Մատաղ|Matagh



Գրքեր

Մատաղ

«Երբ ճաշ կամ ընթրիք ես տալիս, մի՛ կանչիր ո՛չ քո բարեկամներին, ո՛չ քո եղբայրներին, ո՛չ քո ազգականներին և ո՛չ էլ քո հարուստ հարևաններին, որպեսզի նրանք էլ փոխարենը քեզ չհրավիրեն, և քեզ հատուցում լինի: Այլ երբ ընդունելություն անես, կանչիր աղքատներին, խեղանդամներին, կաղերին ու կույրերին և երանելի կլինես, որովհետև փոխարենը քեզ հատուցելու ոչինչ չունեն: Եվ դրա փոխարեն քեզ կհատուցվի արդարների հարության օրը» (Ղուկաս 14.12-14):

«Մայր Մաշտոցի» համաձայն՝ ավետարանական այս հատվածը, որ ընթերցվում է հոգևոր բարեպաշտական արարողություններից՝ մատաղի ժամանակ, լավագույն կերպով ներկայացնում է արարողության բուն խորհուրդը:

Մատաղի հաստատումը

Մինչ քրիստոնեության ընդունումը՝ շատ ժողովուրդներ, այդ թվում նաև հայ ժողովուրդը հեթանոսական կուռքերին և չաստվածներին փառաբանելու նպատակով զոհաբերություններ էին կատարում: 301թ-ին՝ հայոց ամբողջական Դարձից հետո, զոհաբերությունները վերաիմաստավորվեցին. ըստ Սուրբ Սահակ Պարթև հայրապետի կանոնի՝ մեր առաջին կաթողիկոս՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, սահմանեց, որ անբան կենդանիներին կուռքերին զոհեր մատուցելու փոխարեն, որպես ողորմություն բաժանեն աղքատներին: Ինչպես Տաթևացին է գրում. «Լուսաւորիչն կարգեաց զօրհնութիւն աղին»: Մատաղի՝ աղքատների ու կարոտյալների համար կամավոր նվիրաբերության հիմքը դրվեց 4-րդ դարից և իր շարունակությունը ունեցավ և ունի առ այսօր: Սակայն քրիստոնեական իմաստով մատաղի ակունքները գալիս են դեռ առաջին դարից, երբ բոլոր քրիստոնյաները Սուրբ Պատարագից հետո հավաքվում էին միասին՝ «սիրո ճաշի»՝ ագապեի՝ մատաղի, որն ամբողջությամբ մատուցվում էր հիվանդներին ու աղքատներին: 4-րդ դարի ասորի պատմագիր Զենոբ Գլակը վկայում է, որ հոների դեմ տարած հաղթանակից հետո Տրդատ թագավորը, Սբ. Գրիգոր Լուսավորիչը և հայ ավագանին բազմաթիվ արջառներ, նոխազներ ու գառներ են զոհ մատուցել ի գոհություն Աստծո և բաժանել աղքատներին: Հայոց պատմիչներ Ղազար Փարպեցու և Հովհան Մամիկոնյանի վկայությամբ՝ հայոց թագավորներն ու իշխանները, մեծապես գոհություն հայտնելով Աստծուն, Սուրբ Պատարագին էին մասնակցում, և, ըստ սովորության համաձայն, անհամար սպիտակ անասուններ, նոխազներ ու գառներ էին մատաղ անում և աղքատներին բազում ողորմություն տալիս:

«Մատաղ» բառի բացատրությունը

Ըստ Մալխասյանցի բացատրական բառարանի «մատաղ» նշանակում է ջահել կենդանի, ըստ Աճառյանի արմատական բառարանի, «մատաղ» բառն ստուգաբանվում է՝ «մատղաշ, փափուկ, դեռատի, մանկահասակ»: Ի տարբերություն նշյալ բառարանների, «Նոր բառգիրք հայկազեան լեզուի» բառարանի բացատրությունը, կարծես թե մոտենում է մատաղի հոգևոր իմաստին՝ «որպէս որթ մատաղ զենլի, եւ բաշխելի աղքատաց որպէս ագապ»: Իսկ Սուրբ Գրիգոր Տաթևացին «մատաղ» բառն ստուգաբանում է «մատուցի՛ր աղ»: Ըստ Տաթևացու մատաղը. «նախ՝ ընծա(ներ) է (են) Աստծուն: Երկրորդ՝ փրկության հույս է…: Երրորդ՝ աղքատասիրություն և ողորմություն է: Չորրորդ՝ ննջեցյալների հիշատակ»:

Մատաղի համար սահմանված օրերը և մատաղի նյութերը

Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետը նշում է, որ Սուրբ Գրիգոր Լուսավորչի ժամանակներից սկսած՝ մատաղ էին անում Տիրոջ Հարության տոնին, Տերունական և Սրբոց տոներին, Սուրբ Սեղան հաստատելու առթիվ: 12-րդ դարի հայ աստվածաբան-փիլիսոփա Պողոս Տարոնացին ասում է, որ Քրիստոսի Մարմինը և Արյունը ճաշակելուց հետո պետք չէ անսուրբ կերակուրի մոտենալ, այլ նախ պետք է օրհնված և աղահար միս ուտել, ապա այլ կերակուրներ: Ի տարբերություն անցյալի, այսօր մատաղ է արվում ուխտի, ուխտագնացությունների, որևէ փորձանքից ազատվելու կամ հաջողության հասնելու համար՝ Աստծուն գոհություն և փառք մատուցելու նպատակով: Նշենք, որ մատաղ է արվում նաև ննջեցյալների հիշատակին և իբրև հոգեհաց բաժանվում աղքատներին ու կարոտյալներին: Չորեքշաբթի, ուրբաթ օրերին, շաբաթապահքերին և Մեծ պահքի շրջանին մատաղ չեն անում:

Մատաղի նյութերն են՝ կենդանին ու աղը

Մատաղի կենդանի են համարվում «բոլոր ընտանի ուտելի չորքոտանիք». եզ, ցուլ, ոչխար, գառ: Այսօր նաև թռչնազգիներից՝ աքաղաղն ու աղավնին, որոնց մասին որպես մատաղի նյութ մատենագրության մեջ որևէ ակնարկ չկա: Հավանաբար 19-րդ դարի վերջերին է, որ աքաղաղն ու աղավնին մատաղացու են դարձել, ինչը, անշուշտ, կապված է եղել հավատացյալների հնարավորության հետ: Նախկինում մատաղ էին արվում միայն արու կենդանիները, սակայն միջին դարերում այլևս վերանում է արուի և էգի զանազանությունը. «Թէ որձ է եւ թէ էգ, ոչ է խոտելի»: Ներկայումս, հնին վերադառնալով, նախընտրությունը տրվում է արուներին: Նախընտրելի է աղավնիներին ազատ արձակելը՝ որպես գթասրտության նշան:

Մատաղ անելիս պետք է ուշադրություն դարձնել, որ կենդանին խեղված կամ անարգ չլինի, որովհետև Աստծուն մատուցվող ցանկացած ընծա՝ նյութական թե հոգևոր, պետք է լինի անարատ ու մաքուր: Այս դեպքում մատաղը ևս որպես Աստծուն մատուցվող ընծա, պետք է ընտիր և լավագույն լինի, ինչպես Իսահակն էր Աբրահամի աչքին սիրելի (Ծննդոց 22), որպեսզի հաճելի լինի Տիրոջը, ինչպես Աբելի պարագային էր (Ծննդոց 4), քանի որ ավելորդից արված նվիրաբերությունը արժեք չունի (Մարկոս 12.41-44): «Կանոնագիրք հայոցում» նզովյալ է համարվում խեղված կամ արատավոր անասուն մատաղ անելը: Արգելվում է նաև որսորդության միջոցով ձեռք բերված անասունը մատաղ անելը, որովհետև այն պետք է անպայման արդար վաստակով ձեռք բերված լինի (և ոչ թե հափշտակության կամ գողության, կամ գնի իջեցումով գնված, կամ էլ ինչպես այսօր է տարածված՝ մուրացիկությամբ ձեռք բերված վաստակի):

