Աստվածային մեծագույն սիրո հանդեպ անհնար է անտարբեր գտնվել, այսինքն՝ մարդն իր ազատ կամքով կա՛մ ընտրում է այդ սերը, կա՛մ՝ մերժում այն: Մեր Տերն ասում է. «Ով որ Ինձ հետ չէ, հակառակ է Ինձ, և ով Ինձ հետ չի հավաքում, ցրում է» (Ղուկաս 11:23): Յուրաքանչյուր անձ իր կյանքով է որոշում իր հարաբերությունը Քրիստոսի հետ. ընդունո՞ւմ է Նրան, թե՞ մերժում, քանի որ չկա այլ տարբերակ: Աստվածային սիրո առջև հնարավոր չէ երկար ժամանակ չեզոք մնալ, վաղ թե ուշ մարդը հայտնվում է անտարբերության մեջ: Քրիստոսին խաչեց ոչ միայն ամբոխը, այլ նաև այն մարդիկ, որոնք անտարբերությամբ էին դիտում կատարվող իրադարձությունները: Պատմության մեջ ամենադաժան բռնությունների հիմքում անտարբերությունն է: Այն մարդը, որն անտարբեր է ուրիշի կյանքի նկատմամբ, անտարբեր է նաև իր կյանքի հանդեպ: Նման մարդիկ ապրում են, բայց և միևնույն ժամանակ չեն ապրում, կյանքը կարծես նրանց չի վերաբերում: Նա, ով անտարբերությամբ մերժում է Քրիստոսին, նույն անտարբերությամբ էլ ընդունում է չարը: Քրիստոս Իրեն ընդունելու կամ մերժելու մասին հետևյալն է ասել՝ «Ով ընդունում է ձեզ, ընդունած կլինի Ինձ» (Մատթ. 10:40), «Որովհետև Իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք այդ, Ինձ արած եղաք» (Մատթ. 25:40), «Ով որ ձեզ լսի, Ինձ լսած կլինի, և ով որ ձեզ մերժի, Ինձ մերժած կլինի» (Ղուկ. 10:16), «Սողո՛ս, Սողո՛ս, ինչո՞ւ ես հալածում Ինձ» (Գործք Առաք. 9:4):
Իրական հավատը, Տիրոջ խոսքի համաձայն, չի կառուցվում միայն չար արարքի ժխտմամբ, օրինակ՝ տասը պատվիրաններում որևէ բան չանելու բոլոր արգելքները հաստատվում են սեր առ Աստված և սեր առ ընկեր պատվիրաններով (Մատթ. 22:37-39): Բավական չէ վանել չարիքը, պետք է ջանալ, որ բարին հաստատապես արմատավորվի հոգում: Հոգևոր կյանքում գոյություն ունի անխախտ մի օրենք. «Խուսափի՛ր չարից ու բարի՛ք գործիր» (Սաղմ. 33:15): Մարդկային հոգին չի կարող դատարկ մնալ, հնարավոր չէ վերադառնալ հանգիստ կյանքի՝ միայն վատ մտքերից և սովորություններից հրաժարվելով: Այս դեպքում հոգին վտանգվում է՝ դատարկ մնալով: Մարդու հոգին պետք է լեցուն լինի, իսկ թե ինչով, մարդն է որոշում: Այս մասին շատ լավ գիտի մարդկության թշնամին, իսկ մարդն առավել ևս պետք է իմանա: Ավետարանը պատմում է մի մարդու մասին, ումից չար ոգին դուրս է ելնում, գնում անջրդի վայրերում հանգիստ մի տեղ գտնելու համար: Եվ երբ չի գտնում, ինքն իրեն ասում է. «Գնամ իմ տունը, որտեղից դուրս եկա»: Ուստի վերադառնում է իր նախկին տունը և այն գտնում է դատարկ, մաքուր և կարգի բերված: Ապա գնում և բերում է իրենից ավելի չար յոթ ոգիներ, որոնց հետ ներս մտնելով՝ բնակվում է այնտեղ և այդ մարդու վերջը լինում է ավելի վատ, քան իր նախկին վիճակը (Մատթ. 12:43-45):
Եկեղեցու հայրերն ասում են, որ քանի դեռ մեր հոգում չի բնակվում Աստված, Ում պատկանում է մեր հոգին, այն միշտ դատարկ կմնա: Ծաղկաշատ այգում մոլախոտերի համար տեղ չկա, իսկ այն այգում, ուր շատ մոլախոտեր կան, հարկավոր է նախ մաքրել այն: Մարդը կոչված է՝ հոգևոր կյանքում աճելու և առաջ գնալու, եթե նա կատարելության տանող որևէ աստիճանի վրա կանգ է առնում, նույնն է, թե ետ է գնում:
Ըստ եկեղեցու հայրերի՝ Քրիստոսի հետ միավորվել, Նրա հետ հավաքել և դեպի կատարելություն ընթանալ, նշանակում է մեր մտածումներն ու ցանկություններն ուղղել դեպի աստվածային պատվիրանները, դեպի երկնայինը և ոչ երկրայինը: Հավաքել Քրիստոսի հետ, նշանակում է հավաքել այն, ինչ հաճելի է Նրան: Եթե մարդը միայն իր համար է կուտակում և չի հարստանում Աստծով և չի հավաքում Աստծով, ապա ահավոր դատաստանին կլինի ոչինչ չունեցող, ամեն ինչ վատնած մի աղքատ, որը ոչինչ չի հավաքել Քրիստոսի համար: Հավաքել Քրիստոսի համար, նշանակում է հավաքել նրանց համար, որոնց միջոցով մեզ ներկայանում է Քրիստոս և ողորմություն հայցում: Սուրբ հրեշտակները, մինչ մարդու կյանքից հեռանալը, նրա ցուցաբերած զոհողությունները ոսկե սկուտեղով Աստծու գահին են մոտեցնում: Այդ գանձերը՝ մարդու բարի մտքերը, խոսքերը և գործերը, նրա համար դեպի հավիտենական կյանք տանող լուսավոր ուղի են համարվում: Եթե մարդը գիտական ճշմարտությունների փնտրտուքի մեջ հույսը դնում է միայն իր իմաստության, ուժի և կամքի վրա, ապա փնտրում է ճշմարտություն առանց Քրիստոսի, նա շատ գիտելիքներ է կուտակում, բայց կուտակում է առանց Քրիստոսի: Իսկ մեր Տերն ասում է՝ Ով Ինձ հետ չի հավաքում, ցրում է և ի՞նչ է ցրում այդպիսի մեկը՝ իր հոգու մեծագույն գանձը:
Ի՞նչը կարող է այդքան սարսափելի և կործանարար լինել, քան հայտնվելը Քրիստոսին մերժողների շարքում: Աշխարհը բաժանված է երկու գոտու՝ բարու և չարի, ճշմարտության և ստի: Միայն բարին և ճշմարտությունն են համարվում իրական և անգին հարստություն, որոնք Աստծուց են և որոնք հնարավոր է ձեռք բերել Աստծու օգնությամբ: Իսկ նա, ով չի ձգտում իրական հարստության, նա ողջ կյանքում զուր ջանքեր, ուժ և ժամանակ է վատնում:
Կազմեց Կարինե Սուգիկյանը