Մարդը չի արարվել, որպեսզի միայն իր համար ապրի ու գործի: Հայրաբանական գրականության մեջ կարդում ենք. «Որևէ մեկը, որ միայն իր անձի համար է ապրում, բնավ չի ապրում»: Հանուն Աստծու փառքի գործողը անկորնչելի գանձ է կուտակում երկնքում և Աստծով հարստանում, այսինքն՝ հոգ է տանում երկնային և հավիտենական հարստության՝ առաքինությունների ձեռքբերման մասին, որ հնարավոր է ձեռք բերել երկրային հարստությունն՝ ի բարին գործածելով: Մարդն իրապես ապրում է, երբ ապրում է ներկայով, այսինքն՝ երբ ներկան արժևորում է բարի գործերով: Պողոս առաքյալը կոչ է անում պատասխանատվությամբ մոտենալ անգին հնարավորությանը՝ ժամանակին. «Ուշադրությո՛ւն դարձրեք ձեր ապրելակերպին: Մի՛ ապրեք անմտորեն, այլ իմաստունների նման: Օգտագործեցե՛ք ժամանակը, քանզի այս օրերը չար են» (Եփես. 5:15-17):
Ներկան բարի գործով արժևորեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի անդամներից մեկը, ով նոյեմբերի 26-ին իր եղբոր՝ Գեորգիի ու տատիկի՝ Մարգարիտայի հիշատակի համար եկեղեցու սոցիալական ծրագրերին տրամադրեց 100 000 դրամ, որը եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, որպես սիրո և երախտագիտության արտահայտություն, փոխանցեց Սարգսյան Սոնյային (42 տ.): Սոնյան իր ընտանիքի հետ միասին արցախյան վերջին պատերազմից հետո Հադրութի շրջանի Մարիամաձոր գյուղից տեղահանվել է և այժմ բնակվում է Ստեփանակերտ քաղաքի Շահինյան 3 հասցեում: Սոնյայի յոթ զավակներից երկուսը՝ Դադայան Արայիկը (18 տ.) և Դադայան Սեյրանը (21 տ.)՝ որպես ժամկետային և պայմանագրային զինծառայողներ, զոհվել են արցախյան վերջին պատերազմին: Սոնյան իր երախտագիտությունը հայտնեց Տեր Գրիգորին և աջակից անձին:
Կարինե Սուգիկյան