Գրքեր

Փրկության ուղիով ընթանալիս

Մարմնից ու հոգուց բաղկացած մեղանչական մարդը երբեմն շատ դժվարությամբ է թողնում մեղքի ուղին փրկության ուղիով անցնելու համար: Մեղքը, արմատավորվելով մեղավորի սրտում, ամբողջովին գերեվարում է նրան: Մեղքի մեջ գտնվողը չի ընդունում իր մեղավոր լինելը և չի մտածում դարձի գալու մասին՝ հոգեպես կուրացած լինելու պատճառով: Եվ միայն Աստծու ողորմածությամբ լուսավորվելով՝ մեղավորը կարողանում է հեշտությամբ պատռել մեղքի «սարդոստայնը»՝ արժանանալով ճշմարիտ ազատության: Դեպի կորուստ տանող լայն ճանապարհից հեռու, լուսավորված ճամփորդը, արդեն ընտրելով փրկության նեղ ուղին, իմաստավորում և գնահատում է իր կյանքի ամեն մի պահը՝ որպես ապաշխարության և բարեգործության լավագույն հնարավորություն:

Ճամփորդի փրկության ուղին սկսվում է փրկության տապանից՝ եկեղեցուց, քանի որ այստեղ է, որ նա հոգևոր ու վերստին ծնունդ է ունենում և մեղքի հարվածներից անդադար նորոգվում է պահքով, աղոթքով, ապաշխարությամբ, ողորմածությամբ և Քրիստոսի կենարար Մարմնի ու Արյան ճաշակմամբ:

Աստծու որդեգիրը՝ լուսավորված ճամփորդը, այդ ուղին այլ կերպ չի կարող անցնել, եթե ոչ խոնարհությամբ՝ օրինակ ունենալով Իր առաջնորդին՝ Քրիստոսին. «Խոնարհեցրեց Ինքն Իրեն, հնազանդվեց Աստծուն՝ հանձն առնելով մահը, և այն էլ՝ մահը խաչի վրա» (Փիլիպպեցիներ 2:8):

Ճամփորդի խոնարհ սիրտն անդադար Աստծու հետ զրուցելու կարիքն ունի, և նա ապրում է աղոթական կյանքով՝ մասնակից լինելով թե՛ անհատական աղոթքին և թե՛ ընդհանրականին, այսինքն՝ եկեղեցում կատարվող ժամերգություններին և Սբ. Պատարագին: Դավիթը, լինելով մարգարե ու թագավոր, ջերմեռանդ աղոթում էր. «Մի բան եմ խնդրել Տիրոջից, և նույն եմ աղաչում, որ կյանքիս բոլոր օրերին բնակվեմ Տիրոջ տանը, տեսնեմ Տիրոջ վայելչությունը և վերահսկեմ Նրա տաճարում» (Սաղմոս 26:4): Եկեղեցու հայրերն աղոթքը համարում են բոլոր բարեգործությունների մայրը: «Ամենից առաջ անդադար աղո՛թք հղիր և միշտ գոհունակություն հայտնիր Աստծուն այն ամենի համար, ինչ կատարվում է քեզ հետ» (Անտոն Անապատական): Իսկ մեր Տերն էլ հորդորում է. «Խնդրեցե՛ք Աստծուց, և նա կտա ձեզ, փնտրեցե՛ք և կգտնե՛ք, բախեցե՛ք, և կբացվի ձեր առաջ» (Մատթեոս 7:7):

Անդադար աղոթքի մեջ գտնվող խոնարհ հոգուց բխում է նաև ողորմածությունը՝ հոգևոր և մարմնավոր: Հոգևոր ողորմածությունն արտահայտվում է դիմացինին ներելով, դիմացինի հոգու փրկության մասին հոգ տանելով՝ նրան ուղղորդելով դեպի ճշմարիտ ուղին և բարեգործությունը, քանի որ երանելի են ողորմածները, որովհետև նրանք Աստծուց ողորմություն պիտի գտնեն (Մատթեոս 5:7): Եվ հակառակը՝ Աստված Իր դատաստանի մեջ անողորմ է լինելու այն մարդու նկատմամբ, որը ողորմած չի եղել ուրիշների նկատմամբ: Մինչդեռ ողորմած մարդու դեպքում Աստծու ողորմությունը հաղթանակելու է դատաստանի ժամանակ (Հակոբոս 2:13):

