբատներով կանանց մուտքն արգելվում է»: Թե չէ նրանք հետո այլ մենաստաններ էլ կգնան և այնտեղ կասեն, որ այսինչ մենաստանում իրենց թողել են տաբատով ներս մտնել: Դուք նրանց հանդուրժողականորեն եք վերաբերվել՝ չցանկանալով վարկաբեկել, իսկ նրանք հետո ձեզ կվարկաբեկեն: Դարպասներից Հին Կտակարանի համապատասխան հատվածով ցուցանակ կախեք: Հիսուն կիսաշրջազգեստ կարեք և նրբորեն առաջարկեք դրանք տաբատով կամ կարճ կիսաշրջազգեստով կանանց, որոնք առաջին անգամ են ձեզ մոտ գալիս՝ չիմանալով վանքի կանոնները:

- Հա՛յր, իսկ ի՞նչ անել, երբ ավագ դասարանների աշակերտներ են գալիս և բոլոր աղջիկները տաբատներով են:

- Նրանց համար հյուրասիրությունը դարպասներից դուրս տարեք*: Դա նրանց կստիպի մտածել: Կամ եթե նրանք նախօրոք զգուշացնում են իրենց այցի մասին, ապա հեռախոսով նախազգուշացրեք նրանց. «Խնդրում եմ, որպեսզի ուսուցչուհիներն ու աշակերտուհիները տաբատներով չլինեն»: Այդ կերպ նրանք կհասկանան, որ հարգանքով է պետք վերաբերվել մենաստանին: Այստեղ ծխական համայնք չէ: Ծխական համայնքում հոգևորականը պետք է բացատրի կանանց, որպեսզի նրանք հասկանան, թե ինչու չի կարելի տաբատ հագնել և իրենց կարգի բերեն: Իսկ եթե ծխական մեկ այլ համայնքից տաբատով կանայք գան իր եկեղեցի, ապա նա պետք է ինչ-որ բան մտածի: Եկեղեցին մայր է, այլ ոչ թե խորթ մայր:

- Հա՛յր, սակայն շատերն ասում են. «Նման խստությամբ վարվելով՝ մարդկանց վանում եք Եկեղեցուց»:

- Բայց եթե Հին Կտակարանում գրված է Աստծո պատվիրանը, որը կանանց արգելում է տղամարդկանց հագուստ հագնել, ապա նրանց էլ ի՞նչ է պետք: Բայց նրանք այսպես են դատում. «Ինչո՞ւ կինը չի կարող տաբատ հագնել: Ինչո՞ւ աթեիստները չեն կարող ծխական խորհուրդ մտնել, չէ՞ որ Եկեղեցին և ժողովուրդը մի են»: Բայց նման դեպքում Եկեղեցու ճակատագիրը կախված կլինի անաստվածների որոշումներից: Եվ նրանք եկեղեցիները գրադարանների, պահեստների ու նման բաների կվերածեն, եթե ամեն ինչին իրենց «ինչու»-ով են մոտենում: Եվ ի՞նչ ասես այստեղ:

Կարիք չկա նաև հանված զբոսաշրջիկներին համբերել մենաստաններում: Պետք չէ արդարանալ, որ տուրիստներից հավաքած գումարով վանքը կարիքավորներին կհագցնի: Դա բանսարկուի հնարքներից է, ով ձգտում է վանականին հեռացնել Աստծո օրհնություններից և աշխարհիկ մարդու վերածել նրան: Ընդհակառակը, երբ վանականը հանուն Քրիստոսի իսկապես հեռանում է աշխարհից, ապա հենց դա է նրան առաքինություններով հարստացնում:

- Հա՛յր, Ստոմիոնի մենաստանում ստիպված էիք զբոսաշրջիկների համար համապատասխան հայտարարություննե՞ր կախել:

- Այո՛, ես հայտարարություններով տախտակներ էի կախել: «Բարի գալուստ» գրվածը կախված էր մենաստանի մուտքի մոտ: Երկուսն էլ ցածում էին կախված, վանքից քսան րոպե հեռավորության ճանապարհի վրա: Դրանցից մեկի վրա գրված էր. «Անպատշաճ հագուստով՝ դեպի գետը» և սլաքը գետն էր ցույց տալիս: Մյուսի վրա գրված էր. «Պատշաճ հագուստով՝ դեպի սուրբ մենաստան» և սլաքը ուղղված էր դեպի մենաստանը: Լավ էի գրել, չէ՞:

- Հա՛յր, իսկ ամռանն ի՞նչ անենք, երբ շատ կանայք թիկունքները բաց են գալիս մենաստան:

- Դե, ինչ-որ ծածկոցներ կարեք, որ թիկունքները ծածկեն: Այդպես նրանք կհասկանան, որ պետք է հարգանքով վերաբերվել այն վայրին, ուր եկել են:

 

* Հունաստանի մենաստաններում, ըստ հյուրասիրության ավանդույթների, յուրաքանչյուր ուխտավորի հյուրասիրությամբ են դիմավորում՝ լոխումով կամ մեկ այլ քաղցրավենիքով և մի բաժակ սառը ջրով:

 

 

Հայր Պաիսիոս Աթոսացու «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

 

12.04.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․