24 Նոյեմբեր, Ուր, Հիսնակաց պահքի Ե օր

Գրքեր

Նյարդերը թաքնված եսասիրություն են, մաս 2-րդ

Մեր յուրաքանչյուր գործողություն իր մեջ կա՛մ խոնարհություն է պարունակում, կա՛մ՝ եսասիրություն: Լավ է, որ ամեն ինչում խոնարհություն լինի, որևէ փոքր բանից սկսել և խոնարհությամբ ու բնական կերպով անել դա, իսկ հետո աստիճանաբար ընդլայնել գործողությունների շրջանակը:

Չեմ ասում, որ հանգստանաք, թուլանաք, ոչ էլ ներշնչում եմ, որ պետք չէ ոչինչ անել: Միայն ասում եմ, որ պետք չէ հույսը դնել այն բարի գործերի վրա, որ անում ենք, և ասում եմ, որ պետք է դրանք ճիշտ անել: Այսինքն հաշիվ տանք մեզ, թե ում և ինչի համար ենք անում: Աստծո՞ համար: Մե՞զ համար:

Տերն ասում է, որ չպետք է դատենք, այլ պետք է նախանձախնդրություն ունենանք սրբերի խոնարհության նկատմամբ և փափագենք այն:

Եթե դու խոնարհ լինեիր, ապա աշխարհի ամենալավ մարդը կլինեիր: Աշխարհի ամենալավ կինը կլինեիր: Ամուսնուդ համար երազանք, անգին գոհար կլինեիր, բայց խոնարհությունդ բավարար չէ: Ոչ միայն քոնը: Ամուսիններինը, երեխաներինն ու մեր բոլորինը բավարար չէ: Իրականում մեզ պակասում է ոչ թե այն, ինչ խանութի ցուցափեղկին ենք տեսել, ո՛չ նոր հեռախոսը կամ ավտոմեքենան, ո՛չ: Առաջին հերթին մեզ խոնարհությունն է պակասում: Եթե մենք խոնարհություն ունենայինք, ապա այլ կերպ կնայեինք այն ամենին, ինչ շրջապատում է մեզ, այլ կերպ կվարվեինք, և մեր կյանքն ընդհանրապես ավելի լավն ու ավելի ներդաշնակ կլիներ:

Ես խոնարհ մարդկանց եմ ճանաչում՝ երիտասարդ ու ծեր, կին և տղամարդ, ովքեր չեն ուզում լավ խոսքեր լսել իրենց մասին, դա նրանց դուր չի գալիս: Մի անգամ մի եպիսկոպոսի քարոզի էի ներկա, ով լավ քարոզիչ էր: Նա իր ունկնդիրներին ուղղակի հայտարարեց.

- Եթե քարոզը ձեզ դուր եկավ և գովեք ինձ, ես շատ ուրախ կլինեմ: Բայց չեմ թաքցնում, որ եթե ասեք, թե չեք հավանել, ինձ համար տհաճ կլինի լսել այդ, ես կտառապեմ և ողջ գիշեր այդ մասին մտածելով՝ չեմ կարողանա քնել:

Ինձ դուր եկավ նրա ազնվությունն ու խոնարհությունը: Եթե նույնիսկ ճշմարտություն լիներ այն, ինչ նա ասաց, չնայած անձամբ ես դրան չեմ հավատում: Բայց սեփական եսասիրության այդ խոստովանությունն իր մեջ խոնարհության սաղմ է թաքցնում: Դա նշանակում է ընդունել եսասիրությունդ ու ասել.