Փրկության ուղիով ընթացողը կարող է ժամանակ առ ժամանակ սայթաքել՝ մեղանչելով և նորից ոտքի կանգնել անկեղծ զղջումով և ապաշխարությամբ: Հակառակ պարագայում, Հովհաննես առաքյալի խոսքի համաձայն՝ եթե մեկն ասի, թե մեղք չգործեցինք, ստախոս է հանում Աստծուն, այնինչ՝ եթե խոտովանենք մեր մեղքերը, վստա՛հ եղեք, թե Աստված, որ արդար է, կների մեր մեղքերը և մեզ կսրբի անիրավություններից (Ա Հովհաննես 1:9-10): Անկեղծ զղջումից հետո մարդ ամեն կերպ պետք է դիմադրի մեղսալից մտքերին և արարքներին՝ արժանանալով ամենամեծ պարգևին՝ Քրիստոսի Մարմնին և Արյանը: Քանի որ Քրիստոս ասել է. «Լա՛վ իմացեք, եթե չուտեք Մարդու Որդու Մարմնից և չխմեք Նրա Արյունից, կյանք չեք ունենա ձեր մեջ: Ով ուտի Իմ Մարմնից և խմի Իմ Արյունից, հավիտենական կյանք կունենա, և Ես վերջին օրը հարություն առնել կտամ նրան» (Հովհաննես 6:53-54):

Փրկություն ուղիով ընթացողների հաջորդ կարևոր առաքինությունը համբերությունն է: Համբերությամբ և առանց տրտունջի է հարկավոր տանել այն փորձությունները, դժվարությունները, հիվանդությունները, որ կհանդիպեն այդ ճանապարհին: Հիսուս ասում է՝ ձեր համբերությամբ կփրկեք ձեր հոգիները և ով որ մինչև վերջ դիմանա, նա պիտի փրկվի (Ղուկաս 21:9, Մատթեոս 24:13): Ըստ Սուրբ Գրքի և եկեղեցու հայրերի՝ մարդուն ուղարկված փորձությունը Աստծու կողմից ընտրված և սիրված լինելու նշան է. «Ես հանդիմանում ու խրատում եմ նրանց, ում սիրում եմ» (Հայտնություն 3:19): Այդ պատճառով է սբ. Պողոս առաքյալն իր նամակներից մեկում գրում. «Որդյա՛կ իմ, մի՛ արհամարհիր Տիրոջ խրատը և մի՛ վհատվիր, երբ Նա հանդիմանի քեզ, որովհետև երբ Տերը խրատում է, նշանակում է, թե սիրում է քեզ, և երբ պատժում է, նշանակում է, թե քեզ ընդունում է իբրև որդու» (Եբրայեցիներ 12:5):

Փորձությունը քաջությամբ և համբերությամբ տանողը կատարում է Աստծու պատվիրանը, որովհետև Աստված ոչ միայն Քրիստոսին հավատալու շնորհ տվեց, այլև՝ Նրա համար չարչարվելու շնորհ (Փլիպպեցիներ 1:29): Բազմաչարչար Հոբը ծանր փորձությունների մեջ չհրաժարվեց Աստծուց, հավատարիմ մնաց Նրան՝ ասելով. «Իմ մոր որովայնից ես մերկ դուրս եկա, մերկ էլ կվերադառնամ: Տերը տվեց, Տերն էլ ետ առավ: Ինչպես որ հաճելի էր Տիրոջը, այնպես էլ եղավ: Թող օրհնյալ լինի Տիրոջ անունը», «Տիրոջ ձեռքից բարիքներն ընդունեցինք, չարիքներին չհամբերե՞նք» (Հոբ 1:21, 2:10):

Փրկության ձգտող յուրաքանչյուր անձ իր միտքն ու հոգին պետք է լուսավորի թե՛ Սբ. Գրքով և թե՛ եկեղեցու հայրերի հոգենորոգ խոսքով. «Երանելի է այն մարդը, որն ամբարիշտների խորհրդով չի շարժվում, մեղավորների ճանապարհին ոտք չի դնում և չարագործների հետ համախոհ չի լինում, այլ հաճույք է ստանում Տիրոջ օրենքներից և գիշեր-ցերեկ խորհում է Նրա պատվիրանների մասին» (Սաղմոս 1:1-2):

Շատ կարճ է երկրային կյանքը, ուստի այս կարճ ժամանակն իմաստավորենք՝ նվիրելով այն հոգու փրկությանը, քանի որ Տերն ամբարշտի մահը չի ուզում, այլ նրա չար ճանապարհից հետ կանգնելն ու ապրելը (Եզեկիել 33:11):

 

Կարինե Սուգիկյան

23.02.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․