Գրքեր

Ուրախությունը մեր կրոնն է

- Ուրախությունը մեր կրոնն է։ Պետք է ձգտենք դրան։ Քրիստոսն է դրախտը, զավակներս։ Դրախտն ի՞նչ է,- հարցնում էր հայր Պորֆիրիոսը։- Քրիստոսն է։ Դրախտը սկսվում է այստեղից։ Լրիվ նույն բանն է՝ ով այստեղ՝ երկրի վրա, ապրում է Քրիստոսով, նա ապրում է դրախտում։ Հենց այդպես է, ինչպես ասում եմ ձեզ։ Հավատացե՛ք, դա է ճշմարտությունը։

Մեր գործն այն է, որ ջանանք միջոց գտնել Քրիստոսի լույսի մեջ մուտք գործելու համար։ Այդ միջոցն ամենևին էլ ամեն ինչ տառի ոգով կատարելը չէ․․․ Ընդհակառակը, այդ խորհրդի էությունն այն է, որ սովորես Քրիստոսի հետ լինել, որպեսզի հոգիդ արթնանա ու սիրի Քրիստոսին, սրբանա ու տրվի Աստվածային սիրուն։

Այդժամ Նա էլ մեզ կսիրի։ Այդժամ այդ ուրախությունը անկապտելի կլինի։ Քրիստոս ամենից շատ հենց դա է կամենում, որ լցնի մեզ խնդությամբ, որովհետև հենց Ինքն է ուրախության աղբյուրը։

Այնուամենայնիվ, այդ ուրախությունը Քրիստոսի շնորհն է։ Դրա մեջ մենք ճանաչում ենք Քրիստոսին։ Չենք կարող ճանաչել Նրան, եթե առաջինն Ինքը մեզ չճանաչի, ինչպես որ Դավիթն է ասում․ «Եթե Տերը տունը չշինի, իզուր են չարչարվում այն շինողները, եթե Տերը քաղաքը չպահպանի, իզուր են հսկում պահապանները նրա» (Սղմ․ 126։1)։

Ահա թե ինչ է ուզում շահել մեր հոգին։ Աստծու շնորհը դա կպարգևի մեզ, եթե համապատասխան կերպով պատրաստվենք։ Դժվար չէ։ Եթե ստանանք շնորհը, ապա ամեն ինչ ուրախ ու հեշտ կլինի, ողջ աշխարհը մեզ համար կդառնա Աստծու օրհնություն։

Աստվածային շնորհն անդադար թակում է մեր հոգու դուռն ու սպասում, թե երբ պիտի բացենք, որպեսզի մտնի մեր պապակած սիրտն ու լցնի այն։ Մեր սրտի լիությունը Քրիստոսն է, Աստվածածինը, Սուրբ Երրորդությունը։

Ի՜նչ հրաշալի բաներ են։

 

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

13.10.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․