21 Դեկտեմբեր, Շբ
Ընդհանուր առմամբ նշվում է, որ հիվանդություններն առաջանում են մեղքերի հետևանքով, հատկապես, երբ անձը համակված է այս կամ այն մեղավոր կրքով: Այդ կրքերը մեղքերի ներքին արտահայտություններն են, որոնք անհատի արտաքին կյանքում արտահայտվում են արարքներով: Սրբակյաց սերբ վարդապետ Թադեոս Վիտովնիցկին նշում է, որ հիվանդությունը մտքի անկման մեջ է: Սբ. Գրիգոր Տաթևացին գրում է, որ նախ ամեն մեղքի սերմը սրտի խորհուրդի մեջ է տնկվում, ապա ծլում է, աճում, դառնում գործողություն, արարք: Շարունակական կրկնվող մեղքերը դառնում են մեղավոր կրքեր և դրանք հաղթահարելը շատ ավելի դժվար է լինում: Իսկ այդ կրքերը պարարտ հող են զանազան հիվանդություններ առաջ բերելու հարցում: Բժիշկ Գուրևը նշում է, որ ժամանակակից բժշկությունը հետազոտել է մեղքերի և հիվանդությունների կապը: Հետազոտությունները ցույց են տվել, որ բոլոր հիվանդությունների հիմքում ընկած է հպարտությունը: Ուսումնասիրությունները ցույց են տվել նաև, որ մարմնական հիվանդություններն առաջանում են այդ դեպքում, երբ մարդ համակված է լինում որևէ մեղքի ախտանիշով, ցանկանում է բավարարել այն, բայց ինչ-ինչ պատճառով չի կարողանում հագուրդ տալ կրքին: Սակայն պետք է նկատի ունենալ, որ հիվանդությունը, մեղքերի հետևանք, պատիժ լինելով` միաժամանակ Տիրոջ կողմից նախատեսված հոգու բուժման միջոց է, այդ պատճառով համբերությամբ և խոնարհությամբ պետք է տանել և Աստծուն գոհություն հայտնել ամեն ինչի համար: Բժիշկ Ավդեևը «Ուղղափառությունը և բժշկությունը» գրքում նշում է, որ սովորաբար տարբեր մեղքեր ծնում են զանազան հիվանդություններ, ինչպես օրինակ` նախանձնի և արծաթասիրության դեպքում առաջանում են նյարդահոգեբանական հիվանդություններ: Ցանկասիրության պատճառով կարող են լինել ատամների, տարբեր տեսակի ալերգիաների նաև աղիքային խնդիրներ: Որկրամոլների մոտ առաջանում է գիրացում, ստամոքսի հիվանդություններ, ենթաստամոքսային գեղձի հիվանդություն: Հուսահատությունից ծնվում է դեպրեսիա, իսկ հպարտությունը կարող է առաջացնել շիզոֆրենիա: Անառակության, շնության պարագայում առաջ են գալիս են վեներական հիվանդություններ, անպտղություն, գինեկոլոգիական հիվանդություններ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ, պրոստատիտ, իմպոտենցիա: Այս ամենի մասին գրում է նաև բժիշկ, պրոֆեսոր, միևնույն ժամանակ ռուս հոգևորական Հայր Սերգեյ Փիլիմոնովը: Նա ասում է, որ հիվանդությունը մեղքի, կրքերի հետեւանք է, որոնք ոչնչացնում են մարմնի և հոգու առողջությունը: Եթե մարդը կրքերին ծառա չի դառնում, այդժամ շատ հիվանդություններ պարզապես չեն ծնվում: Որևէ մեղքից կամ կրքից կարող է ծնվել որևիցե հատկանշական հիվանդություն, սակայն այդ ամենը հարաբերական է, որովհետև յուրաքանչյուր անհատի մոտ հոգևոր վիճակը յուրովի է և ի վերջո միայն Աստծուն է հայտնի, թե ինչու է այս կամ այն անձը հիվանդացել այս կամ այն հիվանդությամբ: Այնուամենայնիվ նա նույնպես նշում է մի շարք հիվանդությունների պատճառներ, որոնք մեղքերի հետևանքով են ծնվում: Ինչպես նաև ընդգծում է, որ բժիշկների համար անհավասարակշիռ էմոցիաների և հիվանդության ուղղակի կապն ակնհայտ է, թեև ինքնին էմոցիաները նորմալ սահմանների շրջանակներում բնական գործառույթ են, որոնք արտահայտում են բնության, մարդկանց հանդեպ մեր վերաբերմունքը և փոխհարաբերությունը: Էմոցիաներն օգտակար են մարմնի համար և պահպանում են մարդու կենսական գործունեությունը: Եթե դրանք դուրս են գալիս մարդկային վերահսկողությունից, վերածվում են կրքի և հանգեցնում հիվանդության: Հետևաբար, էմոցիոնալ ֆոնը շատ հաճախ նպաստում է բազմաթիվ հիվանդությունների, այդ թվում, նյարդային և հոգեկան խանգարումների առաջացմանը: Հայր Սերգեյ Փիլիմոնովը նշում է, որ մի շարք հիվանդություններ կան, որոնք ծնվում են կրքերի հետևանքով, ինչպես օրինակ` ովքեր