«Կենդանի եմ Ես՝ ասում է ամենակալ Տերը և ամբարշտի մահը չեմ ուզում, այլ նրա հետ կանգնելն իր չար ճանապարհից ու ապրելը» (Եզեկիել 33:11):
Աստծու մեծագույն կամքն է, որ յուրաքանչյուր մեղավոր տեսնի իր մեղքերը և դառնա դեպի Իրեն, բայց ցավալիորեն երբեմն մեղավորն ինքն է մերժում Աստծուն մոտենալը: Աստվածային փրկության պարգևը բոլորին է տրված․ երբ մարդ ընդունում է այս փրկարար շնորհը, արդյունքում անբացատրելի ներքին խաղաղություն և ուրախություն է ունենում:
Մեղքերի թողությամբ մարդ չի կորցնում իր անհատականությունը, այլ ազատվում է մեղքի ծանրությունից և սկսում է նորովի մտածել, գործել և ապրել:
Ճշմարիտ երջանկություն ապրում է նա, ում սիրտը գերի չէ մեղքին և վայելում է աստվածատուր ազատության ուրախությունը:
Հետևյալ պատմությունը մեղքի ծանրության մեջ ապրողի մի օրինակ է. «Մի ճգնավոր իր խուցում նստած վերևից հնչող մի ձայն է լսում՝ արի և քեզ ցույց կտամ մարդկային գործերը: Ճգնավորը դուրս է գալիս, և հրեշտակը նրան ցույց է տալիս խավարի մեջ գտնվող մի մարդու, ով փայտ էր կապում, փորձում էր բարձրացնել և ուսին դնել, բայց չէր կարողանում: Փոխարենը փայտը հանելու, նա ավելացնում էր և նորից էր փորձում բարձրացնել, բայց ապարդյուն: Եվ այս գործողությունը նա կրկնում էր բազմաթիվ անգամներ: Հետո հրեշտակը ցույց տվեց մեկ ուրիշ մարդու, ով ջրհորի մոտ կանգնած ջուր էր լցնում անցք ունեցող մի դույլի մեջ, որտեղից ջուրը նորից հոսում էր դեպի ջրհորը»:
Հրեշտակի բացատրությամբ մարդը, որ փորձում էր փայտը տանել, նա է, ով ապրում է մեղքերի մեջ և անընդհատ այն ավելացնում է պակասեցնելու փոխարեն: Ջուր լցնողն անցք ունեցող դույլի մեջ նա է, ով բարին է գործում, բայց չի բաժանվում իր մեղքերից և այսպես իմաստազրկում է իր կատարած բարին:
Յուրաքանչյուրի կյանքում լինում են պահեր, երբ մարդու հոգին սկսում է հիվանդանալ իր գործած մեղքերից և սխալներից: Նման դեպքում կարևոր է ոչ թե գործած արարքների արդարացումները փնտրել, այլ խնդրել Աստծո ողորմությունը մեղքերի թողության համար:
Սբ. Օգոստինոս Երանելին բարի է համարում մեղքերի խոստովանությունը, երբ դրան հետևում է ուղղվելը: Բայց ի՞նչ օգուտ, երբ վերքդ ցույց տաս բժշկին, սակայն բժշկարար միջոցներ չօգտագործես:
Մեղքը զրկում է մարդուն իրական երջանկությունը վայելելու հնարավորությունից: Այն պատնեշում է դեպի Աստված տանող ճանապարհը: Այն, որ մեղքը արտաքնապես քաղցր է ու գրավիչ, բայց արդյունքում՝ դառնահամ և մահաբեր, վկայում է մարդկության պատմությունն՝ Ադամից ու Եվայից սկսյալ: Մեղքն Աստծու, Նրա կամքի և պատվիրանների դեմ հակառակ ընթացք է: Այս դեպքում հարց է առաջանում՝ ո՞վ է Աստծու դեմ ընթացողի կողքին:
Եկեղեցու հայրերի վկայությամբ՝ անտեսանելի թշնամին փորձում է մարդուն գրավել «ճշմարիտ» մտքերով, երազանքներով, զգացումներով: Իսկ ամենավատն այն է, որ կեղծ ճշմարտությամբ ապրող մարդը գոհ է իր վիճակից՝ առանց անդրադառնալու իր ներքին աշխարհին: Այնինչ եկեղեցու հայրերը հորդորում և մատնանշում են, որ փրկության ուղին անցնում է ներհայեցողությամբ, ինքնաքննությամբ: Եվ նրանցից Իգնատիոս եպիսկոպոսն երանելի է համարում այն մարդուն, ով նկատում է իր մեջ բույն դրած մեղքը:
Փրկությունը Աստծու կողմից մարդուն տրված անշահախնդիր պարգև է: Երեխան չի կարող իր ծնողներին վճարել իր ծննդյան համար, եկեղեցու սուրբ խորհուրդներով էլ մարդու հոգին է վերստին ծնվում Աստծու ողորմածությամբ և սիրով: Աստծու պարգևներն ընդունելու համար անհրաժեշտ է դեպի Աստված գնալ, հաղթահարել մեղքի պատնեշները, որ խանգարում են երջանիկ լինելուն՝ Աստծու ներկայության մեջ ապրելուն:
Հետևյալ առակում մի մարդ ուզում էր Աստծուն շնորհակալություն հայտնել և աղոթում էր. «Աստվա՛ծ իմ, ի՞նչ նվիրեմ Քեզ»: Աստված պատասխանում է. «Ինձ ոչինչ հարկավոր չէ, այն ինչ դու ունես, Իմ պարգևն է քեզ»: Բայց մարդը համառում է. «Ինչպե՞ս Քեզ շնորհակալ լինեմ, ի՞նչ նվիրեմ Քեզ»: Այդ ժամանակ Աստված ասում է նրան. «Եթե սիրում ես Ինձ, ապա տուր Ինձ քո մեղքերը»:
«Ասում են՝ փրկվելը դժվար է, բայց և ամոթ է ու աններելի, եթե չփրկվես քեզ տրված բոլոր հնարավորություններից հետո»,- ասում է սբ. Հովհան Ոսկեբերանը:
Կարինե Սուգիկյան