Գրքեր

Մարդու Որդին, Մասնատվող Անմասնատելին

Մարդու Որդին

Ստեփանոս նախասարկավագը, իր քարկոծումից առաջ հայտարարեց, որ տեսնում է երկինքը բացված և մարդու Որդուն` կանգնած Աստծո աջ կողմում (Գործք 7.55): Զարմանալի է, որ առաքյալներն իրենք երբեք այդպես չեն կոչել Քրիստոսին, և Ավետարաններում էլ ոչ ոք Քրիստոսից բացի չօգտագործեց մարդու Որդի արտահայտությունը: Սա բացատրվում է նրանով, որ Ստեփանոսի հոգևոր հայացքի առջև Քրիստոս ներկայացել է այնպես, ինչպես Դանիել մարգարեի տեսիլքում (Դան. 7.13): Ստեփանոսը տեսնում է Քրիստոսին` կանգնած Հայր Աստծո աջ կողմում: Եվս մեկ զարմանալի փաստ. ըստ Քրիստոսի խոսքերի` մեջբերված սաղմոսից, Աստծո աջ կողմում նստած վիճակը պետք է լինի. «Տերն ասաց իմ Տիրոջը «Նստիր Իմ աջ կողմում, մինչև Քո թշնամիներին Քո ոտքերի պատվանդան դարձնեմ»» (Ղուկ. 20.42, Սաղմ. 109.1): Այսպես է նաև ըստ առաքյալների (Մարկ. 16.19, Եփես. 1.20): Ստեփանոսի այս տեսիլքը բացատրվում է հետևյալ կերպ: Նստած վիճակը հրամայողի և տիրողի դիրք է, իսկ կանգնելը` պատերազմողի և օգնողի: Հետևաբար, Ստեփանոսը տեսավ իրեն օգնության հասնող և իր արդար հոգին ընդունելու պատրաստ Քրիստոսին: Նույն կերպ էլ մեր այսօրվա կյանքում Աստված երբեք անօգնական չի թողնում իրեն հավատացողներին և միշտ գործում է` Իրեն դիմողներին պահպանելու և օգնելու համար: Դանիել մարգարեն Քրիստոսին կոչում է մարդու Որդի (Դան 7.13): Մարդու Որդի արտահայտությունը մեսիական տիտղոս է, և Քրիստոս ևս Ավետարաններում Իրեն անվանում է մարդու Որդի մոտ ութսուն անգամ: Սակայն Քրիստոսի հետևորդների խոսքում Քրիստոս միայն մեկ անգամ այսպես կոչվեց Ստեփանոս նախասարկավագի կողմից (Գործք 7.55): Սրա պատճառն այն է, որ առաքյալներն սկսեցին քարոզել նաև հեթանոսների մեջ, որոնցից հատկապես հույները մարդու Որդի կհասկանային միայն մարդ, դրա համար էլ հրեական սինագոգից դուրս առաքյալները Քրստոսին կոչում էին Աստծո Որդի: Սակայն նրանք մարդու Որդի արտահայտությունը պահել են Քրիստոսի խոսքերում, որովհետև Ինքն էր Իրեն այդպես կոչում:

Մասնատվող Անմասնատելին

Քրիստոս հաստատեց Հաղորդության խորհուրդը (Մատթ. 26.26): Սուրբ Հաղորդությունը տրվում է Պատարագի արարողության ժամանակ, երբ սրբագործվող հացն ու գինին աստվածային ներգործությամբ դառնում են Քրիստոսի ճշմարիտ Մարմինն ու Արյունը: Հաղորդության զորությունն ավելի են հստակեցնում Տիրոջ խոսքերը. «Եթե չուտեք մարդու Որդու մարմինը և չըմպեք Նրա արյունը, ձեր մեջ կյանք չեք ունենա: Ով ուտում է Իմ մարմինը և ըմպում Իմ արյունը, հավիտենական կյանք ունի. և Ես նրան վերջին օրը հարություն առնել պիտի տամ» (Հովհ. 6.54.55): Պատարագի ընթացքում Հաղորդությունը հավատացյալներին տալիս է պատարագիչ հոգևորականը` մանր կտորների բաժանելով գինու մեջ թաթախված անթթխմոր հացը` նշխարը, որոնք այլևս իրենց վրա տպավորված զորությունն ունենալով` Մարմինն ու Արյունն են Քրիստոսի: Սակայն Հաղորդության հացն ու գինին, ինչքան էլ որ բաժանվեն կամ մասնատվեն, այնուամենայնիվ, իրենցում Քրիստոսին բովանդակում են ամբողջականորեն: Մեր մեծ աստվածաբան հեղինակներից Ղազար Ջահկեցին դա բացատրում է հետևյալ կերպ: Ինչպես արեգակը բազմապատիկ մեծ է երկրից, սակայն ողջ արեգակը հայելու մեջ երևում է, և երբ հայելին բազում բեկորների կոտրես, յուրաքանչյուր մասի մեջ դարձյալ արևը ամբողջական կերևա, այսպես և Քրիստոսի մարմինը բազում անգամներ նշխարից ավելի մեծ է, բայց նշխարն օրհնվելով ճշմարիտ հոգևորականի կողմից` Պատարագի ընթացքում դառնում է Քրիստոսի իրական Մարմինը և գինին` Արյունը: Եվ եթե նշխարը բազում մասերի բաժանես, յուրաքանչյուր մասը վերստին իր մեջ կրում է Քրիստոսի ողջ Մարմինը օրհնյալ հացից, և մենք Քրիստոսին ճաշակում ենք ամբողջպես:

 


Տեր Ադամ քհն. Մակարյան

«Քրիստոնեության իսկությունը» գրքից

 

23.01.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․