Գրքեր

Օտարասիրության մասին

Պատմեց հայր Դանիելը, թե. «Ոմն քարահատ օրական վաստակում էր մի դանկ ոսկի: Մինչև երեկո ոչինչ չէր ուտում, ապա դրանով ուտելիք էր գնում և ուտում էր հյուրերի և աղքատների հետ, իսկ մնացորդներն ու փշրանքները գցում էր շներին և ոչինչ չէր պահում հաջորդ օրվա համար, բացի իր քարահատիչից: Նա ինձ հյուր ընդունեց, և երբ իմացա նրա կենսակերպը, երեք շաբաթ խնդրեցի Աստծուն՝ նրան ունեցվածք տալ, որպեսզի առավել շատ բարեգործություն անի: Տեսիլքի մեջ Տերը, որ կանգնած էր վեմի վրա թագավորի տեսքով, ինձ ասաց. «Բավական է նրան այն, ինչ ունի»: Ես հանդգնորեն պնդում էի՝ ունեցվածք տալ նրան, բայց Տերն ինձ ասաց. «Դառնո՞ւմ ես նրան երաշխավոր, որ կպահի իմ պատվիրանները»: Եվ ես ասացի` այո՛: Ասաց իր մոտ եղած զորքերին. «Լսեցի՞ք դուք»: Եվ եղավ այնպես, որ քար հանելիս քարահատը գտավ ոսկով լի կարաս և չկամեցավ ի հայտ հանել տեղում, այլ գրաստներ վարձելով՝ գնաց Կոստանդնուպոլիս` Հուստիանոս թագավորի մոտ, և ապարանքներ ստացավ և վերցրեց քաղաքի եպարքոսությունը: Եվ ես վերստին տեսիլքի մեջ տեսա Տիրոջը. Նա ինձ խեթ նայեց: Եվ ես իմանալով, թե ինչի համար, գնացի այն գյուղը, ապա տեղեկանալով` մեկնեցի Կոստանդնուպոլիս և նրա դռան մոտ մնալով չորս ամիս` չկարողացա տեսնել նրան, մինչև որ նրա ծառաները ծեծեցին ինձ և թողին կիսամեռ: Ես ողբալով ընկա սուրբ Աստվածածնի առաջ` աղաչելով ազատել ինձ այն երաշխավորությունից, և տեսա, որ Սուրբ Աստվածածինը, գրկած Տիրոջ ոտքերը, աղաչում էր ինձ համար: Տերն ինձ ասաց. «Արձակեցի քեզ. արի՛ գնա քո տեղը, իսկ ես այն մարդուն կվերադարձնեմ իր չափի մեջ»: Մեռավ Հուստիանոս թագավորը, և կալանավորելով Եվլոժիոս քարահատին և նրա ուրիշ երեք ընկերներին՝ խլեցին նրանց ողջ ունեցվածքը և ուզում էին սպանել Եվլոժիոսին: Նա՝ մուրացիկի շորեր հագած, եկավ իր գյուղը, մուրճ մուրաց և վերսկսեց իր գործն ու հյուրասիրությունը: Եվ ես լսելով՝ գնացի նրա մոտ, երկար ժամեր լացեցինք միասին, և ես պատմեցի նրան ողջ եղելությունը: Եվ նա ինձ ասաց. «Հիմա՛ էլ խնդրիր, հա՛յր, փոքր­ինչ ունեցվածք, որ կարողանանք վայելել»: Ես ասացի նրան. «Քա՛վ լիցի, թե նման բան մտքովս անցկացնեմ և համարձակվեմ իմ Տիրոջն ասել, Ում գործերը մեծ են, և իմաստությունն` անբավ»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

13.05.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․