Գրքեր

Մեր սուրբ հայր Հովհան Ոսկեբերանի հորդորական խոսքը՝ քառասնօրյա սուրբ պահքի վերաբերյալ

Ուրախանում եմ և ցնծում, որ այժմ Աստծո եկեղեցին գեղեցկանում է իր բազմաթիվ զավակներով, և որ դուք բոլորդ այստեղ եք գալիս մեծ ուրախությամբ: Երբ նայում եմ ձեր լուսավոր հայացքներին, տեսնում եմ ձեր հոգևոր ուրախության անհերքելի ապացույցը, ինչպես իմաստունն է ասում. «Սրտի բերկրանքից ծաղկում է դեմքը» (Առակ. 15:13): Այդ պատճառով էլ ես այսօր վեր կացա մեծ ձգտումով, որպեսզի մասնակցեմ ձեզ հետ այս հոգևոր ուրախությանը՝ միևնույն ժամանակ ցանկանալով ձեզ համար հռչակողը լինել գալիք քառասնօրյա սուրբ պահոց շրջանի՝ որպես մեր հոգիների սպեղանու: Եվ մեր բոլորի Տերը՝ որպես որդեսեր Հայր, ցանկանալով մեզ մաքրել մեղքերից, սուրբ պահքի միջոցով բժշկություն է շնորհել: Եվ այսպես, ոչ ոք թող չտխրի, ոչ ոք թախծոտ չերևա, այլ ցնծա, ուրախանա և փառավորի մեր հոգիների համար Հոգացողին, որ բացել է մեզ համար այս սքանչելի ճանապարհը, և դուք մեծ խնդությամբ ընդունեք պահքի սկսվելը: Թող ամաչեն հույները (փիլիսոփաները), խայտառակվեն հրեաները՝ տեսնելով, թե ինչ ուրախությամբ և պատրաստակամությամբ ենք մենք ողջունում պահքի գալուստը, և թող գործնականում տեսնեն, թե ինչ տարբերություն կա մեր և իրենց միջև: Նրանք իրենց տոները և հանդիսությունները համարում են հարբեցողության և ամեն տեսակի անամոթության ու թեթևսոլիկության ժամանակ, որը և սովորաբար գործում են այդ շրջանում: Իսկ Աստծո եկեղեցին, հակառակ նրանց, տոն է անվանում պահքը՝ արհամարհելով ուտեստեղենի հաճույքը, և հետևում ամենատարբեր առաքինությունների: Եվ սա է ճշմարիտ տոնը, որտեղ հոգիների փրկությունն է, որտեղ խաղաղությունն ու համերաշխությունն է, որտեղից վռնդված է ամեն տեսակի կենցաղային ցոփություն, որտեղ չկա ոչ աղաղակ, ոչ աղմուկ, ոչ խոհարարների իրարանցում, ոչ անասունների մորթ, այլ այս բոլորի փոխարեն տիրում է բացարձակ հանդարտություն, լռություն, սեր, ուրախություն, խաղաղություն, հեզություն և այլ անհամար առաքինություններ:

