Գրքեր

Քամելիոնը

Կենդանաբանական այգու աշխատակիցը, քամելիոնը ձեռքին, կաղալով մոտենում է ծեր վարդապետին և հիացմունքով ասում.

- Ուրախ եմ, որ անցնում եք մեր կենդանաբանական այգու մոտով: Օգտվելով այս առիթից ուզում եմ հարցնել՝ ներկայումս և՛ Աստվածաշունչ եմ կարդում, և՛ եկեղեցի հաճախում, մի խոսքով ուզում եմ կատարել Աստծո կամքը, սակայն չեմ հասկանում, թե նույն փորձություններն ու հիվանդություններն ինչո՞ւ չեն հեռանում ինձանից...

Վարդապետը ցույց է տալիս նրա ձեռքում գտնվող սողունին և պատասխանում.

- Տարբեր իրավիճակներում և իրադրություններում քամելիոնն ընդունում է զանազան գույներ՝ համապատասխան այդ միջավայրի ու տեղանքի, սակայն այն մնում է միևնույն քամելիոնը, որ պատրաստ է ամեն տեսակի միջատներ ագահությամբ կուլ տալ: Նմանապես էլ մարդու հոգին է Աստծո առջև ընդունում տարբեր գույներ և ձևեր, սակայն ներքուստ փոփոխություն չի կրում, չի հրաժարվում իրեն տանջող մեղքից: Մարդն ասում է Աստծուն՝ ահա ես արդեն հավատում եմ. կարդում եմ հոգևոր գրականություն, մասնակցում եկեղեցական արարողություններին և այլն..., ինչո՞ւ ինձանից չես հեռացնում այս փորձություններն ու հիվանդությունները, բայց Աստված տեսնում է մարդու ամբողջ ներաշխարհը, ուր իրականում մարդն իր հոգու գույներն է քամելիոնի պես փոխում՝ թաքցնելով իր իրական էությունը և ապրում միևնույն մեղքի մեջ: Եթե աշխարհի մեջ էիր հպարտանում ու փառք փնտրում, այժմ հոգևոր կերպով ես հպարտանում և հոգևոր փառք փնտրում և այդպես շարունակ...:

Ներքուստ պետք է իսկապես փոխվել, այլ ոչ թե արտաքուստ, որպեսզի քեզ անհանգստացնող փորձություններն ու հիվանդություններն այլևս անելիք չունենան քեզ հետ: Աստված չի կամենում էությունդ այսպիսին տեսնել, դրա համար էլ նույն փորձություններն ու հիվանդությունները շարունակվում, կրկնվում են՝ զգուշացնելով հրաժարվել այն մեղքից կամ մեղքերից, որոնցից իրականում դեռևս չես կամենում ազատվել...

 

Հովհաննես Մանուկյան

15.06.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․