Նուռ. «Աշխարհ ենք եկել, որ եղիցենք» | Nur Ashkharh Enq Ekel Or Eghicenq



Գրքեր

Նուռ. «Աշխարհ ենք եկել, որ եղիցենք»

Հարցազրույց նկարիչ, դիզայներ, քանդակագործ Նուռի (Արման Դավթյանի) հետ:

Հայոց ոսկեդարյան շրջանի մատենագիր, աստվածաբան և վարդապետ Եղիշեն ասել է.  «Մեր հայրը Սուրբ Ավետարանն է, իսկ մայրը՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին»: Ի՞նչ դերակատարություն ունեն Ձեր կյանքում այս «ծնողները»:

Անշուշտ, ամենակարևոր և ամենագլխավոր դերակատարությունն ունեն, քանի որ ցանկացած արվեստ, եթե դա իրավունք ունի արվեստ կոչվելու, հիմքում ունի հոգևորը, հավատքը և Աստծո Արքայությունը: Միտքը, որ գալիս է, գալիս է ի վերուստ: Շատ դեպքերում ինձ հարցնում են՝ որտեղի՞ց այսքան մտքեր, այդ հարցին չեմ կարողանում պատասխանել, քանի որ չգիտեմ, թե ո՞ւր է Աստված, չեմ տեսել և շոշափել, բայց զգում եմ Նրան իմ մեջ: Աստված ինձ համար անհասանելի է և անշոշափելի: Այդ իսկ պատճառով՝ որտեղի՞ց է միտքը, այնտեղից, ուր Անշոշափելին է, Անդիպչելին: Այսինքն՝ միտքը գալիս է ջինջ և մաքուր հիմքից, դա է ցանկացած արվեստի սկզբնաղբյուրը: Այսօր արվեստը համաշխարհային մակարդակով միջնադար է ապրում, անկում է ապրում, հուսանք, որ վերածնունդ կլինի, և արվեստը կգնա դեպի հոգևորը, դեպի գեղեցիկը:

Աշխարհ ենք եկել, որ եղիցենք: Եկեղեցին ինձ համար մի վայր է, որտեղ ես կարողանում եմ ինքս ինձ հետ և իմ մեջ գտնվող Աստծո հետ լինել: Կապ չունի գործող եկեղեցում ես, թե՝ ոչ, եթե եկեղեցում ես և աղոթում ես, ապա այդ պահից նա արդեն գործող է: Անգամ եկեղեցուց երեք քար կամ կես պատ էլ մնացած լինի, միևնույն է, զգալի է եկեղեցու շունչը: Ես ինձ ավելի հոգեհարազատ եմ զգում ասկետիկ հայկական եկեղեցիներում, ուր չկա ոչ պճնանք, ոչ զարդարանք, այնտեղ ես կարողանում եմ, ինքս ինձ հետ լինելով, ինքս ինձ գտնել:      

 

Արարիչ Աստվածն Իր բարիքների գանձարանից, ի թիվս այլ շնորհների, մարդուն շնորհազարդել է ազատ կամքով և արարելու շնորհով: Ի՞նչ խորհուրդ ունեն Ձեզ համար ազատությունն ու արարման շնորհը:

Աստված մարդուն ստեղծեց Իր պատկերով և նմանությամբ: Այս տողի մեջ է ողջ կոդը. Աստված ստեղծեց, հետևաբար Աստված ստեղծարար է: Եթե Աստված այդ լույսը դրել է մարդու մեջ, հետևաբար մարդը պետք է կարողանա այդ լույսը գտնել և նրանով լուսավորել իր շուրջը՝ իր ստեղծագործությամբ և ստեղծարարությամբ: Ցանկացած մարդ, եթե կարողանա իր մեջ գտնել արարչական Աստծո գենը և կարողանա լուսավորել, ապա աշխարհը կդառնա լուսավոր և բարի:

 

Ըստ Ձեզ՝ ե՞րբ է մարդն այս շնորհները լիարժեք գործածում:

Երբ մարդն ազնիվ է ինքն իր հետ, իր հոգու հետ, ինչի շնորհիվ էլ կկարողանա մուտք գործել այդ հոգու մեջ և հոգի գտնել: Երբ ազատ է և կարողանում է գնալ զոհողության: Երբ նոր էի սկսել ստեղծագործական ուղիս, տարիքային կայացած այն փուլում էի, որ պետք է գումար վաստակեի, շատ դեպքերում ինձ մոտ հարց էր առաջանում՝ գումար վաստակե՞լ, թե՞ ստեղծագործել: Փառք Աստծո, ինձ շրջապատող մարդիկ հասկացան, որ ստեղծագործելն ինձ համար ավելի կարևոր է, քան գումար վաստակելը: Շատ զրկանքների միջով եմ անցել, ոչ մի կերպ չէի գնում գումար վաստակելու կոմպրոմիսին: Քանի որ, եթե եկել է միտքը, ապա պատասխանատվություն և ի վերուստ պարտավորվածություն ունեմ այն իրականացնելու, եթե չիրականացնեմ, այլևս չի գա:  

 

Ո՞վ է Ձեր ոգեշնչման աղբյուրը:

Մարդը, որովհետև Աստծո գերագույն ստեղծագործությունն է՝ իր լավ և վատ կողմերով: Մարդն ինձ համար միշտ գաղտնիք է, որին ես ուսումնասիրում եմ, որից ես ոգեշնչվում եմ և որի մեջ փնտրում եմ ոգեշնչման աղբյուր՝ անկախ նրանից, թե ով է նա: Իմ հավաքածուներում այդ աղբյուրը փնտրել եմ նաև այն մարդկանց մեջ, ովքեր այսօր չկան, բայց իրենցից հետո մեծ հետք են թողել համաշխարհային պատմության մեջ:

 

Տեղյակ եմ, որ պատվերներ ընդունելիս նախ պետք է ճանաչեք պատվիրատուին, ո՞րն է պատճառը, արդյո՞ք դա հոգեբանական է:

Փնտրտուքն է, Աստծուն եմ փնտրում մարդու մեջ: Աստվածային լույսը կա ցանկացած մարդու մեջ, թեև տարբեր, բայց կա: Հետաքրքիր է այդ լույսերի տարբերությունը բացահայտել, և լույսը վերածել աշխատանքի: Ստեղծագործության մեջ ես գտնում եմ այդ լույսի առանձնահատկությունը: Լինում են դեպքեր, երբ չեմ կարողանում գտնել այդ լույսը, վստահ եմ, որ բոլորի մեջ կա այդ լույսը, այստեղ ես եմ մեղավոր, որ ի վիճակի չեմ այն տեսնելու, քանի որ կատարյալ և ամենազոր չեմ:

 

Իրական արվեստագետի ներքին կոչումը թույլ տալի՞ս է կրկնօրինակել իր  ստեղծագործությունը:

Այստեղ նորից ազնիվ լինելու խնդիրը կա, եթե կրկնեմ աշխատանքս, ապա դա կվերածվի բիզնեսի, այլևս արվեստ, Աստծո լույս և հոգու պահանջ չի կոչվի: Երբ ստեղծվում է աշխատանքը, ապա ստեղծվում է իմ և պատվիրատուի շփման հետևանքով: Հետևաբար այդ շփման արդյունքում ծնվում է երեխան, որի մայրն այս պարագայում ես եմ: Ես եմ այդ երեխային կրում և ծննդաբերում, հետևաբար երկրորդը նույնից չի կարող ստեղծվել, դա արդեն կլոն կլինի:  

 

Ինչպե՞ս կբնորոշեք ընկերությունը:

Ես մի աֆորիզմ ունեմ ընկերության վերաբերյալ՝ ընկերությունը, երբ երկու մարդ նայում են միմյանց այն հավատարմությամբ, ինչպես շունը տիրոջը, և ընկերությունը կխաթարվի այն դեպքում, երբ նրանցից մեկն իրեն որպես տեր զգա:

 

Հայի գենի մեջ խաչ ունենալու և կրելու  հանգամանքն ինչպե՞ ս  է դրսևորվում: 

Իմ կարծիքով հայ ազգը քրիստոնեությունն ընկալում է որպես ազգային պատկանելիություն և քրիստոնյա լինելու պատճառով հայը դարեր շարունակ հալածանքների է ենթարկվել:  Արտերկիր մեկնելիս ես պարտադիր խաչ եմ կրում և դա հատուկ չի արվում, դա ներքին կանչ է և հոգու ճիչ՝ ասելու համար, թե ով եմ ես: Իմ ստեղծագործական գործունեության երեսուն տարիների ընթացքում միայն տասը տարի է, ինչ անդրադարձել եմ խաչին, իսկ մինչ այդ գտնում էի, որ դեռ պատրաստ չեմ խաչ ստեղծելու: Կրկնելը այն, ինչ որ կար, ինձ համար հետաքրքիր չէր, իսկ ստեղծել նորը, մեծ պատասխանատվություն էր: Այնուհետև արավեցին խաչերի նոր շարքեր՝ նոր դրսևորումներով, որոնք պատմում են քրիստոնեական պատմություններ: Նոր շարքերից մեկը՝ «Գդալ-խաչ»-ը, հոգևոր զարդարվեստի մեջ՝ որպես նոր ավանդույթ, հետաքրքիր արձագանք ունեցավ: Այն պատմում է նյութական և հոգևոր սննդի հավասարակշիռ լինելու մասին, երբ հոգևորն է առավել նյութականից, մարդը դառնում է մոլի, իսկ նյութականի գերակշռության դեպքում մարդը դառնում է ագահ: Կենսունակության համար կարևոր է այս հավասարակշռությունը: Նորածին երեխային նվիրվում է «Գդալ-խաչ»-ը. գդալը խորհրդանշում է նյութական սնունդը, որը պատրաստված է արծաթից, որպեսզի մաքրի և իոնիզացնի ջուրը և սնունդը,  իսկ խաչը՝ հոգևոր սնունդն է, որը օրհնում է նյութականը: Քանի որ նորածին երեխայի համար առայժմ հոգևորը ծանոթ չէ, իր համար նյութականն է պետք գոյատևելու համար, ապա, մեծանալով և հոգևորի կարիքն ունենալով, գդալը փակվում է, վերածվում խաչի, որպեսզի այն կրի իր վրա: Այս դեպքում նյութականը խորհրդանշող գդալը հայտնվում է մարմնին դիպչած, իսկ խաչը նայում է դեպի դիմացինը, դեպի երկինքը՝ հիշեցնելով հոգևորի և նյութականի հավասարակշիռ լինելու մասին: Այնուհետև խաչը կրողը այն փոխանցում է իր երեխային:  

 

Ի՞նչ կմաղթեք մեր կայքի ընթերցողներին:  

Կարծում եմ, որ մեր զրույցն արդեն իսկ ուղեցույց է և մաղթանք, թե ինչպես կարելի է ինքդ քեզ հետ լինել ազնիվ, հոգևոր և դրա հետ մեկտեղ նաև հաջողակ:

 

 

Զրուցեց Կարինե Սուգիկյանը

25.07.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․