- Ես այդպիսին եմ: Ես եսասեր եմ:

Նույնիսկ համակրելի ես դառնում, երբ խոստովանում ես եսասիրությունդ, այլ ոչ թե վանող տեսք ես ունենում: Այնպես որ հաշվի առեք դա, երբ ձեզ գովաբանում են: Ի՞նչ եք ստանում դրանից: Մի՞թե գովաբանությունը ձեզ մշտական աղոթք է պարգևում: Մի՞թե ինձ ավելի բարի կդարձնես գովաբանությամբ: Մի՞թե ինձ «կեցցե՛ս» ասելով սիրտս բոցավառեցիր Քրիստոսի սիրով: Ոչ մի նման բան տեղի չունեցավ: Կարևոր է այն, թե Աստված ինչ կասի քո մասին, միայն դա նշանակություն ունի:

Այն ամենն, ինչով հպարտանում ենք՝ գողացված է: Այն ամենն ինչ կարդացել ենք, լսել՝ մեզնից առաջ ուրիշ մարդիկ են ասել: Մենք ուրիշների իրերով ենք պարծենում: Գովաբանությունը մեր եսասիրությունը բավարարում է այնպես, ինչպես թմրանյութը թմրեցնում է: Ես նկատի չունեմ, որ պետք չէ լավ խոսքեր ասել մարդկանց: Ասեք, բայց ինքնասիրությունը շոյող գովասանք մի՛ ասեք: Երբեմն ինչ որ մեկին իսկապես խրախուսանք, քաջալերանք է անհրաժեշտ: Երեխային պետք է խրախուսել, երբ նա տատանվում է, երբ անվճռականություն ես տեսնում նրա դեմքին, պետք է նրան ասել.

- Կեցցե՛ս: Հրաշալի է ստացվել, տղա՛ս: Ապրե՛ս:

Մեկ, երկու, երեք անգամ այդպես արա:

Բայց հետո նա սկսում է շոյվել գովասանքներից: Դա հոգուն ոչ մի լավ բան չի տալիս: Նույնն է կատարվում նաև մեծահասակների հետ, մենք սկսում ենք մեծամտանալ և ամեն լավ բան մեռնում է մեր մեջ: Անհրաժեշտ է իրատեսորեն նայել կյանքին, որպեսզի հասկանալ, որ յուրաքանչյուր բարի նվիրաբերություն, յուրաքանչյուր պարգև ի վերուստ է տրվում: Տերը, որ ստեղծել է երկնքի աստղերն ու երկրի երեսին եղող ամեն լավ բան, Նա է խոնարհեցնում մեզ և այստեղ՝ երկրի վրա մեզ ու մեր բանականությանը տալիս ամենայն բարին՝ մեր լուսավորման համար: Բայց այդ տրվածները քոնը չեն: Այստեղ ի՞նչն է քոնը: Քո սնապարծությունը՝ փուչ փառքը:

Սնապարծությունը լցնում է հոգիդ, դու քեզ բավարարված չես զգում նրանով, ինչ անում ես, չես կարողանում հանգստանալ, դժգոհ ես: Հավանաբար ուզում ես առա՞ջ գնալ: Կանգ ա՛ռ, եսասիրությունը հանիր արարքներիդ, գործողություններիդ միջից, թաքնվիր: Հոգևոր, եկեղեցական կյանքում առաջընթացի համար գովազդման կարիք չունես, պետք է խոնարհվես, թաքցնես քեզ, ինչպես ալպյան մանուշակներն են թաքնվում, չնայած որ գեղեցիկ են: Քեզ գովազդ պետք չէ: Երբ Աստված ցանկանա՝ քեզ ջրի երես դուրս կբերի: Երբ Աստված ցանկանա՝ մարդկանց կբերի, և քեզ՝ թաքնվածիդ, կգտնեն և ցույց կտան այլոց: Հոգևոր կյանքում տեղին չէ կեղծավորություն անելը: Սանձի՛ր եսասիրությունդ: Եվ եթե խոնարհությամբ ընդունես այն ցավը, որ մեկ այլ մարդ է քեզ պատճառում, ապա այդ ցավի ու դառնության պատճառով ավելի բարի կդառնաս: Որովհետև այդ դառնության հետ միասին Աստծո շնորհն ես կուլ տալիս, որն էլ ամեն ինչ քաղցրացնում է և կյանքի թույնը էլիքսիրի է վերածում:

Ուզո՞ւմ ես գահին նստել: Նստիր նստարանին ու ասա.

