Օտարասեր և ողորմած լինելու մասին

Երանելի Հովհան Ողորմածը` Ալեքսանդրիայի հայրապետը, Կիպրոս կղզուց էր և որդին էր Կիպրոսի Եպիփան եպիսկոպոսապետի`ոչ Առաջինի, այլ մեկ ուրիշ Եպիփանի: Եվ երբ չափահաս դարձավ, հայրը նրան ամուսնացրեց: Սա զավակներ ունեցավ և անչափ խաղաղարար էր, բարի, հեզ և քաղցրաբարո, ողորմած, որի համար էլ Ողորմած անվանվեց: Մի օր մահացավ նրա կինը: Եվ լսեց Հերակլես բարեպաշտ թագավորը նրա աստվածահաճո վարքի մասին և հրամայեց Ալեքսանդրիայի պատրիարք ձեռնադրել Հովհաննեսին: Նա, նախքան գահակալելը, տեսիլքի մեջ տեսավ ողորմածությունը` հարսի պես զարդարված՝ ձեռքին ձիթենու պտղալից ճյուղ, և Հովհաննեսին ասաց. «Ես Թագավորի դուստրն եմ և իմ հոր մոտ համարձակություն ունեմ, և առանց ինձ ոչ ոք չի կարող մտնել և տեսնել նրան: Եթե ինձ բարեկամ համարես, ես քեզ սիրելի կդարձնեմ իմ թագավոր հորը, և երբ կամենաս, կմտցնեմ քեզ նրա մոտ, և մշտապես կտեսնես նրան»: Եվ արթնանալով` հասկացավ, որ իր տեսած հարսը ողորմածությունն էր: Եվ երբ գահակալեց, այն ժամանակ պատվիրեց անհապաղ հավաքել քաղաքի աղքատներին: Գտան յոթ հազար անձանց, որոնց ցուցակագրեց հայրապետական կոնդակի մեջ, և կերակրում ու հագցնում էր նրանց, և եթե նրանցից մեկը մեռնում էր, նրա փոխարեն մեկ ուրիշ աղքատի էր ներառում, և յոթ հազարի թիվը չնվազեցրեց, որքան ապրեց աշխարհում: Եվ այլևայլ ողորմածություններն ու արդարությունը, որ անում էր Հովհաննես Ողորմածը, գրված են նրա ամբողջական և ավարտուն վարքագրության մեջ: Եվ այսպես էր դիմում Հովհաննեսն Աստծուն` Դու տո՛ւր, իսկ ես բաշխեմ, և վերջինը չլինեմ քո պարգևների բաշխման մեջ, որովհետև առավել նրանց է տալիս Տերը և առատորեն լցնում է բարությամբ, ովքեր առատորեն և առանց խնայելու են տալիս տրված պարգևները, քանզի Տերն ինքն առատապարգև է և սիրում է առատորեն ողորմություն անողներին:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 201

01.09.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․