Գրքեր

Մեծ տոնախմբություն Բուն Բարեկենդանի առթիվ

Այս տարի Հայ Եկեղեցին Բուն Բարեկենդանը տոնեց փետրվարի 7-ին: Այդ օրը Ս. Պատարագ մատուցվեց բոլոր եկեղեցիներում: 
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ հավարտ Ս. Պատարագի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց մեկնարկեց բարեկենդանյան դիմակներով շքերթը Մաշտոց պողոտայով դեպի Ազատության հրապարակ: Բազմահազարանոց շքերթին մասնակցում էին թեմի հոգևորականները, երիտասարդները, պարի և դհոլահարների խմբեր, ազգագրական երգուպարի խմբեր, հեքիաթների հերոսներ, բուհերի ուսանողներ և այլք:

Ազատության հրապարակը բաժանվել էր մի քանի հատվածների, որտեղ մարդիկ, համախմբվելով երգուպարի խմբերի շուրջ, մասնակից էին դառնում տոնախմբությանը: 

Տաղավարներից մեկում կազմակերպվել էին ազգային բակային խաղերի մրցույթներ, որոնց մեծ ոգևորությամբ էին մասնակցում թե´ երեխաները, թե´ մեծահասակները: Լավագույն մասնակիցները թեմի երիտասարդական կառույցների կողմից արժանանում էին բարեկենդանյան պատվոգրերի:

Ինտերակտիվ թատերական ներկայացումների համար նույնպես տաղավար էր առանձնացվել: Հանդիսատեսը նաև մասնակիցն էր «Քեֆ անողին քեֆ չի պակսիլ» ներկայացմանը: 
Մի մեծ հարթակ էր տրամադրվել Ս. Սարգսի տոնին նվիրված նկարների ցուցահանդեսների մասնակիցների համար, որտեղ իրենց աշխատանքներն էին ներկայացնում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Փ. Թերլեմեզյանի անվան գեղագիտության պետական քոլեջի ուսանողները:

Թեմի երիտասարդների ջանքերով կազմակերպվել էր Բուն Բարեկենդանի տոնի ավանդական ուտեստների հյուրասիրություն ու վաճառք: Իրենց ձեռքի աշխատանքները վաճառելու հնարավորություն ունեին նաև Երևանի վարչական շրջանների մշակույթի բաժինների խմբակները:

Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները Նավասարդ Սրբազանի աջակցությամբ ու օրհնությամբ արդեն երրորդ տարին մեծ տոնախմբությամբ նշում են Բուն Բարեկենդանը` վերականգնելով տոնի երբեմնի ժողովրդականությունը:

Հնում տոնը մեծ ժողովրդականություն է վայելել: Դրան պատրաստվել են երկար ժամանակ: Տոնին նախորդող 1-2 շաբաթների ընթքացքում կազմակերպվել են տոնախմբություններ, մրցումներ, եղել են առատ սեղաններ ու հյուրասիրություններ: Խորհրդային շրջանում տոնը հիմնականում նշվել է եկեղեցու համայնքներում:

Արարատյան Հայրապետական թեմը Բուն Բարեկենդանի տոնը կազմակերպելիս համագործակցում է Երևանի քաղաքապետարանի, ՀՀ մշակույթի, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների հետ:

Արդեն երրորդ տարին է, որ Երևանի վարչական շրջանների մշակույթի բաժիններն ավելի սերտ են համագործակցում համայնքների հոգևոր հովիվների հետ՝ բոլոր վարչական շրջաններում մեծ շուքով նշելով Բուն Բարեկենդանի տոնը:

Այս տարի առաջին անգամ տոնին նախորդող շաբաթվա ընթացքում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը` համագործակցելով Արարատյան Հայրապետական թեմի հետ, կազմակերպեց մի քանի մարզաձևերի մրցումներ՝ սուսերամարտի, հայկական կոխի, աթլետիկայի և հունա-հռոմեական ըմբշամարտի: Մարզիկների մոտ ազգային տոնի առթիվ կազմակերպված մրցաշարերը մեծ ոգևորություն էին առաջացրել, ինչի շնորհիվ կազմակերպիչները խոստացան բարեկենդանյան մրցաշարը դարձնել ամենամյա: 
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Բուն Բարեկենդանի միջոցառմանը մասնակցում էին ազգագրական երգի-պարի խմբեր, որոնց օգնությամբ հանրությունը հաղորդ է դառնում ոչ միայն մեր ազգային երգուպարին, այլև տոնի ծիսական սովորություններին:
 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

07.02.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․