Այսօր տարբերություն չես տեսնի հարուստի և աղքատի բացած սեղանների միջև, որովհետև ամենուր կերակուրը պարզ է, խորթ՝ ամենատարբեր շռայլություններից և ճոխություններից: Եվ հենց սրա համար էլ ցանկանում եմ, որ այս տոնին մի փոքր զրուցենք ձեր՝ սիրելիներիդ հետ, նախօրոք խնդրելով, որ մեր խոսքը լսեք հանդարտությամբ, որպեսզի այստեղից գնալով՝ ձեզ հետ բարի պտուղներ տանեք տուն: Մենք հավաքվում ենք այստեղ ոչ հենց այնպես և ոչ իզուր, միայն նրա համար, որպեսզի ձեզանից մեկը խոսի, իսկ մյուսը ձեռքը թափ տա մյուսի ասածի վրա, և հետո բոլորը ցրվեն այստեղից: Այլ, որպեսզի և՛ մենք խոսենք օգտակար ինչ-որ բան՝ պիտանի ձեր հոգիների փրկության համար, և դուք ստանաք պտուղ ու մեծ օգուտ մեր խոսքերից, և սրանով էլ դուրս գանք այստեղից: Եկեղեցին հոգևոր առողջարան է, և այստեղ եկողները պիտի ստանան համապատասխան դեղամիջոցներ, որպեսզի այն դնեն իրենց վերքերին և նոր հեռանան այստեղից: Իսկ ինչի՞ է պետք լսելը, եթե գործնականում այն չենք կատարելու: Չէ՞ որ ոչ մի օգուտ չի լինի դրանից: Այս մասին լսիր երանելի Պողոսին, որ ասում է. «Որովհետև օրենքը լսողները չեն, որ արդար են Աստծո առաջ, այլ օրենքը կատարողները պիտի արդարացվեն» (Հռոմ. 2:13): Եվ Քրիստոսն էլ Իր քարոզում ասում էր. «Ոչ ամեն մարդ, որ Ինձ Տե՜ր, Տե՜ր է ասում, երկնքի արքայություն կմտնի, այլ նա, ով կատարում է կամքը Իմ Հոր, որ երկնքում է» (Մատթ. 7:22):

Եվ այսպես, սիրելիներ, իմանանք, որ մենք ոչ մի օգուտ չենք ստանա լսելուց, եթե սրան չհետևի գործնականում կատարելը: Չլինենք միայն լսողներ, այլև՝ կատարողներ, որպեսզի խոսքին համապատասխանող գործի ծառայենք և խոսքը ոգեշնչման աղբյուր դառնա: Այժմ բացեք ձեր հոգին և ընդունեք խոսքը պահքի մասին: Ինչպես որ պատրաստվում են ընդունել առաքինի և գեղեցիկ հարսնացուին՝ հարսանյաց սրահը զարդարելով ծածկոցներով, մաքրում են ամբողջ տունը, թույլ չեն տալիս, որ այնտեղ մտնի ոչ մի անպիտան աղախին, և հետո արդեն առաջնորդում են հարսնացուին հարսանյաց հարկաբաժին: Սրա նմանողությամբ, ցանկանում եմ, որպեսզի դուք ևս, մաքրելով ձեր հոգիները, հրաժեշտ տաք զվարճանքներին և ամեն տեսակի անժուժկալություններին՝ գրկաբաց ընդունելով բոլոր օրհնությունների մորը՝ ողջախոհությանը և բոլոր առաքինությունների ուսուցչուհուն՝ պահքին, որպեսզի դուք էլ բավականություն և մեծ հաճույք ստանաք, և պահքն էլ ձեզ համապատասխան սպեղանու արժանացնի: Բժիշկները, երբ մտադրվում են դեղամիջոց տալ նրանց, ովքեր ցանկանում են մաքրվել նեխած ու փչացած հյութերից, պատվիրում են ձեռնպահ մնալ սովորական կերակուրից, որպեսզի այն արգելք չհանդիսանա դեղամիջոցի ներգործության համար: Առավել ևս, մենք, պատրաստվելով ընդունել այս հոգևոր դեղամիջոցը, այսինքն՝ այն օգտակարությունը, որ առաջանում է պահեցողությունից, պետք է ժուժկալությամբ մաքրենք մեր միտքը և թեթևացնենք մեր անձը, որպեսզի անժուժկալությամբ աղտոտված պահեցողությունը չդառնա մեզ համար անօգուտ ու անպտուղ:

Տեսնում եմ, որ շատերին տարօրինակ է թվում իմ խոսքը, բայց խնդրում եմ ձեզ, անգիտակցաբար չտրվենք սովորության ստրկամտությանը, այլ մեր կյանքը դասավորենք համապատասխան մեր գիտակցության: Արդյոք մենք որևէ շահ կարո՞ղ ենք ունենալ, եթե ամբողջ օրը տրվենք կերակրով հագեցմանը և հարբեցողությանը: Ինչպես որ մարդկային ցեղի համար անժուժկալությունը կերակրի մեջ դառնում է պատճառ և աղբյուր անհամար չարությունների, այնպես էլ պահքը, և արհամարհանքը հաճելի ուտեստեղենների հանդեպ դարձել են պատճառ անպատմելի օրհնությունների:

Չարահնար դևը և մարդկային ցեղի թշնամին, տեսնելով, որ առաջին ստեղծվածը Դրախտում անհոգ կյանք էր վայելում, և մարմնով հանդերձավորվածը երկրի վրա ապրում էր հրեշտակի պես, որոշեց գայթակղել և տանել նրան դեպի անկում՝ ավելի մեծ բարիքներ խոստանալով, և սրանով զրկելով մարդուն նաև նրանից, ինչը նա արդեն ուներ: Ահա թե ինչ է նշանակում սեփական չափանիշների մեջ չմնալ և ցանկանալ ավելին: Այս մատնացույց անելով՝ իմաստունն ասաց. «Մահն աշխարհ է եկել բանսարկուի նախանձով» (Իմաստ. 2:24):

Տեսա՞ր, սիրելիս, թե ինչպես անժուժկալության հետևանքով մահ եղավ: Տես, ինչպես է հետագայում Աստվածային Գիրը դատապարտում զվարճությունները և ասում. «Ժողովուրդը նստեց, որ կերուխում անի, ապա վեր կացավ, որ պարի» (Ելք 32:6), իսկ մի այլ տեղ. «Կերավ ու հագեցավ, ճարպակալեց ու ըմբոստացավ այդ սիրելի մարդը» (Բ Օր. 32:15): Սոդոմի բնակիչներն այս բանով և այլ հանցանքներով, իրենց վրա բերեցին Աստծո ահավոր բարկությունը: Լսիր, թե ինչ է ասում մարգարեն. «Սոդոմի անօրինությունն այս էր. ամբարտավանություն, հացով լիացածություն, գինու մեջ հղփացածություն» (Եզեկ. 16:49), այս արատը կարծես թե հանդիսանում է ամեն չարիքների արմատը: Տեսնո՞ւմ ես անժուժկալության չարիքը: Իսկ այժմ տես պահքի մեծ և բարենպաստ ներգործությունը: Անցկացնելով քառասուն օր պահքով՝ մեծ Մովսեսն արժանացավ ստանալու օրենքը, և երբ իջավ սարից ու տեսավ ժողովրդի անօրինությունը, նետեց այդ քարե տախտակները, որոնք ստացել էր մեծ ջանքով, և դրանք ջարդեց՝ անհնար համարելով հայտնելու Աստծո պատվիրանները հարբեցողությամբ և անօրինությամբ տարված ժողովրդին: Եվ սրա համար սքանչելի այս մարգարեն պետք է նորից քառասուն օր պահեցողության տրվեր, որպեսզի արժանանար վերստին ստանալու և ժողովրդին բերելու քարե տախտակները՝ ժողովրդի անօրինության պատճառով ջարդվածների փոխարեն (Ելք 24, 32, 34):

Եվ մեծ Եղիան էլ, նույնքան ժամանակ պահք պահելով խուսափեց մահվան տիրապետությունից ու վեր բարձրանալով կրակե զրահակառքով երկինք՝ մինչ այժմ մահ չճաշակեց (4 Թագ. 2:1, 11): Այն ցանկալի այրն էլ՝ Դանիելը, երկար օրեր անցկացնելով պահեցողությամբ, արժանացավ սքանչելի տեսիլքի (Դան. 10:3): Նա սանձեց առյուծների կատաղությունը՝ վերափոխելով այն ոչխարների հեզության, չփոխելով նրանց բնությունը, այլ միայն տրամադրվածությունը՝ մինչդեռ նրանց գազանությունը մնաց նույնը:

Նինվեացիներն էլ ծոմապահությամբ բեկանեցին Տիրոջ վճիռը՝ ստիպելով ծոմ պահել ոչ միայն մարդկանց, այլև՝ անբան անասուններին, և այս կերպ հեռանալով բոլոր չար գործերից՝ արժանացան տիեզերքի Արարչի մարդասիրությանը (Հովն. 3:7):

Կարող ենք թվարկել և բազմաթիվ այլոց, որոնք փառավորվեցին պահեցողությամբ թե՛ Հին, և թե՛ Նոր ուխտի ժամանակաշրջանում: Բայց ինչի համար ես դիմեմ միայն ծառաներին: Հարկ է նաև նայել մեր բոլորի Տիրոջը: Մեր Տեր Հիսուս Քրիստոսն էլ քառասնօրյա ծոմապահությունից հետո մարտի մեջ մտավ սատանայի հետ, և մեզ բոլորիս օրինակ տվեց այն բանի, որ մենք էլ նույն պահեցողությամբ զինվենք, և Նրա միջոցով զորություն ձեռք բերելով՝ ելնենք պատերազմի սատանայի դեմ (Մատթ. 4:2): Այստեղ կարող է ինչ-որ մեկը իր սուր և արթուն մտքով հարցնել, թե ինչու Տերն այնքան ժամանակ պահք պահեց, որքան որ ծառաները, և ոչ ավել նրանցից: Այդպես արվեց ոչ հենց այնպես և ոչ իզուր, այլ իմաստնությամբ և Իր անճառելի մարդասիրությամբ, որպեսզի չլինի մտածեն, թե Նա հայտնվեց ոչ իրական, և մարմին չառավ Իր վրա, և կամ՝ չուներ մարդկային բնություն, այդ էր պատճառը, որ Նա այդքան օր պահք պահեց: Այդպիսով փակվում են նաև վիճաբանություն սիրողների անամոթ բերանները: Եվ Նա հաճեցավ պահք պահել այդքան ժամանակ և ոչ ավելի ծառաներից, որպեսզի գործնականում սովորեցնի մեզ, որ հանդերձավորված է այնպիսի մարմնով, ինչպիսին որ մերն է, և որ Իրեն խորթ չէ մեր բնությունը: Ահա պարզ դարձավ մեզ և՛ ծառաների օրինակից, և հենց Տիրոջ օրինակից, որ մեծ է պահքի զորությունը, և մեծ է հոգու օգուտը: Եվ սրա համար էլ, խնդրում եմ ձեր սերը, որպեսզի իմանալով պահեցողության օգտակարությունը՝ չզրկվեք դրանից՝ անհոգության պատճառով և պահքի գալստյամբ չտրտմեք, այլ ուրախանաք ու ցնծաք երանելի Պողոսի խոսքի համեմատ. «Դրա համար էլ չենք տկարանում, այլ թեպետ, մեր այս արտաքին մարդը քայքայվում է, բայց մեր ներքին մարդը նորոգվում է օրըստօրե» (Բ Կորնթ. 4:16):

