Գրքեր

Ոչ թե հոգևոր, այլ հոգեկան գերզգայունությունը միավորում է խավարի աշխարհի հետ

Մի անգամ հայր Պորֆիրիոսն ասաց ինձ․

- Որդյա՛կ, քո միակ թերությունն այն է, որ դու գերզգայուն ես և ոչ մի վիրավորանք տանել չես կարողանում։ Նման զգայունությունը ժառանգել ես հորիցդ, և դրանում դու մեղք չունես։

Բայց չափազանց զգայունությունը լավ բան չէ։ Թեև շրջապատի, իսկ հատկապես նրանց համար, ովքեր իրենց զարմանքով քո մեջ խթանում են այն և հաճախ շահագործում իրենց չափազանց ստոր նպատակներով, այն թվում է կարևոր ու շահավետ ընդունակություն, անսովոր շնորհ։ Իսկ այն ունեցողի համար ավելի վատ բան չկա, քան գերզգայունություն ունենալն է։

Նկատի ունեցիր, որ այն բոլոր հիվանդությունների սկզբնապատճառն է։ Չէ որ այդ զգայունությունը հոգևոր չէ, այլ հոգեկան է, որը միավորում է քեզ խավարի աշխարհին։ Այդ ծառայությունները վճարովի են․․․ Դու քեզնով ես վճարում դրանց դիմաց։

Ուստի փորձիր ձերբազատվել դրանից, կամ գոնե սահմանափակիր ինչ-որ կերպ։ Այլապես կվնասես և՛ քեզ, և՛ մտերիմներիդ ու ընտանիքիդ, որը ոչինչ պարտավոր չէ քեզ և արժանի չէ այն տառապանքին, որը պատճառում ես նրանց առանց որևէ առիթի։

Իսկ ինչ վերաբերում է վիրավորանքներին, ապա ոչ մեկն էլ ուրախությամբ չի ընդունում դրանք, առավել ևս դու՝ քո հպարտությամբ ու պահանջներով, որպեսզի «ինչպես դու չես վիրավորում ոչ մեկի, այդպես էլ քեզ չվիրավորեն»։ Սակայն մեր ժամանակներում այդպես չի լինում։ Բոլորս էլ վիրավորանքների զոհ ենք․․․

Հասկացիր, թե ես ինչ նկատի ունեմ, երբ խոսում եմ վիրավորանքների և նրա մասին, որ հարկավոր է համբերել դրանց։ Դու ինձանից լավ պետք է իմանաս ժամանակակից բարոյական անկումը, կամ, կարելի է ասել, ցանկացած հեղինակության հանդեպ արհամարհանքը, որ նկատվում է ժամանակակից հասարակության մեջ։

Ասա՛ ինձ, որդյա՛կ, արդյո՞ք հնարավոր է որևէ բան անել այդ մարդկանց հետ։ Կարելի՞ է վերահսկել իրավիճակը։ Իհարկե, ոչ։ Ճիշտ և արդար կլիներ, եթե մարդ ոչ մեկի չվիրավորեր և իրեն էլ ոչ ոք չվիրավորեր․․․

Դա շատ բարդ է, բայց ոչ՝ անիրականանալի։ Քրիստոսի Եկեղեցին այժմ հենց դրան է ձգտում։

Բայց պատահում են նաև Աստծու կողմից թույլատրված դեպքեր մեր հավատն ու մեր տոկունությունը փորձելու համար։ Եվ գիտե՞ս, թե ինչու, որդյա՛կ։ Որովհետև տեսականորեն մենք ամեն ինչ գիտենք․․․ Տեսականորեն բոլորս էլ նույն առաջադիմությունն ունենք, բոլորինս էլ ամենաբարձր թվանշանն է։ Իսկ գործնականում անընդհատ ձախողում ենք․․․ Եվ չափազանց փոքրաթիվ են մարդիկ, որ քրիստոնեության հենց ոգին են ըմբռնում։

Հիմա կհարցնես ինձ․ «Իսկ դու, հա՛յր սուրբ, տեսականը վերածո՞ւմ ես գործնականի»։ Է՜հ, ի՞նչ պատասխանեմ այդ հարցիդ, որդյա՛կ։ Ողջ կյանքս պայքարում եմ, որպեսզի հետևեմ Աստծու կամքին։ Թե որքան եմ հաջողել այդ գործում, ինձ համար անհայտ է։ Միայն Աստված գիտի․․․ Արդեն ասել եմ քեզ, որ միայն Աստծու ողորմածությամբ ենք փրկվում։

Դե ինչ, այժմ հասկանո՞ւմ ես, որ քո զգայունությունը վտանգավոր բան է, թե՞ դեռ շարունակում ես «զգալ», որ ես քեզ չեմ սիրում։

 

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

30.03.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․