«Ներկա ժամանակի չարչարանքները ոչինչ են գալիք փառքի համեմատ»

Աշխարհում առկա չարն ու մարդկային տառապանքը Աստծուց չեն, քանի որ աշխարհի Արարիչը, անսահման բարի լինելով, ամեն ինչ ստեղծել է մարդու երջանկության և բարիքի համար: «Աստված տեսավ, որ այն ամենը, ինչ ստեղծել էր, շատ լավ է»,- կարդում ենք Սուրբ Գրքում (Ծննդ. 1:31): Աստված մարդուն ստեղծել է բարի և օժտել է նրան հոգևոր բարձր հատկանիշներով, այսինքն՝ ստեղծել է նրան Իր նմանությամբ: Մարդու կոչումը կայանում է նրանում, որ զարգացնի իր մեջ այդ բարի հատկանիշները և առավել մոտենա Աստծուն՝ հաղորդ դառնալով աստվածային երանելի կյանքին: Բայց մարդն իր կոչման բարձրության վրա չմնաց: Ինչպես պատմում է Սուրբ Գիրքը, առաջին մարդը գայթակղիչ օձի առաջարկով կերավ արգելված պտուղը և խախտեց աստվածադիր պատվիրանը: Առաջին մարդկանց հանցանքը կայանում էր նրանում, որ նրանք ցանկանում էին նմանվել Աստծուն շատ արագ, մեծ թռիչքով և ոչ իրենց շնորհված բարի հատկանիշները զարգացնելով, որ ներքին ջանքեր ու ժամանակ էր պահանջելու: Աստվածաշնչյան պատմությունից տեղեկանում ենք, որ չարը օձի կերպարանքով խորամանկաբար ու նենգորեն զրպարտեց Արարչին և ճարպկորեն գայթակղեցրեց դյուրահավատ մարդկանց: Առաջին մարդկանց մեղքը կայանում էր ոչ միայն պատվիրանը խախտելու մեջ, այլև նրանում, որ մարդը երես թեքեց Աստծուց և ընթացավ այն ուղով, որով ընթացել էր գայթակղիչը: Մարդը հեռացավ Աստծուց, որպեսզի ծառայի իրեն, կատարարի այն, ինչ  հաճելի է իրեն և ոչ թե այն, ինչ նպաստելու էր բարու աճին: Հենց այստեղից՝ մարդու կամքի արատավոր ուղղվածությունից, սկիզբ առան մարդկային բոլոր դժբախտություններն ու տառապանքները: Մարդու հոգու մթագնմամբ խախտվեց նրա հոգևոր և ֆիզիկական հավասարակշռությունը, նրա վեհ ձգտումները սկսվեցին ճնշվել մարմնական ցանկությունների և կրքերի կողմից: Բայց մարդու անկման մեջ բացահայտվեց Արարչի անսահման ողորմածությունը, Ով իմաստուն կերպով մեղքի հետևանքները՝ տառապանքը, հիվանդությունն ու մահը, վերածեց մարդու բժշկվելու և փրկության միջոցների:  

Աստծուց հեռանալուց հետո մարդը սկսեց դեպի Արարիչը վերադառնալու իր երկար ու փշոտ ուղին: Մարդու բարոյական բուժումը պետք է կատարվեր նրա կամքի մասնակցությամբ և ոչ պասիվ կերպով: Սուրբ Գիրքը ցույց է տալիս, թե ինչպես է Աստված տարբեր միջոցներով առաջնորդում մարդուն դեպի կյանքի ուղի և զղջման ու ապաշխարության դեպքում ողորմածաբար ներում նրա անկումները: Աստված մարդուն շնորհեց հոգևոր օրենքներ և պատվիրաններ: Դեպի Աստված ընթացողները վաղ թե ուշ անձնական փորձով համոզվում են, որ ուրախությունն ու մխիթարությունն Աստծուց է, իսկ վիշտը՝ մեղքերից և մարդկանց այլասերվածությունից: Դավիթ արքան իր կողմից գրված սաղմոսներում կիսվում է իր փորձառությամբ, որ ձեռք էր բերել երկար տարիների ընթացքում. «Տերը նրանց կողքին է, ովքեր սրտամաշ են եղել, և նա փրկում է հոգով խոնարհներին» (Սաղմ. 33:19-20), «Ինձ ցույց տվիր կյանքի Քո ճանապարհները, Քո աջի քաղցրությունից ու վայելչությունից լիովին հագեցրիր ինձ երեսիդ ուրախությամբ» (Սաղմ.15:11): Դեռևս Հին Կտակարանում տեսնում ենք, որ ոմանք կարողացան թափանցել վշտի խորքերը և տեսնել, որ վշտերն ունեն իրենց լուսավոր ու դրական կողմը: «Տխրությունը լավ է ծիծաղից, որովհետև դեմքի վշտալի տեսքից զվարթանում է սիրտը,- նկատել է Սողոմոն Իմաստունը իր կյանքի ճամփորդության ավարտին (Ժող. 7:4):