Պահքը հոգու սնունդ է: Եվ ինչպես մարմնավոր կերակուրը պարարտացնում է մարմինը, այնպես էլ պահքն ամրացնում է հոգին, հաղորդ է անում նրան թեթև թռիչքի, ընդունակ է դարձնում վեր բարձրանալու և երկնայինը խորհելու՝ բարձրացնելով վեր այս կյանքի հաճույքներից և քաղցրություններից: Ինչպես որ թեթև նավերը՝ արագ ընթանալով, անցնում են ծովը, իսկ ծանրաբեռնվածները հաճախ խորտակվում են, այնպես էլ պահքը մեր միտքը դարձնում է ավելի թեթև և աջակցում է՝ արագ անցնելու այս այժմեական կյանքի ծովով, օգնում հասնելու երկինք՝ երկնային խորհուրդներին, չդողդղալով ներկայի համար, համարելով այն միայն չնչին ստվեր և երազ: Քանի որ հարբեցողությունը և որկրամոլությունը ծանրացնում են մեր միտքը և մարմինը՝ գերության մատնելով հոգին: Փոթորկելով բոլոր կողմերից՝ թույլ չի տալիս, որ մարդն ամուր հիմք և դատողություն ձեռք բերի, ստիպում է նրան քարշ գալ և ամեն ինչ գործել հոգու փրկության դեմ: Սիրելիներ, ուրեմն, անհոգ չլինենք մեր փրկության գործում, և իմանալով, թե որքան չարիքներ են առաջանում անժուժկալությունից՝ ջանանք խուսափել  վնասակար հետևանքներից: Շքեղությունն ու ճոխությունը արգելված է ոչ միայն Նոր Կտակարանում, որտեղ պահանջվում է բարեպաշտություն, առաջարկվում է առավել հոգևոր սխրանքներ, մեծ ջանքեր, նաև բազմաթիվ պարգևներ և անպատմելի լուսապսակներ, այլ դա արգելվում էր նաև Հին Կտակարանում: Երբ դեռ ստվերի մեջ էին, և միայն ճրագի լույսով էին առաջնորդվում, հոգևոր գիտակցությունն էլ այնքան մեծ չէր, այլ այնպես, ինչպես՝ կաթնակեր երեխաներինը: Որպեսզի մեզ չթվա, թե մենք առանց հիմք ունենալու ենք այսպես դատապարտում զվարճությունները, լսենք մարգարեին, որն ասում է. «Դուք, որ գալիս եք դեպի չարիքների օրը, մոտենում եք հասնելու ստությունների շաբաթին, դուք, որ ննջում եք փղոսկրյա գահավորակներին, մեղկանում ձեր անկողիններում, հոտերից ուլերն եք ուտում և նախիրներից՝ պարարտ հորթերը, դուք, որ պարում եք սրինգների նվագի տակ, դրանք մնայուն բան համարելով և ոչ՝ անցավոր, դուք, որ խմում եք անխառը գինի և օծվում անուշ յուղերով» (Ամոս 6:3-6): Տեսնո՞ւմ եք, թե ինչպես է մերկացնում մարգարեն ճոխությունը և դրա հետ մեկտեղ, հրեաներին համարում անզգա, անմիտ և հանապազօր որկրամոլությանը տրված: Ուշադրություն դարձրեք այս արտահայտությանը, որը մերկացնում է նրանց անհոգությունը՝ կերակրի և գինու օգտագործման մեջ՝ ցույց տալով, որ կերակրով և խմիչքով բավականություն ստանալը սահմանափակվում է միայն կոկորդով և բերանով, և ավելի չի տարածվում: Հաճույքները կարճաժամկետ են և ոչ՝ շարունակական, իսկ նրանից առաջացած սուգը մշտական է ու անվերջ: Եվ սա ասում է՝ փորձով իմանալով. «Դրանք մնայուն համարեցի և ոչ՝ անցավոր»: Այսինքն՝ համարում էին մշտական, և ոչ՝ անհետացող, և մի վայրկյան իսկ չկանգնող: Այսպիսին է ամեն մարդկայինը և մարմնավորը. չի հասցնում ի հայտ գալ, արդեն իսկ չքվում է: Այսպիսին է զվարճությունը, այսպիսին՝ փառքը և մարդկային իշխանությունը, այսպիսին՝ հարստությունը, և ընդհանրապես, այսպիսին են այս կյանքի հաջողությունները: Այն իր մեջ չունի ոչ մի ամուր, ոչ մի մշտական և ոչ մի հաստատուն բան, այլ փախչում է ավելի արագ, քան գետերի հոսքը, և ձեռնունայն ու դատարկ է թողնում նրանց, ովքեր կառչում-մնում են նման բաներից: Իսկ հոգևորը, ընդհակառակը, այդպիսին չէ: Այն ամուր է ու անսասան, փոփոխության չի ենթարկվում և մնում է հավիտյան: Ինչ անմտություն կլիներ կայունը փոխել անկայունի հետ, հավիտենականը՝ ժամանակավորի, մշտապես եղողը՝ վաղանցուկի, գալիքում մեծ ուրախությունների արժանացնողը նրա հետ, ինչը մեզ համար պատրաստում է ահավոր տանջանքներ: Խորհելով այս ամենի մասին, սիրելիներ, և դողալով մեր փրկության համար՝ արհամարհենք անպտուղ և կործանարար զվարճանքները, սիրենք պահքը և ամեն տեսակի այլ առաքինություններ և շտապենք ամեն օր բարի գործեր անելու, որպեսզի քառասնօրյա սուրբ պահքի ընթացքում հոգևոր գնումներ կատարենք՝ մեծ հարստություն հավաքելով առաքինի գործերից:

