Լեզուն զսպելու և ստի տեսակների մասին

Մարդը պետք է մեծ ուշադրություն դարձնի իր խոսվածքին, որպեսզի իր բերանից դուրս չգան Աստծուն ոչ հաճելի մտքեր, արտահայտություններ ու բառեր: Քրիստոս, կարևորելով լեզուն զսպելը, ասում է. «Լսեցե՛ք և իմացե՛ք. ոչ թե` ինչ որ բերանով է մտնում, ա՛յն է պղծում մարդուն, այլ ինչ որ ելնում է բերանից` ա՛յն է պղծում մարդուն» (Մատթ. 15.10-11, Մարկ. 7.15): Նաև մեր Տերն ասում է. «Մարդիկ իրենց խոսած ամեն դատարկ բանի համար դատաստանի օրը հաշիվ պիտի տան» (Մատթ. 12.36): Մկրտության արարողության ժամանակ Մկրտության խորհրդի կատարումից անմիջապես հետո կատարվում է Դրոշմի խորհուրդը, որի ընթացքում սուրբ մյուռոնով օծվում են նաև մկրտվողի շուրթերը: «Սա եղիցի քեզ ի պահպանութիւն բերանոյ և դուռն ամուր շրթանց քոց»,- ասում է օծումը կատարող հոգևորականը: Այս օծմամբ մկրտյալ մարդուն զորություն է տրվում, որպեսզի քրիստոնյան իրեն հեռու պահի անգամ խոսքով մեղանչելուց:

Մարդը խոսքով մեղանչում է հատկապես այն մեղքերով, որոնք հիշված են մեղքերի թողության համար եկեղեցում ընթերցվող մեղաների շարքում` դժգոհելով, տրտնջալով, բամբասելով և հայհոյելով, որոնք մարդու վրա են կուտակում աստվածային զայրույթը: Առավել հաճախ նաև ստախոսությունն է տարածված: Հետաքրքրական է իմանալ, որ գոյություն ունեն ստի երեք տեսակներ: Առաջին տեսակը վտանգավոր է և վնասում է մարդուն, ինչպես օրինակ` սուտ վկայելը, չարախոսելը: Երկրորդ տեսակը կատակով է լինում, որ ծաղրածուություն է: Ստի երրորդ տեսակը անվտանգ է և նույնիսկ օգտակար է լինում, ինչպես օրինակ` երբ մոլագարը սուր է խնդրում, ասում ենք, թե չունենք: Գրիգոր Տաթևացու այս օրինակը որոշ տարբերությամբ հանդիպում է նաև Դավիթ Անհաղթի մոտ, ըստ որի բարի է, երբ մեկը ստում է իրեն սուրը պահ տված մարդուն, ով եկել էր բարկության պահին մեկ ուրիշին սպանելու համար սուրը ետ վերցնելու, և ասում է, թե` ինձ ոչինչ չես տվել: Եվ կամ երբ մեզ անարժան մի բան են հարցնում, ասում ենք, թե չգիտենք: Առաջին տեսակի սուտը` չարախոսությունը, սուտ վկայությունը մահու չափ մեղք է: Երկրորդ տեսակինը` կատակախոսությամբ լինողը, որ առավել աշխարհականների մեջ է հանդիպում, ներելի մեղք է, երբ հազվադեպ է կատարվում: Սակայն երբ այն միշտ է լինում և այն էլ եկեղեցում, ապա մահու չափ մեղք է, ինչպես որ Սուրբ Գրիգոր Տաթևացու վկայակոչմամբ ասում է Սուրբ Նեղոսը. «Ծաղրածու կրոնավորը գերգեսացի դև է»: «Վա՜յ ձեզ, որ այժմ ծիծաղում եք, որովհետև պիտի սգաք ու պիտի լաք» (Ղուկ. 6.25): Եվ այսպիսի կատակերգակը պատճառ է լինում դատարկաբանության ու ենթակա է պատասխանատվության: Եվ դատվելու են ոչ միայն ստախոսներն ու դատարկախոսները, այլև հավանությամբ նրանց լսողները:

Սուրբ Հակոբոս առաքյալը ևս իր ընդհանրական թղթում խոսում է լեզուն զսպելու անհրաժեշտության մասին: Ձիերը կառավարվում են ոչ մեծ սանձով և հսկա նավերը` փոքր ղեկով: Այդպես էլ մարդու անդամների մեջ հաստատված լեզուն է, որը սխալ ընթացքի դեպքում կարող է ապականել ամբողջ մարմինը` դատապարտելով գեհենի կրակին, ինչպես որ փոքրիկ կրակը մեծ անտառներ է հրդեհում (Հակ. 3.1-6): Նույն լեզվով օրհնություններ ու վատ խոսքեր են ասվում, ինչը խիստ դատապարտելի է: «Նրանով օրհնում ենք Տիրոջը և Հորը և նրանով անիծում ենք մարդկանց, որ ստեղծվեցին Աստծու նմանությամբ: Նույն բերանից դուրս են գալիս օրհնություններ և անեծքներ: Եղբայրնե՛ր իմ, պետք չէ, որ այդ այդպես լինի» (Հակ. 3.9-10),- քաղցրաբար հորդորում է Սուրբ Հակոբոս առաքյալը:

 

Տեր Ադամ քհն․ Մակարյան

«Քրիստոնեության իսկությունը» գրքից

 

25.08.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․