Աստված թաքնված չէ հսկայական տարածություններից դուրս և անտարբեր չէ մարդկային վշտերի հանդեպ, ինչպես կարծում են հեթանոս իմաստունները: Ընդհակառակը, Նա «այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր Միածին Որդուն տվեց, որպեսզի նա, ով հավատում է Նրան, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհ. 3:16): Աստծու Որդին Իր երկնային փառքի բարձունքից իջավ աշխարհ, իր վրա վերցրեց մարդկային մեղքերի բեռը և խաչի վրա լվաց դրանք Իր փրկարար արյամբ: Խաչի վրա Աստվածորդու չարչարանքներով տեղի ունեցավ մեղքից վնասված մարդկային բնության նորոգության մեծ խորհուրդը: Իր փրկագնող մահվամբ և հաղթական հարությամբ Տերը տապալեց գայթակղիչ օձին և Իր հետևորդներին իշխանություն տվեց կոխոտելու օձերն ու կարիճները, ինչպես նաև հաղթահարելու թշնամու զորությունը (Ղուկ. 10:19): Տերը փրկագնված մարդու համար ճանապարհ հարթեց դեպի Երկնային Արքայություն և հավիտենական ուրախություն: Տերը քաջալերում է այդ ճանապարհով ընթացողներին և ասում. «Եկե՛ք Ինձ մոտ դուք բոլո՛րդ, հոգնածնե՛ր և բեռնավորվածնե՛ր, և Ես պիտի հանգիստ տամ ձեզ: Վերցրե՛ք Իմ լուծը ձեզ վրա և սովորեցե՛ք Ինձնից, որովհետև հեզ եմ ու սրտով խոնարհ, և դուք ձեր հոգեկան հանգստությունը պիտի գտնեք, քանի որ Իմ լուծը տանելի է, և Իմ բեռը՝ թեթև» (Մատթ. 11:28-30):

Պատվիրանապահությամբ ապրողների տառապանքները զուր չեն, այլ միջոց են ավելի մեծ վարձատրության երկնքում: «Մեծահարուստի և աղքատ Ղազարոսի» ավետարանական առակի համաձայն (Ղուկ. 16:19-31)՝ շատերին թվում էր, թե կյանքը դաժանորեն հարվածեց աղքատ Ղազարոսին: Նա սովամահ և անօգնական տառապում էր խոցերից՝ պառկած մեծահարուստի տան դարպասի մոտ, որ ամեն օր խնջույք էր անում և զվարճանում: Ո՛չ մեծահարուստը և ո՛չ էլ նրա ընկերներն ամենաչնչին կարեկցանքը չարտահայտեցին Ղազարոսի հանդեպ: Երբ Ղազարոսը մահացավ, հրեշտակները նրան տարան Աբրահամի մոտ: Ավետարանը մեզ թույլ է տալիս տեսնել, որ ֆիզիկական մահով ոչ թե Ղազարոսի կյանքն ավարտվեց, այլ միայն նրա տառապանքները: Նա իր համբերատարության և հեզության շնորհիվ մեծ պարգևի արժանացավ: Այսպիսով, աստվածահաճո կյանքով ապրող մարդը, անցնելով ժամանակավոր կյանքի շեմը, մտնում է մի աշխարհ, ուր տիրում է բացարձակ արդարություն: Ուստի կյանքի դժվարին պահերին մարդ պետք է հիշի, որ «ներկա ժամանակի չարչարանքները ոչինչ են գալիք փառքի համեմատ, որ հայտնվելու է մեզ» (Հռոմ. 8:18): Այս առումով արժեքավոր են Պողոս առաքյալի ինքնակենսագրական գրառումները, որոնցում նա պատմում է առաքելական գործունեության ընթացքում իրեն պատահած փորձությունների մասին և ինչպես է նա աստիճանաբար հասկացել դրանց օգուտներն ու անգամ պարծեցել դրանցով (Բ Կորնթ. 11:23-30): Պողոս առաքյալի մոտ երբևէ զայրույթի կամ տրտունջի ստվեր անգամ չի նշմարվել: «Օրհնյա՜լ լինի Աստված՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ հայրաբար գթում և որպես Աստված մխիթարում ու զորացնում է մեզ մեր բոլոր նեղությունների մեջ, որպեսզի մենք էլ կարողանանք Աստծուց մեր վայելած օգնությունն ու մխիթարությունը տալ նրանց, որոնք ամեն տեսակ նեղությունների մեջ են, որովհետև որքան շատ բաժնեկից լինենք Քրիստոսի չարչարանքներին, այնքան ավելի մեծ կլինի նրա օգնությունն ու մխիթարությունը: Մենք նեղությունների ենք ենթարկվում ձեզ օգնելու և Աստծու փրկությունը ձեզ բերելու համար, և եթե Աստված օգնում է մեզ, դարձյալ ձեզ օգնելու համար է, որպեսզի մեր օրինակով սովորեք, թե Աստված ձեզ էլ է զորացնելու, որ համբերությամբ կարողանաք տանել այն չարչարանքները, որ այժմ կրում ենք մենք: Ուստի մեր հույսը հաստատուն է ձեր հանդեպ, որովհետև գիտենք, որ մասնակից լինելով մեր չարչարանքներին՝ մասնակից կլինեք նաև մեր ունեցած մխիթարությանը» (Բ Կորնթ. 1:3-8): Բացի արտաքին վշտերից և քարոզչության հետ կապված խոչընդոտներից Պողոս առաքյալը ճնշված էր անհասկանալի մի հիվանդությունից, որ «սատանայի ներկայացուցիչ» էր անվանում: Առաքյալը երեք անգամ ջերմեռանդորեն աղոթեց Աստծուն, որ ազատի իրեն այդ հիվանդությունից, որը խանգարում էր կատարել իր առաքելական ծառայությունը: Բայց Տերը նրան ասաց. ««Իմ շնորհը բավ է քեզ, որովհետև Իմ զորությունն ամբողջապես հայտնվում է մարդու տկարության մեջ»: Ահա թե ինչու մեծ հաճույքով պարծենում եմ իմ տկարություններով, որպեսզի իմ մեջ հաստատվի Քրիստոսի զորությունը: Դրա համար էլ ես գոհ եմ իմ տկարությունների և Քրիստոսի համար իմ կրած նախատինքների, նեղությունների, հալածանքների և դժվարությունների համար, որովհետև երբ ես տկար եմ, այն ժամանակ եմ զորավոր» (Բ Կորնթ. 12:7-11): Փորձությունը խոնարհությամբ և առ Աստված հույսով կրելով՝ մարդ աստվածային զորությանն է արժանանում, որ բազմիցս գերազանցում է նրա ուժերը և մարդուն դարձնում աստվածային նախախնամության գործիք՝ ի նպաստ իրեն շրջապատող մարդկանց փրկության: Այսպիսով, Նոր Կտակարանը մարդու առաջ բացահայտում է տառապանքի քավիչ կողմը: Աստծու Որդու կամավոր տառապանքը փրկություն բերեց աշխարհին, իսկ մարդկանց հանդիպած փոքր ու ժամանակավոր վշտերը հանդիսանում են որպես դեղամիջոց՝ որպես հոգևոր կատարելության միջոց:

