5 Հունիս, Ուր, Զ օր Հոգեգալստյան, Պահք

Գրքեր

«Փրկության ուղին միայն առաջին հայացքից է դժվար»

Այս կանքում ամեն ինչ չէ, որ մարդ կարող է հասցնել, օրինակ՝ բոլոր գիտություններն ուսումնասիրել, բոլոր երկրներով մեկ ճամփորդել և կարելի է այս շարքը թվարկել, ուստի Քրիստոսի հետևորդի համար անչափ կարևոր է հոգալ ամենակարևորի՝ հոգու փրկության մասին: Փրկությունը Աստծո հետ միավորումն է հավիտենական կյանքում, ինչին կոչում է եկեղեցին՝ ի լուր ամենքի: Սա այն է, ինչին ձգտում է յուրաքանչյուր քրիստոնյա՝ ահեղ դատաստանին լսել Տիրոջ կողմից ասված երանելի այս խոսքերը՝ եկեք իմ Հոր օրհնյալներ, և ժառանգեցեք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված Արքայությունը (Մատթ. 25:34):

Փրկության ուղին հարթվում է Աստծո և մերձավորի հանդեպ ցուցաբերած սիրով, կենդանի հավատքով: Ավետարանում պատմվում է անդամալույծի մասին, ով բուժում չէր ստանա Քրիստոսի կողմից, եթե նրա համար ցավ չապրեին իր չորս ընկերները և շատ դժվարություններ հաղթահարելով՝ նրան Քրիստոսի մոտ չտանեին (Մարկ. 2:3-5): Եկեղեցու հայրերն ուսուցանում են, որ անդամալույծը բուժվեց ընկերների հավատի շնորհիվ: «Փրկության ուղին միայն առաջին հայացքից է դժվար, բայց բավական է՝ առանց երկմտանքի ու անկեղծ սրտով, ամբողջովին վստահելով Աստծուն՝ ոտք դնել դրան, և միանգամից կզգաք, թե Տերն ինչպես է թեթևացնում ձեր բեռն ու քաղցրացնում լուծը: Ճշմարիտ քրիստոնյայի համար ամեն ինչի հիմքը պետք է լինի առ Աստված ունեցած ճշմարիտ հավատքը, անսահման սերը, անմնացորդ նվիրումն ու հավատարամությունը»,- ասաց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը:

Փրկության ուղով ընթանալու մեծ փափագ ունեն նրանք, ովքեր ի փառս Աստծո համախմբվում են բարի գործի շուրջ՝ փորձելով իրենց սերը, ուշադրությունն ու հոգածությունը ցուցաբերել մերձավորի հանդեպ: Հունիսի 19-ին Տեր Գրիգորը, սոցիալական ծրագրերի շրջանակներում, Բալեյան Արևիկին (37 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Արևիկն իր երկու զավակների, սկեսուրի և սկեսրայրի հետ բնակվում է Էջմիածնի շրջանի Ոսկեհատ գյուղի Երիտասարդական փ., բն. 7 հասցեում: Ընտանիքի ավագ զավակը՝ Տեր-Խաչատրյան Գևորգը (15 տ.), ԴՑՊ հիվանդությամբ է ծնվել, չի լսում, ոտքերի վիրահատությունից հետո նա արդեն առանց սայլակի, բայց դժվարությամբ, որևէ մեկի օգնությամբ է կարողանում քայլել: Գևորգը սովորում է Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում: Տեր-Խաչատրյան ընտանիքն այժմ դժվարին կացության մեջ է. մի քանի ամիս առաջ մահացել է Գևորգի հայրը և ընտանիքի նվազագույն կարիքները փորձում է հոգալ նրա պապիկը: «Երկար ժամանակ է, որ ֆինանսական խնդրի պատճառով Գևորգին չեմ կարողանում վերականգնողական բուժումների տանել: Եթե հնարավորություն լիներ, որ տղաս ոտքերի երկրորդ վիրահատությունն անցներ, ապա նա կկարողանար լիարժեք քայլել: Շատ շնորհակալ եմ աջակից Վարդանյան ընտանիքին»,- ասաց Արևիկը:

 

Կարինե Սուգիկյան

19.06.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․