Իսկ երբ մոտենանք քառասնօրյա սուրբ պահքի վերջին, ավարտելով պահոց նավարկությունը, և Աստծո ողորմությամբ վերջապես հասնենք խաղաղ նավահանգստին, այդժամ պետք չէ, որ տրվենք անհոգության, այլ ավելի մեծ ջանք և զգոնություն ցուցաբերենք:

Նավավարը, երբ նավարկելով անցնում է անթիվ ծովային անդունդներով և պատրաստվում արդեն իջեցրած առագաստներով մտնելու նավահանգիստ, այնժամ հատուկ ուշիմություն և հոգատարություն է ցուցաբերում, որպեսզի ինչ-որ կերպ նավը չբախվի ժայռերին ու քարերին և չկորցնի իր կատարած աշխատանքի պտուղը: Այս կերպ և վարվում են վազորդները, երբ արդեն մոտենում են մրցասպարեզի վերջին, այնժամ ավելի մեծ ճիգ են գործադրում, որպեսզի որքան հնարավոր է, շուտ հասնեն վերջնագծին և արժանանան պարգևների: Հավասարապես և ըմբշամարտիկները. բազում ջանքերից և հաղթություններից հետո, երբ հասնում են վերջնական փուլին, դափնեպսակ ստանալու փափագով, ավելի մեծ ջանք են թափում, որպեսզի դուրս գան հաղթական դափնեպսակով: Եվ այսպես, ինչպես նավավարը, վազորդը և ըմբշամարտիկը այդ ժամին ավելի են լարում իրենց ճիգերն ու զգոնությունը, երբ մոտենում է իրենց ջանքերի ավարտը, այսպիսի եղանակով էլ մենք, երբ Աստծո ողորմությամբ հասնենք Ավագ շաբաթին, պետք է հատկապես էլ ավելի զորացնենք պահքի սխրանքը՝ այն ավարտելով աղոթքի ջանասիրությամբ, կատարելով մեղքերի ընդհանրական և անկեղծ խոստովանություն, բարի գործեր, առատաձեռն ողորմություններ, հանդարտություն, հեզություն և ամեն տեսակի առաքինություններ ցուցաբերելով, որպեսզի նմանօրինակ բարի գործերով արժանանանք հասնելու Տիրոջ Հարությանը և բերկրելու Նրա առատաձեռնությամբ:

Ավագ են անվանում այս շաբաթը ոչ այն բանի համար, որ նրա օրերն ավելի երկար են, քան մյուս շաբաթներինը: Կան շատ ավելի երկար օրեր ունեցող շաբաթներ: Եվ ոչ նրա համար, որ նրա օրերի թիվն ավելի է, քան մյուսներինը: Օրերի քանակը նույնն է, ինչ՝ մյուսներինը: Այդ դեպքում, ինչո՞ւ են այն անվանում Ավագ: Որովհետև այդ ընթացքում կատարվել է մեծ և անճառելի բարերարություն: Այս շաբաթվա մեջ է, որ վերջանում է երկարաժամկետ պատերազմը, ոչնչացվում է մահը, կործանվում՝ երդումը, ավերվում է սատանայի իշխանությունը, հափշտակվում են նրա զենքերը, և Աստված հաշտվում է մարդկանց հետ: Երկինքը նրանց համար դարձնում է մատչելի, մարդիկ միանում են հրեշտակներին, բաժանվածները մերձենում են, պատը քանդվում է, և արգելքն՝ ավերվում: Խաղաղության Աստվածը հաշտեցնում է երկինքը և երկիրը: Սրա համար էլ, այս շաբաթն անվանում ենք Ավագ, քանի որ Տերը շնորհել է մեզ այս շաբաթվա մեջ այսքան շատ բարիքներ: Եվ այս պատճառով էլ, շատերն այս շաբաթվա ընթացքում ավելի են խստացնում պահքը և առավել ճգնում սուրբ հսկումներում և գիշերային աղոթքներում: Շատ ավելի առատաձեռն են դառնում ողորմություն տալու մեջ՝ ցանկանալով իրենց այս գործերով ցուցաբերել այն հարգանքը, որ նրանք տածում են այս շաբաթվա հանդեպ: Եթե Տերը մեզ այս շաբաթվա մեջ շնորհել է այսքան բարիքներ, արդյոք պետք չէ՞, որ մենք էլ, ինչով կարող ենք, ցույց տանք մեր հարգանքը և մեծարանքը: Թագավորները ևս իրենց գործերով ցույց են տալիս, թե ինչպիսի ակնածանք են տածում այս արժանապատիվ օրերի հանդեպ: Նրանք պատվիրում են, որ այս օրերին հանգիստ առնեն նրանք, ովքեր զբաղված են քաղաքացիական գործերով: Փակվում են դատարանների դռները, դադարեցվում՝ ամեն տեսակի վեճերը և մրցությունները, որպեսզի բոլորը կարողանան մեծ լռությամբ և հանդարտությամբ մոտենալ հոգևոր գործի ավարտին: Բացի սրանից, նրանք ցուցաբերում են նաև այլ ողորմածություններ. ազատ են արձակում շղթաներից զնդաններում փակվածներին, և հնարավորինս ջանում են նմանվել իրենց Տիրոջը: Եվ իսկապես, ինչպես որ Նա ազատում է մեզ մեղքի ծանր բանտից և տալիս բազում բարիքների բերկրություն, այդպես էլ մենք, ասում են թագավորները, ինչով կարող ենք, պետք է նմանվենք մեր մարդասեր Տիրոջը:

Տեսնո՞ւմ եք, թե ինչպես է մեզանից յուրաքանչյուրն ամեն կերպ ջանում հարգանք և ակնածանք ցուցաբերել այն օրերի հանդեպ, որոնք դարձել են բազում բարիքների պատճառ: Սրա համար էլ, խնդրում եմ, որ այդ օրերին, առավել քան երբեք, գալ այստեղ՝ եկեղեցի, մտքի բարի և մաքուր աչքով՝ հետաձգելով ամեն կենցաղային մտածում: Մտնելով եկեղեցի՝ ոչ ոք իր հետ թող ներս չմտցնի կենցաղական հոգսեր, որպեսզի գնալով այստեղից՝ մեզ հետ տուն տանենք մեր ջանքերի համեմատ ստացված պարգևներ:

Եվ այս միջոցով էլ արժանանանք հասնելու Տիրոջ օրվան՝ Սբ. Զատիկի տոնին և արժանապես մոտենանք հոգևոր ճաշկերույթին, մաքուր խղճմտանքով հաղորդվենք անճառելի և անմահ բարիքի հետ և լցվենք երկնավոր օրհնությամբ, նրանց աղոթքներով և բարեխոսությամբ, ովքեր հաճելի եղան հենց Իրեն՝ Քրիստոսին, մեր մարդասեր Աստծուն, Որի հետ և Հորը և Սուրբ Հոգուն փառք, իշխանություն, պատիվ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:

 

28.02.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․