- Ո՞վ եմ ես: Ի՞նչ եմ ինձնից ներկայացնում: Ես չափազանց մեծ կարծիք ունեմ իմ մասին:

Դիպլո՞մ ես ստացել: Եվ ի՞նչ: Հունաստանի կեսը դիպլոմներ է ստանում և ո՞ւր ենք հասել: Խոնարհություն ունե՞նք, սեր ունե՞նք: Աշխարհն ավելի լա՞վն է դարձել: Աշխարհը կործանողներն էլ են դիպլոմներ ստացել: Մի՞թե տատիկս ու պապիկս են կործանում: Իմ տատիկն ու պապիկը գյուղում են ապրում, գրել չգիտեն, բայց աշխարհը չեն կործանել:

Բնականաբար դիպլոմ ստացած մարդը աշխարհը չի կործանել, բայց նա եսասիրաբար է սովորել ու եսասիրությամբ օգտագործել իր դիպլոմը: Ես կրթությունը չեմ վիճարկում, որովհետև մենք էլ ենք կրթություն ստացել: Սակայն ինչ լավ է կյանքի ծայրամասը սիրել, այդ արհամարհելի տեղն այնտեղ է, որտեղ այլոք ուշադրություն չեն դարձնում մեզ վրա: Եթե մենք գնանք ու վերջնամասում նստենք, ապա այնտեղ կգտնենք մեր Տիրոջը: Եթե արհամարհելի տեղում նստես, կողքիդ արհամարհված Հիսուսին կտեսնես: Դա լավ է: Եվ այնժամ Տերն Իր փառքը քեզ կտա: Դու Նրան կասես.

- Մի՞թե Դու այստեղ ես:

Եվ նա քեզ կպատասխանի.

- Էլ որտե՞ղ լինեմ: Կենտրոնո՞ւմ: Կենտրոնում Ես չեմ, այլ նրանք, ովքեր սիրում են իրենց ուսուցիչներ, տերեր կոչել, իսկ Ես վերջում եմ: Եթե ուզում ես Ինձ գտնել, ապա այնտեղ փնտրիր:

Երբ արհամարհված կլինես ու կխոնարհվես, երբ արտաքսված կլինես, երբ ուրիշները կկոխոտեն եսասիրությունդ և անկյունում կթողնեն քեզ, այնժամ կգտնես քո Աստծուն: Այնժամ կզգաս Տիրոջը: Դա հրաշալի է:

Եկեք մեր պայքարը մղենք: Այսօր կունենաս նման հնարավորություն, եթե խոնարհվես ու «բարի լույս» ասես այն մարդուն, ով տհաճ է քեզ, դու սեր ցուցաբերած կլինես այն մարդու հանդեպ, ում մասին ինքդ քեզ հարցնում էիր.

- Ինչո՞ւ պետք է ես առաջին քայլն անեմ:

Եվ դու այդ քայլը կանես, որովհետև այդպիսով կյանքդ ավելի կքաղցրացնես:

Եթե հպարտություն ու եսասիրություն ունես, դրանք մեկուսացնում են քեզ թե՛ մարդկանցից, և թե՛ Աստծուց: Եսասիրությունն այն մեկուսիչ նյութն է, որը քեզ առանձնացնում է Աստծուց, խանգարում շփմանը: Աստծո օրհնությունը չի կարող քո մեջ մտնել, եթե սրտումդ եսասիրությունն է բնակվում: Եսասիրությունը պետք է չքանա, և այդժամ Քրիստոսը կգա դրա տեղը:

Ես վատ եսասիրության մասին եմ խոսում, մեր հին «ես»-ի, որը պետք է անհետանա, որովհետև լավ եսասիրություն էլ կա, որով մեր ինքնագիտակցությունը, անհատականությունը, առաքինությունն ենք ցույց տալիս: Դա այն «ես»-ն է, որը Տերն է մեզ պարգևել: Քրիստոսն ասում է.