որկրամոլ են, կարող են տառապել ստամոքսաաղիքային տրակտի խանգարումների հիվանդություններով, խոլեցիստիտի, գաստրիտի, աղիքային խոցի հիվանդություններով և տասներկումատնյա աղիքի հետ կապված խնդիրներով: Եթե մարդը բարկության մեղքի մեջ է հարատևում, այն կարող է հանգեցնել այնպիսի հիվանդությունների, ինչպիսիք են հիպերտոնիան, ինսուլտը և սրտի կաթվածը: Եթե անձը բղջախոհ է և տրվում է անառակ կյանքին, այն բերում է վեներական հիվանդությունների առաջացմանը: Այնպես որ, իսկապես, կան հիվանդություններ, որոնք համահունչ են մեր կրքերին: Այդ ամենի համապատասխանությունը փաստվում է և´ հոգևոր, և´ բժշկական տեսանկյունից: Մարդն այնպես է ստեղծված, որ իր հուզականությամբ ազդում է որևէ օրգանի վրա, քանի որ ամեն զգացմունքային սթրես խիստ փոխկապակցված է որոշակի օրգանի հետ: Օրինակ` եթե մարդը հայտնվում է չափից ավելի տխրության մեջ, ապա դրանից վնասվում են այնպիսի օրգաններ, ինչպիսիք են թոքերը, հաստ աղիքը: Ուժեղ տագնապը կարող է բերել առողջության բացասական հետևանքներ: Այդպիսի դեպքեր հայտնի են փորձարկող օդաչուների հետ կապված, երբ օդաչուն չի կարողանում կառավարել օդանավը և ուժեղ տագնապ է ապրում, այդժամ վայրէջքից հետո երբեմն նրա մոտ ստամոքսի խոց է հայտնաբերվում, որը չկար նախքան թռիչքը: Սթրեսային էմոցիոնալ ֆոնը այնպիսի ճնշում է գործադրում մարդու այդ օրգանի վրա, որ երբեմն առաջանում են այդպիսի խոցեր: Երբ մարդը շարունակաբար հոգ է տանում ինչ-որ մեկի համար և անհարկի անհանգստանում, այդ բարի զգացումը վերածվում է վնասակար երևույթի: Եվ երբ այդ էմոցիոները գերադրական աստիճանի են հասնում, այդ դեպքում մարդու մոտ կարող է խաթարվել ստամոքսի, փայծաղի, ենթաստամոքսային գեղձի աշխատանքը և նույնիսկ ստամոքսի խոցի պատճառ կարող է հանդիսանալ: Վախը կարող է ազդել երիկամների և միզապարկի վրա: Բայց մարդուն շատ ավելի վնաս է պատճառում բարկությունը: Այն անձը, ով շարունակաբար բարկություն է ապրում, որպես կանոն, տառապում է լեղապարկի հիվանդությամբ: Այդ անհավասարակշիռ, չափից ավելի էմոցիան այնքան ուժեղ է, որ նույնիսկ առանձնակի բարկության պահերը կարող են վնասել լեղապարկը: Պատահական չէ, որ այդպիսի մարդկանց ասում են` դառը մարդիկ: Երբ նմանօրինակ մարդիկ գալիս են բժշկի մոտ, իրենց շատ դյուրագրգիռ են պահում: Զայրույթի, հուզական ֆոնի դյուրագրգիռ վիճակի հանկարծակի բռնկումների ժամանակ մարդկանց մոտ հաճախ առաջանում է լեղու արտադրության խաթարում: Եվ եթե այն շարունակական բնույթ է կրում, և մարդը չի կարողանում տիրապետել, վերահսկել այդ կրքերը, նրա մոտ առաջանում են լեղապարկի խնդիրներ, որոնք բերում են բորբոքային պրոցեսներ և հանդիսանում լեղապարկի քարերի առաջացմանը և այլն: Հետևաբար, այդօրինակ ֆունկցիոնալ խանգարումները ծնում են մի շարք հիվանդություններ: Երբ մարդը սկսում է տիրապետել իրեն, ձգտում և ջանք է գործադրում ապրել հոգևոր կյանքով, այդպիսով կարողանում է կանխել հիվանդության առաջացումը: Ուստի, քայլելով հոգևոր ճանապարհով՝ հետևանքները շատ լուրջ չեն լինում: Մենք պետք է միշտ հիշենք, որ հիվանդության ժամանակ առաջին հերթին անհրաժեշտ է մեր աղոթքներով դիմել Փրկչին, սրբերի, պահապան հրեշտակների բարեխոսությանը, Ռաֆայել հրեշտակապետի բարեխոսությանը, ում անունը նշանակում է` Աստված բժշկում է: Արդ, Աստծո միջոցով բժշկելով հոգիդ, և մեղքից մաքրելով միտքդ ու սիրտդ՝ բժշկում ես մարմինդ: Երբեմն այդ ժամանակ շատերն իսկապես հասկանում են հոգևոր կյանքի նշանակալի կարևորությունը, որովհետև մինչ այն լսել էին ու գիտեին, որ պետք է առաքինություններով ապրել, սակայն մի բան է իմանալը, այլ իրողություն է իսկապես ապրելը և առաքինությունների արժեքը, նշանակությունը, արդյունավետությունը անհատական կյանքում տեսնելն ու դրանց էական պտուղներն ունենալով՝ առողջ լինելը:
Պատրաստեց Հովհաննես սրկ. Մանուկյանը