Մատաղի երկրորդ նյութն է աղը

Ինչո՞ւ է աղ օրհնվում: Ինչո՞ւ Սբ. Գրիգոր Լուսավորիչը հաստատեց աղի օրհնության կարգ: Այս հարցերին, իրենց բացատրություններով, անդրադարձել են Սբ. Ներսես Շնորհալին և Սբ. Գրիգոր Տաթևացին: Ըստ այդմ, «աղը մաքրության օրինակ է, ինչպես որ Քրիստոս ասաց Իր աշակերտներին. «Դուք եք երկրի աղը» (Մատթեոս 5.13)՝ մաքրելու աշխարհի ապականությունը խոսքի քարոզչությամբ: Մատաղի արարողակարգի համաձայն՝ քահանան, սաղմոսներ և աղոթքներ կարդալով, խաչով օրհնում է աղը, որը տալիս է կենդանուն ուտելու, որպեսզվի այն սրբվի աստվածային անեծքից (Ծննդոց 3), վերստանալով առաջին օրհնությունը (Ծննդոց 1.22), և տարբերակվի կուռքերին մատուցվող զոհերից:

«Օրհնի՛ր, Տե՛ր, Քո ողորմությամբ այս աղը և սրբի՛ր սա, որպեսզի ամեն ինչի, որ սա խառնվի, հաճելի և ընդունելի լինի Քեզ և մեզ համար՝ հոգու և մարմնի մաքրություն ու առողջություն…» ասվում է աղի օրհնության աղոթքում:

Քահանայի կողմից օրհնված աղը տրվում է մատաղացու կենդանուն, որից հետո միայն կարելի է մորթել (աղավնու պարագային՝ աղը կտուցի մեջ լցնելով, ազատ են արձակում):

Հետևապես, քանզի կենդանու կամ թռչնի սրբագործումը կատարվում է օրհնված ու սրբված աղի միջոցով, ուստի արգելվում է մատաղացուին եկեղեցի մտցնելը. օծված ու սրբագործված տաճար միայն աղն են տանում օրհնելու համար:

Ըստ Գիրգոր Տաթևացու կենդանուն եկեղեցի չեն տանում՝ քանի որ եկեղեցին դրախտի խորհուրդ ունի, իսկ անասունները դրախտ չեն մտնելու, որով էլ և կենդանիներին չի կարելի եկեղեցի տանել: Երբ Սինա լեռանը անասուն էր մոտենում, քարկոծվում էր (Ելք 19.13, 34.3): Եվ քանի որ եկեղեցին անմատույց լեռ է (Եսայի 2.2), ապա անասուններն ու անարժանները չպետք է մտնեն: Հին տաճարում գառ էր պատարագվում, որն Աստծո Գառի` Հիսուս Քրիստոսի օրինակն էր: Եվ քանի որ եկեղեցում ճշմարիտ Գառն է պատարագվում, ապա օրինակն արգելվում է եկեղեցի մտցնել: Նաև Քրիստոս տաճարից խարազանով հանեց ոչխարներին ու արջառներին (Հովհաննես 2.14-15), մենք ևս արտաքսում ենք և զգուշանում ենք, որ եկեղեցին փարախի չվերածվի: Այլև եկեղեցին բանավոր, այսինքն` բանական հոտի փարախն է և ոչ թե անբան հոտի:

Մատաղի կենդանուն, ըստ Սբ. Գրիգոր Տաթևացու, պետք է մորթի արական սեռից հավատացյալ աշխարհականը: Կինը, մանուկն ու քահանայական դասին պատկանող որևէ մեկը չպետք է մորթեն մատաղացուին: Եռամեծար վարդապետը վկայում է նաև, որ անցյալում մատաղացու կենդանուն, օրհնված աղը տալով, կրակի վրա խորովել են: Ի տարբերություն հնում ընդունված սովորության՝ հավանաբար 19-րդ դարի վերջերից սկսյալ մատաղացու միսը օրհնված աղով խաշել են և ոչ թե խորովել: Այնուհետև խաշված միսը բաժանել են մանր կտորների և հացի մեջ դնելով՝ բաշխել միայն ու միայն աղքատներին ու կարոտյալներին:

Սբ. Բարսեղ Կեսարացու սահմանած կանոնի՝ մատաղի միսը չի կարելի պահել տանն իբրև ուտելիք, այլ նույն օրը պետք է բաշխել աղքատներին: Եթե մատուցվում է արջառ, նախ պետք է 40 տուն բաժանել, ապա նոր սեղան նստել, եթե ոչխար՝ 7, եթե աքլոր՝ 3: Ըստ հնավանդ սովորության՝ մատաղացու անասունից որոշ մասնաբաժին ունի նաև օրհնության կարգ կատարող քահանան: Մատաղացու կենդանու փորոտիքը, գլուխը և մյուս մնացորդները պետք է թաղել, որպեսզի շների ու կատուների կեր չդառնան, քանզի այն օրհնված է:

Մատաղի հետ կապված ոչ ճիշտ սովորույթները

Երբեմն մարդիկ չհասկանալով մատաղի իմաստը և նշանակությունը, մատաղացու կենդանու արյունը քսում են տան դռներին կամ իրենց ճակատին ու ձեռքերին, որը հեթանոսական է և քրիստոնեական իմաստից զուրկ: Ըստ Սբ. Ներսես Շնորհալու՝ արգելված է մատաղացու անասունի արյունը ճակատին քսել, որովհետև մեր բոլոր զգայարանները Քրիստոսի արյամբ օծվեցին, և Մկրտության ժամանակ Սուրբ Մյուռոնի կնիքն ստանալով մեր ճակատին՝ կարիք չունենք այլ կնիքների և Վերջին դատաստանի ժամանակ այս կնիքով է, որ ճանաչվելու ենք (Հայտնություն 9.4): Հայրապետը նաև պատվիրում է. «…Եվ թող մեկը գառի արյունը տգիտաբար չհավաքի կամ ուտի, ինչպես լսում ենք, թե տխմարներն են անում, …որովհետև արյունը պիղծ է ըստ Աստծո հրամանի, որ Նոյին ասում էր. «Կենսատու արյուն պարունակող միս չուտեք» (Ծննդոց 9.4):

Մատաղը ողորմություն է և ոչ թե զոհաբերում կամ էլ խնջույք և գինարբուք

Անցյալում և այսօր էլ Հայ եկեղեցուն մեղադրում են մատաղի հետ կապված՝ այն նույնացնելով հրեական մեղքի պատարագի հետ: Սա չհիմնավորված պնդում է, քանի որ «Քրիստոս մեկ անգամ որպես պատարագ մատուցվեց՝ շատերի մեղքերը վերացնելու համար» (Եբրայեցիներ 9.28), և «Նա է քավությունը մեր մեղքերի եւ ոչ միայն մեր մեղքերի, այլև ամբողջ աշխարհի» (Ա Հովհաննես 2.2): Մատաղը կապ չունի ո՛չ հրեական, և ո՛չ էլ հեթանոսական զոհաբերությունների հետ։ Մատաղ անող անձը մեղքերի թողություն չի ստանում, այլ բարեգործություն է անում՝ գանձեր դիզելով երկնքում. «Քանի որ անողորմ դատաստան է լինելու նրա հանդեպ, ով ողորմած չի եղել, քանզի ողորմածությունը բարձրագլուխ պարծենում է դատաստանի դիմաց» (Հակոբոս 2.13):

Մատաղը խնջույք էլ չէ, այլ ողորմություն, բարեգործություն, աղքատասիրություն, քանի որ մեր Տերն ասում է՝ «Իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք, այդ Ինձ համար արեցիք» (Մատթեոս 25.40): Մատաղ է, և ընդունելի մատաղ, ցանկացած ընծայաբերում՝ հացեղեն, ուտեստեղեն, հագուստեղեն, շինություն, դրամական նվիրատվություն և որևէ այլ բարեգործություն: Իսկ ողորմության հետ կապված յուրաքանչյուր քրիստոնյա չպետք է մոռանա Տիրոջ պատգամը. «…ձեր ողորմությունը մարդկանց առաջ չանեք, որպես թե այն լինի ի ցույց նրանց, այլապես վարձ չեք ընդունի ձեր Հորից, որ երկնքում է: Այլ երբ ողորմություն անես, փող մի հնչեցրու քո առջև, ինչպես անում են կեղծավորները ժողովարաններում և հրապարակներում, որպեսզի փառավորվեն մարդկանցից… «Այլ երբ դու ողորմություն անես, թող քո ձախ ձեռքը չիմանա, թե ինչ է անում քո աջը, որպեսզի քո ողորմությունը ծածուկ լինի, և քո Հայրը, որ տեսնում է ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ հայտնապես» (Մատթեոս 6.1-3):

Այսպիսով. հայոց մատաղը ազգային- քրիստոնեական և բարեպաշտական մի արարողություն է, որ հնարավորություն է տալիս յուրաքանչյուրին լինելու ողորմած և արժանանալու երանության. «Երանի նրան, ով խնամում է աղքատին, որովհետև դատաստանի օրը Տերը կփրկի նրան անսահման չարից » (Առակներ 14.21-22):

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

24.10.14
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․