- Սիրիր մերձավորիդ, քո անձի պես:

Հետևաբար ես «ես» ունեմ, իմ իսկական «ես»-ը: Բայց իմ վատ «ես»-ը, այսինքն՝ անձնապաշտությունը, կրքերը, նյարդերը, եսասիրությունը, իմ իսկական «ես»-ը չէ, որ Աստված է տվել ինձ, դա իմ անհատականությունը չէ: Վատ եսասիրությունն իր վրա Տիրոջ կնիքը չի կրում, դրանք իմ սեփական տկարություններն են: Մենք պետք է տարբերենք դրանք՝ ես պետք է ատեմ վատ եսասիրությունը, պայքարեմ դրա դեմ ու կոխոտեմ այն, որովհետև այն խանգարում է ինձ մոտենալ Աստծուն: Լավ եսասիրությունը կպահպանեմ և Աստծով կզարգացնեմ:

Թող մեր եսասիրության տենդը թուլանա, որովհետև այն մշուշում է հոգին: Մեր կողքին մարդիկ կան, որ այրվում են նման տենդից՝ նրանք բառացիորեն այրվում են խելագարությունից, մտածում են, թե ինչ տեսք կունենան, ինչպես կլսեն իրենց, ինչպես կնայեն: Նրանք անընդհատ փորձում են տպավորություն գործել և ձևացնում են՝ ջանալով լինել այնպիսին, ինչպիսին չեն: Որովհետև իրականում մենք այն չեն, ինչ ցույց ենք տալիս, մենք շատ խղճուկ են, փոքր ու աննշան:

Շուրջբոլորն ամեն բան մեզ խոնարհություն է սովորեցնում: Երբ թաղում ես գնում ու լսում, թե քահանան ինչպես է ասում. «Հող էիր և հող պիտի դառնաս», ողջ ճշմարտությունը հասկանում ես: Դու հո՛ղ ես, եղբա՛յր, հո՛ղ, ու հող էլ կդառնաս: Որտեղից եկել ես, այնտեղ էլ կվերադառնաս: Արդյո՞ք քո Աստվածապարգև անմահ ու հավիտենական հոգին չէ, որ խոնարհվում է այդ մտքից: Այդքան տարիներ ի վեր դու հոգ ես տարել մարմնիդ, արտաքինիդ մասին, բավարարել ես եսասիրությունդ, և ահա՛ հասել ես վախճանին: Աստվածաբան, հոգևորական, նույնիսկ քրիստոնյա լինելու կարիք չկա, հասկանալու համար, թե ինչպես ես կառուցված: Փտումը բոլորիս աչքերի առջև է: Եկեղեցու պատասխանն ինչպիսի՞ն է: Այն պարզ է: Արտառոց ոչինչ չկա, ուղղակի իսկական եղիր: Իսկական նշանակում է խոնարհ, իսկ խոնարհը նա է, ով իր մասին կեղծ պատկերացում չունի, կեղծ կայսերական հագուստ չի կրում, այլ ասում է.

- Ես աղքատ մարդ եմ: Այդ պատճառով էլ աղքատի հագուստ եմ կրում՝ մաքուր ու համեստ:

Իսկ նա, ով իրեն հարուստ է ձևացնում, սակայն նման հագուստ չունի, ծաղրի առարկա է դառնում: Եսասիրությունը մեզ ծաղրի առարկա է դարձնում կյանքում:

Դու մեծ կարծիքի ես քո մասին և այդ պատճառով էլ անընդհատ բարկանում ես, նյարդայնանում, վիճում ամուսնուդ հետ, ուզում ես ամուսնալուծվել… Ամեն դեպքում մի՛ ամուսնալուծվիր: Նախ աշխատիր մի փոքր պայքարել եսասիրության հետ: Մի կողմ դիր փաստաբաններին, դատարանն ու քեզ նայիր, քո եսասիրությանը, նրա եսասիրությանը նույնպես, բայց հատկապես քոնին, թե ինչեր է արել:

Մենք բոլորս եսասեր ենք: Մեր նպատակը կայանում է նրանում, որպեսզի խոնարհություն ձեռք բերենք: Անհրաժեշտ է, որ ես ինձ խոնարհեցնեմ, այլ ոչ թե քո ուսուցիչը ձևանամ, վիճեմ քեզ հետ և ուղղեմ քեզ: Եվ որպեսզի դու քեզ խոնարհեցնես: Մայրապետ Գաբրիելան ասում է, որ ջղերը թաքնված եսասիրություն է: Ինչո՞ւ ես նյարդայնանում: Որովհետև մի բան կատարվել է ոչ այնպես, ինչպես դու ես ուզում: Իսկ ո՞վ է դա ուզում: Դո՞ւ կամ ե՞ս: Ո՛չ: Քո թաքնված եսասիրությունն է ուզում և եթե քո ուզածով չի լինում՝ միանգամից նյարդայնանում ես:

Լսիր, եթե դու նյարդայնանում ես, նշանակում է եսասեր ես, այդպես է: Ես քեզ սիրում եմ, բայց պարտավոր եմ դա քեզ ասել: Դա ինձ էլ է վերաբերում: Երբ ես նյարդայնանում եմ, ապա նյարդայնանում եմ իմ եսասիրության պատճառով: Խոնարհ մարդը երբեք չի նյարդայնանում, ինչ էլ, որ պատահի: Քեզ հեռուսատացույց են խոստացել ու չե՞ն բերել: Ինչ որ պատճառ պետք է լինի: Բարկանալու ի՞նչ կարիք կա: Ինչո՞ւ պետք է բոլորի հետ վիճեմ դրա պատճառով: Այժմ դա տրամաբանական է հնչում, բայց այն պահին, երբ կիրքը բորբոքվել է ու եսասիրությունը խոցվել, ամեն ինչ թարս ու շիտակ է ընթանում:

Սավվա անունով մի հոգևորական Սինա գնաց: Գնաց այնտեղ, որպեսզի մի որոշ ժամանակ առանձնանա: Նա իրեն լավ խոստովանահայր էր համարում, բայց սնափառ էր: Գալու օրը նրան խցում տեղավորեցին: Երեկոյան բեդվիններն ինչ-որ բան էին անում ու ինչ-որ մեծ առարկա էին տանում: Այն անհրաժեշտ էր լեռան վրա բարձրացնել, բոլորը միասին բռնել էին ու լարված տանում էին: Գործողությունները համաձայնեցնելու համար միաբերան ասում էին.

- Սաուա: Սաուա: Սաուա:

Այդ արտահայտությունը կրկնելով օգնում էին միմյանց ու հավասարակշռության մեջ պահում այդ առարկան, որի քաշն այդպես ավելի հեշտ էր բաշխվում բոլորի միջև: Հայր Սավվան իր խցում լսեց այդ բառերը: Նրա սնափառությունը բորբոքվեց և նա ասաց.

- Ահա՛ այստեղ էլ իմացան իմ մասին: Մի տե՜ս է: Ինձ այստեղ էլ են ճանաչում, կանչում են. «Սաուա: Սաուա»:

Նա խցից դուրս եկավ ու մի մարդու հարցրեց.

- Լսի՛ր, զարմացած եմ, ինչպե՞ս իմացաք իմ մասին:

- Չեմ հասկանում, թե ինչի մասին եք խոսում,- պատասխանեց մարդը,- մենք Ձեր մասին չենք լսել:

Հայրը դրանից վիրավորվեց.

- Իմ մասին չե՞ք լսել: Անունս Սավվա է, ես դիպլոմ եմ ստացել, ելույթներ եմ ունենում:

- Ներեցեք, Տեր Հա՛յր, Ձեզ այստեղ ոչ ոք չի ճանաչում: Նրանք բեդվիններ են: Նրանք Ձեզ չեն ճանաչում:

- Բայց նրանք «Սաուա, Սաուա» էին կանչում:

- Նրանք «Սաուա» էին կանչում, այլ ոչ թե Սավվա, ինչ-որ իր էին տանում և ընդհանրապես չէին մտածում հոգևորականի մասին:

Ինչպիսի հիասթափություն ու դառնություն էին այս բառերը նրա համար, իսկ այն մարդը ծիծաղում էր ու ինքն իրեն մտածում. «Տե՛ր Հայր, այստեղ ես եկել առանձնանալու, խոնարհվելու համար, սակայն առաջին իսկ օրվանից միտքդ այդքան ուժգին վեր սլացավ, միայն այն պատճառով, որ «Սաուա» էին կանչո՞ւմ»:

Մենք ծաղրի առարկա ենք դառնում, որովհետև կուրացել ենք եսասիրությունից: Մենք մեզ մեծ ենք կարծում, սակայն այնքան փոքր ենք Աստծո առջև: Երբ դա հասկանաս, այնժամ մեծ կդառնաս, այնժամ կհանդարտվես, որովհետև ճշմարտության մեջ կբնակվես: Այնժամ իսկապես կլցվես Աստվածային ճշմարտությամբ: Այնժամ ներքին հավասարակշռություն կունենաս, կիմանաս, թե ով ես, կիմանաս սահմաններդ: Դա խաղաղություն ու լռություն կբերի հոգուդ: Մի՛ վախեցիր ասել.

- Ես հասարակ մարդ եմ: Քիչ բան կարող եմ անել, բայց դա ինձ չի խանգարում, ես քչով էլ եմ բավարարվում, որովհետև Աստված ինձ այսքանն է տվել, և ես չեմ փորձում թվալ այն, ինչ իրականում չեմ:

Օրինակ՝ որևէ խոնարհ աշակերտ, վերոնշյալը լսելով, կմտածի.

- Ախր ես իսկապես առաքինություններ ունեմ, որոնք չեմ օգտագործել իմ եսասիրության պատճառով: Պետք է էլի կարդամ, որովհետև Տիրոջ կողմից տրված առաքինություններ ունեմ, որոնք պետք է զարգացնել, բայց ես ծույլ եմ ու եսասեր, չեմ կարդում, իսկ ինձ անհրաժեշտ է էլի կարդալ և սովորել:

Իսկ եսասեր աշակերտն այլ կերպ կընդունի այդ ամենն ու կասի.

- Տեսա՞ր ինչ ասացիր: Պետք չէ ստիպել քեզ, պետք չէ տանջել՝ ներկայանալով այն, ինչ չես: Նշանակում է, եթե ավելին չեմ կարող անել, ուրեմն մի՛ ճնշիր ինձ, մի՛ պահանջիր, որ հիմա կարդամ, առանց այդ էլ անում եմ այն, ինչ կարող եմ:

Վերոհիշյալ օրինակով ցանկացա ձեզ ցույց տալ, որ յուրաքանչյուր բան կարելի է հակառակ իմաստով հասկանալ: Այսինքն խրատը ճիշտ հասկանալու համար ևս խոնարհություն է անհրաժեշտ:

Տերն Ինքը Խոնարհություն է: Այդ պատճառով էլ խոնարհություն ունենալ նշանակում է Քրիստոսին քո մեջ ունենալ: Հրաշալի է այս աշխարհում ապրել խոնարհ սիրտ ունենալով, սրտումդ հենց Իրեն՝ Տիրոջն ունենալով, Ով մխիթարում է քեզ, հանգստացնում: Ինչպես Տերն է ասում՝ որպես ոչխար կապրես գայլերի մեջ և չես հասկանա, որ կողքիդ գայլեր են: Նրանք քեզ ոչինչ չեն անի: Գայլերը կցանկանան հափշտակել քեզ, պատառոտել և չեն կարողանա դիպչել, որովհետև Տերը վահան կդնի քո առջև՝ Իր սուրբ խոնարհությունը, որը նեցուկ կլինի քեզ, կծածկի, կպաշտպանի ու կգեղեցկացնի:

Եկեք ճգնենք, որպեսզի Տերն Իր խոնարհությունից մեզ տա, քանզի ասել է. «…Սովորեցե՛ք ինձնից, որովհետև հեզ եմ ու սրտով խոնարհ, և դուք ձեր հոգեկան հանգստությունը պիտի գտնեք» (Մտթ. 11:29):

 

 

Ծայրագույն վարդապետ Անդրեյ (Կոնանոս)

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

17.05.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․