Ամեն մարդ էլ կցանկանա արժանանալ Երկնային Արքայությանը, բայց ոչ բոլորն են գիտակցում և ցանկանում հաշտվել այն փաստի հետ, որ բազում նեղություններ կրելով են Աստծու Արքայություն մտնում (Գործք 14:22): Քրիստոնյան միշտ պետք է իր հայացքն ուղղի դեպի Տերը, Ումից է ողջ մխիթարությունը, ուրախությունը և ապագա երանելի կյանքը, ուր չի լինի ոչ մի խաբեություն, կեղծիք, հիվանդություն, մահ և ոչ էլ այն ամենը, ինչը մթագնում է մարդու երկրային գոյությունը: Քրիստոնեությունն առաջին հերթին հավատ է բարու հանդեպ հաղթանակի, այն մարդկանց պարգևում է լույս, սեր և իրական ուրախություն: Եկեղեցու հայրերի փորձառությունն անսպառ մի գանձարան է նրանց համար, ովքեր փորձում են իրենց ճիշտ դրսևորել անխուսափելի նեղությունների մեջ՝ դրանցից չընկճվելու համար: Ս. Եփրեմ Ասորին ասել է. «Չե՞ս կարողանում դիմանալ փորձություններին, լռիր և հանգստացիր: Մի կարծիր, թե դու ավելի շատ ես տառապում, քան մյուսները: Ինչպես երկրի վրա ապրող մարդու համար անհնար է օդից փախչել, այնպես էլ անհնար է, որ այս աշխարհում ապրող մարդը չփորձվի հիվանդություններից և փորձություններից: Եթե եկել է տխրությունը, ապա ակնկալենք մոտալուտ ուրախությունը: Օրինակ վերցնենք նավաստիներից, երբ փոթորիկ է բարձրանում, նրանք պայքարում են ալիքների դեմ՝ սպասելով հանգիստ եղանակի, իսկ երբ խաղաղ է ծովը, նրանք պատրաստվում են փոթորկի: Նրանք միշտ զգոն են, որպեսզի հանկարծահաս փոթորիկը նրանց անպատրաստ չգտնի և նավը չխորտակի: Այդպես պետք է վարվել, երբ փորձություն ու դժվարին իրավիճակ է, Աստծուց ակնկալենք թեթևացում և օգնություն, որպեսզի մեզ չընկճի այն միտքը, թե այլևս փրկության հույս չկա»:

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

26.04.23
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․