Կրքերը խափանումներ են Աստծու հետ հաղորդակցության մեջ

- Հա՛յր, եթե ես կրքեր ունեմ, ապա սիրտս կարո՞ղ է աղոթքի մեջ վարժվել:

- Սիրտդ ինչպե՞ս պիտի աղոթքի մեջ վարժվի, եթե կրքեր ունես: Հապա վերցրու ժանգոտած լարն ու միացրու հեռախոսին: Կկարողանա՞ս դրանով խոսել: Կապն անընդհատ կընդհատվի, և միայն աղմուկ կլսես խոսափողի մեջ: Այդպես էլ մարդն է. եթե ներքուստ ժանգոտած է, կրքերով լի, ապա նրա հոգևոր կյանքում կարճ միացումներ են լինում՝ իր իսկ մեղքով: Պետք է հեռու մնալ հպարտությունից, եսասիրությունից, ինքնակամությունից, անպատկառությունից: Որովհետև երբ կրքերը տիրում են մարդուն, Աստծու շնորհը չի կարողանում նրան այցելել, և նա ի վիճակի չի լինում աղոթելու: Նա պետք է իր «լարերը» ժանգից մաքրի, որպեսզի դրանք հոսանքը լավ անցկացնեն, և նա կարողա շփվել Աստծու հետ: Իսկ որքան մարդը սրբվի կրքերից, այնքան կառաջադիմի աղոթքում:

Կրքերը խափանումներ են, որ խանգարում են Աստծու հետ շփմանը: Եթե խափանումները չանհետանան, ապա ինչպե՞ս կարող ես Աստծու հետ շփվել: Երբ ռազմաճակատում ռադիստը խափանումներ էր լսում, իրեն կանչողին ասում էր. «Ձեզ չեմ լսում, լսելիությունը «զրո» է» կամ «Լսելիությունը «մեկ» է, ստուգեք կապն ու կրկնեք փորձը»: Խափանումների պատճառով հնարավոր չէր մարդուն լսել: Լսելիությունը «երեքից» բարձր պիտի լիներ: «Հինգը» շատ լավն էր համարվում: Այլապես ռադիստը բղավում էր, սակայն, խափանումների պատճառով ոչ ոք նրան չէր լսում: Նախ նա պետք է կարգավորեր իր ռադիոսարքի հաղորդիչն ու ընդունիչը, իսկ այնուհետև կենտրոնի հետ նույն հաճախության վրա դներ: Աստծու հետ ևս նույն հաճախության վրա գտնվելու համար հաղորդիչը պետք է սիրո հաճախության վրա դնենք, իսկ ընդունիչը՝ խոնարհության, որպեսզի Աստված մեզ լսի, մենք էլ՝ Իրեն, քանի որ Նրա հաճախությունը սեր-խոնարհությունն է: Մարդը, որքան կարող է, պիտի ջանա այդ հաճախությունը որսալու համար: Այնժամ նա Աստծու հետ հաղորդակցության մեջ կմտնի, և նրա միտքը մշտապես Աստծու մեջ կլինի: Մաղթում եմ, որ այդ հաղորդակցության մեջ մտնեք: Ամեն:

 

Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

05.10.19
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․